Հայաստանին անհրաժեշտ է պորտֆելային ներդրումների խրախուսման հիմնադրամ

01.11.2009 | 19:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Արմենբրոկ” ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի ցուցակմամբ առաջին հայկական IPO-ն կարելի է համարել կայացած: Ի՞նչ ակնկալիքներ ունեք բաժնետոմսերի բորսակայան շրջանառությունից:

- “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի ցուցակմամբ ավարտվեց մոտ 1 տարի տեւած գործընթացը: Ցուցակումը կապահովի բաժնետերերի` երկրորդային շուկայում առեւտուր իրականացնելու իրավունքը: Հուսով ենք, որ այդ բաժնետոմսերը կլինեն ավելի իրացվելի, քան մյուս ցուցակված ընկերությունների արժեթղթերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսեր ձեռք են բերել 1111 ներդրողներ: Անշուշտ, կլինեն այդ բաժնետոմսերը վաճառելու եւ գնելու ցանկացողներ, ինչի արդյունքում կձեւավորվի շուկայանան գին ու շրջանառություն:

Բաժնետոմսերը ցուցակվեցին բորսայի B հարթակում` դառնալով այնտեղ ցուցակված երկրորդ ընկերությունը` “Հայէկոնոմբանկից” հետո:

- ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ընդհանուր առմամբ ցուցակվում է “Արցախ ՀԷԿ”-ի կողմից թողարկված 1000 դրամ անվանական արժեքով 5 962 074 բաժնետոմս: Ընկերության կանոնադրական կապիտալի ո՞ր մասն է դարձել հանրային: 

- Եթե նկատի ունենանք, որ բաժնետոմսերի թողարկումից առաջ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր մոտ 5 մլրդ դրամ, իսկ թողարկումից հետո այն համալրվել է եւս մոտ 1 մլրդ-ով, ապա կարելի է արձանագրել, որ հանրությանն է պատկանում ընկերության կապիտալի 1/6-րդ մասը:  

Այս հանգամանքը կստիպի ընկերությանը գործել ավելի թափանցիկ, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ, անընդհատ տեղյակ պահել բաժնետերերին ընկերությունում տեղի ունեցող գործընթացների մասին: Ի դեպ, “Արցախ ՀԷԿ”-ն արդեն ձեւավորվել է կորպորատիվ կառավարման բաժին, որը կզբաղվի այդ հարցերով:

- Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ դուք նշեցիք, որ նախապատվությունը տալիս եք փոքր ներդրողներին: Ներդրողների ինչպիսի՞ կառուցվածք ստացվեց արդյունքում:

- Ընկերության բաժնետոմսերը ձեռք են բերել ներդրողներ 8 երկրներից: Բաժնետոմսերը ձեռքբերողներից մեկը խոշոր ինստիտուցիոնալ ներդրող է, մյուսները` անհատ փոքր ներդրողներ:

Արտասահմանյան ներդրողները արցախյան թողարկողին դիտարկում են առավել ռիսկային, այդ պատճառով նրանց մեծամասնությունն ունի հայկական ծագում:

- “Արցախ ՀԷԿ”-ը 2010-ին նախատեսում է նոր բաժնետոմսերի տեղաբաշխում: Մասնակցելու՞ է արդյոք “Արմենբրոկը” այս գործընթացին, եւ ի՞նչ սպասումներ ունեք ընկերության` կապիտալի շուկայում հետագա առաջխաղացումից: 

- Մինչեւ հաջորդ տեղաբաշումն ընկերությունը դեռեւս պետք է ցույց տա ներկա ու պոտենցիալ ներդրողներին, որ աշխատում է արդյունավետ եւ ներգրավված միջոցները բերում են իրական հատույց: Այդ դեպքում նպատակահարմար կլինի իրականացնել նոր տեղաբաշխում, եւ “Արմենբրոկը” պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Առաջնային առաջարկի արդյունքներով տեղաբաշխվեցին ոչ բոլոր բաժնետոմսերը, թերեւս այն պատճառով, որ “Արցախ ՀԷԿ”-ը հանրությանն այնքան էլ ծանոթ ըներություն չէր եւ չէր առնչվում մանրածախ շուկայի հետ:

Պատկերացրեք, եթե բաժնետոմսերի թողարկում կազմակերպեին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ, “ԱրմենՏել”-ն ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, որոնք հայտնի են Հայաստանի ողջ բնակչությանը, քանի որ անմիջականորեն առնչվում են սպառողների հոծ զանգվածի հետ: Նման ընկերությունը, գրագետ ցուցակման գործընթաց իրականացնելու դեպքում, միայն Հայաստանում կունենա մոտ 1 մլն բաժնետեր:  

- Նույն “Վիվասել-ՄՏՍ”-ի ու “ԱրմենՏել”-ի մայր-ընկերություններն այսօր ցուցակված են աշխարհի առաջատար բորսաներում եւ շատ լավ տեղյակ են կապիտալի շուկայի հնարավորություններին: Ինչու՞ նրանք չեն գնում այդ քայլին Հայաստանում, արդյոք այստեղ ինչ-որ ռիսկեր են տեսնու՞մ:

- Ոչ, որեւէ ռիսկ չկա, գուցե պարզապես այս պահին դա իրենց համար նպատակահարմար չէ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու սպասենք թողարկողների ու ներդրողների ակտիվացմանը: Իմ խորին համոզմամբ, կառավարությանն առընթեր պետք է ստեղծվի մի կառույց, որի հիմնական գործառույթն է լինելու պորտֆելային ներդրումների խրախուսումը:

Համանման կառույց արդեն գործում է Վրաստանում. այն ամբողջ աշխարհով գովազդում է Վրաստանը, բացատրում, թե որքան հրապուրիչ է այդ երկիրը ներդրողների համար: Զուգահեռաբար բարելավվում են մեր հարեւան երկրի ցուցանիշները` որպես բիզնես սկսելու եւ վարելու համար բարենպաստ երկիր: Ընդհանրապես, Հայաստանի ու Վրաստանի ներգրավված պորտֆելային ներդրումներն անհամադրելի են. եթե Հայաստանի ներդրումային ընկերություններին ընդհանուր առմամբ հաջողվել է ներգրավել մոտ $20 մլն պորտֆելային ներդրումներ, ապա Վրաստանի համանման ցուցանիշը $1 մլրդ-ից ավել է:     

Ներդրումների խրախուսման հիմնադրամը պետք է խրախուսի ընկերություններին անցկացնել արժեթղթերի թողարկումներ: Զուգահեռաբար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ կոռուպցիայի ու բյուրոկրատիայի վերացման ուղղությամբ, որոնք եւս լրջորեն խոչընդոտում են կապիտալի ներհոսքին Հայաստան:    

Այս համալիր գործընթացն անհրաժեշտ է սկսել պարզագույն միջոցառումներից, որոնցից մեկն է, օրինակ, վիզային ռեժիմի վերացումը Եվրամիության, Ճապոնիայի, ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների քաղաքացիների` Հայաստան մուտք գործելու համար:

Ներդրումների խրախուսման հինմադրամը պետք է օժանդակի ընկերություններին, որպեսզի նրանք կազմեն ներդրումային առաջարկություններ, տեղադրի այդ ընկերությունների մասին տեղեկատվություն իր կայքում, որպեսզի հնարավոր լինի մեկ պատուհանից ծանոթանալ այն ընկերությունների հետ, որոնցում կարելի է ներդնել:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն ընկերություններին, որոնք դիտարկում են բաժնետոմսերի թողարկմամբ ներդրումներ ներգրավելու հնարավորությունը:

- Բոլորս էլ տեսնում ենք, որ IPO-ների գործընթացը սառել է ամբողջ աշխարհում, սակայն արդեն նկատելի է, որ մի շարք զարգացած երկրների տնտեսություններում սկսում են արձանագրվել կանխատեսվածից լավ ցուցանիշներ, ինչն ազդարարում է ճնգածամի ավարտի սկիզբը:

Խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր ունեին բաժնետոմսերի շուկա դուրս գալու մտադրություն, սակայն սառեցրել են այս գործընթացը գլոբալ տատանումների պատճառով, չհրաժարվել արժեթղթավորման գաղափարից, իրականացնել կորպորատիվ միջոցառումներ արդյունավետության, թափանցելության եւ բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

Ներկայիս պասիվությունը պետք է օգտագործել բաժնետոմսերի թողարկմանը նախապատրաստվելու համար: Այն ընկերությունները, որոնք կսկսեն գործընթացը հիմա, կդառնան տնտեսական առողջացման հնարավորություններից առաջին օգտվողները:

Արժեթղթերի միջոցով ներգրավված միջոցները ամենաարդյունավետն են, եւ մեր փորձը ցույց է տալիս, որ բաժնետոմսեր թողարկած բոլոր ընկերությունները միանշանակ շահել են:

- Իրոք, որոշ զարգացած երկրներում արդեն գրանցվում է տնտեսական աճ, ինչը ազդարարում է, որ միջազգային ճգնաժամը տեղի է տալիս: Ձեր կարծիքով, 2010թ. կարելի՞ է արդեն ակնկալել Հայաստանի կապիտալի շուկայում արտասահմանյան ներդրողների աշխուժացում: 

- Չեմ կարծում, որ 2010թ. մենք կտեսնենք արտասահմանյան ներդրողների վերադարձ եւ աշխուժություն: Զարգացած շուկաները պետք է նախ լիովին վերականգնվեն ու թանկանան, այնուհետեւ ներդրողները սկսելու են փնտրել ավելի էժան շուկաներ: Իսկ մենք այդ ընթացքում պետք է պարտադիր ձեւավորենք առաջարկ: Միջազգային ճգնաժամից առաջ հայաստանյան կապիտալի շուկայում առկա էր միլիարդավոր դոլարներով հաշվարկվող չբավարարված պահանջարկ, որը նորից սկսելու է գոյանալ ճգնաժամի ավարտից հետո:

Այնպես որ, կապիտալի շուկա դուրս գալու մտադրություն ունեցող ընկերությունները պետք է սկսեն նախապատրաստվել, իսկ այս շուկայի զարգացման եւ ներդրումային միջավայրի բարելավման համար պատասխանատու կառավարական օղակները պետք է մեծ ջանքեր գործադրեն` Հայաստանը ներդրումների համար հրապուրիչ երկիր դարձնելու ուղղությամբ:

- Վերջերս հայտնի է դարձել, որ կառավարությունը սկսելու է մասնավորեցում իրականացնել ֆոնդային բորսայի միջոցով:  

- Կարող եմ միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ դա արվում է միայն հիմա, երբ մասնավորեցմանն ենթակա են մնացել ներդրումների համար ոչ այնքան հետաքրքիր ձեռնարկություններ:

 

Դիտում՝ 20313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW