Ներկայացնում ենք Անգլիայի բանկի նախկին փոխկառավարիչ, NatWest Group-ի նախագահ Հովարդ Դեյվիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Հովարդ ԴեյվիսԱրդյո՞ք Բազել 3.1-ի (Միացյալ Նահանգներում այն հայտնի է որպես «Բազելի վերջնախաղ») վերջը եկել է: Արդյո՞ք պետք է հրաժեշտ տանք Բազելի կոմիտեին և բանկային վերահսկողության համաշխարհային համաձայնագրերի գաղափարին, որոնք նվազագույն կապիտալի պահանջներ են սահմանում: Տեղեկացված մարդիկ այդպես են կարծում։ Կոմիտեի առաջարկությունների վրա արդեն վաղուց բոլոր կողմերից հարձակվել են, հատկապես Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափերից: 2023 թվականին, քաջալերված (կամ գուցե խայթված) Silicon Valley Bank-ի և մի քանի այլ միջին չափի հաստատությունների ձախողումներից, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կոշտ մոտեցում առաջարկեց, որի արդյունքում ամերիկյան բանկերի կապիտալի պահանջները կբարձրանային միջինում 19%-ով: Սակայն ֆինանսական արդյունաբերության դիմադրությունը՝ JPMorgan-ի Ջեյմի Դայմոնի գլխավորությամբ, կատաղի էր․ ամերիկյան ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ընդմիջման գովազդը զգուշացնում էր ամերիկացիներին, որ փոքր ընկերությունները և միջին դասի տնային տնտեսությունները թանկ կվճարեն նման քաղաքականության համար:ԴՊՀ-ն նահանջեց, վերանայեց իր դիրքորոշումը և մշակեց նոր առաջարկներ, որոնք երկու անգամ պակաս ազդեցություն կունենային: Բայց այս մեղմ միջոցառումները նույնպես կասկածի տակ են։ Նույնիսկ նախքան պարզ դարձավ, որ Դոնալդ Թրամփի մոտալուտ վերադարձը Սպիտակ տուն կարող է հանգեցնել կադրային փոփոխությունների, Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան հասկացրեց, որ այդ միջոցառումներին չի աջակցելու:Մինչդեռ նրանք, ովքեր դեմ են ցանկացած արտաքին ազդեցությանը, որը կսահմանափակի ԱՄՆ ֆինանսական համակարգը, քաջալերվել են: Սթիվ Ֆորբսը (համանուն ամսագրից) պնդում է, որ «Թրամփի ֆինանսների նախարարության առաջին խնդիրներից մեկը պետք է լինի Բազելի բանկային կանոնակարգերի ռեժիմից հրաժարվելը»: Իսկ Ջին Լյուդվիգը՝ արժույթի նախկին վերահսկիչը, ենթադրել է, որ «Բազելի վերջնախաղի կանոնը արդեն լրիվ մեռած է»։Եվրոպայում էլ ավելի բարյացակամ չեն կանոններ ստեղծողների նկատմամբ: Բախվելով ամերիկյան այս հետընթացին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրահանձնաժողովին ասել է, որ Բազել 3.1-ի իրագործման ծրագրերը պետք է վերանայել. «[ԵՄ-ն] չի կարող լինել աշխարհում միակ տնտեսական տարածքը, որը կիրառում է [այն]»: Քանի որ եվրոպական բանկերը զիջում են Եվրոպայում շուկայի մասնաբաժինը ամերիկացիներին, այս հարցը քաղաքականապես զգայուն է դարձել:Նույնիսկ Անգլիայի բանկն է ճնշման տակ: Այն առանցքային դեր է խաղացել Բազելի կոմիտեի ստեղծման մեջ դեռ 1980-ականներին և սովորաբար հավատարիմ է այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն Մեծ Բրիտանիայի գանձապետարանի նոր կանցլերը պնդում է, որ կարգավորիչները պետք է ավելին անեն մրցունակությունն ու աճը խթանելու համար: Բանկային կապիտալի հետագա աճը, հատկապես փոքր բիզնեսի վարկավորման համար, դժվար է համապատասխանեցնել այդ նպատակին:Բազելի կոմիտեի նոր նախագահին՝ Շվեդիայի կենտրոնական բանկի Էրիկ Թեդենին ծանր աշխատանք է սպասում: Կարո՞ղ է նա շարունակել իր գործը: Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակում այս փաստերի շուրջ գրեթե համաձայնություն չկա: Կարելի էր ենթադրել, որ պարզ հարցը, թե արդյոք ԱՄՆ բանկերը նույնքան լավ կապիտալացված կլինեն, որքան ԵՄ բանկերը Բազել 3.1-ի ներդրումից հետո, հստակ պատասխան ունի: Բայց դա ամենևին այդպես չէ։Ամերիկյան բանկերը կարծում են, որ ԴՊՀ-ի առաջարկներն իրենց մրցակցային անբարենպաստ վիճակում կդնեն, իսկ Մակրոնը հակառակ կարծիքի է։ Եվրոպական բանկերը պարբերաբար նշում են Օլիվեր Վայմանի 2023 թվականի զեկույցը, որը ցույց է տալիս, որ ԵՄ խոշոր բանկերում ընդհանուր կապիտալի 1-ին մակարդակի գործակիցը (բանկերի կապիտալիզացիայի հիմնական համեմատելի չափանիշը) ավելի քան երեք տոկոսային կետով բարձր է, քան ԱՄՆ բանկերինը: Հովարդ Դեյվիսը Բայց սյուժեն բարդանում է։ Financial Times-ը գրում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունը եկել է հակառակ եզրակացության. «ԵՄ խոշոր վարկատուների համար կապիտալի պահանջները կբարձրանային երկնիշ տոկոսով, եթե նրանք օգտագործեին նույն կանոնը, ինչ Ուոլ Սթրիթի իրենց խոշոր մրցակիցները»: Ի ցավ ճշմարտությունը փնտրողների՝ ԵԿԲ-ն դեռ չի որոշել՝ հրապարակել այս փաստաթուղթը, թե ոչ, և այն մնում է Ֆրանկֆուրտում փակի տակ: Իրավիճակի քաղաքական անհարմարությունն ակնհայտ է։Զարմանալի է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից անմիջապես հետո սկսված գործընթացը այսքան ուշ փուլում փակուղի է մտել: Բազել III-ի հիմնական դրույթներն առաջին անգամ հրապարակվել են 2010-ի նոյեմբերին՝ շատ արագ աշխատանքային ծրագրից հետո, և վերջին խմբագրումը ներկայացվել է որպես զուտ «կարգավորող» միջոցառում: Բայց այն ավելի վիճելի է, քան հիմնական համաձայնությունը:Խնդիրի մի մասն այն է, որ բարեփոխումների քաղաքական ազդակը թուլացել է: Շարժիչ ուժը G20-ն էր, որը կարգավորող մարմիններին ստիպեց արագ շարժվել և կտրուկ փոխել իրավիճակը ճգնաժամից հետո: Բայց Բազելի մասին շատ քիչ խոսվեց այս ամիս Բրազիլիայում կայացած գագաթնաժողովում: Ըստ ամենայնի, համարվել է, որ ֆինանսական ճգնաժամը պատմության գիրկն է անցել։Սա ցավալի է, և կարգավորիչներն անկասկած կասեն, որ Բազելի մահվան մասին լուրերը չափազանցված են: Բայց եթե հիվանդին շտապ ուշադրություն չդարձնեն, նա կվախճանվի: Վաղ թե ուշ այն երկրները, որոնք արդեն իրագործել են նոր կանոնները (օրինակ Ավստրալիան և Սինգապուրը) կսկսեն ըմբոստանալ, և գործընթացը ամբողջությամբ կտապալվի:Ամեն դեպքում, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան հարկադրված կլինեն ձմռանը դադար վերցնել: ԱՄՆ-ն կունենա ֆինանսների նոր նախարար՝ Սքոթ Բեսենթ, իսկ ԵՄ-ը՝ ֆինանսական շուկաների նոր հանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկ: Երկուսն էլ պետք է հարմարվեն նոր պաշտոններին: Բայց պետք է նաև շուտով հանդիպեն: Խաղադրույքները մեծ են, իսկ իրավիճակն ավելի շատ նման է Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսին, քան «Վերջնախաղ»-ին: Ավելի լավ է՝ Գոդոն շուտ հայտնվի: Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 3088