Տիգրան Մնացականյան․ «Pullman Living and Residences Yerevan»-ը նոր ձեւաչափ է Հայաստանում

02.08.2024 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նոր կոնցեպտ ու ապրելակերպի նոր հնարավորություններ, ներդրումային նոր խոշոր նախագիծ՝ հայկական «Տեխնոտուն» ընկերությունից։ «Տեխնոտունը» Երեւանում՝ Նորքի Այգիներ 180 հասցեում, կառուցելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր, որը բրենդավորվելու է Ֆրանսիական խոշոր խմբերից Accor-ի Pullman պրեմիում բրենդով եւ կոչվելու է Pullman Living and Residences Yerevan։

Համալիրի ստեղծման գաղափարի ու առանձնահատկությունների, Pullman բրենդի ընտրության եւ այլ մանրամասների մասին զրուցել ենք «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանի հետ։

Չկրկնվող նախագիծ Երեւանում. Համալիրի ստեղծման հիմքում հստակ առաջադրանքներ էին դրվել

Մեր գործունեության հիմքում միշտ եղել են միայն բարձր չափանիշները, որակն ու նորարարությունը։ Հենց այս սկզբունքով էլ մեր առաջին նախագիծն ենք իրականացրել՝ Աղբյուր Սերոբ 50 հասցեում գտնվող «Տեխնոտուն» բնակելի շենքը։ Այն Երեւանում կառուցված նմանատիպ մյուս շենքերից տարբերվում է իր հնարավորություններով, նորարարական տեխնիկական լուծումներով եւ ինժեներական նախագծով՝ ինչպես եւ հուշում է անվանումը։

Երբ նախագիծն արդեն ավարտին էր մոտենում, մեր թիմի հետ միասին քննարկում էինք, թե ինչպիսինն է լինելու հաջորդը։ Արժեքավոր ու կարեւոր բան ստեղծելը մեզ համար մշտապես եղել է առաջնային։ Ես ինքս, ունենալով երկարամյա ղեկավարման փորձ, եւ՛ իմ, եւ՛ մեր թիմի առջեւ նպատակ էի դրել, որ նոր նախագիծը պետք է լինի տարբերվող, յուրահատուկ, ինչու ոչ, նաեւ աննախադեպ Երեւանի ու Հայաստանի համար։ Նախագծի հետ կապված որոշակի պատկերացումներ արդեն կային, սակայն երբ առաջին անգամ այցելեցինք տարածք, մեզ մոտ ավելի հստակ ուրվագծվեցին հետագա անելիքները։

Եվ վստահ կարող եմ ասել, որ վայրն ամբողջությամբ համապատասխանում է մեր նոր նախագծի կոնցեպտին։ Իսկ վայրը թելադրեց ու հաստատեց մեր այն գաղափարը, որ պետք է ստեղծենք նախագիծ, որն առանձնանալու ու տարբերվելու է։

1/2

2/2


Համալիրը նախագծել է The Esqiz ճարտարապետական արվեստանոցը, որը կիսեց մեր ցանկություններն ու գաղափարները, եւ համատեղ աշխատանքի արդյունքում ստացանք մի նախագիծ, որը, վստահաբար, արժանի է մեր մայրաքաղաք Երեւանին։

Միջազգային բրենդավորում՝ պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցման, Հայաստանում ապրելակերպի նոր մշակույթի ձեւավորման համար  

Վերջին տարիներից սկսած Հայաստանում կառուցապատման մասշտաբները բավականին մեծ են, բայց պետք է ընդունել նաեւ, որ կան սեգմենտներ, որոնց բացը լրացնող համապատասխան նախագծերն այդքան էլ շատ չեն։ Այդ բացը լրացնելու համար պետք են հավելյալ ռեսուրսներ, հատուկ տեսլական ու հնարավորություններ, նաեւ միջազգային փորձ ու ներգրավվածություն։

Համալիրի նախագծման փուլում բավականին երկար հետազոտություններ ենք իրականացրել, ուսումնասիրել ենք միջազգային շուկան, լավագույն փորձը, նաեւ տեղական շուկայի խորքային ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում դուրս ենք բերել առկա բացերն ու պահանջները։ Ի վերջո, մեզ համար պարզ դարձավ, որ այն որակն ու չափանիշները, որ ցանկանում ենք ապահովել Հայաստանում, հնարավոր է միջազգային առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ, իրենց հաջողված փորձն այստեղ տեղայնացնելով։ Հայաստանում միջազգային ստանդարտներ բերելու մեր նպատակը հնարավոր կլիներ նման ձեւաչափով համագործակցության շնորհիվ։

2024 թվականի հունվարին մեր թիմը՝ «Տեխնոտուն» ընկերության հիմնադրի գլխավորությամբ, մեկնեց Վիեննա՝ մասնակցելու ոլորտային ցուցահանդեսի եւ ընկերությունների հետ բանակցություններ վարելու։ Առանձնացրել ու դիտարկել էինք երեք խոշոր ընկերություններ. ի վերջո, որոշեցինք համագործակցել ֆրանսիական Accor խմբի հետ՝ իր Pullman պրեմիում դասի բրենդով։

Անվտանգություն, տեխնիկական հագեցվածություն, բարձրակարգ ու պրոֆեսիոնալ սպասարկում. Accor-ի եւ «Տեխնոտան» չափանիշները համընկնում են

Accor-ն աշխարհի 10 խոշոր առաջատար խմբերից մեկն է, ներկայացված է աշխարհի ավելի քան 110 երկրում։ Խումբն ունի բազմաբնույթ պորտֆոլիո, որը ներառում է ավելի քան 40 հյուրանոցային բրենդ՝ Raffles,  Rixos,  Swissôtel, Fairmont եւ այլն։ Pullman-ն Accor խմբի պրեմիում դասի բրենդերից է։ Accor խմբի եւ, հատկապես, Pullman բրենդի ընտրությունը մի շարք հանգամանքներով էր պայմանավորված։ Առաջինը կարող եմ նշել Accor-ի՝ տարածաշրջանում եւ Եվրոպայում ունեցած մեծ ու հաջողված փորձն ու իր պորտֆելում նման նախագծերի աճը։

Pullman-ի ընդհանուր գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը եւս համապատասխանում էին մեր պատկերացումներին ու պահանջներին։ Բրենդի հիմնադիրը Ջորջ Փուլլմանն է, ում ստեղծած hotel on wheels կոնցեպտը եւ Pullman անունն ունեն հարյուրամյակների պատմություն։ Բրենդը Accor խմբի կազմում է 2007 թվականից։ Այսօր արդեն Pullman-ը գործում է աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում՝ Փարիզ, Բեռլին, Մայամի, Դուբայ, Նյու Յորք եւ այլն։ Ու մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ այս քաղաքների շարքում շուտով լինելու է նաեւ Երեւանը, որտեղ կգործի Pullman Living and Residences Yerevan-ը։



Նման միջազգային օպերատորները համագործակցություն մեկնարկելուց առաջ հստակ պահանջներ ու չափանիշներ են ներկայացնում, որոնց պետք է համապատասխանել։ Մեզ համար շատ կարեւոր, ինչպես նաեւ ոգեւորիչ փաստ է, որ այն չափանիշները, որոնք ի սկզբանե սահմանել էինք մեզ համար, գրեթե ամբողջությամբ համապատասխանում էին պրեմիում բրենդի պահանջներին։

Առաջնայինն ու ամենակարեւորն անվտանգությունն է, որի նշաձողերը շատ բարձր են եղել։ Մեր կողմից նախագծված համալիրն ունենալու է 12 բալ սեյսմակայունություն, ամբողջությամբ համապատասխանելու է անվտանգության ամենաբարձր չափանիշներին։

Մյուս կարեւոր կետը շենքի տեխնիկական հագեցվածությունն է։ Pullman Living and Residences Yerevan-ը նախագծվել եւ կառուցվելու է ինժեներական նորարարական մոտեցումներով, ունենալու է կենտրոնացված, ավտոմատացված համակարգեր, լինելու է ամբողջությամբ էներգախնայող, ժամանակակից շենք։ Այս ուղղությամբ եւս Accor-ի մեր գործընկերներն իրենց փորձն ու մոտեցումներն են ներդնելու։

Մյուս ամենակարեւոր չափանիշը ծառայություններն ու դրանց որակն են։ Ի սկզբանե մեր առջեւ նպատակ էինք դրել ստեղծել մի համալիր, որտեղ մարդիկ կապրեն իրենց ընտանիքներով, կունենան կեցության եւ աշխատելու բացառիկ հնարավորություններ ու իրենց կզգան ինչպես հինգաստղանի հյուրանոցում, կունենան նման մոտեցումներով բարձրակարգ սպասարկում։ Հենց այս պրոֆեսիոնալ ու նոր մակարդակի սպասարկումն է, որը մենք ցանկանում էինք ապահովել, ու որը իրականացնելու է Pullman-ը։ «Ռեզորթ, որտեղ ապրում են». սա է Pullman Living and Residences Yerevan-ի փիլիսոփայությունը։ Համալիրում կան բոլոր ենթակառուցվածքներն ու ծառայությունները նման ապրելակերպի համար՝ ֆիթնես, սպա կենտրոն, Coworking, թենիսի կորտ, հեծանվուղի, վազքուղի, բաց եւ փակ լողավազաններ, ֆուտբոլի, բասկետբոլի եւ վոլեյբոլի դաշտեր, երեխաների համար kids club, ռեստորան, լոբբի սրահ, կոնֆերանս դահլիճներ, կոնսիերժ ծառայություն եւ այլն։ Ընդհանուր մակերեսը 20.000 քմ է, որից 16.000-ը նման ընդհանուր օգտագործման տարածքներ, հասարակական ենթակառուցվածքներ ու կանաչապատ տարածքներ են։ Համալիրի առավելություններից մեկը նաեւ տեղադիրքն է. այն գտնվում է քաղաքի կենտրոնից 150 մետր բարձրության վրա՝ 1,7 կմ հեռավորության վրա քաղաքի կենտրոնից, բայց միեւնույն ժամանակ հեռու քաղաքային աղմուկից։ Համալիրից բացվող տեսարանն ու մաքուր օդն այն դարձնում են էլ ավելի յուրահատուկ։



Այժմ մենք աշխատում ենք նախագծի կատարելագործման եւ սահմանված բարձր չափանիշներին ամբողջությամբ համապատասխանելու ուղղությամբ։ Մեր սկզբնական նախագիծն արդեն իսկ ամենաբարձր չափանիշներով էր, ինչն էլ «Տեխնոտան» եւ Accor խմբի հաջող  համագործակցության հիմք հանդիսացավ, քանի որ մեր մոտեցումներն ու պատկերացումները համընկնում էին։

Ապրելակերպի երկու ձեւաչափ՝ մի շարք առավելություններով եւ հնարավորություններով

Pullman Living and Residences Yerevan համալիրն ունենալու է բնակության երկու ձեւաչափ՝ living եւ residence։ Residence հատվածը, որը Համալիրի մեծ մասն է, նախատեսված է ապահով կյանք վարելու եւ մշտական ապրելու համար՝ ընտանիքների, բիզնես գործունեությունն ու հարմարավետ ապրելակերպն արդյունավետ համատեղել ցանկացողների, աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը կարեւորողների համար։ Իսկ Living  հատվածում բնակարաններ ձեռք բերելը երաշխավորում է կայուն ներդրում։ Pullman-ի Living կոնցեպտը, որն աշխարհում մեծ տարածում ունի, բայց մեր շուկայում համեմատաբար նոր է, առաջարկում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ: Այս ձեւաչափը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, օրինակ՝ Հայաստան են գալիս աշխատելու, երկարատեւ գործնական հանդիպումների, գործուղումների, կամ պարզապես ցանկանում են Հայաստանում ունենալ բարձրակարգ սպասարկումով բնակության վայր եւ փնտրում են միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության տարբերակներ։  Այս բնակարանները հանձնվելու են ամբողջությամբ կահավորված, դրանց կահավորումն ու վերանորոգումն իրականացվելու են Pullman-ն ի ամենաբարձր չափանիշներով ու սպասարկվելու են Pullman-ի կողմից։ Նախագծի ներդրումային ծավալն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է, մեր ֆինանսական գործընկերն Evocabank-ն է։

Հայաստանի համար կարեւոր ու ռազմավարական նախագիծ

Մեզ համար շատ կարեւոր է, որ ֆրանսիական մեր գործընկերների հետ մեկնարկում ենք համագործակցություն, որը թե՛ մեր, թե՛ Հայաստանի համար կարեւոր է ինչպես խոշոր ներդրման, այնպես էլ սպասարկման ոլորտում նոր մոտեցումների ու մշակույթի ձեւավորման, միջազգայնորեն նման ճանաչվածություն ու հեղինակություն ունեցող բրենդը Հայաստանում ներկայացնելու տեսանկյունից։
Դիտում՝ 5829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW