Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Քենեթ Ռոգոֆ15 տարի տեւած տնտեսական ցնցումներից հետո՝ սկսած եվրոպական պարտքային ճգնաժամից մինչեւ Քովիդ-19-ի համաճարակը եւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, եվրոպական տնտեսությունը 2024 թվականին կարծես թույլ ցուցանիշներ կունենա: Բայց գուցե արտաքինը խաբուսի՞կ է:Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, հատկապես է տուժել էներգակիրների գների աճից եւ Չինաստանի դանդաղ տնտեսական աճից: Ավելին, Գերմանիան խորացրել է սեփական տնտեսական խնդիրները՝ թուլացնելով կամ հրաժարվելով նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի շուկայական բարեփոխումներից, որոնք նախկինում ապահովում էին ՀՆԱ-ի կայուն աճը: Թեեւ Գերմանիայի առաջատար մասնագետները կանխատեսում են, որ երկիրը 2024-ին (հազիվ) կխուսափի ռեցեսիայից, տնտեսական հեռանկարն անորոշ է մնում:Ֆրանսիայում վիճակը մի փոքր ավելի բարվոք է: Սակայն 2023-ին ՀՆԱ-ի 5,5%-ի հարկաբյուջետային դեֆիցիտի եւ աշխարհում աճող իրական տոկոսադրույքների պայմաններում Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է խստացնել քաղաքականությունը: Մյուս կողմից, տարիներ ձգվող արտադրողականության անկումից եւ պարտքի մշտական խնդիրներից հետո Իտալիայի տնտեսությունը կրկին աճ է գրանցում եւ կարծես դրական հետագծի վրա է: Իսկ Հունաստանը, որը շարունակում է մնալ Եվրամիության ամենամեծ ստվերային տնտեսությունը, դեռ խնդիրներ ունի՝ հիմնականում հարկերից մասսայականորեն խուսափելու պատճառով:Այնուամենայնիվ, հույսի մի քանի պատճառ կա: Նախ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնտեսությունները արդեն որոշ ժամանակ գերազանցում են Արեւմտյան Եվրոպային: Ըստ Եվրոստատի տվյալների, Լեհաստանը մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ով առաջ է անցել թե՛ Հունաստանից, թե՛ Պորտուգալիայից, իսկ Ռումինիայի նման երկրները մոտակա հինգ տարիներին նմանատիպ նվաճումների հասնելու ճանապարհին են: Հունգարիան բախվել էր փոխարժեքի տատանումներին եւ 2023-ին 0,8% անկում ապրել (որի պատճառը վարչապետ Վիկտոր Օրբանի փորձն էր՝ զսպելու Կենտրոնական բանկի անկախությունը), բայց ակնկալվում է, որ 2024-2025-ին երկիրը կրկին կայուն աճ կդրսեւորի: Լուսանկարը՝ REUTERS Անշուշտ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները նույնպես արագորեն ծերանում են, ինչպես իրենց արեւմտյան ընկերները: Առայժմ, սակայն, արագ զարգացող Արեւելքն է շարունակելու պահել Եվրոպայի ընդհանուր աճի տեմպերը: Թեեւ ամերիկացի դիտորդները այդ երկրների առաջընթացը հաճախ ինքնըստինքյան հասկանալի են համարում, չպետք է թերագնահատել այն փաստը, որ ԵՄ-ը օգնում է նոր անդամ երկրներին հաղթահարելու ժառանգական ինստիտուցիոնալ խնդիրները եւ կոռուպցիան:Երկրորդը. Հարավային Եվրոպան նույնպես ավելի արագ է աճում, քան Հյուսիսային Եվրոպան, որտեղ Իսպանիան, Պորտուգալիան եւ նույնիսկ Հունաստանը 2020-ից ի վեր մեծ տարբերությամբ գերազանցում են Գերմանիայի աճը: Այսպիսով մասամբ փոխհատուցվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդող տարիների վշտալի աճը. բայց, հաշվի առնելով այս տնտեսությունների հզոր զբոսաշրջային արդյունաբերությունը եւ ցածր կախվածությունը արտադրությունից, այն կարող է շարունակվել:Երրորդ, անխոհեմ կլիներ չակնկալել, որ Գերմանիայի տնտեսությունը երկարաժամկետ վերածննուդ կապրի: Երբ ես ուսանող էի 1970-ականների վերջին, իմ դասընկերներից մեկը բերեց մի փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Արեւելյան Գերմանիան գերազանցել էր խորհրդային բլոկի մյուս տնտեսությունները: «Այնպիսի համակարգ դեռեւս չեն հորինել, որտեղ գերմանական տնտեսությունն անարդյունավետ լինի», - հեգնեց նա: Թեեւ Գերմանիայի վերջին շրջադարձը դեպի ձախ կարող է ի վերջո ապացուցել, որ այս փաստարկը սխալ է, ավելի հավանական է, որ երկրին կհաջողվի շտկել ընթացքը եւ կրկին բարձրորակ ենթակառուցվածքներ կառուցել: Լուսանկարը՝ REUTERS Չորրորդը. գալիք ընտրությունները Եվրոպայում կարող են ի հայտ բերել այդքան անհրաժեշտ արդյունավետ ղեկավարների: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ժամանակին համարվում էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի իրավահաջորդը՝ որպես Եվրոպայի ամենահարգված առաջնորդ, պայքարում է իր երկրի բազում տնտեսական մարտահրավերները լուծելու համար եւ քննադատության է ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում իր միամտության համար: Իսկ Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելի փաստացի իրավահաջորդը՝ Օլաֆ Շոլցը, այնքան ցածր վարկանիշ ունի, որ նրա հետ համեմատ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում: Քանի որ հորիզոնում են 2025-ի Գերմանիայի դաշնային ընտրությունները, շատ հավանական է, որ Շոլցը փոխարինվի: Լուսանկարը՝ REUTERS Չնայած վարչապետ Ռիշի Սունակին հաջողվեց կայունացնել Միացյալ Թագավորության տնտեսությունը, նրան լայնորեն անհաջողակ են համարում: Հարցումներով Սունակի Պահպանողական կուսակցությունը ներկայումս շատ հետ է մնում վերածնված Լեյբորիստական կուսակցությունից, որը հաջողությամբ իրեն դիրքավորել է որպես տնտեսապես կենտրոնամետ: Ի հակադրություն նրան, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անսպասելիորեն դարձել է Եվրոպայի ամենաարդյունավետ եւ հանրաճանաչ առաջնորդներից մեկը:Եվ վերջապես, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի սպառնացող վտանգը կարող է կատալիզացնել Եվրոպայի հարկաբյուջետային ինտեգրացիան, ինչը ոչ վաղ անցյալում աներեւակայելի էր: Մինչդեռ, ինչպես ես պնդել էի վերջերս, նոյեմբերին Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունները դժվար թե մեղմեն երկրի քաղաքական ցնցումները՝ անկախ արդյունքից:Այս ամենն ապացուցում է, որ իրավիճակը Եվրոպայում դեռ կարող է փոխվել: Եվրոպական ֆոնդային շուկաները հեշտությամբ կարող են կրկնել անցյալ տարվա անսպասելիորեն ուժեղ ցուցանիշները՝ հաշվի առնելով, որ գնահատականները, որոնք չափում են գնի եւ շահույթի հարաբերակցությամբ, զգալիորեն ցածր են, քան ԱՄՆ-ում: Չնայած ԱՄՆ ֆոնդային շուկան տարիներ շարունակ գերազանցում է Եվրոպային, 2024-ը կարող է տարբերվել:Թեեւ եվրոպական տնտեսությունները երկար ժամանակ ցածր արդյունքներ են գրանցել, ոչ մի միտում հավերժ չի պահպանվում: Որքան էլ Եվրոպայի հեռանկարը մռայլ է թվում հիմա, տնտեսական հեռանկարները գուցե մի փոքր ավելի բարենպաստ լինեն այս տարվա վերջին:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2782