Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին- Պ-ն Ավետիսյան, կցանկանայի կոնկրետ իրական օրինակի վրա պարզաբանումներ ստանալ, թե ինչպես են ԱՊՊԱ մասին օրենքի շրջանակներում կարգավորվում հարաբերությունները տուժածի, ապահովագրական ընկերության եւ բուժհաստատության միջեւ: Մասնավորապես, ապրիլի սկզբին տեղի էր ունեցել ՃՏՊ տաքսի-ծառայություններից մեկին պատկանող (ԱՊՊԱ պոլիսը ձեւակերպված է «A» ապահովագրական ընկերության հետ) եւ սեփական օգտագործման մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ (ԱՊՊԱ պոլիսը ձեւակերպված է «B» ապահովագրական ընկերության հետ): Տաքսու վարորդը երկու ոտքի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ուղեւորը ստացել էր դիմային վնասվածքներ, նրան ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն առանց ամբուլատոր ստացիոնար բուժման: Երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ չէր ստացել: Նախ, կցանկանայի իմանալ, թե երկու ապահովագրական ընկերություններից ո՞ր մեկը պետք է մինչ քննչական մարմնի որոշում կայացնելը սկսի անհետաձգելի առաջին բուժօգնության ծախսերի հատուցման գործընթացը: Պարտավո՞ր է արդյոք տուժածը (նրա ներկայացուցիչը) ինչ-որ քայլեր ձեռնարկել ապահովագրական ընկերության եւ բուժհաստատության գործողությունների համակարգման ուղղությամբ: - Ապահովագրական դեպքի վրա հասնելու պահից ապահովագրական ընկերությունը պարտավոր է սկսել իր ապահովագրած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորի առողջության վերականգնման` բուժհաստատության ծառայությունների վճարման գործընթացը: Կոնկրետ դեպքում դա պետք է անի «A» ապահովագրական ընկերությունը: Կանխավճարը յուրաքանչյուր տուժողի համար սահմանված է մինչեւ 400 000 դրամ: Կոնկրետ ապահովագրական ընկերության որոշմամբ, կախված տուժածի առողջական վիճակից եւ ծախսերի անհետաձգելիությունից, գումարը կարող է ավելանալ: Առաջին իսկ հնարավորության դեպքում տուժածի հետ կնքվում է պարտավորագիր եւ/կամ պայմանագիր, որի համաձայն, եթե քննչական մարմինը նրան ճանաչի մեղավոր կողմ, կանխավճարը ենթակա է վերադարձման: Հետաքննության ավարտից եւ պատահարի մեղավորի կամ մեղավորների բացահայտումից հետո ապահովագրական ընկերություններն իրար հետ կատարում են փոխհաշվարկ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից կանխավճարը սահմանված է մինչեւ 750 000 դրամ: Բյուրոն այդ գումարը հատուցում է, եթե հայտնի չէ տուժածի առողջությանը վնաս հասցրած կողմը, եթե տուժածի առողջությանը վնաս հասցրած ավտոմեքենան չունի ԱՊՊԱ ապահովագրական պոլիս կամ գողացած է, ինչպես նաեւ ապահովագրական ընկերության սնանկության դեպքում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ապահովագրական դեպքի վրա հասնելուց հետո տուժածը (նրա ներկայացուցիչը. մեր դեպքում այդպիսին կարող է լինել տաքսի-ծառայության ղեկավարությունը) պետք է իր ապահովագրական ընկերությանը տեղեկացնի ապահովագրական դեպքի մասին: Հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 10325