«Առեւտրի ֆինանսավորման գործիքներն առավել արդիական դարձան ճգնաժամի պայմաններում»

20.05.2010 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում «Պեժո», «ԳԱԶ», «ՊԱԶ», «ՈՒԱԶ», «ԶԱԶ», «ԶԻԼ», «Բոգդան», «Էլֆ» եւ «Շտանդոքս» մակնիշների ներկայացուցիչ «Կարկոմավտո» ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Մխիթար Միքայելյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, Auto.am եւ Banks.am պորտալներին

- Օրերս «Կարկոմավտո» ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկից» ստացել  է պատվոգիր՝ որպես բանկային երաշխիքների գծով բանկի առեւտրի ֆինանսավորման ծառայությունների 2009թ. լավագույն հաճախորդ: Ֆինանսական ո՞ր գործիքներն են պահանջված հայաստանյան ավտոդիլերների, մասնավորապես, «Կարկոմավտո»-ի կողմից:

- Այստեղ առաջին հերթին կարևորվում է ընկերության արտաքին առևտրի ոլորտում ներգրավվածությունը: Ներկայումս Հայաստանում առաջարկվող առեւտրի ֆինանսավորման գործիքներն են հիմնականում ակրեդիտիվները, բանկային երաշխիքները եւ ինկասոները:

Առեւտրի ֆինանսավորման գործիքներն առավել արդիական դարձան ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում. նշված ֆինանսական գործիքներից օգտվողը միանգամից չի վճարում գնվող ապրանքի դիմաց, այլ, օրինակ, բանկային երաշխիքների շնորհիվ կարողանում է ստանալ ապրանքը, իրացնել այն եւ միայն հետո փոխանցել գումարը մատակարարին:

Այսօր մենք աշխատում ենք տարբեր բանկերի հետ, սակայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» կողմից առաջարկվող առեւտրի ֆինանսավորման ծառայությունները ավելի մեծ ճկունություն են ենթադրում եւ առավել մատչելի են մեզ համար: Մենք ողջունում ենք բանկի նախաձեռնությունը` խրախուսել իր առավել ակտիվ հաճախորդներին եւ կցանկանայինք, որ մնացածները նույնպես հետեւեն այս օրինակին եւ խրախուսեն հաճախորդներին առևտրային գործարքների մեջ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերելու հարցում:

- Կա՞ արդյոք այնպիսի ֆինանսական գործիքների կարիք, որոնք դեռեւս չկան մեր շուկայում:

- Ըստ էության, Հայաստանում արդեն առկա են մեր նման ընկերություների համար անհրաժեշտ գրեթե բոլոր ֆինանսական գործիքները. պարզապես դրանք դեռեւս ավելի թանկ են, քան արտերկրում:

- Ինչպե՞ս է «Կարկոմավտոյի» եւ ընդհանրապես ավտոդիլերական բիզնեսի վրա անդրադարձել ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ, որպես հետեւանք, բանկերի կողմից ավտովարկավորման պայմանների խստացումը:

- Ճգնաժամը եւ դրամի արժեզրկումը զգալի բացասական ազդեցություն են ունեցել ընկերության տնտեսական և ֆինանսական ցուցանիշների վրա: 2009-ին նախորդ տարվա համեմատ վաճառքների ընդհանուր ծավալը նվազել է գրեթե 40%-ով: Մենք ներկրող կազմակերպություն ենք, եւ մեքենաների գների վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև դրամի արժեզրկումը, որի արդյունքում գներն աճել են 20-22%-ով:

Նման իրավիճակը, բնականաբար, չէր կարող գոհացուցիչ լինել, եւ մի շարք միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց որոշ առումով զսպել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Մասնավորապես, մի շարք ակցիաների շնորհիվ մենք մինչեւ դրամի արժեզրկումը կարողացանք գրեթե զրոյական եկամտաբերությամբ կամ նույնիսկ վնասով իրականացնել վաճառնքներ, որոնց արդյունքում հնարավոր դարձավ ժամանակին եւ ամբողջությամբ կատարել մեր պարտավորությունները բանկերի նկատմամբ:

Անդրադառնալով 2010թ. առաջին եռամսյակի ցուցանիշներին` գոհունակությամբ կարող եմ նշել, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է վաճառքների 5%-անոց աճ:  Այս պարագայում եւս գոյություն ունեն հետաքրքիր զարգացումներ: Օրինակ,  բավականին նվազել է մանրածախ վաճառքների թիվը, ինչը բացատրվում է բնակչության խնայողություններ կատարելու եւ խոշոր ծախսերից խուսափելու տրամադրվածությամբ: Այդ պատճառով էլ ներկայումս գնումներ կատարող հաճախորդների  70%-ը իրավաբանական անձիք են:

- Պետական եկամուտների կոմիտեն /ՊԵԿ/ այս տարվա փետրվարին պարզեցրել է ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերը: Օգնե՞լ է դա արդյոք դիլերներին եւ ինչպիսի՞ այլ պարզեցումների կամ փոփոխությունների կարիք է զգացվում ոլորտում:

- Փոփոխությունների արդյունքում ներմուծող ընկերության լիազորված անձը կարող է ինքնահայտարարագիր ներկայացնել մաքսային մարմիններին, ինչն իրոք արագացրել է մաքսազերծման ընթացքը: Սակայն, ըստ իս, անհրաժեշտ են նաև հետագա հետևողական բարեփոխումներ` ուղղված այս ընթացակարգերի էլ ավելի պարզեցմանը: Հակառակ դեպքում կպահպանվի այսօրվա պատկերը, երբ ՊԵԿ-ի հետ գործառույթներում բյուրոկրատիան միջազգային առեւտրով զբաղվող ընկերություների համար դարձել է հիմնական խոչընդոտը:

Լավ կլիներ, եթե պարզեցվեր հայտարարագրման կարգը, օրինակ` այն կարելի է անցկացնել ինտերնետի միջոցով: Նույնիսկ գերադասելի կլիներ, եթե մաքսազեծման կանոնները խախտողների նկատմամբ կիրառվեին ավելի բարձր տուգանքներ, միայն թե այդ գործընթացները արագացվեին: Համեմատության համար նշեմ, որ այսօր ավտոմեքենայի տեղափոխման ողջ ժամանակահատվածի 15%-ը բաժին է ընկնում մաքսային ձեւակերպումներին: «Կարկոմավտո»-ում մի ամբողջ բաժին զբաղվում է միայն մաքսային ձեւակերպումներով: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մաքսազերծումը նույնիսկ հարեւան Վրաստանի հետ համեմատ շատ է բարդացված եւ ավելի թանկ է:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի ավտոդիլերների միջև: Հայաստանում չկան նույն մակնիշի մեքենաներ ներմուծող պաշտոնական դիլերներ: Ինչպե՞ս է այս պարագայում տեղի ունենում գնագոյացումը:

- Ավտոարտադրողները եւ մատակարարները փոքր երկրներում սովորաբար չեն ունենում երկրորդ պաշտոնական ներկայացուցիչ: Սակայն նույն մակնիշները ներկայացնող պաշտոնական դիլերների բացակայությունը չի նշանակում, որ չկա մրցակցություն, քանի որ այն սկսվում է արդեն ավտոարտադրողներից: Տարբեր մակնիշների ավտոմեքենաներ  ներմուծող կազմակերպություները` լինեն դրանք պաշտոնական ներկայացուցիչներ, թե ոչ,  միմյանց հետ մրցում են մեքենաների վաճառքի առավել նպաստավոր ու գրավիչ պայմաններ առաջարկելով, տեխսպասարկման մակարդակով եւ այլն: Անդրադառնալով գնագոյացմանը` պետք է նշեմ, որ այն հիմնականում չեմ կապում մրցակցության հետ. այն կախված է առաջին հերթին մեքենայի արժեքից, տեղափոխման գնից, մաքսատուրքի չափից եւ ներմուծող ընկերության նպատակային եկամտից: Ներկայումս Հայաստան ներկրվող նոր ավտոմեքենաների վաճառքի գները շուրջ 40-50%-ով բարձր են արտադրողների կողմից բաց թողման գներից:

Դիտում՝ 17460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW