Մի շարք երկրների հարկային մարմինների միջեւ կփոխանակվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների տեղեկատվությունը

23.06.2025 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2025 թվականի հունվարից մեկնարկել է Հայաստանի 120 պետությունների հետ ոչ ռեզիդենտների (ֆիզիկական անձանց, կազմակերպությունների եւ դրանց վերահսկող անձանց) ՀՀ-ում ունեցած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման գործընթացը։ 

Երկրների միջեւ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միասնական հաշվետվողական ստանդարտին համապատասխան։

ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության պետ Նաիրուհի Ավետիսյանն ասել է, որ տեղեկությունների փոխանակման դերը գնալով էլ ավելի է մեծանում եւ նշված ստանդարտի ներդրումը երկրների համար կարող է խիստ արժեքավոր գործիք լինել։

«Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները փոխադարձության սկզբունքով տարին մեկ անգամ ավտոմատ կերպով փոխանակելու են իրենց երկրի հաշվետու ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ունեցած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունը։ Այսինքն, ստանդարտի ներդրումն էապես խթանում է հարկային մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը, բարձրացնում ֆինանսական համակարգի թափանցիկությունը եւ նպաստում պատասխանատու ու կայուն հարկային միջավայրի ձեւավորմանը՝ ի շահ պետության եւ տնտեսվարողների», - նշել է Նաիրուհի Ավետիսյանը:

Նա նշել է, որ տեղեկությունների փոխանակման գործընթացն իրականացվում է հետեւյալ կերպ.

«Եթե Հայաստանի հետ տեղեկությամբ փոխանակվող երկրների ցանկում ընդգրկված երկրի հարկային ռեզիդենտ հանդիսացող անձը (ֆիզիկական անձը, կազմակերպությունը կամ վերահսկող անձը) ՀՀ որեւէ բանկում կամ այլ հաշվետու ֆինանսական հաստատությունում ունի ֆինանսական հաշիվ, ապա տվյալ բանկը կամ այլ հաշվետու ֆինանսական հաստատությունն այդ անձի ֆինանսական հաշվի մասին տեղեկությունն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա՝ օրենքով սահմանված համապատասխան ժամկետը։ Այնուհետեւ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացված տեղեկությունը՝ կոդավորված, ավտոմատ եղանակով, տվյալների փոխանցման հատուկ համակարգի միջոցով, պետք է տրամադրի տվյալ երկրի հարկային մարմնին։ Փոխադարձության սկզբունքով տվյալ երկրում ՀՀ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունը փոխանցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին»: 

Ստանդարտի շրջանակում հաշվետու ֆինանսական հաստատությունները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին են ներկայացնելու տեղեկություն՝ ստանդարտի կարգավորումներին համապատասխանող նոր բացվող եւ գործող ֆինանսական հաշիվների վերաբերյալ։

ՊԵԿ պաշտոնյան ներկայացրել է, թե որոնք են հաշվետու ֆինանսական հաստատությունները, նաեւ որոնք են նոր եւ գործող ֆինանսական հաշիվները.

«Միասնական հաշվետվողական ստանդարտով առանձնացվում է հաշվետու ֆինանսական հաստատությունների չորս հիմնական խումբ՝ պահառուական հաստատություններ, դեպոզիտային հաստատություններ, ներդրումային կազմակերպություններ եւ հատուկ ապահովագրական կազմակերպություններ: Նոր ֆինանսական հաշիվները հաշվետու ֆինանսական հաստատությունում 2024 թվականի հունվարի 1-ից հետո բացված հաշիվներն են՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։ 

Կարեւոր է, որ ոչ ռեզիդենտ անձը հաշիվ բացելիս հաշվետու ֆինանսական հաստատության կողմից պահանջվող փաստաթղթերից զատ լրացնի նաեւ ինքնահայտարարագիր հարկային ռեզիդենտությունը որոշելու նպատակով։ Ներկայացված ինքնահայտարարագրում նշված հարկային ռեզիդենտության կարգավիճակի փոփոխության վրա ազդող հանգամանքների փոփոխության դեպքում այդ մասին հաշվետերը պարտավոր է տեղեկացնել ֆինանսական հաստատությանը՝ փոփոխության ի հայտ գալուց հետո 30 օրվա ընթացքում, այնուհետեւ ներկայացնել վերանայված ինքնահայտարարագիր: Եվ, վերջապես, գործող հաշիվներն են՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների) գումարների հանրագումարը կամ ելքերի (նվազեցումների) գումարների հանրագումարը, ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումարը $250 հազարը կամ դրան համարժեք ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող հաշիվները»:

Նաիրուհի Ավետիսյանի խոսքով՝ ստանդարտի կիրառման հարցում կարեւոր է թափանցիկությունը եւ իրազեկվածությունը. 

«Մասնավորապես, հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ֆինանսական հաշիվ բացող կամ հաշիվ ունեցող անձին տեղեկացնի կամ հանրային կերպով հասանելի դարձնի ՏՀԶԿ ստանդարտի շրջանակում փոխանակվող տեղեկությունը հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ պահանջը։ Այսինքն, եթե հաճախորդը ֆինանսական հաստատության կողմից հաշվետիրոջը կամ վերահսկող անձանց վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու մասին տեղեկացնելու կամ հանրային կերպով հասանելի դարձնելուց հետո չի փակում հաշիվը, ապա հաշվետու հաշվի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են փոխանակման»։

Միասնական հաշվետվողական ստանդարտը, միջազգային համաձայնագրերը, ինչպես նաեւ Հայաստանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնող երկրների ցանկը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» ենթաբաժնում։

ՊԵԿ-ում արդեն ներդրվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)՝ կարեւորելով հարկային մարմինների միջեւ փոխանակվող տեղեկատվության գաղտնիության եւ անվտանգության ապահովումը։
Դիտում՝ 6405
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW