Ապադոլարիզացիայի հնարավոր հետեւանքները

16.05.2026 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կաուշիկ Բասուն Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետն է եւ Հնդկաստանի կառավարության նախկին գլխավոր տնտեսական խորհրդականը։ Նա Քորնելի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է եւ Բրուքինգսի ինստիտուտի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող։

Կաուշիկ Բասու 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ պատերազմի տնտեսական հետեւանքները ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ Դրա հետ մեկտեղ աստիճանաբար սպառվում է աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչների համբերությունը։ Դա հատկապես ակնհայտ դարձավ վերջերս Վաշինգտոնում կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ, որտեղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը ասաց, որ «հիմարություն» կլինի միանալ մի պատերազմի, որը  «մերը» չէ։

Սակայն ֆինանսական բեռի մեծ մասը կրելու են հենց Միացյալ Նահանգները։ Անմիջական հետեւանքները արդեն տեսանելի են՝ գազի գների կտրուկ աճ, գնաճի բարձրացում երկամյա առավելագույն մակարդակի, ինչպես նաեւ աճող մտահոգություններ՝ կապված հնարավոր գործազրկության աճի հետ. սպառողները կրճատում են ծախսերը՝ բարձր գների ազդեցությունը մեղմելու համար։ Չնայած այս կարճաժամկետ ցնցումները լուրջ են, հիմնական ռիսկը, որին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, այն է, որ դոլարը կարող է կորցնել իր կարգավիճակը՝ որպես աշխարհի հիմնական առեւտրային եւ պահուստային արժույթ։


Պահուստային արժույթի անկումը դանդաղ գործընթաց է: Բրիտանական ֆունտն իր գերիշխանությունը զիջեց ԱՄՆ դոլարին մոտ երկու տասնամյակի ընթացքում՝ սկսած 1920-ականնրից: Ինչպես նշել է Բարի Այխենգրինը, հռոմեական դենարը՝ հավանաբար աշխարհի առաջին միջազգային արժույթը, նույնպես երկար ժամանակահատվածում անկում ապրեց՝ սկսած այն ժամանակվանից, երբ Ներոն կայսրը արժեզրկեց այն մ.թ. առաջին դարում:

Ցանկացած միջազգային արժույթ, վերջին հաշվով, կախված է վստահությունից: Ես դրա ականատեսը դարձա վարչապետ Մանմոհան Սինգհի օրոք Հնդկաստանի կառավարության գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում աշխատելու տարիներին: 2011 թվականի օգոստոսի 5-ին աշխարհի խոշորագույն վարկանիշային գործակալություններից մեկը՝ Standard & Poor’s-ը, իջեցրեց ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը AAA-ից մինչեւ AA+, ինչը վախեր առաջացրեց կապիտալի արագ արտահոսքի վերաբերյալ: Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը. փողը հոսեց դեպի ԱՄՆ տնտեսություն: Համաշխարհային անկայունության պայմաններում ներդրողները վստահ էին, որ ԱՄՆ-ը կկատարի իր պարտավորությունները՝ անկախ հետեւանքներից:

Այդ վստահությունը, որը մեղմ ուժի անկյունաքարն է, արագորեն քայքայվում է: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախկին ղեկավար Սամանթա Փաուերը Քորնելի համալսարանում վերջերս կարդացած դասախոսության ընթացքում քննադատեց Թրամփի վարչակազմի՝ գործակալությունը լուծարելու որոշումը: Նրա խոսքով՝ գործակալության փակման կտրուկ եւ «անգութ» ձեւը առանց որեւէ նախազգուշացման դադարեցրեց մարդասիրական օգնությունը՝ հանգեցնելով մեծ տառապանքների աշխարհի այն բնակչությունների շրջանում, որոնք կախված էին դրա շարունակականությունից:

USAID-ի փակումը, Իրանում եւ Վենեսուելայում Դոնալդ Թրամփի ռազմական արկածախնդրությունները, ինչպես նաեւ Կանադայի ու Դանիայի նման վաղեմի դաշնակիցների նկատմամբ շարունակական հարձակումները, ստվեր է գցել Ամերիկայի համաշխարհային դիրքի եւ վստահելիության վրա: Սա, իր հերթին, վտանգում է դոլարի գերիշխող կարգավիճակը:


Հնարավոր հետեւանքները հասկանալու համար դիտարկենք սենյորաժը (եկամուտը փողի էմիսիայից). քանի որ դոլարը համաշխարհային վստահություն վայելող արժույթ է, Դաշնային պահուստային համակարգը կարող է տպել 10 դոլարանոց թղթադրամ յոթ ցենտից պակաս գնով, եւ այն կընդունվի ողջ աշխարհում իր անվանական արժեքով։ Ինչպես երեւում է Հռոմից մինչեւ Մեծ Բրիտանիա կայսրությունների օրինակներից, աշխարհի առաջատար արժույթի թողարկումը երկրին թույլ է տալիս գրեթե ոչնչից արժեք ստեղծել։ Այդ հնարավորության կորուստը կդանդաղեցնի տնտեսական աճը։

Եթե ԱՄՆ քաղաքականությունը անփոփոխ մնա, այս տարին կարող է պատմության մեջ մտնել որպես այն պահը, երբ ԱՄՆ դոլարը սկսեց կորցնել իր կարգավիճակը որպես համաշխարհային արժույթ։

Այստեղ հարց է առաջացնում՝ ո՞ր արժույթը կփոխարինի դոլարին։ Ռենմինբին՝ Չինաստանի պաշտոնական արժույթը, կարծես, ամենաուժեղ թեկնածուն է։ Տասը տարի առաջ չինական արժույթը հեղինակություն ձեռք բերեց, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը այն ներառեց Հատուկ փոխառության իրավունքների (Հիմնադրամի պահուստային ակտիվ) հիմքում ընկած համաշխարհային արժույթների զամբյուղում, բայց այն դեռեւս լայնորեն դիտարկվում էր որպես արժույթ, որը չի կարող մրցակցել դոլարի հետ։ Այսօր ռենմինբիի գերիշխանության հեռանկարը այլեւս անհավանական չի թվում։

Այնուամենայնիվ, դեռեւս երաշխավորված չէ, որ Չինաստանին կհաջողվի ստանձնել այդ համաշխարհային դերը։ Ինչպես 2016 թվականին իր «Կորպորատիվ Չինաստան 2.0» գրքում նշել է տնտեսագետ Ցյաո Լյուն, երկիրը համատեղում է «ավտորիտար քաղաքական ռեժիմը» ավելի ճկուն ինստիտուցիոնալ կարգավորումների հետ, որոնցում «հարաբերությունները դեռ կարեւոր են»։ Այս հիբրիդային մոդելը չի կարող հեշտությամբ ապահովել այն համաշխարհային վստահությունը, որն անհրաժեշտ է պահուստային արժույթին։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, կարծես, հասկանում է այս դինամիկան։ Իր 2024 թվականի ելույթում Սին ընդգծեց ռենմինբիի միջազգայնացման անհրաժեշտությունը՝ Չինաստանի մեղմ ուժը ամրապնդելու համար՝ կոչ անելով ստեղծել «հզոր արժույթ, որը կարող է լայնորեն օգտագործվել միջազգային առեւտրում, ներդրումներում, ինչպես նաեւ արտարժույթի շուկաներում եւ հասնել պահուստային արժույթի կարգավիճակի»։ Սակայն ռենմինբիի համար պահուստային արժույթի կարգավիճակին հանելու հիմնական խոչընդոտը՝ կապիտալի վերահսկողության պահպանումը, մնում է անփոփոխ։


Թրամփի քաղաքականության ամենասուր քննադատությունը վերջերս հնչեց շատ անսպասելի աղբյուրից՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ից։ Ապրիլի 28-ին Կոնգրեսին ուղղված նրա ելույթը, որն ուղեկցվում էր բրիտանացիներին բնորոշ հումորով եւ զսպվածությամբ, հստակ ուղերձ էր այն մասին, որ ԱՄՆ-ը գնում է սխալ ճանապարհով, ինչը կարող է խաթարել նրա դիրքերը համաշխարհային ասպարեզում։

Այնուամենայնիվ, կային նաեւ լավատեսության հիմքեր։ Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների բուռն ծափահարությունները, որոնք բազմիցս հնչում էին Չարլզի ելույթին ընթացքում, ենթադրում էին, որ նրանք արդեն իսկ գիտակցում են Ամերիկայի դժվարին վիճակը։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
 
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


2026 թվականի I եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։


Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 3748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW