«Առաջնորդություն, հիմնարար կրթություն եւ միջազգային փորձ». Executive MBA ծրագրի 10-ամյակը

31.10.2025 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը նշում է Համաեվրոպական Executive MBA ծրագրի 10-ամյակը Երեւանում: Ծրագիրը նախատեսված է փորձառու ղեկավարների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց առաջնորդական եւ ռազմավարական կառավարման հմտությունները՝ առանց մասնագիտական գործունեությունը դադարեցնելու։

Տասը տարի առաջ ծրագիրը Երեւանում իրականացվել է Շեֆիլդի համալսարանի կողմից, իսկ 2021թ.-ին այն վերափոխվել է: Այսօր Executive MBA-ն իրականացվում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կողմից՝ առաջարկելով Յորքի եւ Ստրասբուրգի հեղինակավոր համալսարանների MBA կրթություն: 


Executive MBA ծրագրի տասնամյակի կապակցությամբ կազմակերպվել է պանելային քննարկում, որին մասնակցել են ծրագրի տարբեր տարիների շրջանավարտներ եւ դասախոսներ: 

«Սա կատարելության ձգտող առաջնորդների համայնք է»

Լիլիթ Շահզադեյան, Համաեվրոպական Executive MBA ծրագրի հայաստանյան եւ վրաստանյան տնօրեն 

Առաջնորդության զարգացում, միջազգային համագործակցություններ, MBA ծրագրերի շարքում կրթական լավագույն փորձ. սա ճանապարհորդություն է, որ մեկնարկեց տասը տարի առաջ՝ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով: 2021թ.-ին այն վերափոխվեց՝ վերածվելով մեզ արդեն ծանոթ Համաեվրոպական Executive MBA ծրագրի, որն իրականացնում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը՝ Ստրասբուրգի համալսարանի հետ համագործակցությամբ: 

Լիլիթ Շահզադեյանը

Այսօր մենք տոնում ենք ոչ միայն հաջողության տասնամյակն, այլեւ՝ հիմնում Յորքի, Ստրասբուրգի եւ Շեֆիլդի համալսարանների հայ շրջանավարտների ասոցիացիա: Սա ոչ միայն նոր սկիզբ է, այլեւ հնարավորություն ստեղծել երկարաժամկետ արդյունք ունեցող մի կառույց, որը միավորելու է հայաստանյան մասնագետներին ամբողջ աշխարհի հետ:  

Ամփոփելով նվաճումներով լի այս տասը տարին եւ հայացք գցելով դեպի ապագա՝ շնորհակալ եմ մարդկանց, որոնք կիսեցին մեր տեսլականը, նրանց հետ համագործակցության շնորհիվ Executive MBA ծրագիրը դարձավ իրականություն: 


Սա ծրագիր է ոչ միայն գերազանց կրթության, այլեւ կատարելության ձգտող առաջնորդների համայնքի ստեղծման համար: Հենց այս համայնք է աշխատելու ի նպաստ մեր երկրի եւ հասարակության: Շնորհակալ եմ բոլորիդ վստահության եւ մեր պատմության մի մասնիկը դառնալու համար: 

Միասին տոնե՛նք Executive MBA ծրագրի անցյալը, ներկան եւ փայլուն ապագան:

«Այսօրվա աշխարհում միակ կայուն երեւույթն անկայունությունն է»

Պրոֆեսոր Լեսլի Սզամոզի, Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն

Թվում է՝ այս տարիները շատ արագ անցան: Դրանք լի էին բազմաթիվ դժվարություններով, միեւնույն ժամանակ՝ մենք տեսնում ենք նաեւ մեծ փոփոխություններ: Դրանցից առաջին այն է, որ մարդիկ սկսել են դիտարկել պետությունը որպես միջազգային խաղացող: Երբ առաջին անգամ եկել էինք Հայաստան, մասնագետները հիմնականում կենտրոնացած էին ներքին կյանքի, ներքին բիզնեսի վրա: Այսօր նրանք հնարավորություններ են փնտրում նաեւ արտաքին շուկաներում: Սա մտածողության փոփոխություն է: 

Լեսլի Սզամոզին

Տասը տարի առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցինք այս երկիր, գլխավոր հարցն էր՝ ինչո՞ւ: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք կարելի է ուսումնասիրել կամ դիտարկել կրթության տեսանկյունից: Բայց պատասխանը շատ պարզ է՝ պատճառը ձեր երկրի մարդիկ էին: Դուք եւ ձեր ձգտումներն են ստեղծում, զարգացնում երկիրը: 

Հայաստանը, ցավոք, երկար տարիներ ունեցել է «ուղեղների արտահոսք»: Մենք ցանկացել ենք գալ եւ այստեղ կրթել մարդկանց, որոնք կմնան եւ իրենց գիտելիքն ու հմտությունները կօգտագործեն այս երկրի զարգացման համար: 

Այսօր նկատում ենք, որ բազմաթիվ միջազգային համալսարաններ հետաքրքրված են Հայաստանով: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք առաջիններից մեկն արեցինք այս հրաշալի երկիր գալու քայլը: Հիմա հերթը նոր նպատակներինն է: Այսօրվա աշխարհում միակ կայուն երեւույթն անկայունությունն է: Ամենօրյա աճը, զարգացումը շատ կարեւոր են: Եթե չանենք դա, կանեն այլ մարդիկ եւ երկրներ՝ մեզ թողնելով իրենց թիկունքում: Կրթությունն է այս մարտահրավերներին դիմակայելու բանալին: Նկատել եմ, որ հայկական ընտանիքներում կրթությունը դրվում է ամեն ինչի հիմքում: Հենց սա է այն հաղթաթուղթը, որը նպաստելու է երկրի զարգացմանը: 

«Հիմնարար կրթություն՝ թրեյնինգների փոխարեն»

Պրոֆեսոր Ալեքս Փսիխոյոս, Executive MBA ծրագրի դասախոս 

Հպարտ եմ, որ այս ծրագրի մի մասնիկն եմ: Տասը տարի առաջ մենք եկանք Հայաստան եւ ստացանք կրթելու հնարավորություն: Այո՛, մեր առաջարկածը հիմնարար կրթություն էր, ոչ թե պարզապես թրեյնինգ: Սրանք իրարից շատ տարբեր հասկացություններ են:  

Ալեքս Փսիխոյոսը

Այս տարիների ընթացքում մենք փորձել ենք զարգացել ձեր միտքը, ձեւավորել քննադատական մտածողություն, որպեսզի կարողանաք դիմակայել ամեն օր փոփոխվող եւ ավելացող մարտահրավերներին: Ամեն անգամ, երբ ինքնաթիռս վայրէջք է կատարում Հայաստանում, ես մեծ ուրախություն եմ զգում: Ի դեպ, երեկ գիտակցեցի, որ երբեք չեմ ունեցել ցերեկային թռիչք, հետեւաբար՝ Հայաստանը վերեւից տեսնելու հնարավորություն (ժպտում է – հեղ.): 
Համոզված եմ՝ առաջիկա տարիները լինելու են էլ ավելի ստեղծարար, օգտակար եւ լի սերունդների միջեւ փորձի փոխանակմամբ: 

«Executive MBA-ը ոչ միայն գիտելիք ստանալու, այլեւ մեր փորձը կիսելու մասին է»

Գեւորգ Ենգիբարյան, Հայաստանում Executive MBA ծրագրի առաջին տարվա շրջանավարտ, F-Net տելեկոմ եւ Simple Go ընկերությունների համահիմնադիր, տնօրեն  

Մարդն ինչ-որ պահի հասկանում է, որ գիտելիք ստանալու գործընթացն անվերջ է եւ սկսում է փնտրել (ժպտում է – հեղ.): Իմ դեպքում կյանքիս հենց այդ շրջանում լսեցի այն ՚ժամանակ Շեֆիլդի  համալսարանի առաջարկած այս կրթական ծրագրի մասին եւ դիմեցի: 

Գեւորգ Ենգիբարյանը

Անկեղծ լինեմ՝ դժվար էր: Երբեմն, նույնիսկ, կիսատ թողնելու միտք էր լինում, քանի որ աշխատանքի հետ համատեղելը բավականին բարդ էր, միեւնույն ժամանակ՝ շատ օգտակար: Կարող եմ վստահ ասել՝ Յորքի համալսարանի Համաեվրոպական Executive MBA ծրագիրն այն դեպքն է, երբ համալսարանների անունները լիովին արտացոլում են բովանադակությունը: Մեզ դասավանդել են լավագույն դասախոսները՝ փոխանցելով համաշխարհային նորագույն փորձը, մոտիվացնելով միշտ զարգանալ եւ գնալ առաջ:  

Հայկուհի Պողոսյանը

Բուն գիտելիքից բացի, ծրագիրը հնարավորություն է տվել դառնալ համաշխարհային մասնագիտական մեծ ցանցի մաս՝ ձեռք բերելով չափազանց օգտակար կապեր: 

Հայկուհի Պողոսյան, Executive MBA ծրագրի շրջանավարտ, կառավարման մասնագետ

Համաեվրոպական Executive MBA ծրագրին դիմեցի, քանի որ ցանկանում էի նոր գիտելիք եւ հմտություններ ստանալ: Մասնակցեցի բաց դասերին, հարցեր տվեցի, զրուցեցի նախորդ տարիների շրջանավարտների հետ ու հասկացա՝ գտել եմ այն, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Միաժամանակ կարեւոր էր, որ կարող եմ կրթությունս համատեղել աշխատանքի հետ: Աշխատում էի ամբողջ դրույքով, ունեի սեփական բիզնես եւ սա եւս մեկ մոտիվացիա էր ոլորտում նոր գիտելիք ստանալու համար: 


Արդյունքում Executive MBA ծրագրից հետո շարունակեցի կրթությունս` մասնագիտանալով թվային առողջապահության ոլորտում: Սա ինձ համար հետաքրքիր, նոր հորիզոն էր, որը եւս «բացվեց» Executive MBA ծրագրի շնորհիվ:  

Կառավարումը բազմաբովանդակ ուղղություն է: Դուք ամեն օր աշխատում եք մարդկանց հետ, մասնակցում տարբեր գործընթացների եւ կրում չափազանց մեծ պատասխանատվություն: Կարծում եմ՝ լավ կառավարիչ լինելու համար պետք է նախ լավ հասկանաք ինքներդ ձեզ, կարողանաք ճիշտ գնահատել ունեցած ռեսուրսները, գիտակցեք եւ ընդունեք ուժեղ կողմերն ու թերացումները: Սա է զարգացման, աճի միակ ճանապարհը: 


Կարծում եմ՝ Համաեվրոպական Executive MBA-ը ոչ միայն գիտելիք ստանալու, այլեւ՝ մեր փորձը կիսելու մասին է: Յուրաքանչյուր երկիր ունի իր անկրկնելի փորձը: Հայաստանի դեպքում՝ երկիրը զարգանում է շատ բարդ պայմաններում՝ ունենալով փոքր տնտեսություն: 

Կարծում եմ՝ այս ընթացքում «կոփված» հմտությունները կարող են օգտակար լինել նաեւ աշխարհին: 

Համաեվրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 
Դիտում՝ 3185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW