Սխալ ենթադրություններն ու 21-րդ դարի նոր տնտեսագիտությունը

06.05.2026 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մարիանա Մացուկատոն Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պրոֆեսոր է եւ UCL-ի նորարարության եւ հանրային նշանակության ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, Լարա Մերլինգը՝ UCL-ի նորարարության եւ հանրային նշանակության ինստիտուտում արդյունաբերական ռազմավարության գիտաշխատող։

Մարիանա Մացուկատո, Լարա Մերլինգ

Այս տարվա Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների նախաշեմին ընդհանուր տեղեկատվական աղմուկից առանձնանում էր մեկ առանցքային միտք. տասնամյակներ շարունակ հակառակ դիրքորոշում արտահայտելուց հետո Համաշխարհային բանկը (ՀԲ), փաստորեն, ընդունել է արդյունաբերական քաղաքականության կարեւորությունը։ Սակայն, մինչ քննարկումների մեծ մասը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե արդյո՞ք այս շրջադարձը դրական է, թե բացասական, ուշացած, թե ռիսկային, համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվել հիմնարար հարցին. ի վերջո, ի՞նչն է իրականում փոխվել։

Բանկը պարզապես հաստատել է այն, ինչ մեզանից շատերը վաղուց են պնդում. այն շրջանակը, որը նա առաջ է մղել 1993 թվականից ի վեր՝ իր «Արեւելյան Ասիայի հրաշք» (“East Asian Miracle”) զեկույցով, որը զգուշացնում էր արդյունաբերական քաղաքականության գործիքների հարցում զգոն լինելու մասին, զարգացող երկրներին  արդյունավետ չի ծառայել։ Նման խորհրդատվությունը, ինչպես վերջերս նկատել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ինդերմիթ Գիլը, «այսօր ունի ճկուն սկավառակի գործնական արժեք»։ Այնուամենայնիվ, զեկույցը պաշտպանելիս նա նաեւ հստակ ցույց տվեց, թե որքան սահմանափակ է մնում այս մոտեցման փոփոխությունը։ Նրա խոսքով՝ արդյունաբերական քաղաքականությունը պետք է լինի «նպատակային եւ ժամանակավոր»՝ դիտարկվելով որպես շուկայական մոդելից շեղվող բացառություն, այլ ոչ թե որպես գործիք՝ ավելի լայնածավալ տնտեսական վերափոխումներ իրականացնելու համար։

Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունները հաստատում են, որ արդյունաբերական քաղաքականությունը ավելի մեծ չափով ենթակա է կրկնօրինակման տարբեր եկամտային մակարդակներ եւ ինստիտուցիոնալ պայմաններ ունեցող երկրներում, քան ենթադրվում էր նախորդ կոնսենսուսի շրջանակներում, ընդ որում դրա իրականացման գործիքակազմը դուրս է գալիս սակագների եւ սուբսիդիաների սահմաններից։ Ինչպես այժմ պնդում է ՀԲ-ն, մասնավոր սուբյեկտներին պետական աջակցությունը պետք է ուղեկցվի խթանների եւ պատժամիջոցների համակարգով, ներառյալ՝ ցածր արդյունքներ ցուցադրող ընկերություններին ֆինանսավորումից զրկելը։ 


Այս նոր եզրակացությունները ինքնին դեռեւս նոր տնտեսագիտական մոդել չեն ձեւավորում։ ՀԲ-ն շարունակում է պետությանը դիտարկել որպես շուկայական ձախողումների շտկող, այլ ոչ՝ շուկաներ ստեղծող եւ ձեւավորող։ Խնդիրը այն չէ, թե արդյոք կառավարությունները պետք է միջամտեն շուկայի ձախողումներից հետո, այլ՝ թե ի սկզբանե ինչպիսի տնտեսություն ենք ուզում կառուցել։ Որո՞նք պետք է լինեն այն հանրային նպատակները, որոնք ուղղորդում են ներդրումային հոսքերը, եւ ինչպե՞ս կարող են ինստիտուտները կառավարել պետական-մասնավոր փոխգործակցությունը այնպես, որ արժեքը ստեղծվի համատեղ եւ բաշխվի արդարացիորեն։

Այս տեսանկյունից Համաշխարհային բանկը դեռեւս չի կատարում իր առաջադրած խնդիրը, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում մանեւրելու հնարավորությունները դիտարկում է որպես օպտիմալացման ենթակա ֆիքսված սահմանափակում, այլ ոչ թե որպես զարգացող ինստիտուցիոնալ հնարավորությունների ամբողջություն։ Արդյունքում բանկը շարունակելու է արդյունաբերական քաղաքականությունը կառուցել բացառապես կոնկրետ ոլորտների եւ համեմատական առավելությունների նկատառումներով։

Այնուամենայնիվ, էներգետիկ անցումը, պարենային եւ ջրային անվտանգության ապահովումը, առողջապահությունը եւ տնտեսական դիմակայունությունը սեկտորային հարցեր չեն։ Դրանք լուծումներ են պահանջում ամբողջ տնտեսության մակարդակով։

Սա հատկապես կարեւոր է այսօր, երբ Համաշխարհային բանկն ինքն է սկսել կիրառել «առաքելության» լեզուն։ «Առաքելություն 300»-ը (“Mission 300”), որը կենտրոնացած է Աֆրիկայում էլեկտրաէներգիայի հասանելիության վրա, եւ «Water Forward» ծրագիրը, որը մեկնարկեց գարնանային հանդիպումների ընթացքում՝ ջրային անվտանգությանը վերաբերող խնդիրները հասցեագրելու նպատակով, իսկապես ուղղված են համակարգային, միջոլորտային մարտահրավերների լուծմանը։ Սակայն 30 աֆրիկյան ազգային էներգետիկ համաձայնագրերի մեր գնահատումը ցույց է տալիս բացը. հավակնությունը համակարգային է, բայց կառուցվածքը շարունակում է մնալ ոլորտային։


Համաշխարհային բանկը, սակայն, մեկուսացված դեպք չէ։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները եւս փաստագրել են, որ խնայողության քաղաքականությունն ու ազատականացումը արդյունք չեն ապահովում:  Այնուամենայնիվ, այդ եզրահանգումները դեռեւս համակարգված կերպով չեն վերածվել նոր գործառնական պրակտիկայի։ 

Դա պետք է փոխվի։ ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը գտնվում են միջազգային տնտեսական կարգի կենտրոնում, որի ստանդարտ խորհրդատվությունը դեռեւս արտացոլում է մի տնտեսագիտական մոտեցում, որը բավարար չափով չի հիմնավորվում իրական աշխարհի ապացույցներով։ Նրանց մոդելավորումները, չափումները եւ խորհուրդները ձեւավորում զարգացման եւ մակրոտնտեսական քաղաքականությունները ամբողջ աշխարհում։ Դրանք, ըստ էության, որոշում են՝ ով ունի հասանելիություն իրացվելիությանը, ինչ պայմաններով է այդ հասանելիությունը տրամադրվում, ում պարտքն է գնահատվում կայուն, ում պետական ներդրումներն են համարվում արժանահավատ, եւ ում քաղաքականության ինքնավարությունն է սահմանափակվում։

Այս հաստատությունները ֆինանսավորող եւ վերահսկող հարուստ երկրները նույնպես չեն խուսափում նույն տնտեսագիտական մտածողության հետեւանքներից։ Տասնամյակներ շարունակ նույն սխալ ենթադրություններն են ձեւավորել քաղաքականությունը ինչպես Եվրոպաում, այնպես էլ Միացյալ Նահանգներում՝ հանգեցնելով պետական ներդրումների սահմանափակման, հանրային ծառայությունների թուլացման, աշխատավարձերի ընկալմանը որպես զուտ ծախս, այլ ոչ թե՝ համախառն պահանջարկի խթանիչ, եւ տնային տնտեսություններում այնպիսի ցնցումների, որոնք շուկաները չեն կարողացել արդյունավետ կառավարել։

Արդյունքում առաջացած մատչելիության ճգնաժամն արդեն վերածվել է քաղաքական ճգնաժամի։ Այն տնտեսագիտությունը, որը սահմանափակում էր զարգացման քաղաքականությունը արտերկրում՝ սպառելով հանրային կարողությունները եւ նեղացնելով կառավարությունների գործիքակազմը, նպաստել է ծայրահեղ աջ քաղաքական ուժերի վերելքին ներսում։


Եվրոպայի արձագանքը 2022 թվականի էներգետիկ ցնցմանը ցույց է տալիս, թե ինչն է վտանգված։ 2022-ից 2025 թվականների ընթացքում ԵՄ անդամ երկրները եւ Միացյալ Թագավորությունը կրել են մոտ 1.8 տրիլիոն դոլարի լրացուցիչ ծախսեր, որոնց մեծ մասը կլանվել է տնային տնտեսությունների եւ պետական բյուջեների կողմից, մինչդեռ բարձր գներ սահմանող ընկերությունների բաժնետերերը շահել են իրավիճակից։ Իսպանիան ներկայացնում է այլընտրանքային մոտեցում։ Էներգետիկ անվտանգությունը դիտարկելով որպես առաքելություն՝ այլ ոչ թե սուբսիդիաների կատեգորիա, երկիրը կարողացել է արագ ընդլայնել վերականգնվող աղբյուրները եւ այժմ իր էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրում է դրանց միջոցով, ինչը նրան դարձնում է ավելի դիմակայուն վերջին էներգետիկ ցնցումներին։

Նման դիմադրողականությունը որպես կանոն, այլ ոչ թե բացառություն դարձնելու համար անհրաժեշտ է տնտեսական շրջանակ, որը կառավարությունները կարող են հետեւողականորեն կիրառել։ Այս համատեքստում «Գլոբալ առաջադեմ մոբիլիզացիան», որը նախաձեռնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, միավորել է տարբեր երկրների առաջադեմ կառավարություններին՝ նոր տնտեսական կոնսենսուսի ձեւավորման մեկնարկի համար։

Դրա հիմքերը հստակ են։ Անհրաժեշտ են պետական հաստատություններ, որոնք կարող են ներդրումներ կատարել, համակարգել եւ ուղղորդել շուկաները՝ հանրային շահի տրամաբանությամբ։ Մեզ անհրաժեշտ է ֆինանսավորում՝ կառուցված առաքելությունների, այլ ոչ թե լծակների եւ քաղաքական շրջանակների շուրջ, որոնք հարկաբյուջետային տարածքը դիտարկում են ոչ թե որպես շուկայի կողմից որոշվող վերին սահման, այլ որպես արտադրողական ներդրումների միջոցով ձեւավորվող հնարավորություն։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ են արժեքային չափանիշներ, որոնք կենտրոնացած են ընդհանուր բարօրության վրա։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
 
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին տրամադրում է հետվճար:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 4485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW