Եվրոպային անհրաժեշտ է թվային եվրո

04.07.2026 | 00:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բրայան Ջաջը Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ֆինանսների եւ ժողովրդավարության ծրագրի հետազոտությունների տնօրենն է։

Բրայան Ջաջ

Երկար տարիների նախապատրաստական աշխատանքներից հետո Եվրոպական Միության (ԵՄ) երեք կառավարման ինստիտուտները՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական հանձնաժողովը, վերջապես պատրաստ են սկսել թվային եվրոյի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները։ Երբ դրանք մեկնարկեն, նախագիծը, որը ժամանակին համարվում էր դրամավարկային ենթակառուցվածքի տեխնոկրատական արդիականացում, կդառնա դաշինքի օրակարգի քաղաքականապես ամենավիճահարույց կետերից մեկը։

Հանձնաժողովը եւ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) թվային եվրոն բնութագրել են որպես ֆիատ արժույթը թվային դարաշրջանին հարմարեցնելու փորձ։ Թեեւ այս ձեւակերպումը թերի էր, այնուամենայնիվ, այն թույլ տվեց, որպեսզի նախագիծն անցնի տեխնիկական նախապատրաստման փուլը։ Սակայն այն չի կարող նախագիծը շատ ավելի առաջ տանել։


Թվային եվրոն պարզապես տեխնիկական արդիականացում չէ։ Այն քաղաքական նախագիծ է եվրոպական ինստիտուտների կառուցման երկարատեւ ավանդույթի շրջանակում, եւ դրա հաջողությունը կամ ձախողումը, վերջին հաշվով, կախված կլինի ոչ այնքան տեխնիկական լուծումներից, որքան եվրոպացի առաջնորդների՝ այն պաշտպանելու պատրաստակամությունից։

Հավանաբար, նախագիծը դիմադրության կարժանանա մի քանի ուղղություններից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բացահայտ թշնամական դիրքորոշում է որդեգրել կենտրոնական բանկերի թվային արժույթների նկատմամբ՝ միեւնույն ժամանակ խթանելով դոլարային սթեյբլքոյնները։ Ռուսաստանը գրեթե անկասկած թվային եվրոն կդիտարկի որպես Եվրոպայի դեմ իր հիբրիդային պատերազմի եւս մեկ ճակատ։ Իսկ Եվրամիության ներսում եվրասկեպտիկները կօգտագործեն նախագիծը որպես ապացույց, որ տեխնոկրատները չարաշահում են իրենց լիազորությունները, եւ այն կդարձնեն դավադրության տեսությունների մագնիս։

Եվրոպացի քաղաքականության մշակողները տարիներ շարունակ աշխատել են թվային եվրոյի տեխնիկական հիմքերը նախապատրաստելու ուղղությամբ: Այժմ նրանք պետք է նույն լրջությամբ մոտենան դրա ապագայի շուրջ քաղաքական պայքարին։

Մոտ ութ տասնամյակ Եվրոպան ձգտել է իրականացնել այն, ինչը հանգուցյալ բրիտանացի պատմաբան Թոնի Ջադթը նկարագրել էր որպես անհատական թուլությունները փոխհատուցող հավաքական կարողության ձեւավորում: Եվրոպական ածխի եւ պողպատի համայնքը, ընդհանուր շուկան, միասնական արժույթը, Շենգենյան համաձայնագիրը եւ ԵՄ ընդլայնումը․ դրանցից յուրաքանչյուրը քաղաքական կամքի դրսեւորում էր, որն օգնեց Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետը վերածել համատեղ ինստիտուտների մնայուն համակարգի: Միասին վերցրած՝ այս նախաձեռնությունները հանդիսանում են ժամանակակից պատմության ամենահաջողված քաղաքական փորձերից մեկը։

Սակայն Եվրոպայի տասնամյակներ շարունակվող ինտեգրման նախագիծը գտնվում  է հսկայական ճնշման տակ: Մինչ Ռուսաստանը շարունակում է պատերազմ վարել Եվրոպայի լիբերալ ժողովրդավարությունների դեմ, ամերիկյան անվտանգության երաշխիքներն այլեւս չեն կարող ընկալվել որպես ինքնըստինքյան տրված իրողություն: Միեւնույն ժամանակ, Չինաստանը այնպես է վերաձեւավորում համաշխարհային առեւտուրը, որ դա գոյաբանական սպառնալիք է ստեղծում Եվրոպայի արդյունաբերական բազայի համար։

Ինչպես պնդում էր գերմանացի պատմաբան Կիրան Կլաուս Պատելը, ԵՄ-ի ինքնընկալումը հաճախ առաջ է անցել իր իրական նվաճումներից։ Գործնականում ինտեգրումն անհամաչափ է եղել, ինչի հետեւանքով խորացել են դժգոհությունները, որոնք մայրցամաքի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները շահարկել են իշխանության հասնելու եւ եվրոպական նախագիծը խաթարելու համար։

Շատ եվրոպացիներ «Եվրոպան» ընկալում են ոչ թե որպես քաղաքական համայնք, այլ որպես հեռավոր աբստրակցիա՝ կանոնակարգերի, սահմանափակումների եւ հապավումների աղբյուր, որոնք հազվադեպ են բարելավում մարդկանց առօրյա կյանքը: Եվրոպական ինտեգրման բերած ազատություններն իրական են, սակայն մարդիկ հաճախ չեն գնահատում դրանք: Ի տարբերություն դրանց՝ ծախսերը կոնկրետ են եւ հեշտությամբ դժգոհություն են առաջացնում: Էլիտայի համաձայնության եւ պայմանագրային իրավունքի վրա հիմնված ցանկացած քաղաքական նախագիծ ինքնին փխրուն կլիներ։

