Ջոզեֆ Ստիգլից. Անվիճելի է, թե ով ավելի լավ կլինի ԱՄՆ-ի տնտեսության համար

20.07.2024 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախկին նախագահ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ջոզեֆ Ստիգլից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի բանավեճին հաջորդած մեկնաբանությունների հեղեղում մի բան պակասում է: Թեեւ ընտրողների դատողությունները թեկնածուի անձի եւ ուժեղ կողմերի մասին կարեւոր են, բոլորը պետք է հիշեն հայտնի ասույթը. «Սա տնտեսություն է, ապո՛ւշ»: Բացահայտ ստերի կրակահերթում, որը Թրամփը արձակեց բանավեճի ընթացքում, ամենավտանգավոր կեղծիքները վերաբերում էին նրա եւ Բայդենի տնտեսական քաղաքականության տվյալներին:

Գնահատել, թե ինչպես է նախագահը կառավարել տնտեսությունը, միշտ բարդ գործ է, քանի որ շատ զարգացումներ սկսվել են նախորդների ժամանակ: Բարաք Օբաման ստիպված էր գործ ունենալ խոր տնտեսական անկման հետ, քանի որ նախորդ վարչակազմերը սկսել էին ֆինանսական ապակարգավորումը եւ չկարողացան կանխել 2008-ի աշնանը սկսված ճգնաժամը: Այնուհետեւ, երբ Կոնգրեսի հանրապետականները կապեցին Օբամայի վարչակազմի ձեռքերը եւ կոչ արեցին «գոտիները ձգել», երկիրը զրկվեց հարկաբյուջետային այնպիսի քաղաքականությունից, որը կարող էր ավելի արագ դուրս բերել տնտեսությունը Մեծ ճգնաժամից։ Երբ տնտեսությունը վերջապես սկսեց վերականգնվել, Օբաման արդեն հեռանում էր, իսկ Թրամփը ճանապարհին էր:



Թրամփը առանց վարանելու իրեն վերագրեց հաջորդած տնտեսական աճը: Բայց մինչ նա եւ Կոնգրեսի հանրապետականները նվազեցնում էին հարկերը կորպորացիաների եւ միլիարդատերերի համար, ներդրումների խոստացված աճը այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը եկավ բաժնետոմսերի հետգնման ալիքը, որը հաջորդ տարի կգերազանցի 1 տրիլիոն դոլարը:

Թրամփին չի կարելի մեղադրել Քովիդ-19-ի համար, բայց նա, անշուշտ, պատասխանատու է ոչ ադեկվատ արձագանքի համար, որի արդյունքում Միացյալ Նահանգներում մահացությունը շատ ավելի բարձր էր, քան մյուս առաջադեմ տնտեսություններում: Թեեւ վիրուսը անհամաչափորեն խլեց տարեցների կյանքը, այն կրճատեց նաեւ աշխատողների թիվը, եւ այդ կորուստները նպաստեցին աշխատուժի պակասին եւ գնաճին, որը ժառանգեց Բայդենը:

Բայդենի տնտեսական ռեկորդը տպավորիչ էր: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա ապահովեց Ամերիկյան փրկության ծրագրի ընդունումը, որի շնորհիվ երկրի վերականգնումը համաճարակից հետո ավելի արագ էր, քան որեւէ այլ առաջադեմ երկրում: Այնուհետեւ եկավ ենթակառուցվածքների մասին երկկուսակցական օրենքը, որը կեսդարյա անտեսումից հետո ֆինանսավորեց ԱՄՆ-ի տնտեսության կարեւոր տարրերի վերականգնումը:

Հաջորդ տարի Բայդենը ստորագրեց 2022 թվականի կիսահաղորդիչների եւ գիտության ակտը (CHIPS and Science Act), որը սկիզբ դրեց արդյունաբերական քաղաքականության նոր դարաշրջանին, որը կապահովի տնտեսության ապագա ճկունությունն ու մրցունակությունը (կտրուկ տարբերություն նախորդ ներառական դարաշրջանը նշանավորող փխրունությունից): Իսկ 2022-ի գնաճի նվազեցման ակտով ԱՄՆ-ը վերջապես միացավ միջազգային հանրությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու եւ ապագայի տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու գործում:

Ի լրումն համառ եւ անընդհատ զարգացող վիրուսի դեմ տնտեսական ապահովագրության տրամադրելուն՝ Ամերիկյան փրկության ծրագիրը մեկ տարվա ընթացքում գրեթե երկու անգամ նվազեցրեց մանկական աղքատությունը: Բայց հնչեցին նաեւ մեղադրանքներ (այդ թվում որոշ դեմոկրատների կողմից) հետագա գնաճի համար:

Այս մեղադրանքը պարզապես չի դիմանում քննադատությանը։ Ամերիկյան փրկության ծրագրի կողմից մեծ համախառն պահանջարկ չկար, համենայն դեպս ոչ այնպիսի մեծության, որը կարող էր բացատրել գնաճի մակարդակը: Մեղքի մեծ մասը կապված է համաճարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած մատակարարման ընդհատումների եւ պահանջարկի փոփոխության հետ: Այնքանով, որքանով կարող էր, Բայդենը պայքարեց դրանց դեմ. նա օգտվեց նավթի ռազմավարական պաշարից՝ նավթի դեֆիցիտը լուծելու համար, եւ փորձեց թոթափել ԱՄՆ նավահանգիստների խցանումները:

Այս ընտրությունների համար առավել կարեւոր է այն, ինչ սպասվում է ապագայում: Զգուշավոր տնտեսական մոդելավորումը ցույց է տվել, որ Թրամփի առաջարկները կառաջացնեն ավելի բարձր գնաճ՝ չնայած ցածր տնտեսական աճին, եւ ավելի մեծ անհավասարություն:



Նախ եւ առաջ Թրամփը կբարձրացնի մաքսատուրքերը, եւ ծախսերը հիմնականում կընկնի ԱՄՆ սպառողների ուսերին: Հակառակ տնտեսագիտության հիմունքների՝ Թրամփը ենթադրում է, որ Չինաստանը պարզապես կիջեցնի իր գները՝ փոխհատուցելու մաքսատուրքերը: Բայց եթե այդպես անի, ամերիկյան ոչ մի աշխատատեղ չի փրկվի (հետեւողականությունը երբեք Թրամփի ուժեղ կողմերից չէր):

Ավելին, Թրամփը կսահմանափակի ներգաղթը, ինչը կփոքրացնի աշխատաշուկան եւ կմեծացնի աշխատուժի պակասի վտանգը որոշ ոլորտներում: Եվ նա կավելացնի դեֆիցիտը, որի հետեւանքները կարող են դրդել մտահոգված ԱՄՆ Դաշնային պահուստին բարձրացնել տոկոսադրույքները՝ այդպիսով նվազեցնելով ներդրումները բնակարաններում եւ է՛լ ավելի բարձրացնելով վարձավճարները ու բնակարանային ծախսերը (այսօրվա գնաճի հիմնական աղբյուրը): Ի հավելումն ներդրումների նվազեցման պատճառով աճի դանդաղեցմանը, բարձր տոկոսադրույքները կբարձրացնեն նաեւ փոխարժեքը, ինչը կդարձնի ԱՄՆ արտահանումը պակաս մրցունակ: Ավելին, ԱՄՆ-ի արտահանումը կտուժի ավելի բարձր գնով ներդրումներից՝ ավելի բարձր մաքսատուրքերի եւ դրանց կողմից հրահրված պատասխան միջոցների պատճառով:

Մենք արդեն գիտենք, որ 2017-ի կորպորատիվ հարկերի կրճատումները մեծ ներդրումներ չխթանեցին, եւ օգուտների մեծ մասը բաժին ընկան շատ հարուստներին եւ օտարերկրացիներին (որոնք ամերիկյան կորպորացիաների մեծ բաժնետոմսեր ունեն): Թրամփի խոստացած հարկերի հավելյալ կրճատումները, ամենայն հավանականությամբ, գործին չեն օգնի, բայց գրեթե անկասկած կմեծացնեն դեֆիցիտը եւ անհավասարությունը:

Իհարկե, այս մոդելավորումը բավականին բարդ է: Անհասկանալի է, թե որքան արագ կամ ինչ ուժով Դաշնային պահուստը կարձագանքի սակագների պատճառով առաջացած գնաճին, սակայն նրա տնտեսագետներն կկանխատեսեն խնդիրը: Արդյո՞ք նրանք գայթակղություն կունենան խափանել այն՝ տոկոսադրույքները վաղաժամ բարձրացնելով: Արդյո՞ք Թրամփը կխախտի ինստիտուցիոնալ նորմերը՝ փորձելով հեռացնել ԴՊՀ-ի նախագահին: Ինչպե՞ս կարձագանքեն շուկաները (այստեղ եւ արտերկրում) անորոշության ու քաոսի այս նոր դարաշրջանին:



Երկարաժամկետ կանխատեսումն ավելի պարզ է եւ ավելի չարագույժ: Վերջին տարիների իր տնտեսական հաջողությունների մեծ մասով Ամերիկան պարտական է տեխնոլոգիական հզորությանը՝ ամուր գիտական հիմքերի վրա: Սակայն Թրամփը կշարունակի հարձակվել մեր համալսարանների վրա եւ պահանջել հետազոտությունների եւ զարգացման ծախսերի զանգվածային կրճատումներ։ Միակ պատճառը, որ այս կրճատումները չարվեցին նրա նախորդ պաշտոնավարման ընթացքում, այն է, որ իր կուսակցությունն ամբողջությամբ նրան չէր սատարում: Այժմ սատարում է:

Նմանապես, չնայած ԱՄՆ բնակչությունը ծերանում է, Թրամփը թույլ կտա, որ աշխատուժը կրճատվի՝ սահմանափակելով ներգաղթը: Եվ չնայած տնտեսագետներն ընդգծել են օրենքի գերակայության կարեւորությունը տնտեսական աճի համար, Թրամփը՝ դատապարտված հանցագործ, այնքան էլ օրենքին հետեւող չէ:

Այսպիսով, այն հարցը, թե ով ավելի լավ կլինի տնտեսության համար՝ Թրա՞մփը, թե՞ Բայդենը (կամ որեւէ դեմոկրատ, որը կարող է փոխարինել նրան, եթե նա հրաժարվի պայքարից), պարզապես անվիճելի է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 3243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW