Ի-Վի Քոնսալթինգ. «Հայ գործարարները լրջագույն խնդիրներ ունեն բիզնեսի կառավարման ոլորտում»

22.05.2011 | 21:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Միջազգային փորձագետները մշտապես մատնանշում են Հայաստանի ներդրումային կլիմայի բարելավման անհրաժեշտությունը: Սխալ կլինի ասել, որ այս ուղղությամբ մեր երկրում քայլեր չեն կատարվում, սակայն միեւնույն ժամանակ բոլորը կոնկրետ ակնառու արդյունքների են սպասում: Արդյո՞ք համամիտ եք այն մտքին, որ եթե որեւէ գործընթաց չունի հստակ վերջնաժամկետ, այն կարող է տեւել անվերջ:

- Հարցին պատասխանելու համար առանձնացնենք ներդրումային միջավայրի երկու հիմնական բաղադրիչները` ֆորմալ կարգավորման դաշտը եւ իրական գործարար պրակտիկան:

Ֆորմալ կարգավորման առումով Հայաստանը բավական առաջատար դիրքեր ունի աշխարհում, ինչի մասին փաստում են տարբեր միջազգային զեկույցներում Հայաստանի վարկանիշները: Օրինակ, Համաշխարհային մրցունակության զեկույցի մեջ ներառվող «համախառն հարկային դրույք» ցուցանիշով մենք 139 երկրներից 56-րդ ենք: Դա նշանակում է, որ տնտեսությունում հարկային դրույքներն այնքան էլ մեծ չեն` համեմատ այլ երկրների: Բայց երբ նայում ենք այնպիսի ցուցանիշներին, ինչպիսիք են, օրինակ, հարկերի վճարման վրա ծախսվող ժամանակային եւ այլ միջոցները, ապա այստեղ մենք 183 երկրների շարքում զբաղեցնում ենք 159-րդ տեղը:

Ստացվում է, որ ֆորմալ կարգավորման դաշտում մենք ունենք բավականին ազատական ռեժիմ, իսկ պրակտիկայում` իրական խնդիրներ:

Կարող եմ փաստել, որ վերջին 2 տարիների ընթացքում կառավարությունը  բավականին արդյունավետ գործընթաց է սկսել` բիզնես-գործընթացների ռացիոնալացման եւ նշված բեռի թեթեւացման ուղղությամբ: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է մեր անմիջական մրցակիցների համեմատ եւ գլոբալ առումով մրցունակ լինելու համար: Ունենալով տնտեսական զարգացման օբյեկտիվ սահմանափակումներ, Հայաստանում բիզնես-միջավայրը պետք է ունենա ուղղակի բացարձակ առավելություն`այսպիսով զերծ մնալով զարգացման որեւէ սուբյեկտիվ խոչընդոտներից:

-Ի-Վի Քոնսալթինգի գործունեության ուղղություններից է ներդրումային խորհրդատվությունը: Ուղղվա՞ծ է այն արդյոք կոնկրետ խնդիրների լուծմանը, թե ընդգրկում է ավելի լայն շրջանակներ:


- Մենք ներդրումային խորհրդատվությանը մոտենում ենք փաթեթային կերպով` փորձելով հնարավորինս ամբողջական կերպով օժանդակել ներդրումների կարիք ունեցող ընկերություններին: Մենք հիմնականում աշխատում ենք միջին եւ խոշոր ծրագրերի ուղղությամբ` օգնելով ձեւակերպել օպտիմալ ներդրումային ծրագիր եւ ներգրավել այն իրականացնելու համար անհրաժեշտ կապիտալ, որը կարող է լինել եւ փոխատվական, եւ բաժնետիրական:    

- Ի դեպ, կապիտալի ներգրավման մասին. որտեղի՞ց եք օգնում հաճախորդներին ներգրավել միջոցներ:


- Մենք օգնում ենք հաճախորդներին ներդրումներ ներգրավել հիմնականում միջազգային ֆինանսական հաստատություններից, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), ինչպես նաեւ մասնավոր ներդրողներից:

Ինչ վերաբերում է կապիտալի շուկային, կարծում եմ, մոտակա տարիներին այստեղ կարելի է ակնկալել բավականին լուրջ զարգացումներ՝ կապված ապահովագրական շուկայի զարգացման եւ կենսաթոշակային հիմնադրամների կայացման հետ: Նշեմ, որ ներկայումս ունենք 2 հաճախորդ, որոնց միջնաժամկետ ծրագրեր ունեն` տեղական շուկայում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) անցկացնելու վերաբերյալ:

- Կարո՞ղ եք բերել մի քանի ներդրումային ծրագրերի օրինակներ, որոնք իրականացվել են ձեր հաճախորդների կողմից:

- Հին ծրագրերից կարող եմ օրինակ բերել «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության գործարար ծրագրի կազմումը եւ ՎԶԵԲ-ից $5.5 մլն-ի ներգրավումը Հրաչյա Քոչար փողոցում կառուցվող բնակարանային համալիրի համար:    

Մեր ամենահետաքրքիր ծրագրերից է Եվրոբանկի բաժնետիրական ներդրումը դեղորայքի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Ալֆա Ֆարմ» ընկերության կապիտալում: Ներդրումային ծրագիրն ուղղված էր ընկերության դեղատների ցանցի զարգացմանը: Գործարքը տեղի ունեցավ 2007թ. վերջին եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ արագ է աճում այդ ընկերությունը:

Վերջերս օժանդակել ենք $20-30 մլն արժողությամբ մի շարք հետաքրքիր ներդրումային ծրագրերի` շինանյութերի արտադրության եւ սննդի արդյունաբերության ոլորտներում; ընկերությունների անունները դեռեւս չեմ կարող բացահայտել: Մեր ամենաթարմ օժանդակված գործարքը Հայաստանի համար, թերևս աննախադեպ խրթին էր, որը ներառում էր այնպիսի գործիքների օգտագործում ինչպիսիք են արտոնյալ բաժնետոմսեր` փոխարկման հնարավորությամբ, երկակի հետգնման օպցիոններ և այլն:

- Պահանջվա՞ծ է արդյոք ներդրումային խորհրդատվության ծառայությունը ֆինանսա-վարկային կազմակերպությունների, մասնավորապես, բանկերի կողմից:

- Բանկային ոլորտում այսօր նկատվում են հետաքրքիր զարգացումներ. սրվել է մրցակցությունը, բանկերը խոշորացել են եւ կարողանում են ավելի խոշոր ծրագրեր ֆինանսավորել ավելի երկար ժամկետներով եւ ավելի ցածր տոկոսադրույքներով: Այդ իմաստով ներդրումային ծրագրերն արդեն իրական թիրախ են դառնում բանկերի համար: Մենք արդեն աշխատում ենք մի շարք բանկերի հետ ներդրումային ծրագրերի ուղղությամբ:

- Մեզանում ներդրումային սպասումները առաջին հերթին ասոցացվում են սփյուռքի ներուժի հետ: Պատահե՞լ է ձեզ արդյո՞ք խորհրդատվական ծառայություններ մատուցել սփյուռքի գործարարներին:


- Մենք աշխատել ենք սփյուռքահայ ներդրողների համար, որոնք դիտարկել են որոշակի ներդրումներ իրականացնելու հնարավորություններ, եւ մենք կատարել ենք նախագծերի իրագործելիության կամ իրատեսության վերլուծությունը: Ի դեպ, շատ դեպքերում այդ վերլուծությունները բերում են նրան, որ մենք խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կոնկրետ ներդրումային ծրագրերից, ինչը նորմալ է, քանի որ մենք ներդրողին հետ ենք պահում մեծ ռիսկեր պարունակող ներդրումային ծրագրերից:

- Շա՞տ են նման դեպքերը:  

- Բավականին: Ամենախոշորը $100 մլն ներդրումներ պահանջող ծրագիր էր արեւային էներգետիկայի բնագավառում. սկզբից այն թվում էր բավականին խոստումնալից, սակայն մանրակրկիտ վերլուծությունները ցույց տվեցին, որ եղած միտումների պարագայում Հայաստանում նման արտադրությունը մրցունակ չի լինելու:

- Ինչպիսի՞ն է ընդհանրապես ներդրումային խորհրդատվական բիզնեսը Հայաստանում:
 

- Կարող եմ փաստել, որ Հայաստանի գործարար համայնքը լրջագույն խնդիրներ ունի բիզնեսի կառավարման ոլորտում եւ շատ դեպքերում մեր գործը ոչ այնքան խորհրդատվական, որքան կրթական բնույթ է կրում: Աշխարհում այսօր շատ են արդյունավետ մենեջմենթի գործիքները, եւ ժամանակն է, որ մեր գործարար պրակտիկայում դրանք արագ տարածում ստանան:

Հայաստանում աշխատելու եւս մեկ յուրահատկությունը փոքր մասշտաբներն են, որոնք իսկապես շատ են խանգարում Հայաստանին: Մեծ մասշտաբը օգնում  է կիրառել ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ, բացում է գործիքների բազմազանություն, արտերկրի հետ շփումների ինտենսիվությունը բերում է մտածելակերպի փոփոխմանը, որի պարագայում արդի կառավարման գործիքները շատ ավելի արագ են ներդրվում բիզնես-գործընթացներում:

Դիտում՝ 10574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW