Անելիք Բանկի Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Ըստ վիճակագրական տվյալների, անցնող տարին բավականին հաջող էր հայկական բանկերի համար թողարկված պլաստիկ քարտերի քանակի առումով: Միաժամանակ, հաշվի առնելով քարտերով աշխատավարձ վճարող գործատուների աճող թվաքանակը, ինչպես նաեւ տարեսկզբին ներդրված կենսաթոշակների այլընտրանքային`անկանխիկ վճարման մեխանիզմը, կարող է տպավորություն ստեղծվել, որ շուկայի աճը կրում է որոշ չափով արհեստական բնույթ: - Չեմ կարող համաձայնել տվյալ գնահատականի հետ: Իհարկե, մեր երկրում անկանխիկ վճարումների համակարգի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանում է նաեւ վճարային քարտերի շուկայի զարգացումը: Այսինքն, գործ ունենք երկու զուգահեռ ընթացող գործընթացների հետ. մի կողմից գործատուներն են ցանկանում իրենց ձեռնարկություններում անցնել աշխատակիցների վճարման եւ խրախուսման առավել քաղաքակիրթ ձեւերի, մյուս կողմից էլ անկանխիկը դառնում է ավելի հարմար քաղաքացիների համար: Դրանում որեւէ վատ բան չեմ տեսնում, մանավանդ, որ դա բերում է մրցակցության եւ ծառայությունների որակի բարձրացման: Մեր բանկի օրինակով քարտերի եւ քարտապանների թվի արհեստական աճ չենք նկատում: Նախ, դա համահունչ չի լինի Անելիք Բանկի քաղաքականությանը եւ հետո, դա պարզապես ձեռնտու չէ, որովհետեւ իմաստ չունի սպասարկել չգործող քարտեր: Դա լրացուցիչ ծախս է եւ ժամանակի կորուստ:- Ամռանը Անելիք Բանկը հայտարարել էր տարեվերջին բանկի քարտերի քանակը 50 հազարի հասցնելու մտադրության մասին: - Մենք մոտենում ենք հայտարարված ցուցանիշին: Այսօր Անելիք Բանկն ունի ավելի քան 45 հազար քարտապան: Իհարկե, կարելի էր եւս 5000 քարտ թողարկել պլանավորված ցուցանիշին հասնելու համար, սակայն մենք դրան չենք գնացել` վերը նշված պատճառներով:- Ինչպե՞ս է անդրադարձել պլաստիկ քարտերի քանակական աճը գործարքների ծավալի եւ քանակի վրա: Որքանո՞վ են մարզերը նշված ցուցանիշներով զիջում Երեւանին: - 2011 թվականի ընթացքում պլաստիկ քարտերի քանակը աճել է ավելի քան մեկ քառորդով, որին զուգահեռ մեզ մոտ նկատվել է ավելի քան 35 տոկոսանոց աճ թողարկված քարտերով իրականացված գործարքների առումով, ինչը ողջունելի փաստ է: Մարզերը շատ են զիջում մայրաքաղաքին նշված ցուցանիշներով: - Ինչպե՞ս չսխալվել բանկոմատների եւ POS-տերմինալների ռացիոնալ բաշխման հարցում, որպեսզի վերջինները չպակասեն եւ, միաժամանակ, չգերազանցեն իրական պահանջարկը: Ի դեպ, դուք աշխատում եք սեփակա՞ն պրոցեսինգային կենտրոնի միջոցով: - Մենք մոնիտորինգի ենք ենթարկում մեր բանկոմատների եւ POS տերմինալների միջոցով կատարվող շրջանառությունը: Եթե դրանք իրենց չեն արդարացնում, ապա տեղափոխություն ենք կատարում: Սակայն մեր ավելի քան տասնամյա պրակտիկայում եղել է բանկոմատի տեղափոխման ընդամենը մեկ դեպք: Ինչ վերաբերում է պրոցեսինգին, ապա Անելիք Բանկը ԱՐՔԱ պրոցեսինգային կենտրոնի բաժնետեր է:- Պլաստիկ քարտերի ընտրության հարցում, հատկապես, երբ ընտրությունը գնում է Master եւ Visa քարտերի միջեւ է, մարդկանց մոտ հաճախ հարց է առաջանում` իսկ որ՞ քարտն է ավելի “լավը”: Կարծում եմ, ձեզ նույնպես դիմել են նման հարցով: - Այո, ինձ էլ են բազմիցս հարցրել: Ամենաշատն այդ հարցը տալիս են շատ ճամփորդող բարեկամներս եւ ընկերներս: Իմ պատասխանը թե նրանց, թե մեր բոլոր հաճախորդներին նույնն է. սա այն հազվադեպ դեպքերից է, երբ երկուսն էլ լավն են: Անելիք բանկը տրամադրում է եւ MasterCard եւ Visa քարտեր:- Պլաստիկ քարտերով զեղծարարությունը աշխարհով մեկ դասվում է ամենատարածված ֆինանսական հանցագործությունների թվին: Որքանո՞վ է արդիական այդ խնդիրը մեր երկրի համար եւ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում ձեր բանկի կողմից այդ ուղղությամբ: -Կիբեռհանցագործությունը ողջ աշխարհի համար դառնում է յուրատեսակ մարտահրավեր: Մեր հանրությունը վերջին տարիներին մի քանի նման դեպքերի բացահայտման ականատես դարձավ:Անելիք բանկը ուշադրությամբ հետեւում է քարտային անվտանգության ոլորտում բոլոր նորություններին եւ մեր հաճախորդներին առաջարկում ենք առավել պաշտպանված քարտեր, որի վառ օրինակը MasterCard քարտերն են DDA չիպային տեխնոլոգիայով, որոնք բանկը տրամադրում է ավելի քան 2 տարի: Իհարկե, հաճախորդներին բացատրում ենք քարտերից օգտվելու այն պարզագույն կանոնները, որոնք առավելագույնս կապահովագրեն նրանց նման դեպքերից: Tweet Դիտում՝ 7137