Դիմակայել չորս ամենամեծ տնտեսական մարտահրավերներին

15.01.2024 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի պրոֆեսոր Դենի Ռոդրիկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Եվս մի բուռն տարի հաստատեց, որ համաշխարհային տնտեսությունը շրջադարձային փուլում է: Մեր առջեւ ծառացել են չորս մեծ մարտահրավերներ. կլիմայի փոփոխություն, լավ աշխատատեղերի խնդիր, տնտեսական զարգացման ճգնաժամ եւ գլոբալացման ավելի նոր, առողջ ձեւի որոնում: Յուրաքանչյուրին անդրադառնալու համար պետք է մոռանանք մտածողության արմատացած ձեւերը եւ փնտրենք իրագործելի ստեղծագործական լուծումներ՝ միաժամանակ գիտակցելով, որ այդ ջանքերը հաստատ լինելու են չհամակարգված ու փորձարարական:

Կլիմայի փոփոխությունը ամենածանր մարտահրավերն է, որն ամենաերկարն է անտեսվել եւ որի համար ահռելի գին է վճարվել: Եթե ուզում ենք խուսափել մարդկության հակաուտոպիական ապագայից, պետք է արագ գործենք համաշխարհային տնտեսությունը ապակարբոնացնելու համար: Մենք վաղուց գիտեինք, որ պետք է հրաժարվենք հանածո վառելիքից, ստեղծենք «կանաչ» այլընտրանքներ եւ ավելի լավ պաշտպանենք շրջակա միջավայրը տեւական վնասից, որն արդեն հասցրել ենք անցյալի մեր անգործությամբ: Այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ համաշխարհային համագործակցությունն ու տնտեսագետների նախընտրած քաղաքականությունը մեծ արդյունքներ չեն տա:

Փոխարենը, առանձին երկրներ կշարունակեն սեփական «կանաչ» օրակարգը՝ իրականացնելով քաղաքականություն, որը լավագույնս է համապատասխանում կոնկրետ քաղաքական խնդիրներին, ինչպես արդեն անում են Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Եվրամիությունը: Արդյունքում կունենանք արտանետումների շեմերի, հարկային արտոնությունների, հետազոտության եւ զարգացման աջակցության եւ «կանաչ» արդյունաբերական քաղաքականության շիլափլավ՝ առանց գլոբալ համաձայնեցման, երկրների անկանոն ծախսերով: Խառնաշփոթ է լինելու, բայց կլիմայի ոլորտում չհամակարգված գործողությունները լավագույնն է, ինչի վրա իրատեսորեն կարող ենք հույս դնել:


Սակայն դա միակ վտանգը չէ, որին բախվում ենք։ Անհավասարությունը, միջին խավի էրոզիան եւ աշխատաշուկայի բեւեռացումը նույնքան զգալի վնաս են հասցրել մեր սոցիալական միջավայրին։ Հետեւանքները այժմ բոլորին ակնհայտ են: Երկրների ներսում տնտեսական, տարածաշրջանային եւ մշակութային անջրպետները մեծանում են, իսկ լիբերալ ժողովրդավարությունը (եւ դրան սատարող արժեքները) անկում է ապրում, ինչը հաստատում է աճող աջակցությունը այլատյաց, ավտորիտար պոպուլիստներին եւ հակազդեցությունը գիտա-տեխնոլոգիական գիտելիքներին:

Սոցիալական վճարումները եւ սոցիալական պետությունը կարող են օգնել այս հարցում, բայց ամենաանհրաժեշտը լավ աշխատատեղերի ավելացումն է պակաս կրթվածների համար: Մեզ անհրաժեշտ է ավելի արդյունավետ, լավ վարձատրվող զբաղվածություն, որը կարող է բարձրագույն կրթություն չունեցողներին արժանապատիվ կյանք եւ սոցիալական ճանաչում ապահովել: Նման աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ են ոչ միայն ավելի շատ ներդրումներ կրթության ոլորտում եւ աշխատողների իրավունքների ավելի լավ պաշտպանություն, այլեւ արդյունաբերական քաղաքականության նոր տեսակներ ծառայությունների ոլորտում, որտեղ ստեղծվելու է ապագա զբաղվածության հիմնական մասը:

Արտադրության ոլորտում աշխատատեղերի անհետացումը արդյունք էր ինչպես աճող ավտոմատացման, այնպես էլ ավելի մեծ համաշխարհային մրցակցության: Զարգացող երկրները պաշտպանված չէին այդ երկու գործոններից էլ: Շատերում տեղի ունեցավ «վաղաժամ ապաարդյունաբերականացում». աշխատողների ինտեգրումը ֆորմալ, արդյունավետ արտադրական ձեռնարկություններում ներկայումս շատ սահմանափակ է, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող ունենալ արտահանմանն ուղղված այնպիսի զարգացման ռազմավարություն, որը չափազանց արդյունավետ էր Արեւելյան Ասիայում եւ մի քանի այլ երկրներում: Կլիմայի մարտահրավերի հետ մեկտեղ՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում տնտեսական աճի ռազմավարությունների այս ճգնաժամը պահանջում է զարգացման բոլորովին նոր մոդել ստեղծել:


Ինչպես զարգացած տնտեսություններում, այնպես էլ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում ծառայությունները կլինեն աշխատատեղերի ստեղծման հիմնական աղբյուրը: Սակայն այս տնտեսություններում ծառայությունները մեծ մասամբ տրամադրում են շատ փոքր, ոչ ֆորմալ ձեռնարկություններ (հաճախ անհատ ձեռնարկատերեր), իսկ ծառայությունների վրա հիմնված զարգացման պատրաստի եւ ընդօրինակելի մոդելներ գոյություն չունեն: Կառավարությունները ստիպված կլինեն փորձել համատեղել «կանաչ» անցման ներդրումները եւ աշխատատեղ ստեղծող ծառայությունների արտադրողականության բարձրացումը:

Եվ վերջապես, գլոբալացումն ինքնին պետք է վերահայտնագործել: 1990-ից հետո հիպերգլոբալացման մոդելը իր տեղը ձիջեց ԱՄՆ-Չինաստան աշխարհաքաղաքական մրցակցությանը եւ ներքին սոցիալական, տնտեսական, հանրային առողջապահության եւ բնապահպանական խնդիրների առաջնահերթությանը: Նպատակին այլեւս չծառայող մեզ ծանոթ գլոբալացումը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի կարողանա հավասարակշռել ազգային կարիքները եւ առողջ գլոբալ տնտեսության պահանջները՝ դյուրացնելով միջազգային առեւտուրը եւ երկարաժամկետ օտարերկրյա ներդրումները:

Գլոբալացման նոր մոդելը, ամենայն հավանականությամբ, պակաս միջամտող կլինի եւ հաշվի կառնի բոլոր երկրների (ոչ միայն խոշոր տերությունների) կարիքները, որոնք ցանկանում են ավելի մեծ ճկունություն ունենալ քաղաքականության մեջ՝ ներքին մարտահրավերներին եւ ազգային անվտանգության հրամայականներին դիմակայելու համար: Հավանականություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ը կամ Չինաստանը ավելի լայնորեն կդիտարկեն իրենց անվտանգության կարիքները՝ ձգտելով համաշխարհային առաջատարության (ԱՄՆ-ի դեպքում) կամ տարածաշրջանային գերակայության (Չինաստան): Արդյունքը կլինի տնտեսական փոխկախվածության «ռազմականացումը» եւ տնտեսական զգալի բաժանվածությունը, ընդ որում առեւտուրն ու ներդրումները կդիտարկվեն որպես զրոյական արդյունքով խաղ:


Բայց կարող է լինել նաեւ ավելի բարենպաստ սցենար, երբ երկու ուժերն էլ զսպում են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները՝ գիտակցելով, որ մրցակցող տնտեսական նպատակներին հասնելն ավելի ձեռնտու է համաձայնության եւ համագործակցության միջոցով: Այս սցենարը կարող է դրական անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա, նույնիսկ եթե (կամ գուցե՝ շնորհիվ այն բանի, որ) այն հիպերգլոբալացում չէ: Ինչպես ցույց տվեց Բրետոն-Վուդսի դարաշրջանը, համաշխարհային առեւտրի եւ ներդրումների զգալի ընդլայնումը համատեղելի է գլոբալացման նեղ մոդելի հետ, երբ երկրները մեծ քաղաքական ինքնավարություն են պահպանում՝ խթանելով տեղական սոցիալական համախմբվածությունն ու տնտեսական աճը: Ամենամեծ նվերը, որ խոշոր տերությունները կարող են անել համաշխարհային տնտեսությանը, սեփական տնտեսությունները լավ կառավարելն է:

Այս բոլոր մարտահրավերները պահանջում են նոր գաղափարներ եւ մեխանիզմներ: Պետք չէ լիովին հրաժարվել ավանդական էկոնոմիկայից։ Սակայն արդիական մնալու համար տնտեսագետները պետք է սովորեն իրենց առեւտրի գործիքները ծառայեցնել օրվա նպատակներին եւ սահմանափակումներին: Նրանք պետք է պատրաստ լինեն փորձարկումների եւ ըմբռնումով մոտենան, եթե կառավարությունների գործողությունները չեն համապատասխանում դասագրքային մեթոդներին:


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW