Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում են մոտ 5000 ապահովագրական միջնորդներ` գործակալներ եւ բրոքերներ: Դրանց գերակշիռ մասը կազմում են ապահովագրական գործակալները` իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ովքեր իրենց գործունեությունը սկսել են ԱՊՊԱ-ի ներդրումից հետո: Ինչպիսի՞ն պետք է լինեն հաճախորդների ակնկալիքները միջնորդների հետ աշխատելիս, ինչո՞վ է տարբերվում բրոքերը գործակալից: Այս եւ ուրիշ հարցերի պատասխանները Вanks.am-ի հետ հարցազրույցում ներկայացրել է AvantGuard Risk Solution ընկերության հիմնադիր Սերգեյ Մելիք-Յոլչյանը:- Ձեր ընկերությունը միջնորդական ծառայություններ է սկսել տրամադրել ապահովագրական շուկայում 2004 թվականին, երբ պահանջարկն ապահովագրական ծառայությունների նկատմամբ շատ ցածր էր: Որքանո՞վ էր արդարացված այդ որոշումը:- Իսկապես, 2004 թվականին ապահովագրական ծառայությունների նկատմամբ պահանջարկը եւ, ընդհանուր առմամբ, ապահովագրական մշակույթը գնվում էին շատ ավելի ցածր մակարդակի վրա, քան այսօր: Դա օրինաչափ է, քանի որ շուկան զարգանում է, ինչպես կարգավորող մարմինների, այնպես էլ շուկայի մասնակիցների՝ ապահովագրողների եւ ապահովագրական միջնորդների ջանքերի շնորհիվ: Վերջին երեք տարիների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կամավոր ապահովագրության գծով (առանց ԱՊՊԱ-ի հաշվարկի) կրկնապատկվել է. 2007 թվականին հավաքագրվել էր 4,084 մլրդ դրամ, իսկ 2010 թվականին ապահովագրավճարների ծավալը հասել է 8,075 մլրդ դրամի: Սա վկայում է այն մասին, որ շուկայի մասնակիցների ջանքերը, որոնք ուղղված էին բնակչության եւ գործարարների շրջանում բացատրական աշխատանքների կազմակերպմանը՝ ապահովագրական մշակույթի բարձրացման նպատակով, իզուր չէին:Դեռեւս 2004 թվականին, երբ հիմնադրվել էր մեր ընկերությունը, արդեն երեւում էին շուկայի զարգացման միտումները: Դրան էր նպաստում նաեւ վարկային կառույցների քաղաքականությունը, ովքեր վարկային ծրագրերի շրջանակներում պահանջում էին գրավադրված գույքի ապահովագրություն, դրանով իսկ աջակցելով ապահովագրական շուկայի մասնակիցների ջանքերին: Միջնորդական ՝ բրոքերային կառույցի հիմնումը պայմանավորված էր ապահովագրական գործարքներում միջնորդի մեծ դերակատարությամբ: Միջնորդը, տվյալ դեպքում մեր ընկերությունը, հանդես է գալիս այսպես կոչված բուֆերի դերում՝ ապահովադրի եւ ապահովագրողի հարաբերություններում հարթեցնելով սուր անկյունները: Մասնագետ լինելով, մենք լավ ենք հասկանում ապահովագրողի գործունեության բոլոր նրբությունները: Նաեւ ուսումնասիրում ենք ապահովադրի պահանջը այս կամ այն ապահովագրական ծառայության մասով, ինչպես նաեւ ռիսկերի առկայությունը ապահովագրողի մոտ, եւ որպես հետեւանք, մշակում ենք այն ծածկույթը, որը լավագույնս համապատասխանում է սուբյեկտի ռիսկերին, հաճախ` մի քանի ապահովագրողների ներգրավմամբ: Միաժամանակ, լինելով ապահովագրական շուկայի մասնակից, միջնորդական կազմակերպությունները, այդ թվում նաեւ մեր ընկերությունը, անցկացնում են ապահովագրողների ծառայությունների մոնիտորինգ, հետեւում են փոփոխություններին եւ զարգացումներին, ապահովագրողի կողմից պարտավորությունների կատարման որակին եւ այլն: Սա հնարավորություն է տալիս լիարժեք կերպով ներկայացնել հաճախորդներին ծառայության թերություններն ու առավելությունները՝ սպառողի համար ապահովելով հուսալի պաշտպանություն եւ լավագույն ընտրություն:- Կխնդրեմ պարզաբանումներ տաք ապահովագրական գործակալ եւ ապահովագրական բրոքեր հասկացություններին:- Յուրաքանչյուր միջնորդ, լինի նա բրոքեր, թե գործակալ, աշխատում է հանձնարարության հիման վրա: Բրոքերային գործունեության շրջանակում հանձնարարողի դերում հանդես է գալիս ընկերության հաճախորդը, որը հանձնարարում է բրոքերին կազմակերպել ապահովագրությունը, եւ որը պետք է վճարի այն ծառայությունների կատարման դիմաց, որոնք նա հանձնարարել է: Իսկ գործակալի գործունեության դեպքում հանձնարարողի դերում հանդես է գալիս ապահովագրական ընկերությունը, որը եւ պետք է պարգեւատրի գործակալի աշխատանքը:Հայաստանում տարբերությունը ապահովագրական բրոքերի ու գործակալի միջեւ կայանում է նրանում, որ բրոքերի գործունեության շրջանակում պահանջվում են որակավորման հավաստագրեր բրոքերային ընկերության ղեկավարների համար եւ լիցենզիա: Ինչ վերաբերվում է գործակալի գործունեությանը, ապա պարտադիր պահանջ անձնակազմի որակավորման առումով չկա, ինչը հանգեցնում է նրան, որ այսօր շուկայում առկա են մեծաթիվ քանակի ոչ արհեստավարժ գործակալներ, մասնավորապես` առեւտրային ցանցեր, բենզալցակայաններ, անգամ կոշկակարներ (բառիս բուն իմաստով): Վերջիններս, հանդես գալով այս կամ այն ապահովագրական ընկերության գործակալի դերում, ոչ միայն չեն սպասարկում կնքված պայմանագրերը, այլեւ հաճախ ընդունակ չեն ճիշտ բացատրել պայմանագրի պայմանները, անգամ շփոթում են ապահովագրավճարը ապահովագրական գումարի հետ, ինչը ապատեղեկացնում է բնակչությանը, ի չիք դարձնելով մասնագիտացած կառույցների ջանքերը:- Ի՞նչ նկատառումներից ելնելով հաճախորդը (ապահովադիրը) պետք է դիմի Ձեզ, այլ ոչ թե անմիջապես ապահովագրական ընկերությանը: - Մեր ընկերությունը միջնորդ է հանդիսանում Հայաստանում գործող 8 ապահովագրական ընկերություններից 7-ի համար: Դա հնարավորություն է տալիս ապահովել մեր հաճախորդներին ոչ միայն լավագույն ծառայություններով եւ գնային առաջարկներով, այլեւ անկախ լինել այս կամ այն ապահովագրական ընկերությունից, դրանով իսկ ապահովելով օբյեկտիվ եւ հիմնավորված լուծումներ ապահովագրության հարցում:Յուրաքանչյուր հաճախորդի, ռիսկի եւ հարցման համար մենք անցկացնում ենք ապահովագրական ընկերությունների մոնիտորինգ, կատարում ենք ապահովագրողների կողմից ստացված գնային առաջարկների եւ ընդհանուր պայմանների ամփոփ վերլուծություն: Հաճախորդին ներկայացվում է համապարփակ պատկեր բոլոր 7 ապահովագրական ընկերություններով` արժեքի չափանիշներով, պայմանագրով չհատուցվող գումարի (ֆրանշիզա) չափով եւ ապահովագրության պայմաններով: Միաժամանակ, ի հայտ են բերվում բոլոր ստորջրյա քարերը` այն ամենը, ինչ գրված է մանր տառատեսակով: Ընդ որում` այդ ամենը անում ենք բացարձակ անվճար, քանի որ մեր պարգեւատրումը ձեւավորվում է միայն մեր կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի հաշվարկից, իսկ վճարումը կատարում է այն ապահովագրական ընկերությունը, ում պոլիսը ընտրում է մեր հաճախորդը:Բայց մենք չենք սահմանափակվում պայմանագիրը կնքելով, քանի որ մեր ընկերության առաքելությունն ու գերակայությունը կայանում է հաճախորդների համալիր սպասարկման մեջ: Մենք սպասարկում ենք պայմանագիրը կնքման պահից մինչ ավարտը, ներառյալ աջակցությունը ապահովագրական դեպքի ժամանակ: Ուրախացնում է, որ այսօր հաճախորդների գերակշիռ մասը որոշում են կայացնում երկարաձգել գործող պայմանագրերի ժամկետը: Արդեն երեւում են միտումներ, ըստ որոնց 2011 թվականին գնողունակության հավատարմության (կամ հաճախորդի հավատարմության) մակարդակը կկազմի ավելի քան 90 %: Սա վկայում է, որ մեր ծառայությունը բավարարում է ընկերության հաճախորդների մեծ մասին:Ավելին, երկարատեւ համագործակցության եւ համապատասխան գործոնների առկայության` վնասաբերության բացակայության, ծավալի ավելացման դեպքում, պայմանագրի սպասարկման շրջանակում մենք բանակցություններ ենք վարում ապահովագրողի հետ` սակագնի իջեցման հնարավորության շուրջ:- Ինչպե՞ս է ձեզ հաջողվում ապահովել անկողմնակալ մոտեցում ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ վիճահարույց իրավիճակներ ի հայտ գալու դեպքում:- Կարեւոր է հասկանալ, որ ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ հետագայում հնարավոր վեճերի հիմնական մասը սկիզբ է առնում հաճախորդի եւ միջնորդի շփման սկզբնական փուլում, երբ մասնագետը պետք է ներկայացնի ապահովադրին տվյալ ապահովագրական ծառայությունը բոլոր այն հետեւանքներով, որոնք կարող են բխել ապահովագրության պայմաններից: Այն դեպքում, երբ ապահովադրին պատշաճ կերպով չեն բացատրվում պայմանագրի բոլոր կողմերը, ապահովագրական դեպքը ի հայտ գալուն պես կարող է ստեղծվել վիճահարույց իրավիճակ` ապահովագրողի կողմից վճարումը մերժելու փաստով, ով հիմնավորված կերպով հղում է կատարում ապահովագրության պայմանների համապատասխան կետի վրա:Մեր ընկերության աշխատակիցները, ունենալով համապատասխան մասնագիտական հմտություններ եւ աշխատանքի երկարամյա փորձ «բարիկադների այն կողմում» մանրակրկիտ բացատրում են ապահովադրին ապահովագրական պայմանների բոլոր հնարավոր սահմանափակումները: Ստացվում է, որ վեճերի կարգավորման հիմնական մեթոդը կայանում է դրանց կանխարգելման մեջ: Սակայն անգամ նման մոտեցման դեպքում հաճախ կարող են ծագել վիճահարույց հարցեր ապահովագրողի կողմից գնահատված վնասի չափի շուրջ: Նման դեպքերում, գնահատման գործունեության լիցենզիայի եւ 9-ը ու 16 տարի աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ գնահատողների շնորհիվ, մեր ընկերությունը կարող է տալ ինչպես մասնագիտական գնահատական հասցված վնասին, այնպես էլ վարել բանակցություններ ապահովագրողի հետ` վնասի համապատասխան արժեքի հաշվարկի շուրջ: Բացի այդ, մենք անկախ ենք այս կամ այն ապահովագրական ընկերությունից` համագործակցությունը գրեթե բոլոր ապահովագրողների հետ ապահովում է ադեկվատ լուծումներ մեր հաճախորդների համար:Մենք կողմնակից ենք վեճերի խաղաղ լուծմանը, հիմնված մասնագիտական երկխոսության վրա, ինչպես ապահովագրողի, այնպես էլ հաճախորդի հետ եւ պաշտպանում ենք վերջինիս շահերը գործող օրենսդրության եւ կնքված պայմանագրի շրջանակներում: - Բայց չէ՞ որ վիճահարույց իրավիճակներից զերծ մնալու համար կարեւոր է նաեւ հնարավոր ռիսկերի նախնական գնահատումը: - Այո, միանշանակ, մասնագիտական լեզվով այդ ծառայությունը կոչվում է սյուրվեյ` ռիսկերի գնահատման փորձաքննություն: Սյուրվեյերական գործունեության շրջանակում մեր ընկերությունը կատարում է փորձաքննություն հետեւյալ ուղղություններով. ռիսկի գործոնների հայտնաբերում; ռիսկերի գնահատման ճշտում ըստ դրանց ի հայտ գալու աղբյուրի; կորստի առավելագույն չափի գնահատում, որը կարող է հետազոտվող ձեռնարկության (օբյեկտի) շրջանակում պոտենցիալ ի հայտ գալ առանձին եւ բոլոր ռիսկերի պարագայում; ակնկալվող միջին վնասի գնահատում, ելնելով պաշտպանական միջոցների նորմալ աշխատանքից: Մեր մասնագետները կատարում են նաեւ կոնտեյներների, բեռնման ու բեռնաթափման սյուրվեյ եւ այլն:- Օգտվու՞մ են արդյո՞ք ձեր ծառայություններից ֆիզիկական անձինք:- Անհատական մոտեցման շնորհիվ իրենց ռիսկերն են մեզ վստահում ինչպես բիզնես կառույցներ, այնպես էլ ֆիզիկական անձինք: Բացի այդ, մեր ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները:- Ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր աշխատանքի վրա ԱՊՊԱ-ի ներդրումը:- Ընդհանուր առմամբ, պարտադիր ապահովագրության ներդրումը անդրադառնում է ապահովագրական մշակույթի բարձրացման վրա: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է ժամանակ` 1-ց մինչեւ 3 տարի: Տվյալ դեպքում, ԱՊՊԱ-ի ներդրման հետ մեկտեղ արձանագրվում է ավտոկասկոյի ապահովագրության աճ: Հաշվի առնելով, որ ավտոկասկոյի ապահովագրության արժեքը տատանվում է ավտոմեքենայի արժեքի 1.9-5.0 % սահմանում, որը հաճախորդին հաճախ դժվար է վճարել միանվագ, մենք ծածկույթ ենք առաջարկում երթեւեկության հիմնական ռիսկի` ՃՏՊ-ի համար, անկախ ավտոտրանսպորտային միջոցի արժեքի եւ վստահված վարորդների քանակի: Առավելագույն հատուցումը այս ծառայության համար կազմում է 500 000 դրամ, իսկ տարեկան պայմանագիրը` 25 000 դրամ (օրական մոտ 68.5 դրամ): Այս ծածկույթը պաշտպանում է մեր այն հաճախորդներին, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ ծախսեր ավտոկասկոյի ամբողջական փաթեթ գնելու համար: Tweet Դիտում՝ 10070