Յուրգեն Հաբերմասը

Այս փխրունության հիմքում ընկած է այն, ինչը հանգուցյալ գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը նկարագրել էր որպես «տեխնոկրատիայի գայթակղություն»՝ եվրոպական ինտեգրումն առաջ մղելու այնպիսի մեխանիզմների միջոցով, որոնք շրջանցում են այն ժողովրդավարական հանրություններին, որոնց անունից այդ գործընթացն իրականացվում է։

Ֆրանկֆուրտի եւ Բրյուսելի փորձագետների կողմից մշակված թվային եվրոն վտանգում է ընկնել նույն ծուղակը, քանի որ տեխնիկապես հիմնավոր, բայց վատ հասկանալի որոշումները հեշտությամբ դառնում են քաղաքական հարձակումների թիրախ: Բունդեսբանկի վերջերս անցկացրած հարցումը նույնպես ընդգծում է այս խնդիրը․ պարզվել է, որ գերմանացիների միայն 42%-ն էր լսել թվային եվրոյի մասին, եւ նրանցից միայն մեկ քառորդն էր կարողացել ճշգրիտ բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում։

Սակայն Հաբերմասը մատնանշեց խնդրի լուծումը՝ ընդհանուր եվրոպական ինքնություն, որը հիմնված է ընդհանուր ինստիտուտներում լայն մասնակցության վրա: Թվային եվրոն կարող է ստեղծել հենց այդպիսի համատեղ փորձառություն: Եվրոպական ինտեգրման ձեւերի մեծ մասը՝ կարգավորող ներդաշնակեցումից մինչեւ հարկաբյուջետային կանոններ, սովորական քաղաքացիների համար մնում է անտեսանելի: Իսկ թվային արժույթը հարյուր միլիոնավոր եվրոպացիներին, որոնցից մեծ մասը քիչ բան գիտի ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին, հնարավորություն կտա ամեն օր օգտվել նույն վճարային համակարգից՝ օգտագործելով նույն ինտերֆեյսը՝ անկախ նրանից, թե եվրոգոտու որ հատվածում են գտնվում։ 

Պարզվել է, որ ամերիկյան ընկերությունները զարմանալի հեշտությամբ կարողացել են գերիշխող դիրք զբաղեցնել ԵՄ միասնական շուկայում։ Եվրոգոտում վարկային քարտերով կատարվող գործարքների մոտ երկու երրորդը կախված է Visa եւ Mastercard համակարգերից, իսկ ԵՄ 21 անդամներից 13-ը չունեն դրանց ազգային այլընտրանքը։ Յուրաքանչյուր գործարքից գանձվող վճարները փաստացի մասնավոր հարկ են եվրոպական առեւտրի համար։ Պաշտպանության, կիսահաղորդիչների եւ ամպային ենթակառուցվածքների ոլորտներում ռազմավարական ինքնավարության հասնելու ԵՄ-ի ներկայիս ձգտումը մեծ արժեք չի ունենա, եթե այն չտարածվի եվրոպական տնտեսության հիմքում ընկած վճարային համակարգերի վրա։


Մի սերնդի համար, որն ինտեգրումը հիմնականում զգացել է որպես սահմանափակումների ամբողջություն, թվային եվրոն կարող է դառնալ տեսանելի եվրոպական ինստիտուտ, որը կհեշտացնի մարդկանց կյանքը։ Եվրոպական օրակարգում շատ քիչ նախաձեռնություններ կարող են այդքան արդյունավետորեն ցուցադրել ինտեգրման եւ միջսահմանային համագործակցության շոշափելի օգուտները։

Առաջիկա տարիները կամ կվերահաստատեն եվրոպական նախագիծը՝ հարմարեցված արմատապես վերափոխված աշխարհի պայմաններին, կամ կնշանավորեն ավելի խորքային մասնատման սկիզբը։ Դա կարող է մեծապես կախված լինել նրանից, թե ինչպես կզարգանա թվային եվրոյի շուրջ բանավեճը։ Միասնական Եվրամիությունը կշարունակի մնալ մայրցամաքային տերություն, որը բացառիկ կերպով նվիրված է լիբերալ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ կայուն ապագային, մինչդեռ մասնատված Եվրոպան շատ ավելի խոցելի կլինի արտաքին հարկադրանքի նկատմամբ։

ԵԿԲ-ն չի կարող քաղաքականորեն հիմնավորել թվային եվրոյի անհրաժեշտությունը։ Դա պետք է անեն Եվրոպական հանձնաժողովը, ազգային կառավարությունները եւ Եվրախորհրդարանը: Եվ նրանք պետք է ազնիվ լինեն այն հարցում, թե իրականում ինչ են պաշտպանում։ Թվային եվրոն պարզապես եվրոգոտու վճարային համակարգը արդիականացնելու փորձ չէ. դա եվրոպական ինստիտուտ է, որն ընդամենը ստացել է վճարային համակարգի տեսք։

Քաղաքականություն մշակողները պետք է այդ հիմնավորումը ներկայացնեն հստակ եւ համոզիչ կերպով: Թվային եվրոն չպետք է դառնա հերթական տեխնոկրատական նախագիծը, որը պարտադրվում է վերեւից եւ լայնորեն անվստահության է արժանանում: Այն պետք է լինի Եվրոպայի ամենաբարձր ձգտումների կենդանի մարմնավորումը:

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ է ընտրվել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանը:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 1064

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW