Ալինա Ծատուրյան. Աշխատակազմի ղեկավարը՝ ենթահամակարգերն իրար կապող օղակ

28.04.2024 | 22:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, հաճախորդներին սպասարկող մասնագետներով, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ն այսուհետ ներկայացնելու է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:

Հատուկ նախագծի առաջին հոդվածում ԱրարատԲանկի Աշխատակազմի ղեկավար Ալինա Ծատուրյանը պատմել է աշխատակազմի ղեկավարի հիմնական գործառույթների, դրանց առանձնահատկությունների, ինչպես նաեւ անձնական օրինակով ներկայացրել միջանձնային շփման կարեւորության եւ աշխատանքի վրա դրա ազդեցության մասին:

Աշխատակազմի ղեկավարը՝ ենթահամակարգերն իրար կապող օղակ

Բոլոր բանկերում աշխատակազմի ղեկավարների իրավունքները եւ պարտականությունները գրեթե նույնն են: Հատկանշական է, թե ինչպես են դրանք իրականացվում: Կարեւոր է, թե յուրաքանչյուր անձ իրենից ինչ մասնիկ է ներդնում դրանք իրականացնելու համար: Սա այն հաստիքն է, որը հնարավորություն է տալիս բանկի ամենակարեւոր մարմինների կողքին գտնվել, վերջիններիս կողմից որոշումների ընդունման գործընթացին անմիջական մասնակցություն ունենալ, այդ որոշումները հասցնել գործադիր թիմին եւ իրականացնել հսկողություն դրանց պատշաճ կատարման նկատմամբ:

Աշխատակազմի ղեկավարն անմիջական որոշում ընդունող մարմին չէ, բայց միեւնույն ժամանակ բանկի կորպորատիվ կառավարման ենթահամակարգերն իրար կապող օղակ է: Բաժնետերերի ժողով, խորհուրդ, գործադիր մարմին. աշխատակազմի ղեկավարը մշտապես մասնակցում եւ հնարավորինս փորձում է նպաստել այս 3 կարեւորագույն մարմինների արդյունավետ եւ անխաթար փոխգործակցությանը:

Ալինա Ծատուրյանը


Կարեւորելով ոչ միայն ներքին գործընթացների կանոնակարգվածությունը, այլեւ  Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ աշխատակազմի ղեկավարը շատ հաճախ կարող է նաեւ «գաղտնի հաճախորդ» գործառույթն իրականացնել: Այն իրականում ձեւակերպված չէ որպես իրավունք կամ պարտականություն, բայց «գաղտնի հաճախորդ» սկզբունքի հիման վրա հնարավոր է ծանոթանալ թե՛ բանկի գլխամասում, թե՛ մասնաճյուղերում  մատուցվող ծառայությունների որակին, խնդիրներին, բացեր նկատելու դեպքում դրանց մասին տեղեկացնել համապատասխան ստորաբաժանումներին եւ վերացնել առկա թերությունները: Հնարավորություն է ընձեռվում նաեւ տեսնել ստորաբաժանումների լավ աշխատանքը:

Ընդհանրապես, բանկի ներքին գործընթացների ներդաշնակությունն իր արտահայտումն է գտնում բանկ-հաճախորդ հարաբերության մեջ: Սա մեդալի մյուս կողմն է, որից հետո ունենում ենք արտաքին պատկեր՝ բանկ-հաճախորդ հարաբերությունների տեսքով:

Աշխատանքային կարգապահությունն առաջնային նախապայման

Աշխատանքային կարգապահության մեջ առաջնայինը չուշանալն է, ուստի  աշխատանքային օրս սկսելու հստակ նախապայման ունեմ՝ երբեք չուշանալ եւ հետեւել, որ մյուսներն էլ չուշանան: Չէ՞ որ հենց ղեկավարն է կարգապահության օրինակ հանդիսանում աշխատակիցների համար։ Օրվա հաջորդ պարտականությունս է հավաստիանալ, որ աշխատանքի անցնելու եւ աշխատանքը կազմակերպելու որեւէ խոչընդոտ աշխատակազմում առկա չէ։  

Աշխատակազմի ղեկավարի առօրյա պարտականությունների մաս է կազմում նաեւ  բանկում ամբողջ փաստաթղթաշրջանառությանը հետեւելը՝ փաստաթղթերի մուտքն ու ելքը, դրանց մակագրումը՝ վերջնաժամկետների խիստ պահպանմամբ։  Կարեւորելով հաճախորդին բանկային ծառայությունները բարձր որակով մատուցելու եւ բանկը պատշաճ ներկայացնելու հանգամանքը՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում բանկում սահմանված Dress Code-ի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը։ Սրանք այն առաջնահերթ պարտականություններն են, որոնցով սկսվում է աշխատակազմի ղեկավարի աշխատանքային օրը:

Միջանձնային շփումը՝ առողջ բանկ լինելու հիմք

Չժխտելով մասնագիտական բարձր պատրաստվածության կարեւորությունը, այնուամենայնիվ, ինձ համար ավելի կարեւոր են մարդկային հարաբերությունները: Մարդկային հարաբերություններն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել առողջ աշխատանքային հարաբերություններ: Ինձ մոտ այսպիսի ոսկե կանոն կա՝ սեփական վարքագծով եւ օրինակով արժանանալ թիմի անդամների հարգանքին եւ ոչ երբեք թելադրել կամ պարտադրել հարգանք՝ պայմանավորված զբաղեցրած պաշտոնով։

Ալինա Ծատուրյանը


ԱրարատԲանկում այդ թիմային ոգին բավականին բարձր է գնահատվում եւ յուրաքանչյուր աշխատակցի նայում ենք որպես անհատ: Թիմի անդամների, ենթակաների հետ շփվելիս փորձում եմ ինձ միշտ պատկերացնել այն իրավիճակում, որում ինձ հետ շփվող աշխատողն է:

Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ շփվում եմ բոլոր ստորաբաժանումների հետ, բնականաբար աշխատանքի ընթացքում լինում են կոնֆլիկտային իրավիճակներ, դժգոհություններ, այստեղ շատ կարեւոր է անկախ արբիտրի դեր տանելը: Պատասխանատվությունն իրապես մեծ է՝ փորձել կարգավորել խնդիրները եւ պահպանել առողջ մթնոլորտ թիմում, քանի որ մարդիկ իրենց առօրյայի մեծ մասն անց են կացնում աշխատավայրում: Անկախ նրանից կառույցը ֆինանսական է, թե ոչ, եթե վերջինս չունի ներդաշնակ կոլեկտիվ, շուկայում չի կարող ներկայանալ որպես գրավիչ գործատու։

Մարտահրավերներ աշխատակազմի ղեկավարի համար

Ինձ համար առաջին մարտահրավերը լավ թիմ հավաքելն ու այդ թիմը պահելն է: Մարտահրավեր է նաեւ աշխատողի համար գործատուի՝ մինչեւ վերջ բացահայտված չլինելը: Այսինքն՝ գործատուն եւս պետք է մոնիտորինգ իրականացնի, ժամանակ առ ժամանակ հաճելի անակնկալներ մատուցի իր աշխատողներին, խրախուսի, բալանսավորված իրավիճակ ստեղծի, որի պարագայում աշխատողը կարող է հավասարաչափ տալ եւ վերցնել բանկից:

Մյուս մարտահրավերը ստորաբաժանումների միջեւ բալանսավորված, ներդաշնակ աշխատանքային պրոցեսների անընդհատության ապահովումն է, որն էլ իր հերթին խթանում է բանկային ծառայությունների որակի բարձրացմանը:

«Բարձրանում ենք միասին» ե՛ւ բանկում, ե՛ւ լեռներում

Աշխատանքից դուրս ինձ համար ամենակարեւորը նույն լեզվով եւ նույն թեմայի մասին խոսող ընկերների հետ անցկացրած ժամանակն է, որոնք խաղաղ, դրական էներգիա են հաղորդում, ինչն ինձ թույլ է տալիս լիցքավորվել, վերադառնալ  աշխատանքի՝ նորը կերտելու եւ թիմի հետ բարձրանալու համար: Այս դեպքում հանդիպման ձեւաչափն արդեն երկրորդական է դառնում, դա կարող է լինել շատ տարբեր՝ կավագործությունից մինչեւ գինով նկարչություն, թեյախմությունից՝ արշավ:

Ալինա Ծատուրյանը


Յոգան, քայլարշավները, լեռներ բարձրանալն ինձ համար լիցքավորվելու լավագույն տարբերակներից են: Կարող եմ վստահ ասել, որ ԱրարատԲանկի կարգախոսը «Բարձրանում ենք միասին» իմ կյանքում իրականում կա՝ փորձում եմ ամեն անգամ Հայաստանի սարերի ու լեռների մի նոր բարձունք հաղթահարել:

Աշխատանքում էլ բարձրանալու տեղ միշտ կա․ մեր թիմով ամեն օր փորձում ենք կատարելագործվել՝ սկսելով  նախ եւ առաջ ինքներս մեզնից եւ ոգեւորելով թիմի մյուս անդամներին: Փորձում ենք բարձրանալ միասին, հաղթահարել նոր բարձունքներ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 9074
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW