Հայաստանի ցանկացած քաղաքացի եւ օտարերկրյա ներդրող, որը կբավարարի համապատասխան պահանջները, կարող է դառնալ Telcell վճարահաշվարկային ընկերության բաժնետեր։ Մեկ բաժնետոմսի արժեքը 400 դրամ է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ձեռք բերել նվազագույնը 10, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմս։ Հրապարակային առաջարկի մասին այսօր հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ «Այսօրվանից սկսած մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 30-ը հնարավոր է ձեռք բերել Telcell-ի բաժնետոմս եւ մեզ հետ կիսել ապագայի անելիքներն ու հաջողությունները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընդհանուր առմամբ, թողարկում ենք 3 850 000 քանակությամբ բաժնետոմս, որոնց ընդհանուր ծավալը դրամային համարժեքով կազմում է 1,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի։ Մեր բաժնետոմսերի գլխավոր առավելությունն այն պարտավորությունն է, որ մենք ստանձնել ենք. գրանցված տարեկան շահույթի առնվազն 50%-ը տեղաբաշխելու ենք որպես դիվիդենտ։ Բացի այդ, տարեցտարի մեր բաժնետոմսերն ունենալու են հավելաճ, քանի որ մինչ օրս մեր բիզնեսը բավական դինամիկ զարգացում է ապրում։ Բաժնետոմսերը բաժնետերերի համար հնարավորություն են ընձեռելու ապագայում մեր ծառայություններից օգտվել որոշակի արտոնություններով»,- ասել է նա։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Telcell ընկերության բաժնետեր կարելի է դառնալ Telcell Wallet հավելվածի միջոցով, որտեղ 1-2 օրվա ընթացքում կլինի համապատասխան լուծում։ Հավելվածի միջոցով քաղաքացին կներկայացնի հայտ եւ հաստատում ստանալուց հետո կդառնա պոտենցիալ բաժնետեր։Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը եւ բաժնետեր կարելի է դառնալ նաեւ այս ընկերության գրասենյակում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Իրապես ոգեւորված ենք տեսնել, որ հայկական ընկերությունները սկսել են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայաստանում ներդրումային շուկայի կայացմանը։ Վստահ ենք, որ Telcell-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն հաջող ընթացք է ունենալու, այլեւ նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական, տեխնոլոգիական ոլորտները ներկայացնող եւ նորարարական փորձ ունեցող ընկերությունն է դուրս գալիս արժեթղթերի շուկա»,- ասել է «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։Նա նկատել է, որ գնման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, բայց հնարավոր է բաժնետոմսերն ավելի շուտ սպառվեն։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սա գրավիչ ներդրումային հնարավորություն է նրանց համար, ովքեր ուզում են ներդրումներ իրականացնել եւ այլընտրանք են փնտրում ավանդներին եւ ներդրումային գործիքներին։ Telcell-ը վերջին տարիների ընթացքում ապահովել է բարձր արդյունավետություն, բարձր շահութաբերության, կայուն ֆինանսական աճ: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ ընկերությունն ունի զարգանալու մեծ ներուժ, որն էլ կփոխանցվի ապագա բաժնետերերին, եւ նրանք մաս կկազմեն այդ հաջողությանը»,- ասել է «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենը։ Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն ասել է՝ ներդրողների համար կարեւոր հատկանիշ է թափանցիկությունը, մինչ այս էլ ընկերությունը թափանցիկ էր, սակայն բաց բաժնետիրական ընկերություն դառնալով եւ թողարկելով բաժնետոմսեր՝ էլ ավելի թափանցիկ է լինելու։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Պատահական չէ, որ բաժնետոմսերի համար մատչելի գին ենք սահմանել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, որ օգտվում է մեր ծառայությունից, հասկանա՝ օգտվում է իր ընկերության ծառայություններից։ Մենք հասկանում ենք, որ բաժնետոմսերի գնման մշակույթը մեր երկրում դեռեւս լայն տարածում չունի, բայց մեր հավատալիքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր տնտեսական վիճակից, իրական հնարավորություն ունենա գնել կամ իր առաջին քայլերը անել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընկերությունում բաժնետոմս գնելու միջոցով»,- ասել է Լիանա Հունանյանը։Telcell-ի ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանն էլ նշել է, որ ընկերության շրջանառությունը վերջին 7 տարվա ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28% աճ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ցանկացած ներդրող ներդրում կատարելուց առաջ ուսումնասիրում է ընկերության ֆինանսական ցուցանիշները, իսկ Telcell-ը հպարտ է իր ցուցանիշներով», - ասել է Թամարա Սարգսյանը: Այս տարի ընկերությունը կանխատեսում է ունենալ 2,2 միլիարդ դրամի շահույթ կամ 20% աճ՝ 2023 թվականի հետ համեմատ։ «Այս կանխատեսումից եւ մեր դիվիդենտային քաղաքականությունից ելնելով՝ Telcell-ը պատրաստվում է բաշխել իր ստացած շահույթի 50%-ը: Կարող ենք վստահ ասել, որ 7 ամսվա ընթացքում կունենաք ոչ պակաս, քան 7,5% եկամտաբերությամբ բաժնետոմսեր, իսկ հաջորդ տարիներին այդ ցուցանիշը կհասնի եւ կգերազանցի 10%-ը»,- ասել է Թամարա Սարգսյանը։ Անի ԽչոյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 3382