«ԵՎՐՈ ՏՐԱԿ» ընկերության նոր MAN Truck & Bus սպասարկման կենտրոնը՝ տարածաշրջանի բեռնատարների նորարարական հանգույց

13.11.2025 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նոյեմբերի 11-ին Երեւանում տեղի է ունեցել MAN Truck & Bus նոր սպասարկման կենտրոնի բացումը՝ բեռնատարների սպասարկման ոլորտում եվրոպական որակի, անվտանգության եւ տեխնոլոգիական նորարարությունների համադրությամբ։


Կենտրոնը ստեղծվել է «Եվրո Տրակ» ՍՊԸ-ի կողմից, որը 2007 թվականից Գերմանական MAN Truck & Bus ընկերության պաշտոնական եւ բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։


MAN Truck & Bus-ը Եվրոպայի առաջատար կոմերցիոն տրանսպորտային միջոցների արտադրողներից է եւ ընդգրկված է Traton Group հոլդինգի կազմում։ «Եվրո Տրակ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Սարգսյանի խոսքով՝ նոր կենտրոնի բացումը բխում է ոլորտի աճող պահանջարկից․ 

Նարեկ Սարգսյանը

«Վերջին տարիներին Հայաստանում եւ տարածաշրջանում նկատվում է բեռնատարների եւ ավտոբուսների նկատմամբ պահանջարկի շարունակական աճ, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացմամբ, ինչպես նաեւ բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ։ Այս գործոնը մեծապես նպաստեց մեր որոշմանը՝ ընդլայնել գործունեությունն ու ներդնել ժամանակակից սպասարկման կենտրոն»։


4 միլիոն եվրոյի ներդրմամբ կառուցված նոր կենտրոնը ստեղծվել է գերմանական եւ միջազգային չափանիշներին համապատասխան՝ դառնալով ոչ միայն տեխնիկական համալիր, այլեւ՝ տարածաշրջանային նորարարական հանգույց։ 

Տարածքը զբաղեցնում է 13,000 քմ, որից 2,600 քմ-ը շենքային հատված է։ Այն հագեցած է Գերմանիայից, Իտալիայից եւ եվրոպական այլ երկրներից ներկրված բարձրակարգ սարքավորումներով։


Նարեկ Սարգսյանի խոսքով՝ նոր կենտրոնը նախատեսված է նաեւ տեղական բիզնեսների եւ լոգիստիկ ընկերությունների համար՝ տրամադրելով արագ, որակյալ եւ արդյունավետ սպասարկում․ 

«Նոր սպասարկման կենտրոնը նպատակ ունի տեղական բիզնեսներին եւ լոգիստիկայի ոլորտի ընկերություններին տրամադրել առավելագույն աջակցություն։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից գործիք-սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել արագ եւ որակյալ սպասարկում՝ նվազեցնելով վերանորոգման ժամանակը եւ բարձրացնելով մեքենաների անվտանգությունը եւ աշխատանքային արդյունավետությունը»։

Արմեն Ասլիկյանը

Պահեստամասերի բաժնի մենեջեր Արմեն Ասլիկյանը նշել է, որ նոր կենտրոնը համալրված է ժամանակակից եւ ամբողջությամբ ավտոմատացված համակարգերով, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն, արդյունավետություն եւ անվտանգ աշխատանքային միջավայր․ 

«Մեր նոր սպասարկման կենտրոնում կիրառվում են ժամանակակից եւ ավտոմատացված համակարգեր, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն եւ արդյունավետ սպասարկում։ Յուղի կենտրոնացված բաշխման համակարգը ապահովում է ճշգրիտ յուղման եւ տեխնիկական սպասարկման արդյունավետ գործընթաց՝ նվազեցնելով մարդկային գործոնից կախված սխալները։ Ծխահեռացման համակարգը ապահովում է արտազատվող գազերի արդյունավետ հեռացումը, որի արդյունքում կենտրոնում պահպանվում է մաքուր օդ եւ կայուն ջերմաստիճան։ Գործում են նաեւ բոցամուղների ախտորոշման եւ նորոգման համակարգեր, անվաբացքի ուղղման, անվադողերի վուլկանացման եւ հավասարակշռման սարքավորումներ։ Բացի այդ, տեղադրված է արգելակների ստուգման համակարգ եւ կամրջակի վիբրացիոն փորձարկիչ, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ հայտնաբերել ընթացքային մասերի եւ կախոցի համակարգերի թերությունները»։

Բացման արարողությանը ներկա էր նաեւ MAN Middle East FZE-ի գործադիր տնօրեն Միքայել Լինդները, ով ընդգծել է, որ այս ներդրումը նշանակալի քայլ է տարածաշրջանի զարգացման ուղղությամբ:

Միքայել Լինդները

«Առաջին հերթին մեծ պատիվ է այսօր այստեղ լինել։ Այս ծրագիրը երկար տարիներ ընթացել է մեծ նվիրումով եւ ջանքերով, եւ շատ հաճելի է տեսնել դրա իրագործումը։ Այս սպասարկման կենտրոնը կարեւոր հանգրվան է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար։ Այստեղ մենք կարող ենք շարունակել սպասարկել մեր հաճախորդներին եւ ընդլայնել մեր ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է Միքայել Լինդները:

Նարեկ Սարգսյանը

Նարեկ Սարգսյանը ընդգծել է նաեւ կենտրոնի ռազմավարական դիրքի առավելությունը․

«Ռազմավարական դիրքով նոր կենտրոնը գտնվում է Հյուսիս–Հարավ մայրուղու վրա եւ ապահովում է բացառիկ հարմարավետություն՝ իրականացնելով թե տեղական, թե տարանցիկ բեռնատարների նորոգման եւ սպասարկման աշխատանքներ։ Այս կերպ կենտրոնը աջակցում է բեռնափոխադրումների տարանցիկ աճին Հայաստանի տարածքով եւ խթանում օտարերկրյա լոգիստիկ ընկերությունների ներգրավումը»։


Համահունչ ընկերության արժեքներին՝ նոր սպասարկման կենտրոնը նախագծվել է հասանելիության սկզբունքով․ առաջին հարկը լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սպասարկման աշխատանքներն իրականացնում է 35 մասնագետից բաղկացած թիմ. ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել անձնակազմը՝ ծառայությունների ծավալի աճին զուգահեռ։


Բացման ընթացքում տոնական մթնոլորտում հատուկ պարգեւատրվել են երկարամյա գործընկերներն ու աշխատակիցները։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ընկերությունը մեծ հպարտությամբ է ընդգծում իր թիմի մարդկային կապերն ու արժեհամակարգը․

«Մենք ստեղծել ենք ջերմ, համերաշխ եւ բարձր արժեքների վրա հիմնված աշխատանքային միջավայր, ինչի լավագույն ապացույցն այն է, որ մեզ մոտ աշխատում է միեւնույն ընտանիքի մի քանի սերունդ»։


Նրա առաջարկով բեմ են հրավիրվել «Եվրո Տրակ»-ի ամենավստահելի ընտանիքներից երկուսը՝ Սենիկ Գալստյանի եւ Սիմոն Գրիգորյանի ընտանիքները։ Բոլորը աշխատում են ընկերությունում տարբեր պաշտոններում՝ վարորդից մինչեւ հաշվապահ ու գլխավոր մեխանիկ։


Բեմում հիշատակվել է նաեւ ընկերության ավագ գործընկեր Տիգրան Վարդանյանի անունը, ով 92 տարեկան է եւ շարունակում է աշխատել ընկերությունում՝ նվիրվածությամբ ու մասնագիտական փորձով։

Նոր կենտրոնի գործարկմամբ Հայաստանը դառնում է բեռնատարների սպասարկման տարածաշրջանային հանգույց ԱՊՀ երկրների համար, ինչը հնարավորություն կտա բարձրացնել MAN բեռնատարների շահագործման արդյունավետությունն ու անվտանգությունը։


2024 թվականին «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն ներառվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ զբաղեցնելով 831-րդ հորիզոնականը, վկայելով ընկերության կայուն աճի, թափանցիկության եւ տնտեսական ազդեցության մասին։

Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW