Կամիլա Վիլարդ Դյուրանը ֆրանսիական ESSCA School of Management բիզնես դպրոցի իրավագիտության դոցենտ է:Կամիլա Վիլարդ Զարգացող շուկայական տնտեսություններում վճարային ենթակառուցվածքների զարգացումը (մանրածախ շուկաներում ակնթարթային վճարային համակարգերից մինչեւ միջսահմանային միջբանկային հաշվարկների համար նախատեսված մեծածախ ԿԲ թվային արժույթներ-CBDC) ավելի լայն տեխնոլոգիական վերափոխման գործընթացի մաս է կազմում: Սակայն Միացյալ Նահանգների կողմից այս նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը ենթադրում է, որ վտանգված է ոչ միայն տեխնիկական գերակայությունը, այլեւ հենց դրամավարկային հզորությունը:Վճարումների կատարման եղանակների փոփոխությունները ենթադրում են փողի շրջանառության համար կարեւորագույն ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության տեղաշարժ, ինչը կարող է ազդել դրամավարկային ինքնիշխանության իրականացման վրա: Մինչ դրամավարկային ինքնիշխանությունը ավանդաբար ընկալվում էր որպես արժույթ թողարկելու իրավասություն, ժամանակի ընթացքում այն ընդլայնվեց՝ ընդգրկելով բանկային համակարգերի եւ ֆինանսական հոսքերի վերահսկողությունը: Սակայն ավելի թվայնացված աշխարհում ինքնիշխանությունն այժմ կախված է վճարումներն ու հաշվարկներն ապահովող մեխանիզմներից, ինչպես նաեւ ֆինանսական գործարքներից ստացված տվյալներից: Այս տեղաշարժը հատկապես տեսանելի է զարգացող շուկայական տնտեսություններում, որտեղ ֆորմալ ինքնիշխանությունը երկար ժամանակ համատեղվել է կառուցվածքային կախվածության հետ։ Տարիներ շարունակ դոլարի գերիշխանությունը հիմնված է եղել ոչ միայն դրա՝ որպես համաշխարհային արժույթի կարգավիճակի վրա, այլ նաեւ մասնավոր կառավարվող ենթակառուցվածքների լայն ցանցի՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպության (SWIFT), Նյու Յորքի Միջբանկային քլիրինգային պալատի էլեկտրոնային համակարգի (CHIPS) եւ Անընդհատ կապակցված հաշվարկների (CLS) համակարգերի վրա, որոնք որոշում են, թե ինչպես են իրականացվում միջսահմանային վճարումներն ու ֆինանսական հաշվարկները։ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող այս համակարգերը չեզոք չեն։ Դրանք աշխարհաքաղաքական ուժ են հաղորդում համաշխարհային ֆինանսական համակարգի առօրյա գործունեությանը, ինչը թույլ է տալիս կախվածությունը վերածել «ազդեցության գործիքի»՝ կիրառելով պատժամիջոցներ, սահմանափակելով հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգերին եւ վերահսկելով ֆինանսական հոսքերը։Բրազիլական Pix-ը դրա վառ օրինակն է: Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողմից ստեղծված եւ կառավարվող Pix ակնթարթային վճարումների հարթակը արագ դարձավ երկրի ֆինանսական ճարտարապետության կենտրոնական մասը՝ գործարքների ծավալով գերազանցելով վճարային քարտերը: Այն մարմնավորում է այնպիսի կառավարման մոդել, որի դեպքում պետությունը կառավարում է ինչպես վճարման կանոնները, այնպես էլ գործարքների արդյունքում ստացված տվյալները, որոնք գնալով տնտեսական եւ ռազմավարական հզորության ավելի ու ավելի կարեւոր աղբյուր են դառնում:Սա ակնհայտ վախեր է առաջացրել ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգների Առեւտրի ներկայացուցչի գրասենյակը (USTR) հետաքննություն է սկսել Բրազիլիայի նկատմամբ եւ Pix-ը ներառել է իր 2026 թվականի Արտաքին առեւտրային խոչընդոտների ազգային գնահատման զեկույցում (National Trade Estimate Report on Foreign Trade Barriers)՝ այն դասելով «ոչ շուկայական քաղաքականություն եւ գործելակերպ» ավելի լայն կատեգորիայի ներքո, որը կարող է «տնտեսական եւ ազգային անվտանգության ռիսկեր» առաջացնել ԱՄՆ-ի համար: Զեկույցում պետության կողմից ղեկավարվող վճարային ենթակառուցվածքները, տվյալների տեղայնացման միջոցառումները եւ թվային կարգավորումները ներկայացվում են որպես մրցակցությունը խաթարող հնարավոր գործոններ, որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում օտարերկրյա ընկերությունների՝ հատկապես ԱՄՆ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար։Սակայն Բրազիլիան միակ դեպքը չէ: ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի զեկույցը նույն մտահոգություններն է հայտնում Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Թուրքիայում, Վիետնամում, Պակիստանում, Ալժիրում, Օմանում, Քուվեյթում, Կատարում եւ Թաիլանդում ներքին վճարային համակարգեր զարգացնելու եւ թվային ու ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ կարգավորիչ վերահսկողությունը ուժեղացնելու ջանքերի վերաբերյալ, այդ թվում՝ տվյալների տեղայնացման պահանջների միջոցով: Լուսանկարը՝ REUTERS Այս միտումը արտացոլում է ավելի լայն, գլոբալ տեղաշարժ, երբ պետությունը կառուցում է ֆինանսական ենթակառուցվածքներ թվային տնտեսության համար: Այսպիսով, ներքին վճարային համակարգերը, ներառյալ Pix-ը եւ Հնդկաստանի UPI-ը, պետք է դիտարկել որպես զարգացող շուկայական տնտեսություններում ավելի լայն շարժման մաս, որի նպատակն է վերականգնել վերահսկողությունը փողի եւ ֆինանսական տվյալների տեղաշարժի մեխանիզմների նկատմամբ:Նման կառուցվածքային տեղաշարժը հատկապես կարեւոր է դառնում միջսահմանային մակարդակում՝ հնարավոր դարձնելով ներքին ակնթարթային վճարային համակարգերի միացումը (օրինակ՝ Միջազգային հաշվարկների բանկի (Bank for International Settlements) Nexus նախագծի միջոցով), եւ, ամենակարեւորը, CBDC-ների օգտագործումը մեծածախ գործարքների համար:Այնպիսի նախագծեր, ինչպիսին mBridge-ն է, որը միավորում է Չինաստանը, Հոնկոնգը, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան՝ Միջազգային հաշվարկների բանկի նախնական աջակցությամբ, ինչպես նաեւ BRICS+ երկրներում ձեւավորվող նախաձեռնությունները, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է CBDC-ների միջոցով վերաձեւավորել միջազգային վճարային ենթակառուցվածքները։ Հաղորդագրությունների, քլիրինգի եւ հաշվարկների ինտեգրման միջոցով պետական կառավարման միասնական հարթակը կարող է նվազեցնել կախվածությունը ավանդական միջնորդներից եւ հնարավորություն տալ անմիջական հաշվարկներ կատարել տեղական արժույթներով։Ավելի կարեւոր է այն, որ այս մոտեցումը պետական վերահսկողությունն ինտեգրում է վճարումների եւ հաշվարկների տեխնոլոգիական ճարտարապետության մեջ, որն արտահայտվում է կոդով, արձանագրություններով եւ կառավարման կանոններով: Այս համատեքստում դրամավարկային ինքնիշխանությունը դառնում է ենթակառուցվածքային. այն իրականացվում է միջսահմանային ֆինանսական հոսքերը սատարող համակարգերի նախագծման եւ վերահսկողության միջոցով: Լուսանկարը՝ REUTERS Զարգացող շուկայական տնտեսությունների համար սա ռազմավարական հնարավորություն է։ Նվազեցնելով դոլարային ենթակառուցվածքներից կախվածությունը եւ հնարավոր դարձնելով վճարումները տեղական արժույթներով՝ բազմաթիվ CBDC-ներ ընդգրկող հարթակներն ու ներքին ակնթարթային վճարային համակարգերը միացնող ստանդարտացված արձանագրությունը, բայց հնարավորություն են տալիս, թեեւ սահմանափակ չափով, ընդլայնելու դրամավարկային ինքնիշխանության արտաքին դաշտը։Հարկ է նշել, որ այս զարգացումները չեն ազդարարում դոլարի գերիշխանության ավարտը: Այսօր ԱՄՆ-ի գլխավորած համակարգի կառուցվածքային հիմքերը ամուր են՝ սկսած ակտիվ եւ իրացվելի ներքին ֆինանսական շուկաներից մինչեւ հզոր ցանցային ազդեցություններ եւ դոլարով արտահայտված ակտիվների համաշխարհային պահանջարկ։ Դոլարով ապահովված ստեյբլքոյնների արագ ընդլայնումը կարող է նույնիսկ ամրապնդել այս գերիշխանությունը թվային ոլորտում։Սակայն ի հայտ է գալիս ավելի մասնատված եւ հակասական միջավայր: Նոր նախաձեռնությունները փոքր, բայց նշանակալի փոփոխություններ են մտցնում գործող համակարգում՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ, վերաբաշխելով իշխանությունը (թեեւ սահմանափակ չափով) եւ, ամենակարեւորը, ցույց տալով, որ դրամավարկային մրցակցության հիմնական դաշտը ենթակառուցվածքներն են, ոչ թե արժույթը։Այս զարգացումն ունի երկու կարեւոր հետեւանք։ Նախ՝ միջազգային դրամավարկային համակարգում ապագա հակամարտությունները ամենայն հավանականությամբ կկենտրոնանան ստանդարտների, հարթակների եւ տվյալների կառավարման, ոչ թե փոխարժեքների կամ պահուստային արժույթների վրա։ Երկրորդ՝ զարգացող շուկայական տնտեսությունները այլեւս պարզապես համաշխարհային ֆինանսական ստանդարտների պասիվ հասցեատեր չեն. դրանք դառնում են ինստիտուցիոնալ եւ տեխնոլոգիական նորարարությունների շարժիչ ուժ։Այս համատեքստում հիմնական հարցն այլեւս այն չէ, թե ով է թողարկում փողը, այլ ով է նախագծում եւ կառավարում այն ենթակառուցվածքը, որով շարժվում է այդ փողը։ Պատասխանը միայն տեխնոլոգիական արդյունավետությամբ չի որոշվի։ Այն կձեւավորվի օրենքով, ինստիտուցիոնալ ընտրություններով եւ աշխարհաքաղաքական ռազմավարությամբ եւ, ի վերջո, կորոշի դրամավարկային իշխանության ապագա բաշխումը։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 4474