Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ, «Բիբլոս Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Ինչպիսի՞ն էր ավարտին մոտեցող տարին Հայաստանի բանկային համակարգի համար, եւ ի՞նչ սպասումներ կան հաջորդ տարվա համար: - Եթե 2009թ. բանկային համակարգի համար անցավ անորոշության քողի ներքո, ապա 2010թ. կարելի է վստահորեն անվանել կայունացման, աճի եւ սուր մրցակցության տարի: Չնայած գյուղատնտեսության հետ կապված կորուստներին, բանկերին, այնուամենայնիվ, հաջողվեց ընդլայնել վարկավորման ծավալները եւ ծառայությունները: 2010թ. 10 ամիսների արդյունքներով բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելը կազմում է ՀՆԱ-ի 28%-ը, աճ կա նաեւ պարտավորությունների մասով: Բավականին զգալի էր ակտիվների աճը (45%), մի քանի բանկեր կատարեցին կապիտալի համալրում, եւ շարունակվեց միջազգային կառույցներից վարկային միջոցների ներգրավման գործընթացը: - Այս տարվա բարձր գնաճային միջավայրը որքանո՞վ է խոչընդոտել բանկային համակարգի առաջխաղացմանը:- Առաջին հերթին այն խոչընդոտում է անհատների վարկավորմանը, քանի որ բարձր գնաճը եւ արտարժութային շուկայում առկա սպասումները շատ անգամ մի կողմից ստիպում են քաղաքացուն հրաժարվել վարկավորվելուց, իսկ մյուս կողմից էլ բանկին` մերժել վարկավորման հայտերը` հաշվի առնելով արտարժութային տատանումների ազդեցությունը հաճախորդի վարկունակության վրա: Իմ եւ գործընկերներիս մեծամասնության կարծիքով, 2011թ. գնաճի առումով լինելու է շատ ավելի կայուն տարի, իսկ արտարժութային շուկայում պահպանվելու է ներկայիս միջակայքը: - Վերջին շրջանում Բանկերի միության կողմից բարձրաձայնվող հիմնական խնդիրներից են գրավադրված անշարժ գույքի օտարման ժամանակ ծագող խոչընդոտների հաղթահարումը եւ Հայաստանում շարժական գույքի կադաստրի ներդրումը: Այդ հարցերն ի՞նչ լուծում ստացան: - Մենք ուսումնասիրել ենք այս հարցը եւ առաջարկներ ներկայացրել համապատասխան օղակներին: Մեր տեղեկություններով, հարցի լուծումը կախված է համապատասխան ֆինանսավորման առկայությունից: Առաջարկվող լուծման արդյունքում ստեղծվելու է շարժական եւ անշարժ գույքի գրավի իրացման իրավունքի էլեկտրոնային համակարգ: Այս համակարգի ներդրումը նպաստելու է հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման աճին, քանի որ հաճախ վերջիններիս տրամադրության տակ գտնվող միակ գույքը ավտոմեքենաներն են, արտադրական հոսքասգիծը կամ ապրանքահումքային մնացորդը: Մենք շահագրգռված ենք այս համակարգի հնարավորինս շուտ ներդրմամբ, եւ կարծում եմ` բանկերը պատրաստակամ են օժանդակել համակարգի ներդրմանը նաեւ սեփական ֆինանսական միջոցներով: Ի դեպ, լրացուցիչ ֆինանսավորման համար դիմել ենք նաեւ միջազգային կառույցներին: - Ներկայումս ի՞նչ խնդիրներ են առկա ՀԲՄ օրակարգում: Հայտնի է, որ միությունն անցած տարվանից ուսումնասիրում էր առեւտրային արբիտրաժի օրենսդրական դաշտը` համապատասխան կառույց ստեղծելու նպատակով: Ի՞նչ ընթացք ստացավ նախաձեռնությունը: - Առեւտրային արբիտրաժը հիմնադրվել է այս տարվա ամռանը եւ գործում է բանկերի միությանը կից: Այնտեղ արդեն իսկ քննության են առնվել առաջին գործերը, եւ կարող ենք արձանագրել, որ առեւտրային արբիտրաժն արդեն կայացած կառույց է: Կարծում եմ, այն էական դերակատարում կունենա բանկերի եւ հաճախորդների միջեւ ծագած վեճերի լուծման առումով:Նշեմ, որ չնայած արբիտրաժը գործում է ՀԲՄ-ին կից, այն անկախ է բանկերի միությունից, այդ թվում՝ ՀԲՄ նախագահից, որովհետեւ այստեղ հաջողության կարելի է հասնել միայն անկախ եւ անաչառ առեւտրային արբիտրաժի շնորհիվ: Տարվա ընթացքում մենք պատրաստել էինք նաեւ առաջարկներ «Սնանկության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, որոնք ուղղված են կեղծ ինքնասնանկացման դեպքերը բացառելուն: Նշեմ, որ այս պրակտիկան բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա: Առաջարկվող փոփոխությունները դեռ քննարկվում են: - «Բիբլոս Բանկ Հայաստանի» խորհրդի նախագահ Ֆրանսուա Բասիլի խոսքերով, հաջորդ տարվանից բանկը որդեգրելու է նոր եւ ավելի ագրեսիվ ռազմավարություն: Ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջեւ բանկի խորհրդի կողմից, եւ ինչպե՞ս է բանկը նախատեսում իրեն դիրքավորել հայաստանյան շուկայում: - «Բիբլոս» բանկային խումբն ունի տնտեսական զարգացվածության տարբեր աստիճաններում գտնվող 12 երկրներում աշխատելու հարուստ փորձ` Աֆրիկայից մինչեւ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Բելգիա: Նախեւառաջ մենք պետք է փորձենք Հայաստանում տեղայնացնել «Բիբլոս» խմբում առկա գործիքները եւ ծառայությունները: Անդրադառնալով բանկի նախագահի այն հայտարարությանը, որ 2011թ. լինելու է բանկի հայաստանյան գործունեության իրական մեկնարկը, ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր խոշոր արտասահմանյան ներդրողին, հատկապես ֆինանսական հատվածում, ժամանակ է հարկավոր` տվյալ երկրի առանձնահատկությունները հասկանալու եւ առաջ շարժվելու համար: Մենք առաջին հերթին կենտրոնանալու ենք այն ընկերությունների սպասարկման վրա, որոնք գործում են նաեւ «Բիբլոս» բանկային խմբի ներկայության այլ երկրներում, կամ համագործակցում են այդ երկրների տնտեսվարողների հետ: Մեզ հետաքրքրում է տնտեսության արտադրական հատվածը, հատկապես արտահանման աճին կամ ներմուծման փոխարինմանն ուղղված ընկերությունները: Այսօր ես կարող եմ համարձակորեն հայտարարել, որ «Բիբլոս Բանկ Հայաստանն» ունի բավարար ֆինանսավորում մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար. մենք կարող ենք ներգրավել բաժնետերերից այնքան միջոցներ, որքան հարկավոր է: Բանկն արդեն իսկ ձեռնարկություններին տրամադրում է գրավիչ տոկոսադրույքներով վարկեր` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից: 2011թ. մենք նախատեսում ենք ապահովել վարկային պորտֆելի առնվազն 60% աճ: - 2011թ.-ից Հայաստանում սպասվում է կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի ներդրումը: Ինչպե՞ս են դրան պատրաստվում բանկերում: - Այս հարցը մի քանի անգամ քննարկվել է մեր գործընկերների շրջանում, եւ համոզված եմ` բոլոր բանկերն այս ուղղությամբ անում են իրենց «տնային աշխատանքը»: Յուրաքանչյուր բանկ պատրաստվում է յուրովի մոտենալ այս խնդրին, եւ համոզված եմ` նրանք հանդես կգան հետաքրքիր առաջարկներով: Բարեփոխումների արդյունքում ձեւավորվելու են «երկար փողեր», որոնց անհրաժեշտության մասին բազմիցս խոսվել է: Համոզված եմ, որ կուտակվելիք գումարներն ուղղվելու են տնտեսության վարկավորմանը եւ Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Tweet Դիտում՝ 11089