Ամերիա Աուդիտ. Հույսերը միանգամից արդարանալ չեն կարող

20.01.2011 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2011 թ-ից Հայաստանում ակնկալվում է պետական եւ մասնավոր հատվածների գործունեության թափանցիկության բարելավում` պայմանավորված ներքին եւ արտաքին աուդիտին վերաբերող օրենսդրական փոփոխություններով: 2010-ի վերջին Ազգային ժողովն ընդունել է «Ներքին աուդիտի մասին» օրենքը, իսկ 2011-ին նախորդ տարվա արդյունքներով պարտադիր աուդիտ են անցնելու 1 մլրդ եւ ավելի դրամի ակտիվներ ունեցող ընկերությունները: Նշված փոփոխությունների հետ կապված ակնկալիքների մասին Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է «Ամերիա Աուդիտ» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Անդրեասյանը:

- Ազգային ժողովը 2010-ի դեկտեմբերին ընդունել է «Ներքին աուդիտի մասին» օրենքը, որի նպատակը, ըստ հեղինակների, պետական մարմիններում ներքին աուդիտի ինստիտուտի իրավական հիմքերի ընդլայնումն է: Քանի որ «Ամերիա Աուդիտ» ընկերությունը կառավարության հետ աշխատանքի հարուստ փորձ ունի, կուզենայինք իմանալ Ձեր կարծիքը օրենքի եւ պետհամակարգում ներքին աուդիտի ներկայիս վիճակի մասին:

- Օրենքի ընդունումը ողջունելի է: Պետհամակարգում ներքին աուդիտի համակարգի ներդրման նախաձեռնությունը սկսվել էր դեռեւս 2001 թ-ից, որի օրենսդրական պահանջները սահմանվել են «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով, որի համաձայն Հայաստանն իր ողջ պետական հատվածում պետք է ներդնի միջազգային չափանիշներին համահունչ ներքին ֆինանսական հսկողության համակարգ:
 
Գաղտնիք չէ, որ ներկայումս հանրային հատվածում ներքին աուդիտի գործառույթը իրականացվում է ոչ լիարժեք եւ հիմնականում կենտրոնանում է ֆինանսական գործառույթների գնահատման վրա: Սակայն ներքին աուդիտի շրջանակները շատ ավելի լայն են, եւ ընդունված օրենքը ամրագրում է այս բոլոր գործառույթները:

Բացի ընդունված օրենքից առկա են նաեւ ներքին աուդիտին վերաբերող մի շարք այլ կարեւոր փաստաթղթեր, մասնավորապես, ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի ստանդարտները, ներքին աուդիտորների վերապատրաստման ձեռնարկը, նրանց վարքագծի կանոնները:

Պետք է նշել, որ ներքին աուդիտի բարելավմանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարվում էին դեռեւս մինչեւ սույն օրենքի ընդունումը. ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ներքին աուդիտի համակարգի ներդրման սկզբնական փուլում մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակայության ներքո գտնվող հիմնարկներում, ոչ առևտրային եւ 50 տոկոսից ավել պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում ներքին աուդիտի գործառույթը ժամանակավորապես իրականացնել ներգրավված աուդիտորների (աուդիտորական ընկերությունների) միջոցով: Այս նպատակով կազմվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված է նաեւ «Ամերիա Աուդիտը»:

Փորձնական փուլի համար հանրային հատվածից ընտրվեցին մեկական մարզպետարան եւ քաղաքապետարան, որտեղ այժմ ընթանում է ուսւոմնասիրություն` աշխատանքների բնույթը, ծավալը, պահանջվող ժամանակն ու ընկերությունների պատասխանատվության չափը գնահատելու նպատակով: Համոզված եմ` 2011-ին այդ աշխատանքներն ավելի ակտիվ կընթանան եւ արտաքին աուդիտորների (թեկուզ ժամանակավոր) ընդգրկվածությունն այս գործընթացում բավականին արդյունավետ կլինի:

- Ենթադրվո՞ւմ է արդյոք, որ ներքին աուդիտի ինստիտուտի կայացմանը պես այն ամբողջությամբ կփոխարինի արտաքին աուդիտը պետական մարմիններում:

- Ոչ, ներքին աուդիտը գտնվում է տվյալ կազմակերպության ղեկավարության ենթակայության ներքո եւ հիմնականում ուղղված է տվյալ կառույցի ներքին վերահսկությունը բարելավելուն եւ բացահայտելուն առկա պոտենցիալը եւ ռիսկային գոտիները: 

Իսկ արտաքին աուդիտի գործառույթը կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ կարծիքի արտահայտումն է, որը նախատեսված է կառույցի ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների համար:

- 2010 թ-ին նախորդ տարվա արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեին 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթ ունեցող ընկերությունները: Սա շատերին ստվերի կտրուկ կրճատման եւ կառավարման կորպորատիվ սկզբունքների լայն տարածման հույս էր ներշնչում: Կային նաեւ սկանդալային բացահայտումների եւ անհաղթելի թվացող տեղական խոշոր ընկերությունների լուծարումների ակնկալիքներ: Որքանո՞վ, ըստ ձեզ, արդարացան այս հույսերն ու ակնկալիքները:

- Հույսերն ու ակնկալիքները միանգամից արդարանալ չեն կարող: Օրենքի պահանջի ներքո մոտ 500 ընկերություններ մտան պարտադիր աուդիտի դաշտ, որը, սակայն, նրանց մեծամասնության կողմից ընկալվեց որպես բացասական երեւույթ: Ընկերությունների մի մասն ընդհանրապես չանցավ աուդիտ:

- Պարտադիր աուդիտ չէր անցել շուրջ 50 ընկերություն: Ի՞նչ պատժամիջոցներ կիրառվեցին նրանց նկատմամբ:

- Օրենքն այդ մասով փոքր-ինչ բաց է. վարչական տուքանքը, որը կիրառվեց այդ ընկերությունների նկատմամբ, որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ:

Պետք է նշեմ նաեւ մեկ այլ բացասական երեւույթի մասին, երբ որոշ ընկերությունների կողմից աուդիտի անցկացումն ընկալվեց որպես ձեւական գործընթաց:  Բնականաբար, նման աշխատանքի դեպքում տուժում է մատուցված ծառայության որակը, եւ արդյունքում որոշ թվով աուդիտորական լիցենզիաներ կամ դադարեցվեցին, կամ կասեցվեցին լիազոր մարմնի կողմից:

- «Ֆորմալ» աուդիտը բացառելու համար կար առաջարկ վստահել այդ գործընթացը մի շարք խոշոր աուդիտորական կազմակերպություններին, որոնց համար մեծ կարեւորություն ունի սեփական հեղինակությունը:

- Փոքր-ինչ դժվար է որակավորել, թե որ ընկերությունն է այսօրվա դրությամբ հեղինակավոր եւ որը` ոչ: Չպետք  է որակավորել աուդիտորական ընկերությանը որպես «հեղինակավոր» եւ «ոչ հեղինակավոր»: Պետք է լինեն հստակ օրենսդրական պահանջներ, որոնք կբացառեն աուդիտորական ընկերության ոչ պատշաճ գործողությունները:
 
Այժմ խորհրդարանում շրջանառվում է «Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին» օրինագիծ, որը ենթադրում է աուդիտորական գործունեության չափանիշների խստացում. օրինագծով սահմանափակումներ են մտցվում ընկերությունում աշխատող աուդիտորների նվազագույն թվի նկատմամբ, եւ եթե հիմա աուդիտորական ընկերությունը կարող է ունենալ ընդամենը 2 որակավորված աուդիտոր, ապա օրենքի ընդունումից հետո կլինի նվազագունը 3, իսկ 2013-ից սկսած` 5 աուդիտոր: Դա առաջին հերթին ենթադրում է, որ 2011-ից անհատ ձեռնարկատեր աուդիտոր հասկացությունը կվերանա:
  
- Որո՞նք են այն դասերը, որ պետք է քաղվեն այս տարի, երբ 2010-ի արդյունքներով  պարտադիր աուդիտի են ենթարկվում արդեն 1 մլրդ դրամ եւ ավելի ակտիվներ ունեցող ընկերությունները, որոնց մի զգալի մասը, ի դեպ, ընդհանրապես չի գործում:

- Պարզ է, որ հաճախորդների թվաքանակն էլ ավելի մեծանալու է, եւ, բնականաբար, մեծանալու է աուդիտորների ծանրաբեռնվածությունը: Կան որոշակի սահմանափակումներ, որոնք էլ ավելի են ծանրացնում դրությունը, որոնցից մեկը ֆինանսական հաշվետվությունների` մինչեւ հունիսի 30-ը հրապարակելու պահանջն է: Կարծում եմ` անհրաժեշտ է ընդլայնել այդ ժամկետները մինչեւ 3-րդ եռամսյակի վերջ, որպեսզի չտուժի աուդիտի որակական մասը:

- Պարտադիր աուդիտի ներդրման արդյունքում հաճախորդների բազայի աճի պայմաններում աուդիտորական ընկերությունները սկսեցին ավելացնել իրենց ռեսուրսները: Ինչպե՞ս ազդեցին փոփոխություները «Ամերիա Աուդիտ»-ի վրա:

- 2010-ը ծանր տարի էր, սակայն մեզ հաջողվեց կատարել հաճախորդների նկատմամբ բոլոր պարտավորություները: Հուսով ենք, 2011-ն ավելի թեթեւ կանցնի, քանի որ որոշ հաճախորդներ արդեն հասկացել են ժամանակի ճնշման պատճառով առաջացող բարդությունները եւ նախորոք կնքել են մեզ հետ պայմանագրեր: Նրանց հետ աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է (միջանկյալ աուդիտների միջոցով), այնպես որ մեր կողմից ծառայությունների պատշաճ մատուցման առումով շատ ժամանակ չի պահանջվի:

Դիտում՝ 14553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW