Առաջնային հրապարակային առաջարկը՝ IPO-ն, գործընթաց է, որով ընկերությունն առաջին անգամ առաջարկում է իր բաժնետոմսերը հանրությանը: Այսպիսով ներգրավում է ներդրումների հոսք, բարձրացնում սեփական վստահելիությունն ու գրավչությունն այլ ներդրողների համար: Գործընթացը դրական է նաեւ բաժնետոմսերի գնորդների համար, քանի որ նրանք կարող են դրանցից եկամուտ ստանալ մի քանի տարբերակով: Banks.am-ի հետ զրույցում «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանը պատմել է գործընթացի առանձնահատկությունների մասին եւ բացատրել՝ ինչպես են «աշխատում» բաժնետոմսերը: Երեք F-երից ու «հրեշտակ» ներդրողներից՝ IPO IPO-ն գործընթաց է, որով կատարվում է այս կամ այն ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում: Գործունեության տարբեր փուլերում ընկերությունները նոր ներդրումների ներգրավման կարիք են ունենում: Սա կենսական է հետագա աճի, զարգացման համար: Հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխումը ներդրումներ ներգրավելու տարբերակներից մեկն է, որը, սակայն, պահանջում է հասունություն: Արաքսյա Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կյանքի ընթացքում ընկերությունները ներդրում ներգրավելու մի քանի փուլ են անցնում: Ամեն ինչ սկսվում է, այսպես կոչված, երեք F-երի սկզբունքից (family, friends, fools), երբ հիմնական ներդրումները կատարում են ընտանիքի անդամները, ընկերներն ու հիմարները (ժպտում է-հեղ.): Մյուս փուլում ի հայտ են գալիս արդեն «հրեշտակ» ներդրողները: Մարդիկ, որոնք հավատում են գաղափարին եւ փորձում աջակցել: Հաջորդ փուլը ենթադրում է պարտքային գործիքների ներգրավում, որոնք կարող են լինել թե՛ պարտատոմսերի, թե՛ վարկային ռեսուրսների տեսքով: Եվ, իհարկե, միջոցների ներգրավման ամենից դասական եւ «ճիշտ» տարբերակը հենց IPO-ն է, երբ հրապարակային առաջարկի միջոցով հանրության լայն հատվածներ կարողանում են կատարել ներդրում եւ գնել բաժնետոմսեր: Հիմա, օրինակ, այդ փուլում է Telcell ընկերությունը: Ինչպես նշեցի՝ այստեղ հասնելու համար ընկերությունը պետք է լինի պատրաստված, ունենա կորպորատիվ կառավարման մշակույթ, պատրաստ լինի կատարել նոր ծախսեր՝ խորհրդատվական, իրավաբանական աջակցության ու ամբողջ գործընթացը կազմակերպելու համար: Ինչն ամենակարեւորն է՝ ընկերությունը պետք է լինի բաց եւ թափանցիկ: «Արժեթղթի անձնագիրն» ու բուն գործընթացըԱռաջնային հրապարակային առաջարկի (IPO) գործընթաց սկսելու համար ընկերությունն առաջին հերթին կազմում է մեծ փաստաթուղթ, որը ես անվանում եմ «արժեթղթի անձնագիր»: Սա համապարփակ փաստաթուղթ է, որում ներառված է տեղեկատվություն ընկերության ֆինանսական ցուցանիշների, անցած ճանապարհի, ապագա նախագծերի վերաբերյալ: Հաջորդ քայլով կատարվում է վերլուծություն եւ գնահատում, թե ինչ արժեքով է հնարավոր վաճառել բաժնետոմսերը: Հաջորդիվ արդեն տեղաբաշխման բուն՝ վաճառքի գործընթացն է: Այստեղ շատ կարեւոր օրենսդրական պահանջ է մասնագիտացված տեղաբաշխող ունենալը, որի դերում կարող են լինել միայն ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ընկերություններն, ի դեմս բանկերի կամ ներդրումային ընկերությունների: Վաճառքի ավարտից հետո արդյունքները հաստատվում են եւ ներկայացվում բորսա՝ ցուցակման, որպեսզի հնարավոր լինի ապահովել բաժնետոմսերի հետագա իրացվելիությունը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներդրում կատարող անձը մի քանի գործոն է հաշվի առնում՝ շահաբաժինների ակնկալվող չափը (թե ընկերությունը շահույթի ինչ տոկոսն է պատրաստ բաշխել բաժնետերերին) եւ կապիտալի կանխատեսվող հավելաճը (ժամանակի ընթացքում որքանով կբարձրանա ընկերության արժեքը): IPO-ի առավելություններն ընկերությունների համարIPO-ի գործընթացն ընկերություններին տալիս է մի շարք առավելություններ: Դրանցից մեկն, օրինակ, թափանցիկությունն է եւ ընկերության վստահելիության աճը: Օրինակ՝ Telcell-ի դեպքում բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացում հիմնական թիրախ են ընկերության հաճախորդները: Դառնալով բաժնետեր՝ նրանք առավել լավ կկարողանան վերահսկել այն ընկերությունը, որի հաճախորդն են:Բաժնետերերը ստանում են ընկերության ժողովներին մասնակցելու, քվեարկելու, որոշումների կայացման վրա ազդելու իրավունք: Ամբողջ աշխարհում առաջատար ընկերությունները հասկացել են՝ կոլեգիալ որոշումներն առավել արդյունավետ են: Միանշանակ, բարձրանում է նաեւ ընկերության ներդրումային գրավչությունը: Տեղի է ունենում նաեւ կապիտալի հավելաճ, քանի որ բաժնետոմսերի աճի արդյունքում ընկերությունը վերագնահատվում է: Այս ամենը դրական է ազդում ոչ միայն ընկերության, այլեւ՝ ընդհանուր ոլորտի ու տնտեսության վրա: IPO-ի գործընթացը ներդրողների տեսանկյունից Շատ կարեւոր է աշխատել հանրության ֆինանսական գրագիտության ու տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Սա պետք է անել IPO գործընթացին զուգահեռ: Եթե քննարկենք Telcell ընկերության օրինակը, ապա բաժնետոմսի համար սահմանվել է 400 դրամ արժեքը: Կա բաժնետոմսեր գնելու նվազագույն շեմ՝ 10 բաժնետոմս: Այսինքն, յուրաքանչյուր անձ կարող է ներդրում կատարել 4000 դրամից սկսած: Այլ հարց է՝ ինչու կամ ինչպես մարդիկ պետք է դա անեն: «Ինչու»-ի պատասխանը հենց ֆինանսական գրագիտությունն է: Պետք է ձեւավորվի գիտակցություն, որ անկախ եկամտից՝ կարեւոր է խնայել դրա թեկուզ փոքր մասն ու ներդրումներ կատարել: Սա կապիտալի հետագա աճի հնարավորություն է: Այսօր Telcell Wallet-ի միջոցով ՀՀ քաղաքացի ու ընկերության հաճախորդ բոլոր ֆիզիկական անձիք կարող են բաժնետոմսեր ձեռք բերել ընդամենը մի քանի քայլով: Բաժնետոմս գնելու հայտը դիտարկվում է նախ Telcell-ի ներքին դիտարկումների մարմնի կողմից, այնուհետեւ՝ փոխանցվում մեր ընկերությանը՝փողի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ընթացակարգերի պահանջներին համապատասխանության նպատակով: Եթե խնդիրներ չեն նկատվում, տեղաբաշխումը գրանցվում է եւ անձը Telcell Wallet-ում տեսնում է իր արժեթղթերի մնացորդը: Այստեղ պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի թիմին՝ գործընթացը պարզեցնելու եւ ավտոմատացնելոսւ հնարավորություն տալու համար: Արաքսյա Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Իհարկե, գործում է նաեւ տեղաբաշխող ընկերության գրասենյակից բաժնետոմսեր գնելու տարբերակը: Այստեղ բաժնետոմսերը հասանելի են նաեւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց եւ ինստիտուցիոնալ ներդրողներին: Ինչպե՞ս են «աշխատում» բաժնետոմսերըԲաժնետոմսերի դեպքում եկամուտ ստանալու երկու տարբերակ կա: Առաջինը՝ շահութաբաժնի բաշխումն է, երբ ընկերությունը որոշում է ստացված շահույթի մի մասը բաշխել բաժնետերերին՝ ըստ բաժնետոմսերի քանակի: Մյուս տարբերակը, կապիտալի հավելաճն է. արդյունավետ գործունեության արդյունքում բարձրանում է ընկերության գինը, հետեւաբար՝ աճում է նաեւ բաժնետոմսերի արժեքը: Ռիսկերը Բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման դեպքում կա օրենսդրական պահանջ, ըստ որի բաշխումը պետք է կատարել իսկապես հանրության լայն շրջանակի համար հավասար իրավունքներով: Միեւնույն ժամանակ, ինչպես նշեցի, բաժնետոմսի ցանկացած գնումը հաստատումից առաջ դիտարկվում է ընկերության (սա վերաբերում է միայն Telcell Wallet-ի միջոցով գնվող բաժնետոմսերին, այլ դեպքերում թողարկողը գործընթացին չի մասնակցում) եւ տեղաբաշխողի կողմից: Այդ դիտարկումներն կատարվում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի եւ գումարի ծագման աղբյուրի ու արժեթղթերի հաշիվ բացելու շրջանակում: IPO գործընթացը Հայաստանում եւ աշխարհումՀայաստանյան շուկայում IPO-ի առաջին գործընթացը տեղի է ունեցել դեռ 2008թ.-ին: Այդ ժամանակ էներգետիկ անկախության նպատակով տեղի ունեցավ Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի տեղաբաշխում: Հիշում եմ՝ շատերը բաժնետոմսեր էին գնում իրենց երեխաների անունով, ինչը շատ սիմվոլիկ էր: Հետագայում այդ երեխաները հնարավորություն կունենային օգտվել այդ ներդրումներից: Այսօր արդեն շուկայի մի քանի խոշոր ընկերություն անցել է այս գործընթացով: Իհարկե, համաշխարհայինի համեմատ Հայաստանի ցուցանիշներն այս առումով շատ փոքր են, ինչն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ. 90-ականներին տեղի ունեցած անհաջող մասնավորեցման գործընթաց, կորպորատիվ կառավարման բացակայություն, ֆինանսական գրագիտություն եւ այլն: Այսինքն, մեզ պետք էր նախ սերնդափոխություն, ապա նաեւ ընկերությունների հասունացում՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ կայունության եւ ցուցանիշների առումով: Կարող եմ ասել՝ այսօր դրական ազդակներ կան նաեւ պետության կողմից: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2704