«Էմ Բի Լեգալ»-ը նվազեցնում է ռիսկերը բանկային ու կորպորատիվ ոլորտներում

25.06.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Էմ Բի Լեգալ» իրավաբանական ընկերությունը կորպորատիվ, ֆինանսական ոլորտներում եւ արժեթղթերի շուկայում հարյուրավոր հաճախորդների հետ աշխատում է ինչպես մեկանգամյա գործարքների, այնպես էլ՝ ամենօրյա սպասարկման ձեւաչափով: Յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ ունեցած անհատական մոտեցման ու առանձնահատուկ լուծումների շնորհիվ «Էմ Բի Լեգալ»-ն այսօր վստահելի գործընկեր է թե՛ տեղական բիզնեսի, թե՛ արտասահմանյան ներդրողների համար:

Banks.am-ի հետ զրույցում ընկերության գործընկեր Մարինե Շահպարոնյանը պատմել է «Էմ Բի Լեգալ»-ի կողմից մատուցվող ծառայությունների ու աշխատանքի ձեւաչափերի մասին:

Հայաստանում զարգանում է բաժնետիրական համաձայնագրերի մշակույթը

Դիմել «Էմ Բի Լեգալ» ընկերությանը նշանակում է վստահել առաջատար, փորձառու իրավաբանների թիմի եւ ստանալ որակյալ խորհրդատվություն հատկապես կորպորատիվ ոլորտում: Ինչպես այլ, այնպես էլ այս ոլորտում մեր աշխատանքը հաճախորդի հետ սկսում ենք առաջին քայլերից՝ բիզնեսի հիմնադրման, նույնիսկ՝ դրա գաղափարի փուլից: Հաճախորդին տրամադրում ենք լիարժեք խորհրդատվություն՝ հասկանալով բիզնեսի ուղղվածությունը, աջակցելով հնարավոր անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների ստացմանը:

Մարինե Շահպարոնյանը


Հաջորդ քայլը բիզնեսի կորպորատիվ իրավական տեսակի ընտրությունն է: Ըստ մեր հաճախորդի ընտրած ոլորտի՝ խորհուրդ ենք տալիս գրանցել բիզնեսը որպես սահմանափակ պատասխանատվությամբ, փակ բաժնետիրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ լիցենզավորվող գործունեության դեպքում՝ կիրառել համապատասխան ընթացակարգ: Սա իսկապես շատ կարեւոր է, քանի որ ճիշտ ընտրության դեպքում հաճախորդը կխուսափի հետագա իրավական խնդիրներից:

Ոլորտում աշխատանքի մյուս փուլը փաստաթղթավորումն է: Պատրաստում ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հիմնադրման փաթեթից մինչեւ ընթացիկ պայմանագրեր: Աշխատանքը շարունակվում է նաեւ ամենօրյա սպասարկման ձեւաչափով՝ աշխատակիցների ընդունում, գրանցում եւ այլն: Ոլորտում շատ հաճախորդներ ունենք արտերկրից: Այս դեպքում աջակցում ենք Հայաստան մուտք գործելու թույլտվությունների ու աշխատակիցների կացության իրավունքի ստացման հարցում:

Կորպորատիվ իրավունքի տեսանկյունից մի ողջունելի միտում է նկատվում: Վերջերս ակտիվացել է հետաքրքրությունը բաժնետերերի համաձայնագրերի նկատմամբ: Այն հնարավորություն է տալիս բիզնեսի բաժնետերերին ի սկզբանե իրավական հիմքով բաշխել հնարավոր ռիսկերը, կառավարման հարցերին մասնակցությունն ու առհասարակ ճիշտ կարգավորել միմյանց միջեւ բոլոր հարաբերությունները: Բաժնետերերը նման համաձայնագիր կարող են կնքել ինչպես բիզնեսի հիմնադրման, այնպես էլ՝ ընթացիկ գործունեության փուլերում՝ հստակ սահմանելով յուրաքանչյուր բաժնետիրոջ պարտականություններն ու իրավունքները, ինչպես նաեւ՝ պատասխանատվության միջոցները: Շատ ողջունելի է, որ այս մշակույթը Հայաստանում զարգանում է:

Ինչպես նշեցի, հաճախ ենք կորպորատիվ խորհրդատվություն տրամադրում նաեւ գործող բիզնեսին: Մեզ դիմում են կորպորատիվ կառավարման վերակազմակերպման՝ առանձնացումների, միաձուլումների, վերակազմավորումների հարցերով, համախմբումների եւ կորպորատիվ այլ գործողությունների իրականացման համար։ Կարեւոր է, որ ոչ միայն տեխնիկապես կատարում ենք հաճախորդի խնդրանքը, այլեւ՝ վերլուծում եւ ուղղորդում նրան, թե կորպորատիվ որ գործողությունն է բիզնեսի այս կամ այն փուլում առավել նպաստավոր:



Հայաստանում շատ են ընկերությունները, որոնք ներդրումներ են ներգրավում արտերկրից: Սա ենթադրում է ներդրողի ֆինանսական միջոցների մուտք տվյալ ընկերություն: Մենք կատարում ենք այս գործընթացի գրագետ փաստաթղթավորում: Նման գործարքների դեպքում հաճախ մեզ է դիմում ոչ թե տեղական ընկերությունն, այլ՝ ներդրողը՝ ցանկանալով ներգրավել տեղական իրավաբանական անկախ թիմ, որին հանձնարարում է ուսումնասիրել իրեն հետաքրքրող ընկերությունը: Այս գործընթացը կոչվում է «Due diligence»: Մենք ուսումնասիրում ենք տեղական ընկերությունն իրավական, հաշվապահական տեսանկյուններից, պոտենցիալ ներդրողին ներկայացնում մանրամասն վերլուծություն, ինչից հետո նա ներդրում կատարելու վերաբերյալ որոշում է կայացնում:

Ֆինանսաբանկային ոլորտը, ներդրումային ֆոնդերն ու արժեթղթերի շուկան

Ֆինանսական, հատկապես՝ բանկային ոլորտի հետ, «Էմ Բի Լեգալ» ընկերությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով: Հաճախ մեր ընկերությունը միջազգային հաստատությունների, օրինակ՝ ներդրումային ֆոնդերի կողմից ներգրավվում է որպես տեղական փորձագիտական թիմ:

Հայկական բանկերը կարիք են ունենում փոխառու միջոցներ ներգրավել արտերկրից: Այդ միջոցները տրամադրող ֆոնդերը ներգրավում են բանկի հետ որեւէ առնչություն չունեցող անկախ իրավաբանական թիմ՝ ցանկանալով բանկի մասին անկախ կարծիք ստանալ: Մենք ուսումնասիրում եւ վերլուծում ենք գործարքի ամբողջական փաթեթն ու տալիս եզրակացություն: Սա կարեւոր փուլ է, քանի որ ներդրում կատարողները պետք է վստահ լինեն, որ կնքվող պայմանագիրը հետագայում խնդրահարույց չի լինի: Նման գործարքներում աշխատում ենք նաեւ հակառակ ուղղությամբ, երբ մեզ ներգրավում են տեղական բանկերը՝ ցանկանալով բարձրացնել սեփական ներդրումային գրավչությունը:

Մարինե Շահպարոնյանը


«Էմ Բի Լեգալ» ընկերության աշխատանքի ակտիվ ուղղություններից է ՏՏ ոլորտը: Հաճախ ՏՏ եւ բանկային ոլորտների ճանապարհները «խաչվում են», քանի որ ունենք ՏՏ ոլորտի հաճախորդներ, որոնք մշակում են վճարահաշվարկային, ֆինանսական ծրագրեր եւ դրանք լիցենզիոն պայմանագրերով տրամադրում են բանկերի օգտագործմանը: Նման համագործակցություն ունենք ոչ միայն տեղական շուկայի հետ: Այս դեպքում կնքում ենք բոլոր անհրաժեշտ պայմանագրերը՝ մտավոր սեփականության իրավունքների ամբողջական օտարման, լիցենզիոն, բանկային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:  

Ֆինանսաբանկային ոլորտում մեր աշխատանքի մյուս հատվածն առնչվում է ներդրումային ընկերություններին եւ ֆոնդերին: Այս պահին տեղական շուկայում ամենօրյա սպասարկման ռեժիմով աշխատում ենք հայկական խոշոր ներդրումային ընկերությունների հետ: Դրանք իրականացնում են ներդրումային լիցենզիայի ստացման ենթակա ծառայություններ: Մենք աջակցում ենք լիցենզավորման փուլին, որը բավականին բարդ գործընթաց է եւ ենթադրում է համապատասխանություն ԿԲ-ի կողմից սահմանված մի շարք չափանիշներին:

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել ներդրումների ներգրավման բավականին հետաքրքիր ուղղություն՝ ներդրումային ֆոնդերը: Դրանք ներդրողին հնարավորություն են տալիս իր ակտիվները ներդնել որեւէ ֆոնդում, եւ հետագայում ստանալ եկամուտ՝ համաձայն համապատասխան ֆոնդի ներդրումային քաղաքականության: Մենք աջակցում ենք այս ամբողջ գործընթացին եւ ոլորտում ունենք բավականին մեծ փորձառություն:

Ֆոնդերից բացի, ներդրումային ոլորտում ծառայություններ ենք մատուցում արժեթղթերի հրապարակային առաջարկի հարցում:

Մարինե Շահպարոնյանը


Հրապարակային արժեթղթերի առաջարկը յուրաքանչյուր ընկերության համար ռազմավարական որոշում է: Այն հնարավորություն է տալիս մեծացնել ընկերության ճանաչելիությունն ու ներգրավել ներդրողներ: Միեւնույն ժամանակ, սա պահանջում է ԿԲ-ի եւ Ֆոնդային Բորսայի կողմից սահմանված կարգավորումների եւ պահանջների իրականացում, ինչն էլ ապահովում ենք մենք:

Առանց մասնագիտացված թիմի՝ ռիսկերի շրջանակը լայն է

Գործնականում բոլոր ընկերությունները՝ թե՛ բանկերը, թե՛ ֆինանսական շուկայում լիցենզավորվող մյուս ընկերությունները, սովորաբար իրավաբանների ներքին թիմից բացի, ներգրավում են իրավաբանական մասնագիտացված ընկերություններ, որոնք զբաղվում են բարդ գործարքներով:

Առհասարակ, անկախ, մասնագիտացված իրավաբանական թիմի ներգրավումը կարեւոր է, թե՛ արտասահմանյան ներդրողների, թե՛ տեղական շուկայի համար: Հաճախ տարատեսակ ընկերությունների բաժնետերերի միջեւ վեճեր են ծագում, քանի որ իրավահարաբերություններն ի սկզբանե չեն ամրագրվել եւ չեն պահպանվել: Ռիսկերի շրջանակը շատ լայն է: Դիմելով մասնագիտացված իրավաբանական թիմին՝ ընկերությունը կարող է խուսափել հետագա մեծ ծախսերից ու դատական քաշքշուկից:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 12982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW