Ավելի քան 1 միլիարդ քարտային գործարք՝ 18.23 տրիլիոն դրամ ընդհանուր շրջանառությամբ. այս թվերով Arca ազգային վճարային համակարգն ամփոփել է 2025 թվականը։ Նախորդ տարվա եւ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքներն Arca-ի ղեկավար կազմը ներկայացրել է լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ոչ միայն հիմնական ցուցանիշներին, այլեւ՝ ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին եւ ռազմավարական առաջնահերթություններին։Banks.am-ն առանձնացրել է հանդիպման ամենաուշագրավ դրվագները։«Arca-ն Հայաստանի վճարային համակարգի ինքնիշխանության եւ ինքնաբավության կարեւոր օղակ է»Հովհաննես Խաչատրյան, Arca-ի խորհրդի նախագահ Arca ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին՝ Կենտրոնական բանկի եւ 10 առեւտրային բանկի ներդրումների միջոցով։ Այն հանդիսանում է Հայաստանում եւ այդ ժամանակ նաեւ աշխարհում նմանը չունեցող մասնավոր հատված-պետություն համագործակցության եզակի օրինակ։ 2001թ.-ից մենք թողարկեցինք առաջին քարտերը եւ արդեն քառորդ դար Arca-ն Հայաստանի ազգային վճարային համակարգն է։ Այսօր այն 55%-ով Կենտրոնական բանկի սեփականությունն է, 45%-ով՝ 15 առեւտրային բանկի։ Հովհաննես Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս 2024թ.-ին ընկերությունում իրականացվել են էական բարեփոխումներ կառավարման համակարգի, կադրերի, տեխնիկական վերազինման ուղղություններով։ Այսօր Arca-ի խորհրդում ընդգրկված է Կենտրոնական բանկի մեկ ներկայացուցիչ՝ ես, երեք ներկայացուցիչ Հայաստանի առեւտրային բանկերից, եւ երեք անկախ անդամ։ Ընկերության կառավարման համակարգը կառուցվել է՝ հիմնվելով դասական, լավագույն փորձի վրա՝ համապատասխան կոմիտեների առկայությամբ, ներքին աուդիտով, հսկողական այլ համակարգերով։ Նաեւ էական փոփոխություններ են կատարվել Arca-ի գործադիր մարմնում, ընկերությունը համալրվել է բարձր որակավորում ունեցող նոր մասնագետներով։ Ընկերության զարգացման առանցքում մեզ համար առաջին հերթին անվտանգությունն է եւ աճի անխափանությունը։ Arca-ն Հայաստանի վճարային համակարգի ինքնիշխանության եւ ինքնաբավության կարեւոր օղակ է։ Բնականաբար, չենք մոռանում նաեւ նորարարության մասին. վճարային ծառայություններն աշխարհում զարգանում են շատ արագ եւ փորձում ենք ընկերությունում եւս ապահովել այդ ընթացքը։ «Համատեղել դասական խորհդրի մոդելն ու նորարար մոտեցումները»Արա Աբրահամյանը, Arca-ի խորհրդի անկախ անդամ Arca-ն շատ հետաքրքիր օրինակ է, որտեղ Public-Private Partnership (PPP) մոդելը հաջողել է։ Այս հաջողության հիմքում մի քանի կարեւոր որոշում է։ Առաջինը՝ կառավարման դասական մեխանիզմի ստեղծումն է. բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ տնօրինություն։ Երկրորդը՝ Կենտորոնական բանկի դիրքորոշումը. չնայած 55% բաժնեմասին՝ ԿԲ-ն կրիտիկական որոշումների կայացման իրավունքը փոխանցել է խորհրդին, որը ստեղծելիս ապահովել ենք մասնագետների եւ գիտելիքի բազմազանություն։ Արա Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Դրանում ընդգրկվել են տարբեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։ Սա շատ կարեւոր է համակարգերի կայունության, անխափանության տեսանկյունից, առավել եւս՝ զարգացման մեծ ծավալների պարագայում։ Հաճախ եմ խոսում այն մասին՝ ինչպես է խորհրդի եւ դրա անդամների դերը վերափոխվում այսօրվա թվային ժամանակաշրջանում։ Arca-ի խորհրդում մեզ հաջողվում է համատեղել դասական խորհրդի աշխատանքը ոչ ֆորմալ, մասնագիտական խորը քննարկումների հետ։ Ընդ որում, երբ խոսքը նոր պրոդուկտների զարգացման ընթացքում նորարար մոտեցումների կիրառման՝ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների մասին է, բաց ենք հրավիրել նաեւ լավագույն մասնագետներին «դրսից»։ Կազմակերպությունում տեղի ունեցած այս մշակութային վերափոխումը շատ կարեւոր է։ «Վաստակել ազգային վճարային համակարգի կարգավիճակը՝ օր ու գիշեր աշխատանքով»Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն 2000թ.-ին ԿԲ-ից ստանալով վճարային փաստաթղթերի պրոցեսինգի իրականացման լիցենզիա՝ Arca-ն արդեն իսկ ունի գրանցված հայաստանյան երկու վճարահաշվարկային համակարգ։ Առաջինն Arca պրոցեսինգային համակարգն է, որը ներառում է երկու բաղադրիչ՝ Arca քարտային համակարգը եւ պրոցեսինգի բաղադրիչը։ Ընդ որում, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որն ունի ազգային քարտային համակարգ։ Վարդան Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս 2024թ.-ից մենք գործարկել ենք նոր՝ ArcaPay ակնթարթային վճարումների եւ փոխանցումների համակարգը։ Դրա միջոցով բոլոր գործարքներն իրականացվում են ոչ թե քարտերով, այլ՝ բանկային հաշիվներով։ Մեր տվյալներով այս համակարգին ամսական միջինում միանում է 2500 օգտատեր։ Այն հնարավորություն է տալիս մեզ միացած 12 բանկի հաճախորդներին անվճար ակնթարթային փոխանցումներ իրականացնել միմյանց միջեւ 24/7 ռեժիմով։ 2025թ.-ին ArcaPay համակարգի շրջանակում գործարկել ենք նաեւ ArcaQR միասնական համակարգը, որին արդեն անդամակցում է 8 ֆինանսական կազմակերպություն։ Arca ընկերության տեսլականն է լինել վստահելի եւ հուսալի վճարային համակարգ։ Սա պարզապես բառեր չեն եւ հուսալի ասելով՝ նկատի ունենք մեր համակարգի անվտանգությունն ու անխափան աշխատանքը։ Սա առաջնահերթություն է։ Ռուբեն Սաղոյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Խաչատրյանը եւ Արա Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեզ համար սահմանել ենք, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ձգտենք համակարգի 99, 982% հասանելիության, սա ենթադրում է տարեկան առավելագույնը մոտ 1,5 ժամ անհասանելիություն։ Սա միջազգային չափանիշներով լավագույն ցուցանիշն է, որին ընկերության ռազմավարությամբ ձգտում ենք հասնել մինչեւ 2030թ.։ Միեւնույն ժամանակ նշեմ, որ եթե 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, ապա այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքոըմ այն հասցրել ենք 99.991%-ի։ Այսինքն տարվա սկզբից համակարգն անհասանելի է եղել 49 րոպե։ Այս տվյալներն ամփոփելու ենք շատ բաց եւ ներկայացնելու յուրաքանչյուր տարի։ Ռազմավարության մյուս կարեւոր բաղադրիչը ՏՏ անվտանգությունն է։ Կիբեռանվտանգության մասով ընկերությունը կիրառում է մեծ գործիքակազմ՝ բարձրացնելով թե՛ մարդկանց կրթությունը, թե՛ անցնելով միջազգային հեղինակավոր աուդիտ։ Մեր նպատակն է ձեւավորել հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ։ Ընդ որում, չենք ցանկանում, որ այդ «ազգային» կարգավիճակը տրվի որեւէ օրենսդրական փոփոխության արդյունքում։ Պետք է վաստակենք այն թիմի օր ու գիշեր աշխատանքով։ «Arca քարտերով Էլեկտրոնային գործարքների առաջատարն Իռլանդիան է»Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն Արդեն խոսեցի համակարգի հասանելիության ցուցանիշների մասին։ Ներկայացնեմ եւս մի քանիսը։ Համակարգի գործարքների եւ ծավալների մասին վկայող մեկ թիվ՝ 2025թ.-ին իրականացվել է ավելի քան 1 միլիարդ քարտային գործարք՝ 18.23 տրիլիոն դրամի ընդհանուր շրջանառությամբ։ Ինչ վերաբերում է ակտիվ քարտերի բաշխվածությանն ըստ վճարային համակարգերի՝ 2025թ.-ի տվյալներով առաջին տեղում 54%-ով Visa քարտերն են, 23%-ով դրանց հաջորդում են Arca քարտերը, 19%` MasterCard-երը եւ 4%` այլ։ Վերլուծել ենք նաեւ թողարկված քարտերի կիրառման աշխարհագրությունը։ Դարձյալ 2025թ.-ի տվյալներով գործարքների 90,6% -ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 9,4%-ը՝ արտերկրում։ Արտերկրում կատարված գործարքները բաժանել ենք էլեկտրոնային եւ ֆիզիկապես կատարվածների՝ հասկանալու նաեւ հստակ երկրների ցանկը։ Էլեկտրոնային գործարքների առաջատարն Իռլանդիան է՝ 24,4%-ով։ Թիվը կարող է զարմացնել, բայց սա կապված է հայտնի սոցիալական ցանցերի գրանցման վայրերի հետ եւ հիմնականում ենթադրում է գովազդային վճարները։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 15,5% եւ Միացյալ Թագավորությունը՝ 8,4%: Ֆիզիկական վճարումների մասով առաջատար երկրներն են ԱՄԷ-ն, Իտալիան եւ Ֆրանսիան, քանի որ մեր հայրենակիցներն ավելի շատ են ճամփորդում այս ուղղություններով։ «Արդեն տրամադրվել է մոտ 2,1 միլարդ դրամի հետվճար»Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն Մեր աշխատանքի կարեւոր ուղղություններից է հետվճարային նախագիծը, որը մեկնարկել ենք 2026թ. հունվարի 1-ից՝ կառավարության հետ համատեղ։ Ցանկանում եմ հիշեցնել, որ հետվճարը տրամադրվում է բացառապես Arca քարտերով կատարված վճարումների դիմաց։ Այս ամիսների տվյալներով արդեն մոտ 2,1 միլիարդ դրամի հետվճար է տրամադրվել։ Եթե համեմատենք հունիսի եւ մայիսի տվյալները՝ հետվճար ստացող քարտապանների թիվն ավելացել է մոտ 24 հազարով։ «Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay եւ Apple Pay հարթակներին»Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրենՆախագծեր ունենք նաեւ Arca քարտերի զարգացման մասով։ Նախատեսում ենք եւ արդեն իրականացնում քարտերի թվային չիպի փոփոխություն, ինչը թույլ կտա Arca քարտերը կցել Google Pay եւ Apple Pay հարթակներին։ Ռուբեն Սաղոյան, Arca-ի զարգացման տնօրեն Այս ուղղությամբ արդեն սկսել ենք քառակողմ աշխատանքներ ֆրանսիական ընկերություններից մեկի, Google-ի եւ Arca-ի ծրագրային ապահովման մատակարար կազմակերպության հետ։ Քարտերի թոքենացման գործընթացն ակտիվ փուլում է։ Նույնիսկ հետվճարի ժամանակ մենք բազմաթիվ հարցեր էինք ստանում՝ ե՞րբ հնարավոր կլինի քարտը կցել Google կամ Apple Pay-ին։ Մեր կանխատեսումներով՝ տարեվերջին կամ մինչեւ 2027թ.-ի առաջին եռամսյակը հնարավոր կլինի Arca քարտերը կցել Google Pay-ին, իսկ արդեն 2027թ.-ի երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին։ Arca Pay-ի մասով ակտիվ փուլում է Հնդկաստանի հետ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ակնթարթային, միայն հեռախոսի համարով փոխանցումներ կատարել այս ուղղությամբ։ Բացի այդ, ակտիվ տեխնիկական աշխատանքներ ենք վարում նաեւ վրացական Bank of Georgia-ի հետ։ Բանակցությունների փուլում ենք նաեւ ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հետ։ Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2109