Կենտրոնական բանկերի նոր-հին գնաճային կողմնակալությունը

17.06.2024 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Քենեթ Ռոգոֆ

Եթե լսես կենտրոնական բանկիրներին՝ կարելի է մտածել, որ բարձր գնաճի վերջին բռնկումը սոսկ հետհամաճարակային կանխատեսման ներելի սխալ էր, որն արվել է ծայրահեղ անորոշության պայմաններում: Թեեւ այս պատումը հիմա գերակշռում է շուկաներում եւ ֆինանսական մամուլում, այն ենթադրում է կենտրոնական բանկի անկախության մակարդակ, որը պարզապես անիրատեսական է այսօրվա անկայուն տնտեսական ու քաղաքական միջավայրում: Եվ նույնիսկ եթե կենտրոնական բանկերին հաջողվի տեսանելի ապագայում գնաճը վերադարձնել 2%-ի, առաջիկա 5-7 տարիների ընթացքում գնաճի հերթական ալիքի հավանականությունը զգալիորեն աճել է:

Սա չի նշանակում, որ առանձին կենտրոնական բանկիրներն անվստահելի են: Խնդիրն այն է, որ կենտրոնական բանկերի մեծ մասն այնքան անկախ չէ, որքան շատերն են կարծում: Քաղաքականապես բեւեռացած համաշխարհային միջավայրում, պետական պարտքի ծանր բեռի, աշխարհաքաղաքական լարվածության ու ապագլոբալացման պայմաններում ԿԲ-ի ինքնավարությունը չի կարող բացարձակ լինել: Որպես չընտրված տեխնոկրատներ, կենտրոնական բանկիրները կարող են կարճաժամկետ գործառնական անկախություն ունենալ, սակայն կառավարությունները, ի վերջո, վերահսկում են նշանակումները եւ բյուջեները: Շատ երկրներում կառավարությունն ունի նաեւ դրամական մանդատները զրոյացնելու իրավասություն:

Տնտեսագետները, որոնք կուլ են տալիս կենտրոնական բանկերի գնաճի թիրախավորման քաղաքականությունը եւ գոյություն ունեցող պայմանավորվածությունները սրբազան են համարում, չեն գիտակցում, որ այն համոզմունքը, որ ԿԲ-ի անկախությունը օգնում է վերահսկել գնաճը, հազիվ չորս տասնամյակի վաղեմություն ունի: Թեեւ Ֆին Քիդլենդը եւ Էդվարդ Փրեսկոտը 2004 թվականին իրավամբ ստացան Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ՝ դրամավարկային քաղաքականության մեջ գնաճային կողմնակալության տեսության մշակման համար, նրանց առաջարկած լուծումը (կենտրոնական բանկերին պարզապես հրահանգել հետեւել կոնկրետ ուղեցույցներին), բավականին միամիտ էր: Նույնը կարելի է ասել գնաճի թիրախավորման ժամանակակից ձեւերի կամ այսպես կոչված «Թեյլորի կանոնների» մասին:

Խնդիրն այն է, որ պարզ կանոններն անխուսափելիորեն բախվում են այնպիսի ժամանակաշրջանների, երբ դրանք շատ վատ են գործում եւ պետք է հիմնովին վերանայվեն: Այդպես եղավ, օրինակ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ կենտրոնական բանկիրների ընկալումը սահմանափակող քաղաքականության դրույքաչափի վերաբերյալ կտրուկ փոխվեց. հիմա էլ, կարծես, նույնը կրկնվում է: Այս առանցքային ժամանակաշրջաններում ԿԲ-ները չափազանց խոցելի են քաղաքական ճնշումների նկատմամբ:

Իրոք, Քովիդ-19 համաճարակը առաջին պլան մղեց երկար ժամանակ քնած քաղաքական ու տնտեսական ուժերը: Ինչպես ես պնդում եմ Հասան Աֆրուզիի, Մարինա Հալաչի եւ Պիեր Յարեդի հետ գրված վերջին հոդվածում, դժվար թե այդ ուժերը շուտով անհետանան: Թեեւ հետհամաճարակային շրջանում անորոշությունն աճել է, ինչը դժվարացնում է մակրոտնտեսական միտումների կանխատեսումը, սա այս դեպքն է, երբ ԿԲ-ները հակված են ավելի բարձր գնաճի ռիսկի, քան զանգվածային տնտեսական անկման: Մարդիկ գնաճ չեն սիրում, բայց է՛լ ավելի չեն սիրում խոր տնտեսական անկումներն ու ֆինանսական ճգնաժամերը:

Քանզի աշխարհաքաղաքական լարվածությունն աճում է, իսկ համաշխարհային աճը՝ դանդաղում, տնտեսական անորոշությունը, ամենայն հավանականությամբ, բարձր կմնա: Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ, չնայած զիզի-բիզի բաների, կենտրոնական բանկերի «նոր քեյնսյան» կանխատեսման մոդելները մեծ մասամբ հիմնված են արտարկման վրա: Այլ կերպ ասած՝ լավ են աշխատում կայուն պայմաններում, բայց հաճախ չեն կարողանում կանխատեսել մեծ շրջադարձային կետերը: Նման կարեւոր պահերին, երբ կենտրոնական բանկերը հատկապես խոցելի են քաղաքական ճնշումների նկատմամբ, շատ ավելի արդյունավետ է պատմական զուգահեռներ փնտրել կամ դիտարկել այլ երկրների փորձը:

Քենեթ Ռոգոֆը


Անշուշտ, գնաճային թռիչքներ ամեն տարի չեն լինում: Սակայն գնաճի հերթական ալիքը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան սպասում են շուկաները: Տնտեսական անորոշությանը առերեսվելիս կենտրոնական բանկերը գուցե չեն ձգտի բարձր գնաճի, բայց կկարգավորեն իրենց տոկոսադրույքային քաղաքականությունն այնպես, որ ավելի հավանական կլինի նման արդյունքը, քան խոր տնտեսական անկումը կամ ֆինանսական ճգնաժամը:

Չնայած այս գնաճային կողմնակալությունը հայտնի է տնտեսագետներին, այն չի ճանաչվել ֆինանսական շուկաների կողմից, գուցե այն պատճառով, որ ԿԲ-ները վերջին մի քանի տասնամյակներում բացառիկ արդյունավետ են տեղեկություն տրամադրում: Նրանք հասկանում են, որ հենց որ շուկաները կասկածի առնեն իրենց մտադրությունները, տոկոսադրույքները արագորեն կարտացոլեն աճող գնաճային սպասումները: Այնուամենայնիվ, այս գիտակցումը դժվար թե օգնի նրանց դիմակայել քաղաքական գործիչների ճնշումներին, որոնք հաճախ կենտրոնանում են միայն հաջորդ ընտրությունների վրա եւ առաջնահերթություն են տալիս այլ խնդիրներին, ոչ թե կարճաժամկետ գնաճի կայունացմանը:

Թեեւ կառավարությունները կարող են որոշ քայլեր ձեռնարկել կենտրոնական բանկերի անկախությունը բարձրացնելու համար, դրանք քիչ հավանական են այսօրվա ամբոխահաճ միջավայրում: Փոխարենը երաշխավորելու, որ գնաճը մնա թիրախային միջակայքում, ԿԲ-ներին ստիպում են զբաղվել խնդիրներով, որոնց լուծման համար նրանք չունեն անհրաժեշտ գործիքներ, գիտելիք կամ քաղաքական լեգիտիմություն, օրինակ՝ անհավասարությունը, կլիմայի փոփոխությունը եւ սոցիալական արդարությունը:

Կենտրոնական բանկիրներն, անկասկած, ձգտում են հասնել գնաճի իրենց նպատակներին, սակայն նրանք պետք է մշտապես զգուշանան իրենց քաղաքական տերերից: Աճող ճնշման ներքո իրենց անկախությունը պահպանելու համար ԿԲ-երը պետք է ճկուն լինեն եւ երբեմն զիջումների գնան, ինչը հաջորդ տասը տարիների ընթացքում կարող է հանգեցնել հետհամաճարակային գնաճի կրկնողությանը: Հետեւաբար, իրատես ներդրողները պետք է հասկանան, որ նույնիսկ եթե կենտրոնական բանկերին հաջողվի այժմ զսպել բարձր գնաճը, այն անպայման կվերադառնա ավելի շուտ, քան կանխատեսում են ներկայումս:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW