Ներկայացնում ենք Բերքլիի համալսարանի տնտեսագիտության եւ քաղաքագիտության պրոֆեսոր Բարրի Էյխենգրինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Բարրի ԷյխենգրինԱնցյալ ամիս Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած BRICS-ի գագաթնաժողովը, ինչպես բոլոր գագաթնաժողովները, լուսանկարվելու բազմաթիվ հնարավորություններ ընձեռեց: Երկրորդ գործողությունը նույնպես ավելի շատ խորհրդանշական էր, քան բովանդակալից. Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը եւ կենտրոնական բանկը հրապարակեցին զեկույց «միջազգային արժութային եւ ֆինանսական համակարգի բարելավման մասին», որով ռուս պաշտոնյաներն ակնհայտորեն նկատի ունեին «գտնել այլընտրանք զենք դարձած դոլարին»։Դժգոհությունը համաշխարհային ֆինանսներում դոլարի գերակայությունից սկսվել էր առնվազը 1965 թվականին՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Վալերի Ժիսկար դ’Էստենի օրոք, որը, ինչպես հայտնի է, բողոքում էր դոլարի «չափազանց մեծ արտոնությունից»։ Եվ իրոք, այլընտրանքի ցանկությունը բավականին մեծ դեր խաղաց 34 տարի անց եվրոյի ստեղծման գործում:Այստեղ է BRICS-ի (հիմնադիր անդամներ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) գլխավոր խնդիրը: Եվրոյի ստեղծումը 34 տարի տեւեց։ Այն կառուցվեց կես դար տեւած այլ գործողությունների հիման վրա, որոնք խորացրին եվրոպական ինտեգրումը եւ ստեղծեցին ընդհանուր քաղաքական ինստիտուտներ: Իսկ եվրոն, ամեն դեպքում, դոլարին մարտահրավեր նետելու կամ նույնիսկ համաշխարհային գերակայությունը համեստորեն խաթարելու նշաններ ցույց չի տվել: Զարգացող շուկաներում քաղաքականություն մշակողները դոլարի փոխարինողների երկար ցուցակ են առաջարկել: Դրանցից ոչ մեկը արդյունք չտվեց։ 2009 թվականին Չինաստանի Ժողովրդական բանկի կառավարիչ Չժոու Սյաոչուանն առաջարկեց դոլարային պահուստները փոխարինել Արժույթի միջազգային հիմնադրամի Փոխառության հատուկ իրավունքներով: Շատ արագ պարզվեց, որ ոչ ոք առանձնապես շահագրգռված չէ կամայական արժութային զամբյուղի հետ կապված արհեստական ակտիվներ պահել, առավել եւս՝ օգտագործել: Լուսանկարը՝ Kremlin.ru Չինացի պաշտոնյաները սկսեցին խթանել յուանի օգտագործումը միջազգային վճարումներում: Չինական ընկերություններն այժմ իրենց միջսահմանային գործարքների մեծ մասը կատարում են յուանով: Այնուամենայնիվ, համաշխարհային մասշտաբով յուանին բաժին է ընկնում առեւտրային հաշվարկների 6%-ից պակասը, իսկ Չինաստանի կողմից կապիտալի վերահսկողությունը եւ կառավարման խնդիրները սահմանափակում են արժույթի օգտակարությունը ֆինանսական գործարքների համար: Չնայած Միջսահմանային միջբանկային վճարումների համակարգ ստեղծելուն՝ չինական բանկերը ըստ արժեքի կատարում են ամենօրյա գործարքների քլիրինգի հազիվ 3%-ը, եթե համեմատենք ԱՄՆ-ում գործող քլիրինգային տների հետ:Այնուհետեւ առաջարկվեց BRICS-ի արժույթ, որը ներկայացնելու էր BRICS երկրների արժույթների միջին թվաբանականը կամ գուցե ապահովված էր լինելու ոսկով կամ այլ ապրանքներով: Բայց BRICS-ի արժութային զամբյուղը հարմար չէր անդամ երկրների արտահանողների համար: Չունենալով համարժեք եվրոն կառավարող Եվրոպական կենտրոնական բանկին կամ Եվրախորհրդարանին, որին հաշվետու է ԵԿԲ-ն, հիմնարար հարցերը, օրինակ, թե ով կկառավարի այդ արժույթը, մնացին անպատասխան:Ոսկով ապահովված արժույթը ակնհայտորեն գրավիչ կլինի ոսկու խոշոր արտադրողների համար, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Հարավային Աֆրիկան: Բայց վճարումները թանկ կլինեն, քանի որ դրանք կներառեն ոսկու իրական առաքում: Եթե «ոսկով ապահովված» նշանակում է ոսկու փոխարկելի շուկայական գնով, ապա միավորը կայուն չի լինի: Եթե դա նշանակում է փոխարկելի ֆիքսված գնով, ապա դա հավասարազոր է ոսկու ստանդարտի «զսպաշապիկին»: Լուսանկարը՝ Kremlin.ru Հետագայում եղել են տեղական արժույթի քննարկումներ, որոնցով զբաղվել են Ռուսաստանն ու Հնդկաստանը 2023-ի մեծ մասը: Բայց այդ գաղափարը կաշխատեր միայն այն դեպքում, եթե երկկողմ առեւտուրը կատարյալ հավասարակշռված լիներ, եւ ոչ մի երկիր մյուսի արժույթը կուտակելու ախորժակ չունենար: Բազմակողմ առեւտրի օգուտները կվերանային։ Կանխատեսելի էր, որ Ռուսաստան-Հնդկաստան այս բանակցությունները ոչ մի տեղ չհանգեցրին՝ բացի Կազանից:BRICS-ի գագաթնաժողովին ներկայացված ռուսական զեկույցում առաջարկվել է ստեղծել միջսահմանային վճարումների միասնական հարթակ՝ օգտագործելով BRICS-ի կենտրոնական բանկերի թվային արժույթները: Այդպիսով հնարավոր է խուսափել դոլարի, ԱՄՆ բանկային համակարգի եւ SWIFT միջբանկային վճարումների ծառայությունները: Միջազգային հաշվարկների բանկը օգնել է մշակել այդպիսի հարթակ, որը հայտնի է որպես Project mBridge, հինգ կենտրոնական բանկերի մասնակցությամբ, ներառյալ Չինաստանի Ժողովրդական բանկը, որը, ինչպես նշվում է, տիրապետում է տեխնիկական մանրամասներին եւ նախագծել է դրանցից շատերը: Եթե միանան այլ զարգացող շուկաներ, դա կապահովի սեփական արժույթով հաշվարկներ՝ պահպանելով որոշակի բազմակողմանիություն: Մասնակիցները հիմա կկարողանան ուրախությամբ պահել միմյանց արժույթները, քանի որ դրանք դաշինքի ներսում օգտագործելի կլինեն ցածր գնով: Լուսանկարը՝ Kremlin.ru Բայց եթե տեխնոլոգիական խնդիրը լուծվել է, մնում է կառավարման խնդիրը։ Մասնակիցները պետք է պայմանավորվեն, թե ում լիցենզավորեն որպես հարթակի արտարժույթի դիլեր, կամ փոխարժեքի վերաբերյալ, որով պետք է իրականացնեն առեւտուրը ալգորիթմով: Նրանք պետք է համաձայնության գան, թե ով է պատասխանատու իրացվելիության ապահովման համար եւ ինչ պայմաններով։ Պետք է պայմանավորվեն վեճերի կարգավորման մեխանիզմի շուրջ։ Պետք է համաձայնության գան գաղտնիության եւ տվյալների պաշտպանության մասին օրենքների ու գործելակերպի, ինչպես նաեւ կիբեր սպառնալիքներից պաշտպանվելու մասին: Պետք է համաձայնության գան փողերի լվացման դեմ պայքարի կանոնների կիրառման շուրջ։ Պետք է պայմանավորվեն, թե ժամանակի ընթացքում որ կենտրոնական բանկերը կարող են միանալ: Պետք է պայմանավորվեն սեփականության եւ ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի մասին, ինչպես SWIFT-ում:Կազանի հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները պարզապես «ճանաչեցին» BRICS-ի դերը միջազգային արժութային ու ֆինանսական համակարգի բարելավման գործում եւ «ի գիտություն ընդունեցին» ռուսական զեկույցը: Ոչ մեկին չպետք է զարմացնի, որ ավելին անել չհաջողվեց։Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1522