«Ֆլեշ». 30 տարի կայունության, զարգացման եւ նորարարությունների ճանապարհին
25.03.2025 | 22:30
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս












Հայաստանի վառելիքի շուկայի առանցքային խաղացողներից մեկը՝ «Ֆլեշ» ընկերությունը, այս տարի նշում է գործունեության 30-ամյակը։ 1995 թվականին հիմնադրված ընկերությունն այսօր շարունակում է զարգանալ, ներդրումներ կատարել նոր ծառայությունների եւ ենթակառուցվածքների մեջ։ Այս տարիների ընթացքում «Ֆլեշ»-ն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, մեծացրել թիմն ու ընդլայնել ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ եւ էլեկտրամոբիլների համար նախատեսված Express Charge լիցքավորման կայաններ։
«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացրել է ընկերության անցած ճանապարհը, խոսել լցակայաններում էկոհամակարգերի ստեղծման ծրագրերի մասին, պատմել թիմի շարունակական կրթվելու եւ ապագա ծրագրերի մասին։
Նոր սկիզբ՝ ծանր շրջանում
«Ֆլեշ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին, այդ ժամանակ ես ընդամենը երկու տարեկան եմ եղել, բայց, քանի որ հիմնադիրը հայրս է եւ պատմությունն ուղիղ կապված է իմ ընտանիքի հետ, լավ ծանոթ եմ գործունեության ողջ ընթացքին։ «Ֆլեշ»-ում ակտիվ գործունեություն եմ ծավալում վերջին 7 տարում, սկզբում փոխտնօրեն էի, հիմա՝ գլխավոր տնօրեն։
«Ֆլեշ»-ի գործունեության սկիզբը նույնքան ծանր է եղել, որքան մեր երկրի անկախանալու պրոցեսը։ Չեն եղել վառելիքի բազաներ, ենթակառուցվածքներ, որոնք հիմա կան, «Ֆլեշ»-ը չի ունեցել այն թիմը, որ հիմա ունի։ Սկսել են աշխատել մի քանի հոգով, սկզբնական շրջանում վառելիքը վաճառել վագոնների վրայից։ Երկրում վառելիքի խնդիր է եղել եւ ռազմավարական նշանակության այդ ապրանքի բացը լրացրել են այնպես, ինչպես կարողացել են։
Հիմնադրումից որոշ ժամանակ անց ստեղծվել են ընկերության առաջին լցակայանները, դրանք այսօր էլ գործում են Ավան վարչական շրջանում եւ մեզ համար այցեքարտային են։ Տարիների ընթացքում մեր ընկերությունը կայուն զարգացել է, կատարելագործվել, ձեւավորել պրոֆեսիոնալ թիմ, ընդլայնել հաճախորդների եւ գործընկերների թիվն ու այսօր ունի 50 սեփական կառավարման եւ «Ֆլեշ» ապրանքանիշի ներքո գործող եւս 50 գործընկեր լցակայան։ Դրանք տարբերակվում են գույներով. մեր լցակայանները մանուշակագույն են, մյուսները՝ կարմիր։ Հաճախորդի համար, գուցե, տարբերություն չկա, թե որ կետից է լիցքավորում մեքենան, բայց մեզ համար կարեւոր է՝ մեր լցակայաններում եղած չափորոշիչները լինեն նաեւ գործընկերների մոտ։ Տարիների փորձը ցույց է տվել, որ այդտեղ ավելի շատ բարդություններ կան, քան՝ տնտեսական օգուտներ։ Մասնավորապես, բոլոր տեղերում լիարժեք հսկողություն չի լինում սահմանել, դրա պատճառով կարող է տուժել ապրանքանիշի հեղինակությունը։ «Ֆլեշ»-ի մանուշակագույն կայաններում վերահսկողությունը սկսում է վառելիքի ներկրումից եւ շարունակվում մինչեւ մեքենայի լիցքավորում։
Տարիների ընթացքում վառելիքի ներկրման օղակը փոփոխվել է։ Սկզբում ներկրվել է այնտեղից, որտեղից հնարավոր է, որովհետեւ երկիրը կայացած չի եղել, այնուհետեւ ռումինական, բուլղարական վառելիք է ներկրվել Եվրոպայից։ Հետագայում խոշոր խաղացող է մտել շուկա՝ հանձինս ռուսական «Ռոսնեվտ» ընկերության եւ 10 տարուց ավելի վառելիքը սկսել է ներկրվել Ռուսաստանից։ 2024 թվականի կեսից, երբ ենթադրաբար պատերազմի պատճառով ռուսական ռեսուրսի հետ որոշակի խնդիրներ են առաջացել, «Ֆլեշ»-ը կրկին սկսել է ներկրել եվրոպական վառելիք։
«Ֆլեշ»-ի ապրանքն իր մատուցած ծառայությունն է
28-29 տարի շարունակ Հայաստանում համարվել ենք վառելիք ներմուծող եւ վաճառող առաջատար ընկերություն, բայց այսօր ավելի շատ դիրքավորվում ենք որպես ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող ընկերություն, որտեղ առաջարկվող ապրանքը լոկ վառելիքը չէ։ Վերջին մեկ տարում ես հաճախ եմ մեր թիմի անդամների հետ խոսում ապրանք հասկացության մասին։ Մարդն այցելում է «Ֆլեշ»-ի լցակայան, վառելիքով կամ էլեկտրաէներգիայով լիցքավորում իր փոխադրամիջոցը, այդ ընթացքում մտնում է լցակայանում գտնվող խանութ, օգտվում տեղում պատրաստվող սուրճից կամ արագ սննդից։ Հարց է առաջանում՝ ի վերջո, ո՞րն է «Ֆլեշ»-ի ապրանքը։ Երբ հարցին մոտենում ենք այս կողմից, հասկանում ենք, որ «Ֆլեշ»-ի ապրանքն իր մատուցած ծառայությունն է։ Մեր առջեւ ռազմավարական նպատակ ենք դրել լցակայաններում ստանալ էկոհամակարգ, որտեղ բուն ապրանքը ծառայություն մատուցելն է՝ էներգիա վաճառելու տեսքով։
Ցավոք, դեռ մեր ոչ բոլոր լցակայաններում ունենք խանութ կամ էլեկտրական մեքենաների լիցքավորման կետ, բայց մեր նպատակն է հնարավոր բոլոր լցակետերում տարածել այդ մշակույթը։ Առհասարակ, պետք է ուշադրություն դարձնել, թե կայանի տեղակայման վայրն ինչ առանձնահատկություններ ունի եւ ինչ հնարավորություններ է տալիս։ Օրինակ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությունը լոկ տեղի հարց չէ, այլ՝ ամբողջ երկրի էլեկտրական ցանցերի ենթակառուցվածքի։ Չես կարող կամայական վայրում լիցքավորման կետ ունենալ։ Այժմ փորձում ենք էլեկտրական մեքենաների համար լիցքավորման տարբերակ ստեղծել մեր բոլոր լցակայաններում, որտեղ հնարավորությունը կա, բայց սա ժամանակատար աշխատանք է։ Օրինակ՝ մեկ ամիս է, ինչ սկսել ենք Սիսիանի էլեկտրական լիցքավորիչը շահագործել, բայց պատկերացնելու համար, թե որքան բարդ է այս ամենը, ընդամենը պետք է իմանալ, որ այն ձեռք ենք բերել մեկ տարի առաջ եւ այսքան ուշ շահագործելու պատճառները շատ բազմաշերտ են ու, երբեմն, մեր դաշտից դուրս։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ շուտով էլեկտրական լիցքավորման նոր կետեր կունենանք Իջեւանում, Դիլիջանում, ապագայում նաեւ՝ Ավանի մեր լցակայաններում։
Կրթվելու պրոցեսը չի դադարում
«Ֆլեշ»-ն այս տարիների ընթացքում փոխվել է, մեր սպառողն էլ նույնը չի մնացել։ Վառելիքի սպառողն այսօր ու 30 տարի առաջ նույնը չէ։ Այն ժամանակ մեքենաների քանակն ու տեսակն այլ էր, նաեւ ժողովրդի աշխարհայացքն էր այլ։ Մեքենան լիցքավորելու ժամանակ սպառողի մոտ կարող են մի շարք հարցեր առաջանալ, եւ մենք ուզում ենք նրան «կրթելու» մեջ մեր դերն ունենալ։ Վարորդները սիրում են կրկնել, որ «10 լիտրը 10 լիտր չէ», սա նշանակում է, որ 10 լիտրի փոխարեն ավելի քիչ քանակությամբ վառելիք է լիցքավորվել։ Ընդամենը պետք է սպառողին տեղեկացնել, որ կա թույլատրելի շեղում եւ դա գրեթե միշտ անխուսափելի է։ Այս մասին ասելով՝ չեմ պաշտպանում ոչ մեզ, ոչ էլ շուկայի մյուս խաղացողներին, հատկապես, որ անսարքության կամ սարքավորման մաշվածության պատճառով լիցքավորված վառելիքի շեղումը կարող է ավելի շատ լինել: Այս դեպքում արդեն նշանակություն չունի՝ մարդը ինքն է միջամտել, թե տեխնիկական որեւէ խնդրի պատճառով է եղել։ Մեր լցակայաններում նման խախտումներ թույլ չտալու համար պարբերաբար ստուգում ենք լիցքավորման սարքերը։
Անտեղյակություն կա նաեւ վառելիքի տարբերակման հետ կապված։ Վառելիքը կոչում ենք «ռեգուլյար», «պրեմիում», «սուպեր» անուններով եւ գուցե քչերը գիտեն, որ այս տարբերակումը պայմանավորված է օգտանային թվով, «ռեգուլյարը» 92-95 է, «պրեմիումը»՝ 95-98, «սուպերը»՝ 98 եւ ավելի բարձր։ Այս թվերը ոչ թե վառելիքի լավ կամ վատ լինելու մասին են, այլ՝ մեքենայի տեխնիկական խնդրի։ Վերջին տարիներին արտադրվող գրեթե բոլոր մեքենաների վառելիքի բաքի կափարիչի ետնամասում գրված է, թե ինչ տեսակի վառելիք է «նախընտրում» մեքենան։ Պատկերավոր ասած, եթե ձեր մեքենան պահանջում է «ռեգուլյար» վառելիք, բայց դուք որոշել եք լիցքավորել «սուպերով», ապա պատրաստ եղեք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ։ Աշխատակիցների եւ սոցցանցի մեր պաշտոնական էջերի միջոցով փորձում ենք այս կարեւոր տեղեկությունները հասցնել սպառողին։
Մեծ ջանք է պահանջվում որեւէ երկրից որակյալ վառելիք ներկրելու, պահպանելու համար եւ կարեւոր է, որպեսզի հաճախորդի հետ շփվող աշխատակիցը՝ լիցքավորողը, հաղորդ լինի այդ ամենին եւ հաճախորդին օգնի կողմնորոշվել։ Սա հնարավոր է շարունակաբար կրթվելու արդյունքում։ Մեզ մոտ սովորելու պրոցեսը չի դադարում։ Ընդամենը օրեր առաջ առանձին հաստիքով «թրեյներ» ենք ներգրավել։ Նա պարբերաբար դասընթացներ կվարի լիցքավորողների եւ կառավարիչների համար։ Ընկերության թոփ ղեկավարների համար էլ առանձին կուրսեր ենք փորձում անցկացնել։ Իրականում, մենք շատ բան գիտենք, բայց շատ քիչ ենք կիրառում ամենօրյա աշխատանքում, իսկ որպեսզի սկսենք մեր իմացածը կիրառել կամ նորովի հասկանալ, պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր գիտելիքը։
«Ֆլեշ»-ն իր ճանապարհը սկսել է 10-14 աշխատակցով, այսօր ունի պրոֆեսիոնալ մեծ թիմ, աշխատակիցների թիվը գերազանցում է 500-ը։ Հայաստանի լցակայանների համար անսովոր է, բայց մենք նաեւ կին լիցքավորողներ ունենք։ Ընդհանրապես, արժեքների պահպանման առումով կոնսերվատիվ ենք, մնացած ամենը փոփոխական է, եւ մենք
փորձում ենք նույնը չմնալ։
Հեղինակության պահպանումը
«Ֆլեշ»-ի 30 տարվա աշխատանքի ընթացքում ամենամեծ հաջողությունը ապրանքանշանի հետեւում եղած հեղինակության պահպանումն է։ Մեր ընկերությունը շուկա է մտել «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է» կարգախոսով, բայց ռեբրենդինգի ժամանակ որոշեցինք այն պարզեցնել եւ հիմա ասում ենք՝ «Վստահի՛ր»։ Սա չի նշանակում, որ հրաժարվել ենք առաջին կարգախոսից, որովհետեւ երբ հարցնում են՝ «ինչի՞ն վստահենք», ասում ենք, որ «Բարի համբավը ամենաթանկ կապիտալն է»: Իմ խորը համոզմամբ՝ մեր 30 տարվա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հեղինակությունը կարողանում ենք պահպանել ու դրա շուրջ նոր ծառայություններ կառուցել։
«Ֆլեշ»-ը պատասխանատու եւ պարտաճանաչ հարկատուի համբավ ունի։ Ընկերության կայուն եւ դինամիկ զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեությամբ եւ պետության հանդեպ պատասխանատվությամբ։ Վերջին 5 տարում պետությանը վճարած հարկերի թիվը կազմել է 104 մլրդ 705 մլն։ 2024 թվականին «Ֆլեշ»-ը 20 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։
Վերջին շրջանում ենք խոշոր հարկատուների առաջին տասնյակից դուրս եկել, բայց դա այդքան ներկրման հետ կապված չէ, որքան՝ ներկրման ձեւաչափի փոփոխման։
Առաջ մղող մրցակցությունն ու հաճախորդների հավատարմությունը
Վառելիքի շուկայում մեր դիրքն այս տարիների ընթացքում հնարավոր է եղել պահել ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ։ Վերջին տարիներին շուկա են մտել խաղացողներ, որոնք ունեն ավելի մեծ փորձ, օրինակ՝ «Շելը» կամ «Գալֆ» ընկերությունը։ Մենք միայն ուրախ ենք նրանց՝ վառելիքի դաշտում լինելու համար, որովհետեւ միշտ սովորելու բան կա, մյուս կողմից էլ՝ մրցակցությունն օգնում է առաջ գնալ։ Հաջողությունը լավ ուսուցիչ չէ, որովհետեւ թմրեցնում է շատ դեպքերում, իսկ երբ մրցակցությունն ուժեղանում է, ուզես-չուզես, պետք է «արթուն մնաս»։
Նույնիսկ այս խիստ մրցակցության պայմաններում մենք նկատում ենք հաճախորդների հավատարմությունը։ Նրանց համար առաջիկայում շատ լավ նորություններ կունենանք, խոսքը «հավատարմության հավելված» ասվածի մասին է։
Սոցիալական պատասխանատվության ծրագրերը
«Ֆլեշ»-ը միշտ կարեւորել է սոցիալական պատասխանատվության ծրագրերը։ Տարիներ առաջ մեր ընկերությունը հիմնել է «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը եւ ֆինանսավորել այն ուսանողների վարձը, ովքեր ցանկացել են կրթվել, բայց չեն ունեցել գումար։ Մենք համարում ենք, որ գումարը երբեք չպետք է խոչընդոտ լինի լավ կրթություն ստանալու համար։ Զուգահեռ նաեւ այլ ծրագրեր են կատարվել, որոնց մասին չենք ցանկացել խոսել։
Մեր վերջին մեծ ծրագիրը, որն ակներեւ է, «Հիմք» հիմնադրամն է, այն ստեղծվել է արցախահայության տեղահանումից հետո։ Հիմնադրամն օգնության երեք փուլ է իրականացրել՝ առաջինով որոշակի թվով տեղահանված արցախցիների ապահովել է նվազագույն կենսական նշանակության ապրանքներով՝ սնունդ, դեղորայք, օգնել նաեւ տանիք ունենալու հարցում։ Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ աջակցել է կրթություն ստանալու եւ աշխատանքի տեղավորման առումով։ Մենք հասկանում ենք, որ անընդհատ չենք կարող պարենային օգնություն տրամադրել մարդկանց, բայց առանց առաջնային խնդիրները լուծելու էլ՝ մարդը չի կարող մտածել նոր կյանք սկսելու մասին։ Չեմ կարող ասել, թե տեղահանված բոլոր արցախցիներին կարողացել ենք օգնել, բայց, կարծում եմ՝ կարողացել ենք ապահովել մեր նախատեսած օգնության ցիկլը։
Առաջիկա տարիների տեսլականը
Առաջիկա տարիները մեզ համար լինելու են ցանցի, ծառայությունների ընդլայնման, սպասարկման որակի բարձրացման եւ մեր ապրանքանշանի հեղինակության առնվազն պահպանման ժամանակահատված։ Բրենդի արժեքի ձեւավորումը տեւում է տարիներ, արժեզրկումը կարող է տեւել ամիսներ, դրա համար պետք է գոնե պահպանման վրա ուշադիր լինենք։ Իսկ պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ թիմը ծախսի անհրաժեշտ էներգիա եւ ընկերությունն ինքն իրենով լինի էներգիա տվող՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Ֆլեշ» ընկերության
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: