Բանկային գլոբալ կանոնների եւ Բազելի կոմիտեի ապագան մասնատվող աշխարհում

10.03.2025 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Անգլիայի բանկի նախկին փոխկառավարիչ, NatWest Group-ի նախագահ Հովարդ Դեյվիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Հովարդ Դեյվիս

Բազելում դեռ ձմեռային ցուրտ եղանակ է: Իսկ BIS Tower-ում՝ Միջազգային հաշվարկների բանկի կենտրոնական գրասենյակում, որտեղ տնտեսագետների եւ կարգավորողների բազմալեզու թիմերը մտահոգվում են ապագայի մասին, մթնոլորտը շատ ավելի ջերմ չէ, քանի որ ՆԱՏՕ-ն մասնատող անդրատլանտյան լարվածությունը սկսում է ազդել նաեւ ֆինանսական աշխարհի վրա:

Նրանք, ովքեր լավ հիշողություն ունեն կամ գոնե որոշ չափով ծանոթ են պատմությանը, գիտեն, որ երբ 1920-ականներին մշակվեց BIS-ի գործարկման ծրագիրը, Միացյալ Նահանգները հրաժարվեցին ներգրավվելուց: Փոխարենը, Ամերիկայի տեղը տաք պահեց Ջեյ Փի Մորգանը:

1944 թվականին Բրետոն Վուդսի կոնֆերանսում ԱՄՆ-ը պնդում էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ստեղծումից հետո BIS-ի կարիքն այլեւս չկա, եւ պաշտոնապես առաջարկեց վերացնել այն: Ջոն Մեյնարդ Քեյնսի անձնական միջամտությունը պահանջվեց ԱՄՆ-ին համոզելու համար, որ արժե BIS-ը պահել որպես բարենպաստ միջավայր կենտրոնական բանկիրների համար: Բայց BIS-ը երբեք ամերիկացի չի ղեկավարել. նրա նոր գլխավոր տնօրեն Պաբլո Էռնանդես դե Կոսը իսպանացի է:

Ջոն Մեյնարդ Քեյնսը

Թեեւ BIS-ին դեռ ոչինչ չի սպառնում, նրա գլխամասային գրասենյակում են կարգավորող մարմինները, ներառյալ Բանկային վերահսկողության հարգարժան Բազելի կոմիտեն եւ Ֆինանսական կայունության խորհուրդը (FSB), ինչպես նաեւ տարբեր խմբեր, որոնք սահմանում են ապահովագրողների միջազգային կանոնակարգերը, ավանդների պաշտպանության սխեմաները եւ աշխարհի ֆինանսական աշխարհի «ֆլորայի եւ ֆաունայի» մեծ մասը:

BIS-ը եւ նրա հետ փոխկապակցված մարմինները այժմ զբաղված են մշակելով Բազել 3.1-ի վերջնական տարբերակը՝ մի շարք կանոնակարգեր այսպես կոչված ոչ բանկային ֆինանսական միջնորդների համար, ինչպիսիք են հեջը եւ մասնավոր բաժնետոմսերը (որոնք կազմում են նոր վարկերի աճող մասնաբաժինը) եւ պայքարում են կրիպտոաշխարհի մարտահրավերների հետ: Զարմանալի չէ, որ նրանց մտահոգում է նաեւ ֆինանսական հատվածի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Սրանք բարդ ոլորտներ են, որտեղ գլոբալ կարգավորիչները, չնայած աշխատում են հնարավորինս համաշխարհային համաձայնագրերի ուղղությամբ, դժվար են կոնսենսուսի հասնում: Թեեւ ֆինանսական կարգավորման մանրամասները դեռեւս տեղ չեն գտել ԱՄՆ նոր վարչակազմի օրակարգում, կարելի է վստահորեն ասել, որ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները Բազելի օղակաձեւ ճանապարհից շատ հեռու են:

Որոշ կասկածներ արդեն ի հայտ են եկել։ Հունվարին ԱՄՆ Դաշնային պահուստը (ԴՊՀ) դուրս եկավ Ֆինանսական համակարգի էկոլոգիական ցանցից՝ կենտրոնական բանկերի մեծ խմբից, որը զբաղվում է ֆինանսական համակարգը կլիմայի փոփոխության ապակայունացնող ազդեցությունից պաշտպանելու եւ այդ հակազդման անցանկալի հետեւանքների խնդրով:

Իսկ մինչ այդ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ նահանգների ճնշումը հանգեցրեց ՄԱԿ-ի եւ Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնիի կողմից ստեղծված տարբեր խմբերի փլուզմանը, ինչպիսին է Net-Zero ապահովագրական դաշինքը:

Բայց դրանք համաշխարհային ֆինանսական շենքի հիմնաքարերը չեն: Ավելի հրատապ խնդիր է Բազելի կոմիտեի ապագան: Բազել 3.1-ի ավարտը (որը հայտնի է նաեւ որպես «Բազելյան վերջնախաղ») քաղաքական ֆուտբոլ դարձավ ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ԴՊՀ-ն առաջարկեց բանկերի պարտադիր կապիտալի մակարդակի զգալի ավելացում: Հանրապետականները կատաղի դեմ էին այդ ծրագրին, իսկ ԴՊՀ-ի գլխավոր առաջամարտիկ, վերահսկողության գծով փոխնախագահ Մայքլ Բարրի հեռանալուց հետո դրա ապագան խիստ անորոշ է:

Եվրամիության եւ Միացյալ Թագավորության կարգավորիչները հետաձգել են իրենց ծրագրած բարեփոխումները, մինչեւ տեսնեն, թե ինչպես է ընթանում բանավեճը ԱՄՆ-ում: Սակայն հուսադրող արդյունքը գնալով ավելի քիչ հավանական է թվում:

Աշխարհը, որտեղ ԱՄՆ բանկերի համար կապիտալի պահանջները զգալիորեն ցածր են, քան նրանց եվրոպական կամ ճապոնական գործընկերներինը, դժվար կլինի կառավարել: Եվ եթե ԴՊՀ-ն հրաժարվի Բազել 3.1-ից, ի՞նչ նպատակի կծառայի Բազելի կոմիտեն: Նրա օրակարգն արդեն իսկ սուղ է։ Արդյո՞ք ԱՄՆ-ն կշարունակի՞ մասնակցել։ ԴՊՀ-ն Ջեյ Փի Մորգանով փոխարինել այս անգամ չի ստացվի, եւ ամեն դեպքում, JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնի տեսակետները Բազելի վերաբերյալ հրապարակման պիտանի չեն:

Ջեյմի Դայմոնը

Նույնը վերաբերում է FSB-ին, որով ԱՄՆ քաղաքական գործիչները երբեք ոգեւորված չեն եղել: ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը, որն ամենեւին Թրամփի թիմից չէ, փորձեց խեղդել այն օրորոցում, եւ դրա ներկայիս օրակարգը հակասում է նոր վարչակազմի առաջնահերթություններին: Օրինակ, FSB-ն ներկայումս կարծիքներ է հավաքում հեջային ֆոնդերի լծակների սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ, ինչը Ֆլորիդայի գոլֆի դաշտերում չափազանց անողջունելի քայլ են համարում:

Կրիպտո արժույթի վերաբերյալ տարաձայնությունները գնալով ավելի տեսանելի են դառնում, հատկապես կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDCs) առումով: Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում է առաջ քաշել թվային եվրո գործարկելու ծրագրերը՝ դա համարելով դրամավարկային ինքնիշխանության խնդիր: Արդյո՞ք ԵՄ-ն պետք է շարունակի հնազանդվել ԱՄՆ արտաքին քաղաքականության քամիներին, հատկապես երբ Ամերիկան արդեն զենք է դարձրել դոլարի վրա հիմնված համաշխարհային վճարային համակարգը եւ կարող է դա կրկին անել:

Այս հարցը հատկապես տեղին է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ քաղաքականություն մշակողներին չեն ոգեւորում CBDC-ները: Թրամփը բացահայտորեն արգելել է ԴՊՀ-ին զբաղվել թվային դոլարով՝ պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի մասնավոր հատվածի սթեյբլքոիններին եւ մեմքոիններին: Համաշխարհային կարգավորիչները, իրենց հերթին, շարունակում են գլուխները քորել թվային եվրոյի երկարաժամկետ հետեւանքների մասին՝ առնաց ամերիկյան համարժեքի:

BIS-ը Բազելում է հիմնականում այն պատճառով, որ մեկ դար առաջ Եվրոպայի երկաթուղային համակարգում նրա դիրքը հարմար էր կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման համար: Այսօր, սակայն, ոչ թե երկաթուղային գծերը, այլ քաղաքական խզվածքներն են հատում Բազելը՝ սպառնալով ապակայունացնել համաշխարհային ֆինանսական կառուցվածքը: Կարո՞ղ է Բազելի աշտարակը գոյատեւել, թե՞ կվերածվի ժամանակակից Բաբելոնյան աշտարակի՝ բազմաթիվ լեզուների վայր, որտեղ այլեւս մտքեր չեն փոխանակվում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 3101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW