Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի կառավարությունը, խոշոր տնտեսվարողներին աուդիտ պարտադրելով, փորձում է բարձրացնել նրանց թափանցիկությունը: Գործընթացը դեռեւս հեռու է արդյունավետ լինելուց, քանի որ ստվերային մեծ շրջանառությամբ ընկերությունները ընկալում են աուդիտը որպես «ֆորմալություն» եւ այս դրա իրականացման համար դիմում են անհատ աուդիտորներին կամ փոքր ընկերություններին, որոնք հաճախ նույնիսկ փոխկապակցված են լինում իրենց հետ եւ որոշակի գումարի դիմաց տալիս դրական աուդիտորական եզրակացություն:Խոշոր տնտեսվարողների նման վարքագիծը հասկանալի է, քանի որ եթե զարգացած շուկաներում աուդիտն ինքնին բխում է բիզնեսի շահերից եւ օգնում ներդրողների ներգրավել, Հայաստանում դրա կարիքը թերեւս չի զգացվում եւ որակյալ աուդիտը շատերին միայն խանգարում է: Այդ նկատառումներից ելնելով` Հայաստանի կառավարությունը աուդիտ պարտադրելուն զուգընթաց խստացնում է աուդիտորական բիզնեսի դաշտը՝ ոլորտում պատշաճ որակական չափանիշներ ապահովելու համար:Այսպիսով, 2010-ին պարտադիր աուդիտին Հայաստանում ենթակա էին նախորդ տարվա արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթով ընկերությունները (թվով 362), իսկ 2011-ին՝ նախորդ տարվա արդյունքներով՝ 1 մլրդ դրամ եւ ավելի ակտիվներ ունեցող ընկերությունները: 2011-ին պարտադիր աուդիտ պետք է անցնեին արդեն 783 ընկերություն: Ընդ որում, ակտիվներով 1 մլրդ դրամը ՊԵԿ տվյալներով գերազանցում են 617 ընկերություններ, որոնց կեսից ավելին (314) չի ապահովում տարեկան 1 մլրդ եւ ավելի հասույթ: ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության պետ Արամ Հովհաննիսյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է, որ 24.10.2011թ. դրությամբ 2010թ. արդյունքներով պարտադիր աուդիտ չեն անցել 177 ընկերություններ, որոնցից 119-ը՝ հենց 1 մլրդ-ից ավելի ակտիվներ ունեցողներն են: Այս սուբյեկտների թվում մեծ թիվ են կազմում սեփականաշնորհման ժամանակ գնված եւ անգործության մատնված ձեռնարկությունները: Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերության՝ Գրանթ-Թորնթոնի բաժնետեր Էմիլ Վասիլյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ իրենց պրակտիկայում ընդհանրապես չեն հանդիպել կազմակերպություններ, որոնք գործող չեն, բայց ունեն խոշոր ակտիվներ: «Մեր մասով ընդհանրապես կարող եմ ասել, որ օրենսդրական փոփոխություններից հետո շատ քիչ բան փոխվեց: Նոր հաճախորդները, որոնց շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ-ը, օրենսդրական փոփոխություններից հետո երեւի միայն 3-4-ն էին», - ասել է Էմիլ Վասիլյանը:Գրանթ-Թորնթոնի բաժնետեր Էմիլ ՎասիլյանըԱյստեղից ակնհայտ է դառնում, որ այս տարի եւս շատերի, եւ, հատկապես, չգործող ձեռնարկությունների մոտ աուդիտը կրել է ֆորմալ բնույթ, ինչը եւս մեկ անգամ կարեւորում է կառավարության կողմից աուդիտի որակի բարելավման անհրաժեշտությունը: Արամ Հովհաննիսյանը պատմել է, որ ֆիննախում աուդիտի որակի բարելավման աշխատանքները տարվում են 2 հիմնական ուղղություններով. որակյալ նորմատիվ-օրենսդրական բազայի ապահովում եւ աուդիտորական ծառայությունների որակի հսկողություն՝ տեղում ստուգումների միջոցով: «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում վերջին փոփոխությունները եւ լրացումներն ընդունվել են ընթացիկ տարվա մայիսի 26-ին, իսկ ուժի մեջ են մտել հունիսի 4-ից: «Խստացվել են լիցենզավորման պայմանները, սահմանվել է մեկ աուդիտորական ընկերությունում աուդիտորների նվազագույն թվի պահանջը՝ ընկերությունում պետք է լինի առնվազն 5 աշխատող, որոնցից 3-ը՝ որակավորված աուդիտորներ: Անհատ աուդիտոր հասկացությունը Հայաստանում այլեւս չկա: Պայմաններ են մտցվել աուդիտորական ընկերության ղեկավարի համար, սահմանվել են չափանիշներ, ավելացել են տուգանքների չափերը, գրեթե բոլորը՝ կրկնակի», - ասել է Արամ Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է աուդիտորական ընկերություններում իրականացվող ստուգումներին, ապա, ինչպես նշեց ֆիննախի ներկայացուցիչը, այս տարվա առաջին 9 ամիսներին տեղում ստուգումներ չեն իրականացվել, քանի որ կառավարությունը որոշում էր ընդունել ՓՄՁ-ներում տեսչական ստուգումները ճգնաժամի պատճառով ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Փոքր եւ միջին աուդիտորական ընկերություններում ստուգումներ իրականացնելու համար մենք պետք է ստանայինք վարչապետի համաձայնությունը: Թույլտվությունը ստացվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից եւ այս ժամանակահատվածում մենք ավարտել ենք մեկ ստուգում եւ սկսել ենք երկրորդը: Հենց առաջին ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ եւ ընկերության հանդեպ հարուցվում է վարչական վարույթ», - տեղեկացրել է Արամ Հովհաննիսյանը:Օրենսդրական փոփոխությունները փաստացի բացառել են Հայաստանում անհատ աուդիտորների գործունեությունը, իսկ մնացած 45 աուդիտորական ընկերություններից շատերին պարտադրել են կամ դադարեցնել գործունեությունը, կամ վերակազմակերպվել, ինչը պետք է կատարվի մինչեւ 2012թ. հունվարի 4-ը: Էմիլ Վասիլյանի կարծիքով, ֆինանսների նախարարությունը շատ բարդ իրավիճակի մեջ է, քանի որ մի կողմից ձեռնարկել է մեծ դրական գործընթաց աուդիտորական դաշտը «մաքրելու» ուղղությամբ, բայց մյուս կողմից այն խուսափում է շուկայի մասնակիցների թիվը կտրուկ կրճատելուց, քանի որ առաջ է գալիս ծառայությունների գների հարցը: Նրա գնահատմամբ, գործընթացն ի վերջո կբերի նրան, որ ոլորտում կմնան միայն որակյալ ծառայություն մատուցող ընկերություններ, սակայն դա տարիներ կպահանջի: \"Շատ ընկերություններ կարող են բերել իրենց մոտ մի աուդիտորի, վճարել, ասենք, 200 հազ. դրամ, եւ «գնել» նրա ստորագրությունն իրենց կողմից ներկայացված հաշվետվության տակ\", ասում է Էմիլ ՎասիլյանըՈլորտում որակի բարձրացմանը կարող էր մեծապես նպաստել նաեւ աուդիտորական ընկերությունների պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը, որի ընդունումը, սակայն, կառավարությունը որոշեց քննարկել միայն հաջորդ տարի:Արամ Հովհաննիսյանն ասում է, որ դա պայմանավորված է նախեւառաջ նրանով, որ ներկայացված օրինագիծն այդ վիճակով ընդունելու դեպքում հակասություն կառաջանար Քաղօրենսգրքի եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի միջեւ, քանի որ պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումը պահանջում է առանձին օրենքով լիարժեք կարգավորում: Հետաձգելու մյուս պատճառն այն է, որ կառավարության դիրքորոշմամբ պետք է հստակ սահմանել աուդիտորական կազմակերպության եւ աուդիտորի նյութական պատասխանատվության չափը` այն չկապակցելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրման անհրաժեշտության հետ: «Այստեղ մենք հաշվի ենք առել նաեւ բիզնեսի համար լրացուցիչ ծախս ստեղծելու հանգամանքը, որի արդյունքում կբարձրանա մատուցվող աուդիտորական ծառայության արժեքը», - ասել է Արամ Հովհաննիսյանը:Էմիլ Վասիլյանը համամիտ է, որ շուկան դեռեւս պատրաստ չէ աուդիտորի պատասխանատվության ապահովագրությանը, բայց նշում է այդ ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Նրա խասքով, եթե հիմա շատ ընկերություններ կարող են բերել իրենց մոտ մի աուդիտորի, վճարել, ասենք, 200 հազ. դրամ, եւ «գնել» նրա ստորագրությունն իրենց կողմից ներկայացված հաշվետվության տակ, ապա «աուդիտորական ԱՊՊԱ»-ի ներդրման դեպքում աուդիտորը կընկնի ռիսկի տակ, որովհետեւ անփութությունների բացահայտման դեպքում կենթարկվի տարատեսակ տույժերի, մինչդեռ հիմա օրենքը չի պատժում անորակ աուդիտի համար: «Միջազգային պրակտիկայում աուդիտորի պատասխանատվության ապահովագրության պրակտիկան բավականին տարածված է: Կարծում եմ, Հայաստանում եւս անպայման պետք է ներդրվի այս ինստիտուտը, քանի որ դա շատ դրական կազդի աուդիտի որակի վրա: Հետաձգման հիմնական պատճառը, կարծում եմ, գների թանկացման մեջ էր», - ասել է Էմիլ Վասիլյանը, նշելով, որ Գրանթ Թորնթոնը, լինելով միջազգային խմբի անդամ, ապահովագրում է իր պատասխանատվությունն առանց համապատասխան օրենսդրական պահանջների, եւ դա իր ծառայությունների՝ համեմատաբար թանկ լինելու պատճառներից մեկն է: Աուդիտի ենթակա սուբյեկտների թվում մեծ թիվ են կազմում սեփականաշնորհման ժամանակ գնված եւ անգործության մատնված ձեռնարկություններըԱպահովագրելով սեփական պատասխանատվությունը, Գրանթ Թորնթոնը եւ հայաստանյան մյուս խոշոր աուդիտորական ընկերությունները բավականին երկար են մտածում, բավարարել թե ոչ վատ համբավ ունեցող ընկերությունների հայտերը: «Բոլորս գիտենք, որ այսօր Հայաստանում կան բավականին բացասական հեղինակությամբ եւ միեւնույն ժամանակ խոշոր ընկերություններ: Երբ նրանք մեզ դիմում են, մենք սովորաբար մերժում ենք: Եղել են 1-2 դեպքեր, երբ աշխատելով նման ընկերությունների հետ, տվել ենք նրանց բացասական եզրակացություն, կամ էլ կեսից դադարեցրել ենք աշխատանքը` իրենց իսկ պահանջով», - ասել է Էմիլ Վասիլյանը:Փաստորեն ստացվում է, որ վատ համբավով խոշոր ընկերությունները դիմում են սեփական հեղինակության համար չանհանգստացող եւ որեւէ պատասխանատվություն չկրող աուդիտորական ընկերություններին, որոնք որոշակի գումարի դիմաց տալիս են նրանց դրական եզրակացություն, եւ արդյունքում իրավիճակը տնտեսությունում որակապես չի փոխվում: Էմիլ Վասիլյանը համոզմունք է հայտնում, որ որակական փոփոխությունները տնտեսությունում կլինեն այն ժամանակ, երբ ընկերությունները կզգան նոր եւ, հատկապես, արտասահմանյան ներդրումների կարիք: «Ներդրողները հավատալու են միայն հեղինակավոր աուդիտորական ընկերություններին, ինչն էլ կստիպի տնտեսվարողներին որակապես փոխվել», - ասել է Էմիլ Վասիլյանը:Իսկ թե երբ կունենան նման ընկերությունները արտաքին ներդրումների կարիք, այնքան էլ հստակ չէ, քանի որ դրանք հիմնականում օլիգարխներին պատկանող, ինքնաբավ ներմուծող ձեռնարկություններ են, որոնց թափանցիկության բարձրացմանն էլ, ըստ էության, ուղղված են կառավարության ջանքերը: Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 7217