Հունիսի 23-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի “Մանուկյան” սրահում (Բաղրամյան 40) կկայանա Արթուր Բերդի “Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել եւ նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում եւ կյանքում” վարպետության դասը: Արթուր Բերդը ապրում եւ աշխատում է Փաիիզում, նա Capital Fund Management (CFM) ընկերության մակրոօպցիոն ռազմավարություների գծով ղեկավարն է: Վերջին տարիներին Արթուր Բերդը առանցքային պաշտոններ է զբաղեցրել BlueMountain Capital Management, Lehman Brothers, Goldman Sachs Asset Management ընկերություններում: Արթուր Բերդը “Այբ” Ակումբի եւ կրթական հիմնադրամի հիմնադիրներից մեկն է: Հունիսի 23-ին կայանալիք նրա վարպետության դասին ներկա գտնվելու համար պետք է մինչև հունիսի 22-ը, ժամը 12:00-ը նամակ ուղարկել sona_k@ayb.am հասցեով` նշելով ձեր անունը եւ գործունեության ոլորտը: Վարպետության դասն անցնելու է անգլերեն լեզվով: Դասախոսը կպատասխանի հայերեն եւ ռուսերեն լեզուներով հնչեցված հարցերին:Մինչեւ վարպետության դասը Արթուր Բերդը զրուցել է Մեդիամաքս-ի հետ:- Դուք ասում եք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւս մեկ անգամ ընդգծեց ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում` անձնականից ու առեւտրայինից մինչեւ պետական ու միջազգային: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ միջին եկամուտ ունեցող հասարակ քաղաքացիներին` ինչպե՞ս նվազագույնի հասցնել իրենց ռիսկերը: - Ներկայիս շուկայական պայմաններում քաղաքացիների համար ամենակարեւոր սկզբունքն իրենց ընտանեկան բյուջեի հստակ կառավարումն է եւ դրա հաշվարկումը առնվազն մեկ տարվա կտրվածքով: Հիմնական շեշտը պետք է դրվի եկամտի ու ծախսերի ամսական դրական հաշվեկշռի վրա: Կա ամերիկյան մի արտահայտություն` «Cash is King» (թարգմանաբար` «Կանխիկը թագավորն է»): Ժամանակակից շուկայական իրադրության մեջ դա իսկապես այդպես է: Եթե դուք կարողացել եք հավասարակշռել ձեր բյուջեն եւ դեռ ունեք որոշ քանակությամբ ազատ կանխիկ գումար, ապա այսօր կարող եք քրտինքով վաստակած եւ տնտեսած կանխիկի դիմաց ստանալ զգալիորեն ավելի շատ, քան երեկ: Օրինակ, եթե ցանկանում եք գնել բնակարան եւ ունեք կանխիկ բյուջե, այսինքն` չպետք է պարտք վերցնեք դա գնելու համար, ապա կարող եք հեշտությամբ սակարկել այն մինչեւ ձեզ հարմար գինը, քանի որ այդպիսի գնորդներն այսօր քիչ են, եւ վաճառողը գիտի, որ նրանց չպետք է բաց թողնել: Ամենառիսկայինը, ինչ մարդիկ անում են, եւ ինչից պետք է խուսափել, պարտք վերցրած գումարով սպեկուլյատիվ գործարքներն են: Օրինակ, գնել նույն բնակարանը բանկից կամ ընկերներից վերցրած գումարով` նախատեսելով այն վերավաճառել ավելի թանկ մինչ այն ժամկետը, երբ պետք է մարել պարտքը` միաժամանակ գիտակցելով, որ ընթացիկ բյուջեն երկար չի բավարարի վճարումների համար: Դա սնանկանալու գրեթե երաշխավորված տարբերակ է: Խնդիրն այն է, որ ձեր հաջող գնումը կարող է լինել շատ դժվար կանխիկացվող: Եվ երբ պարտքի ժամկետները ճնշեն ու ստիպված լինեք գնումը վաճառել շատ հապճեպ կերպով, դուք չեք կարող դրա դիմաց ստանալ այն «շահավետ» գինը, որը վճարել էիք, քանի որ նոր գնորդը կհասկանա, որ դուք ճգնաժամային իրավիճակում եք եւ ձեզ կառաջարկի շատ ցածր գին: Այդպիսով, դուք ոչ միայն շահույթ չեք ունենա, այլ նույնիսկ կկորցնեք ձեր ներդրումն ու կհայտնվեք ոչ ամբողջությամբ վճարված պարտքի դիմաց: Ամենաշահավետ ներդրումը, որը կարող է անել միջին եկամուտ ունեցող անձը, դա այն ներդրումն է, որն ինչ-որ կերպ կբարձրացնի վաստակելու նրա սեփական ունակությունը: Օրինակ, եթե դուք զբաղվում եք հացի արտադրությամբ, ապա ավելի լավ է ներդրում կատարել որակյալ վառարան գնելու համար, քան` ավելի ժամանակակից ավտոմեքենա: Եվ հակառակը` եթե դուք բեռնատարի վարորդ եք, ավելի լավ է ներդնել այն գազի շարժիչ տեղադրելու համար, որը կնվազեցնի վառելիքի ծախսը, քան գնել շատ թանկ գազօջախ խոհանոցի համար: Երկու դեպքերում էլ ճիշտ ներդրումը սկսում է անհապաղ շահույթ տալ, եւ փոխհատուցման մակարդակն ամբողջությամբ կախված է ձեզանից` որպես արտադրող, այլ ոչ թե ինչ-որ անհայտ հետագա գնորդներից: - Ռիսկերի կառավարման ընդունված մոդելները որքանո՞վ են կիրառելի այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որում տնտեսական շատ գործընթացներ մոնոպոլիզացված են կամ կառավարվում են ոչ շուկայական մեխանիզմներով: - Անկասկած, Հայաստանում, ինչպես եւ ոչ լիարժեք զարգացած շուկայական տնտեսություն ունեցող այլ երկրներում, կան առանձնահատկություններ` լինի դա առեւտրային գործունեության կենտրոնացումը որոշակի ոլորտներում, թե որոշակի ձեռքերում, թե ինչ-որ այլ բան: Սակայն դա չի նշանակում, որ ռիսկերի կառավարման ընդհանուր սկզբունքները կիրառելի չեն: Պարզապես պետք է գտնել այդ սկզբունքների ճիշտ մեկնաբանությունը տեղական պայմաններում: Օրինակ, Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը շատ յուրօրինակ է` կապված մեծ քանակությամբ գումարների հետ, որոնք երկիր են մտնում այլ երկրներ աշխատելու կամ մշտական բնակության մեկնած հայրենակիցների կողմից: Համապատասխանաբար, անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործոնը երկրի տնտեսության մեջ եւ ռիսկերը կառավարել համապատասխանաբար: Իսկ տվյալ դեպքում ռիսկը դրամի փոխարժեքն է: Քանի որ երկրում գումարների մեծ մասը ձեռք չի բերվում ներսում, այլ պարզապես ուղարկվում է դրսից, արտարժույթի շատ կայուն փոխարժեքը հանգեցնում է նրան, որ այդ գումարները դուրս են գնում` չմնալով ներսում, քանի որ քաղաքացիները դրանք ծախսում են արտասահմանյան արտադրանք գնելու վրա, իսկ առեւտրային կազմակերպությունները ստացված գումարները տանում են արտասահման` ապրանքների նոր խմբաքանակներ գնելու համար: Պետք է կարողանալ այնպես անել, որ այդ գումարների հնարավորինս մեծ մասը շրջանառվի երկրի ներսում: Դրա համար քաղաքացիներին պետք է տեղական արտադրության ապրանքատեսակներ գնելը ավելի ձեռնտու լինի` եթե ոչ որակի (որից մենք դեռ հեռու ենք), ապա գոնե գնի տեսանկյունից: Դա շահավետ կլինի թե քաղաքացիների, թե արտադրողների, թե երկրի, որը կունենա ավելի մեծ թվով եկամուտ գանձատանը, թե այն հայրենակիցների համար, ովքեր ուղարկում են այդ գումարները, քանի որ ուղարկված գումարով Հայաստանում նրանց հարազատները կկարողանան ավելի լավ ապրել: - Տեղական ու արտասահմանյան փորձագետները կարծում են, որ ՀՀ ֆինանսական համակարգի համար ճգնաժամի դրական ազդեցությունն էր այն փաստը, որ տեղական բանկերը սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել ռիսկ-մենեջմենթի ներդրմանը: Մյուս կողմից, տպավորություն է ստեղծվում, որ մի շարք դեպքերում բանկերը ռիսկ-մենեջմենթն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի անհամամասնորեն խստացնեն վարկավորման պայմանները: Ինչպե՞ս կարելի է գտնել պայմանական «ոսկե միջինը»: - Վարկավորման պայմանների խստացումը ճգնաժամի բնական արդյունքն է: Պատկերացրեք, թե ձեզ դիմել է ընկերը` խնդրելով զգալի գումար տրամադրել ինչ-որ անհետաձգելի ծախսերի համար եւ խոստանում է այն վերադարձնել տարվա ընթացքում: Դուք, հավանաբար, այդ խնդրանքին ավելի քիչ պատրաստակամությամբ կվերաբերվեք, քան 2 տարի առաջ, քանի որ գիտեք, որ նա հեշտությամբ կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ եկամուտ չի ունենա պարտքը վերադարձնելու համար: Բնական է, որ բանկերում վարկերի չվճարման գնահատման չափանիշները եւս ավելի խիստ են դարձել: «Ոսկե միջինը» պետության կողմից վարկավորման այն ուղղությունների նպատակային հովանավորումն է, որոնք նա առաջնահերթ է համարում: Դա կարելի է անել բանկերում կապիտալի կանոնակարգված մակարդակների տարբերակման եղանակով` կախված վարկի ոլորտից: Օրինակ, եթե պետությունը ցանկանում է խրախուսել փոքր բիզնեսի վարկավորումը, որը գործունեություն է ծավալում ՀՀ արտադրության ոլորտում, եւ չի ցանկանում խրախուսել ներկրման/արտահանման առեւտրային բիզնեսը, ապա կարելի է կանոնակարգված կապիտալի գործակիցը փոքրացնել արտադրական վարկերի համար եւ մեծացնել առեւտրայինների համար: Եթե պետությունը միաժամանակ առաջնահերթ արտադրություններին աջակցի նաեւ նպատակային պատվերներով (օրինակ, դպրոցական կահույքի պատվեր պետական դպրոցների համար), ապա այդ ձեռնարկությունները կդառնան քիչ ռիսկային ավելի կայուն պատվերների շնորհիվ, եւ բանկերը կկարողանան նրանց տրամադրել ավելի շատ վարկեր` չվախենալով ռիսկի բարձր աստիճանից: Բայց ինչպես պետության ցանկացած առաջնահերթության դեպքում, անհրաժեշտ է ստուգել, որպեսզի վարկերն իսկապես օգտագործվեն այն բնագավառներում, որոնց համար հատկացված են: Այլապես հեշտությամբ կստացվի հակառակ արդյունքը: Օրինակ, Չինաստանում մունիցիպալ իշխանություններին պետության կողմից տրամադրված վարկերի մեծ մասը ներդրվեց ոչ պրոֆիլային շինարարական նախագծերում, քանի որ այնտեղ շահույթն ավելի մեծ էր: Այդ անցանկալի արդյունքներից պետք է խուսափել: - Պատկերացնենք, թե ձեզ տրամադրվում է Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնելու քարտ-բլանշ, եւ դրա համար ձեզ տրվում է 3 տարի: Ի՞նչ գործողություններ կձեռնարկեիք: - Դա շատ գայթակղիչ հարց է: Ես որոշակի մտքեր ունեմ այդ թեմայի շուրջ, որոնք վերաբերում են հիմնականում ֆինանսական շուկայի զարգացմանն ու դեպի Հայաստան արտաքին կապիտալի ներգրավմանը: Բայց վախենամ, հարցազրույցի շրջանակներում կարճ պատասխանը չի կարող ճշգրիտ ներկայացնել այդ գաղափարները, եւ այդ պատճառով ձեռնպահ կմնամ ոչ լիարժեք պատասխանից: Հնարավոր է` «Այբ» Ակումբի շրջանակներում մեր հանդիպումների ընթացքում ես կկարողանամ դրանք քննարկել այդ ոլորտների փորձագետների հետ, եւ ավելի ուշ մենք այդ մասին կխոսենք ավելի մանրամասն: - Հունիսի 24-26-ին Երեւանում կկայանա «Այբ» Ակումբի անդամների ընդհանուր ժողովը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից: - Հանդիպման հիմնական թեման է «Այբ» Ակումբի եւ հիմնադրամի նախորդ տարիների աշխատանքի արդյունքների ամփոփումն ու նոր փուլի ծրագրերի նախապատրաստումը, որոնք, մասնավորապես, ներառում են Երեւան քաղաքում «Այբ» դպրոցի հիմնադրումը, ինչպես նաեւ աշխատանքը «Համահայկական դպրոցի» գաղափարի ուղղությամբ: Այդ հիմնական թեմաներից բացի, կան նաեւ մի շարք այլ հարցեր` «ԱյբԼաբ»-երի աշխատանքը, օլիմպիադաների անցկացումը եւ այլն: Հուսով ենք` կկարողանանք անհրաժեշտ ուշադրության արժանացնել «Այբ»-ի գործունեության բոլոր ոլորտները: Tweet Դիտում՝ 21878