Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական կառույցներում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ, վարկավորման դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում լիզինգի կիրառության մեծացման, ռիսկերից ապահովագրման եւ Արմսվիսբանկի լիզինգային առաջարկների մասին:Լիզինգը՝ ավելի պարզ գործիքԼիզինգը Հայաստանի շուկայի համար հարաբերականորեն նոր ֆինանսական գործիք է, թեեւ աշխարհում, իհարկե, նորություն չէ: Մեր բանկային համակարգում, երեւի թե, այն ավելի լայն կիրառություն է ստացել վերջին 3 տարվա ընթացքում:Հայաստանում լիզինգի լայն տարածման ազդակ դարձավ այն, որ կառավարությունը, նպատակ ունենալով տնտեսությունն ավելի զարգացնել, արտադրողականությունը բարձրացնել, նոր սարքավորումների մուտքն ավելի դյուրինացնել Հայաստանի շուկա, խթանիչ ծրագրեր մշակեց եւ սուբսիդավորեց լիզինգավորման որոշակի տոկոսը, ինչից հետո էլ այս գործիքը շատ ավելի լայն կիրառում ստացավ: Հիմա լիզինգը, որպես ֆինանսական գործիք, գրեթե բոլոր բանկերը շատ ակտիվ կիրառում են: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը եւս բացառություն չէ:Այս ընթացքում ստեղծվեց Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, որի հիմնադիր անդամներից է նաեւ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը: Ասոցիացիայում ակտիվ մասնակցում ենք բոլոր քննարկումներին, օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկություններ անում: Այդ ամենի նպատակն այն է, որ այս գործիքն էլ ավելի տարածվի, ինչն էլ տնտեսության մեջ էլ ավելի մեծ արդյունք կստեղծի:Լիզինգն իր բնույթով էլ ավելի պարզ գործիք է, քան վարկը: Եթե վարկ ստանալու համար հաճախորդը դիմում է բանկ, իրենից պահանջվում է առնվազն գրավի կամ ինչ-որ ապահովության միջոցներ: Լիզինգի դեպքում այդ խնդիրը չկա: Այսինքն՝ բավարար է, օրինակ, ձեռք բերվող սարքավորման արժեքի 20%-ն ունենալ՝ արդեն կարող եք այն ձեռք բերել: Սա է ամենամեծ խթանիչ ուժը, ամենամեծ մոտիվացիան՝ թե ինչու օգտվել լիզինգից: Եթե ավանդական վարկավորման պարագայում հաճախորդը դիմում է բանկ, վարկ է ստանում եւ այդ վարկի միջոցով ձեռք է բերում որոշակի սարքավորումներ, ապա լիզինգի դեպքում բանկն անմիջապես այդ սարքավորումներն է հանձնում: Այսինքն՝ բանկն ինքն է գնում տվյալ սարքավորումը եւ լիզինգով՝ ֆինանսական վարձակալությամբ, հանձնում է լիզինգառուին: Գրիգոր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վստահ կարող եմ ասել, որ լիզինգի դերը ավելի է մեծանալու, եւ ինչպես վարկը, այնպես էլ լիզինգը հստակ կունենա իր տեղը: Յուրաքանչյուր գործի համար յուրահատուկ ֆինանսական գործիք պետք է օգտագործել: Եթե մարդը կամ ձեռնարկությունը պետք է սարքավորումներ կամ հիմնական միջոցներ ձեռք բերի, ապա դրա լավագույն գործիքը հենց լիզինգն է: Ռիսկերի ապահովագրումըԼիզինգի դեպքում բանկերը հիմնականում համագործակցում են կայուն, հայտնի մատակարար ընկերությունների հետ: Այս պարագայում, երբ հաճախորդը սարքավորումը գնում է ֆինանսական կազմակերպության՝ տվյալ դեպքում բանկի միջոցով, նա ապահովագրում է իրեն մի շարք ռիսկերից՝ ապրանքը ժամանակին եւ պատշաճ կերպով չմատակարարելու, ապրանքը ճանապարհին վնասվելու եւ այլ ռիսկերից, որոնց մասով լիզինգի պարագայում բանկի մասնագետները լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարում: Այսինքն՝ բանկը, որոշակի գործիքների օգտագործման միջոցով հետեւում է ողջ շղթային՝ գումարը փոխանցելուց մինչեւ ապրանքի հանձնելը, որպեսզի այդ ընթացքում բացառի ցանկացած բացասական հետեւանք: Շատ հաճախ այդ գործիքները համակցվում են առեւտրի ֆինանսավորման այլ գործիքների հետ՝ ինչպիսիք են բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները: Եթե մատակարար ընկերությունը արտասահմանում է, ապա բանկը կարող է պահանջել, որպեսզի կիրառվեն ապահովագրության այլ տեսակներ եւ ռիսկերն ավելի մեղմացվեն:ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի լիզինգային ծառայություններըԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը սկսել է լիզինգային ծառայություններ մատուցել ավելի քան 4 տարի առաջ եւ շատ ակտիվ է շուկայի տվյալ սեգմենտում: Որպես օրինակ նշեմ, որ Բանկի լիզինգի պորտֆելը նախորդ տարում գրեթե կրկնապատկվել է:Մեր Բանկը կորպորատիվ բանկ է եւ հիմնականում սպասարկում է կորպորատիվ հաճախորդների: Մեր թիրախային հաճախորդները հիմնականում արդյունաբերողներ եւ արտադրողներ են, որոնք կա՛մ հիմնում են նոր արտադրություն եւ նոր մեքենասարքավորումներ են ձեռք բերում, կա՛մ արդիականացնում, զարգացնում են արդեն ունեցած սարքավորումները: Ձեռք բերվող հիմնական միջոցների շարքում կարող է լինել շինարարական տեխնիկա, արտադրական տարատեսակ մեքենա-սարքավորումներ եւ հոսքագծեր: Գրիգոր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սովորաբար, երբ հաճախորդը դիմում է բանկ լիզինգի համար, ինքն արդեն գիտի ինչ պետք է ձեռք բերի, քիչ թե շատ շուկան ուսումնասիրած է լինում: Քանի որ մեր հաճախորդների բազան բավականին մեծ է, մենք հնարավորություն ունենք համեմատելու շուկայում առկա առաջարկները թե՛ գնային տեսանկյունից, թե՛ որակական: Մեր մասնագետները կապվում են արտադրողների հետ, որոշակի ճշտումներ են անում եւ այդ ամենի արդյունքում որոշում՝ կա՛մ ընթացք տալ տվյալ լիզինգային հայտին, բավարարել եւ ֆինանսավորել հենց նշված սարքավորումը, կա՛մ մեկ այլ արտադրողից ավելի լավ առաջարկ ունենալու դեպքում խորհուրդ տալիս դիտարկել նաեւ այդ տարբերակը: Այսինքն՝ որպես կանոն, փոխադարձ քննարկումների արդյունքում գտնում ենք լավագույն լուծումը:Լիզինգի գործարքի եւ տրամադրման ընթացքըԵթե համեմատենք կորպորատիվ վարկի եւ կորպորատիվ լիզինգի ձեւակերպման գործընթացը, ապա լիզինգի դեպքում այն ավելի կարճ է տեւում, չնայած այն հիմնականում կախված է նրանից՝ սարքավորումը ներմուծվո՞ւմ է արտասահմանից, թե՞ ձեռք է բերվում տեղում: Եթե տեղում է ձեռք բերվում, գործարքը շատ արագ է ստացվում, միջինում մեկ շաբաթից 10 օր, եթե ներմուծվում է՝ ապա կարող է հավելյալ եւս մեկ շաբաթ պահանջվել:Ինչ վերաբերում է լիզինգի առարկայի տրամադրման ժամանակահատվածին՝ ապա դասական իմաստով լիզինգի ժամկետը չպետք է գերազանցի իր բնական ամորտիզացիոն ժամկետին: Որպես կանոն հիմնական միջոցները տրամադրում ենք մինչեւ 7 տարի ժամկետով: Ժամկետի ավարտից հետո սովորաբար սիմվոլիկ գումարի դիմաց հետ վաճառք ենք կատարում եւ սարքավորումը մնում է լիզինգառուին: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը լիզինգով ֆինանսավորում է մինչեւ 3 մլն եվրո արժողությամբ սարքավորումների ձեռքբերումը: Հնարավոր է նաեւ համատեղել ստանդարտ վարկավորման գործիքակազմը լիզինգի հետ: Օրինակ, եթե հաճախորդը չունի անհրաժեշտ 20% կանխավճարը, ապա կարող ենք տրամադրել վարկ ավանդական գործիքների միջոցով, իսկ մնացած 80%-ը՝ լրացնել լիզինգով: Այսինքն՝ մի քանի ֆինանսական գործիքի համադրում է ստացվում, որն ավելի ազատ գործելու հնարավորություն է տալիս թե՛ Բանկին, թե՛ մեր հաճախորդներին: Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 3652