Su Misura. Անհատական կարի արվեստը՝ HENDERSON նորաձեւության տանը

03.12.2025 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հարյուրամյակներով հագուստը եղել է ոչ թե պարզապես առաջնային անհրաժեշտություն, այլ՝ ինքնարտահայտման, սեփական բնավորությունը, հետաքրքրություններն ու նույնիսկ՝ կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքն արտահայտելու միջոց։ Սովորական կոստյումի վրա ավելացրած նույնիսկ փոքրիկ մասնիկը շատ խոսուն է, իսկ անձամբ ձեզ համար կարված հագուստը կարող է թաքցնել որոշ թերություններ, փոխարենը՝ ընդգծելով առավելությունները: 

Հենց սա հաշվի առնելով՝ 2017թ․-ին HENDERSON նորաձեւության տունը գործարկել է անհատական կարի Su Misura ծառայությունը։ Այն հնարավորություն է տալիս հմուտ մասնագետների հետ «ճամփորդել» համաշխարհային լավագույն գործվածքների աշխարհում՝ ընտրելով գույներ, որակ, ոճ եւ ստեղծել հագուստ, որ լավագույնս կպատմի ձեր մասին։ 

Banks.am-ի հետ զրույցում HENDERSON նորաձեւության տան կոմերցիոն տնօրենի տեղակալ եւ Su Misura ուղղության տնօրեն Սպարտակ Հարությունյանը պատմել է ծառայության մասին եւ քայլ առ քայլ ներկայացրել՝ ինչպես է ծնվում հագուստը, որ համապատասխանեցված է հենց ձեր կազմվածքին: 

- Ի՞նչ է առաջարկում հաճախորդին Su Misura ծառայությունը:

- HENDERSON նորաձեւության տան Su Misura ուղղությունն անհատական կարի ծառայություն է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին դերձակ-ոճաբանի հետ ստեղծել անկրկնելի հագուստ՝ կոստյում, բաճկոն, վերնաշապիկ, տաբատ եւ ոչ միայն։ 

Սպարտակ Հարությունյանը

Ծառայությունը դիրքավորվում է որպես «հասանելի լյուքս»՝ համադրելով անհատականությունը, աշխարհահռչակ արտադրամասերի գործարանային որակն ու համաշխարհային լավագույն գործվածքների լայն ընտրությունը։ Su Misura-ն տալիս է ինքնաարտահայտման լիակատար ազատություն՝ սկսած ուրվագծի ընտրությունից, գործվածքից եւ օրիգինալ աստառից, մինչեւ կիրառվող թելերի տեսակներ, կարի գույն եւ ամենափոքր թվացող մասնիկներ։ 

- Ե՞րբ եւ ինչո՞ւ է HENDERSON նորաձեւության տունը գործարկել այս ծառայություն։  

- Su Misura-ն մեր ծառայությունների շարքում է 2017 թվականից։ Այն մեկնարկեց որպես նորաձեւության տան ընդլայնման ռազմավարության մաս եւ «հասանելի լյուքս» սեգմենտում հաճախորդներին made-to-measure ծառայություն առաջարկելու տարբերակ: Նախ եւ առաջ մեր նպատակն էր հաճախորդին տալ ավելին ընտրելու հնարավորություն՝ չսահմանափակելով նրան պատրաստի մոդելներով կամ չափսերով։ 


Այսօր այս ծառայության շնորհիվ աշխարհի լավագույն գործվածքներից, ոճաբան-դերձակների կողմից ստեղծված հագուստը հասանելի է ցանկացած կազմվածք, նախընտրություններ ու պահանջներ ունեցող հաճախորդներին։ 

- Հաշվի առնելով արդեն իսկ ունեցած փորձը՝ ովքե՞ր են այս ծառայության հիմնական սպառողները, ո՞ւմ է այն առավել գրավում։ 

- Մեզ դիմում են մարդիկ, որոնք ցանկանում են ընդգծել իրենց անհատականությունը, կրել եզակի մոդել, որն առավելագույնս հարմարեցված է իրենց։ 

Շատ են հաճախորդները, որոնք պատրաստվում են կարեւոր իրադարձության կամ միջոցառման։ Su Misura-ից օգտվում են նաեւ նրանք, ում համար կարեւոր է կազմել որակյալ հագուստով զգեստապահարան։ 


Պետք է շեշտեմ, որ չնայած HENDERSON նորաձեւության տան հիմնական լսարանը տղամարդիկ են՝ անհատական կարի ծառայությունից կարող են օգտվել նաեւ կանայք։ 

- Նշեցիք, որ առաջարկում եք բազմազան տեսականի, ի՞նչ հագուստ կարելի է պատվիրել ծառայության միջոցով եւ ի՞նչ մոդելներ են հասանելի կանանց։ 

- Su Misura-ն հաճախորդների ընտրությանը ներկայացնում է ավելի քան 5000 անթերի գործվածքներ, որոնցից կարող ենք ստեղծել բացառիկ կոստյումներ, բաճկոններ, վերնաշապիկներ, ժիլետներ, տաբատներ կամ վերարկուներ տղամարդկանց համար: Եվրոպական լավագույն արտադրողների գործվածքի հարուստ ընտրությունը, եւ մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս իրականացնել ձեր ցանկացած երազանք (ժպտում է – հեղ․)։ 


Ինչ վերաբերում է կանանց, HENDERSON Su Misura Donna ծառայությունն առաջարկում է կանացի վերնաշապիկների մեծ ընտրություն՝ պրեմիում գործվածքներից մինչեւ առավել հասանելի տարբերակներ։  

Su Misura-ն ոչ թե պարզապես անհատական կար է, այլ՝ «ճամփորդություն», որի ընթացքում դերձակ-ոճաբանները հաճախորդին պատմում են եգիպտական բամբակի, բրդի, մետաքսի բոլոր առավելությունների մասին եւ օգնում յուրաքանչյուր մոդելի համար կատարել լավագույն ընտրությունը։  

- Ինչի՞ց է սկսվում այդ «ճամփորդությունը»։ Ո՞րն է անհատական կարի դեպքում արվող առաջին քայլը։  

- Նախ եւ առաջ խորհրդատվությունն է, որի ընթացքում անձնական դերձակ-ոճաբանը զրուցում է հաճախորդի հետ, հասկանում նախընտրություններն ու հաշվի առնելով դրանք՝ սկսում ճանապարհը։ 


Հետո հերթը գործվածքի ընտրությանն է։ Մենք առաջարկում ենք իտալական եւ բրիտանական առաջատար արտադրողների նմուշները, որոնցից յուրաքանչյուրը գույների եւ նախշերի անկրկնելի պատմություն է։ 

Այս փուլին հաջորդում են «պատմության» դետալները՝ օձիքի ձեւ, կարի գույն, ուրվագիծ, կոճակների քանակ եւ նույնիսկ՝ անհատական մոնոգրամ։ 

Արդեն ամբողջական եւ հաճախորդի հետ հաստատված նախագիծն ուղարկվում է գործարան, որտեղ 4-6 շաբաթվա ընթացքում եվրոպացի վարպետ դերձակներն այն դարձնում են իրականություն։ 

Կարեւոր է նշել, որ հաճախորդն այս ողջ ընթացքում գալիս է ընդամենը երկու փորձարկման՝ նախնական եւ ստուգիչ։ 

- Նշեցիք, որ Su Misura-ն դիրքավորվում է որպես «հասանելի լյուքս»։ Գնային ի՞նչ սահմանների մասին է խոսքը։ 

- Իհարկե, շատ բան կախված է ընտրված մոդելից եւ գործվածքից, բայց փորձեմ նշել միջին արժեք։ Տղամարդու կոստյումի դեպքում այն սկսվում է 410 հազար դրամից, վերնաշապիկների պարագայում՝ սկսած 68 հազար դրամից։ 


Օրինակ՝ իտալական Reda, Vitale Barberis, Zignone գործարանի բրդյա գործվածքից կոստյումը կարելի է ձեռք բերել մոտ 450 հազար դրամով։ Ընդ որում, եթե HENDERSON նորաձեւության տան քարտապան եք, կգործի 10% զեղչ։

- Հաճախ մարդիկ ցանկանում են կրել յուրահատուկ եւ գեղեցիկ հագուստ, բայց չեն կողմնորոշվում՝ ինչ մոդել կամ դետալներ ընտրել։ Ինչպե՞ս է աշխատում Su Misura-ն այս դեպքում։ 

- Ծառայությունն իրականացնող մասնագետները ոչ թե պարզապես դերձակներ են, այլ՝ ոճաբաններ, այնպես որ մենք սիրով կօգնենք կողմնորոշվել (ժպտում է – հեղ․)։ 


Կարեւոր է հաշվի առնել հաճախորդի կազմվածքը, ստանալ ճիշտ ուրվագիծ, լավագույնս համադրել գործվածքները, ինչպես նաեւ՝ առաջարկել ճիշտ դետալներ անհատականությունն ընդգծելու համար։ Այստեղ երեւակայությունն անսահման է՝ կիրառվող ֆուրնիտուրա, գրպանների քանակ, կարի եւ կոճակի հանգույցների գույն։ 

Նույնիսկ, եթե Su Misura ծառայությանը դիմելիս ինքներդ էլ հստակ չէիք պատկերացնում՝ ինչ եք ցանկանում ստանալ, մասնագետների հետ աշխատանքի արդյունքը հաստատ կգոհացնի ձեզ 

- Եթե ամբողջացնենք, որո՞նք են անհատական կարի ծառայության միջոցով ստեղծված հագուստի առավելություններն ու տարբերությունները շուկայում առկա պատրաստի մոդելներից։

- Կարեւորագույն տարբերությունն, իհարկե, համապատասխանեցումն է հենց ձեր կազմվածքին։ Պատրաստի մոդելը կարող է դուր գալ, սակայն հարմար չլինել չափսով կամ ուրվագծով։ 


Մյուս առավելությունն անկրկնելիությունն ու անհատականացումն է՝ դուք ազատ եք ընտրել ցանկացած դետալ։    

Բացի այդ, օգտվելով HENDERSON նորաձեւության տան Su Misura ծառայությունից, հասանելիություն եք ստանում համաշխարհային լավագույն գործվածքներին, որոնք առաջարկում են հազարավոր տարբերակներ։


Եվ, իհարկե, ստանում եք անհատական մոտեցում՝ դերձակ-ոճաբանի հոգատար եւ պրոֆեսիոնալ աշխատանք բոլոր փուլերում։  

Այս բոլոր գործոններն են դառնում հիմք՝ ստեղծելու իսկապես եզակի հագուստ, որը փոխանցում է ձեր տրամադրությունը եւ ոճը։  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 
Դիտում՝ 2801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW