«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 32 մլրդ դրամ է, տոկոսադրույքը՝ 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թողարկման նպատակը ՀԷՑ վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը։ Այդ ծրագրերն ուղղված են էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին եւ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է, իսկ հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամները։ Միեւնույն ժամանակ, դրանց ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է նաեւ ֆիզիկական անձանց համար եւ իրականացվում է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով։ ՀԷՑ պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու այլ հյուրեր։ Banks.am-ն առանձնացրել է միջոցառման ուշագրավ դրվագները։ «Գնահատել ենք բոլոր ռիսկերը»Կարեն Հարությունյան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Հայաստանում եւ՛ պարտատոմսերի, եւ՛ բաժնետոմսերի թողարկման բազմաթիվ դեպքեր են եղել, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ծավալի առումով այս թողարկումն աննախադեպ է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակներից մեկը գումարի ներգրավումն է, որի շնորհիվ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել ընկերության առկա վարկային պարտավորությունները, այսինքն՝ դոլարային ընդհանուր պորտֆելում ունենալ դրամային պորտֆել։ Մյուս նպատակը ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումն է։ Կարեն Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարտատոմսերի թողարկումն իրականացվել է Ամերիաբանկի հետ համագործակցությամբ, որի հավելվածի միջոցով հնարավոր է դրանք ձեռք բերել առանց ավելորդ քաշքշուկի։ Արդեն իսկ ունենք բավականին գումարի ներգրավում ֆիզիկական անձանց կողմից։ Նշեմ, որ ՀԷՑ մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 հազար դրամ է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային կայուն ռեյտինգը մեզ վաղուց էր հնարավորություն տալիս թողարկել պարտատոմսեր եւ ներգրավել միջոցներ, սակայն չենք դիմել այդ քայլին։ Հիմա գնահատել ենք բոլոր ռիսկերն ու այս գործողությունը ձեռնարկել ենք՝ համարելով տնտեսապես նպատակահարմար։ «Մեկ քայլ առաջ դեպի զարգացած կապիտալի շուկա»Արտակ Հանեսյան, «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն «Ամերիաբանկի» համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ ՀԷՑ պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացում։ Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար եւ առանձնահատուկ է մի քանի առումով։ Նախ՝ Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված պարտատոմսերի ամենախոշոր նախագիծն է։ Երկրորդ՝ մենք անչափ կարեւորում ենք, որ ՀԷՑ-ը որոշում է կայացրել թողարկումն իրականացնել ՀՀ դրամով ու այս իրադարձությունը համընկել է մեր ազգային արժույթի 30-ամյակի հետ։ Կարծում եմ՝ իրադարձությունը նշանակալի է նաեւ երկրի ներդրումային գրավչության ավելացման տեսանկյունից։ Արտակ Հանեսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ ունենք բազմամյա համագործակցության փորձ ու մենք, որպես թողարկմանն աջակցող ֆինանսական կառույց, վարելու ենք այդ գործընթացը։ Մեծ հույս ունենք, որ դրանով կնպաստենք կապիտալ շուկաների առավել զարգացմանն ու կմեծացնենք հետաքրքրությունը նոր թողարկումների նկատմամբ։ Յուրաքանչյուր նման փորձառություն մեկ քայլ առաջ է դեպի զարգացած կապիտալի շուկա։ Անելիքներ դեռ շատ կան, որովհետեւ նման գործիքների հանդեպ պետք է լինի վստահություն՝ ոչ միայն ինստիտուցիոնալ ներդրողների, այլեւ՝ հասարակության կողմից։ «ՀԷՑ-ը մշտապես եղել է հուսալի գործընկեր»Տիգրան Խաչատրյան, ՀՀ փոխվարչապետ Շատ կարեւոր առաջին քայլն արված է։ Վստահ եմ՝ պարտատոմսերի թողարկման այս փորձը հաջողությամբ նպատակին ծառայեցնելուց հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանդես կգա էլ ավելի հավակնոտ ծրագրերով։ Ֆինանսական շուկայի համար ՀԷՑ-ը նոր գործընկեր չէ։ Դրա մասին գիտեն ինչպես Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն, այնպես էլ՝ Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնցից շատերի հետ ՀԷՑ-ն ունի համագործակցության երկար փորձ։ Ընկերությունը մշտապես եղել է հուսալի գործընկեր եւ նոր հնարավորություններ ստեղծել հետագա ծրագրեր իրականացնելու համար։ Տիգրան Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ՀԷՑ-ը պարտատոմսերի թողարկման այս օրվան միանգամից չէ մոտեցել։ Մտածել է քայլերի մասին, որոնք պետք են, որպեսզի բոլոր կազմակերպությունները հավատով եւ վստահությամբ վերաբերվեն ընկերության առաջիկա անելիքներին։ ՀԷՑ-ն առաջիններից է արժանացել միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպության ամենաբարձր վարկանիշին Հայաստանում։ Սա այն երաշխիքն է, որ հուշում է կազմակերպությունում կորպորատիվ կառավարման բարձր մակարդակի մասին: Ինչպես նաեւ ընդգծում՝ պլանները, որ ներդրողներն ընտրում են կազմակերպության հետ հետագա ճանապարհ անցնելու համար, իրագործելիության տեսանկյունից որեւէ էական անորոշություններ կամ անսպասելի դժվարություններ չեն պարունակում։ «Պետություն-մասնավոր համագործակցության փայլուն օրինակ»Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկի նախագահ Սա մեծ իրադարձություն է հայկական ֆինանսական եւ արժեթղթերի շուկայի համար։ Շատ ոգեւորիչ է, որ թողարկումն իրականացնում է ոչ ֆինանսական կազմակերպություն եւ մուտք է գործում պարտատոմսերի շուկա։ Կարծում եմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նման ընկերությունների մուտքն այս շուկա դրական զարգացումներ է բերելու։Սա համարում եմ նաեւ պետություն-մասնավոր համագործակցության փայլուն օրինակ, քանի որ Կենտրոնական բանկը տեւական ժամանակ աշխատում է ՀԷՑ-ի թիմի հետ, որպեսզի այս թողարկումը տեղի ունենա։ Մարտին Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հատկապես կարեւորում եմ, որ պարտատոմսերի ձեռքբերմանը մասնակցելու են նաեւ մեր կենսաթոշակային հիմնադրամները՝ ինստիտուցիոնալ ներդրման տեսանկյունից։ Մեր հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք կենսաթոշակային հիմնադրամների մասնակից են, միեւնույն ժամանակ ՀԷՑ-ի բաժանորդ են։ Առաջին դեպքն է, երբ ունենք այսպիսի ծավալով ֆիզիկական անձանց խնայողությունների մուտք կապիտալի կամ արժեթղթերի շուկա։ Կարծում եմ՝ պարտատոմսերի թողարկումը լավ հնարավորություն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար շուկան ստուգելու եւ ապագայում նաեւ բաժնետոմսերի հրապարակային առաջարկ անելու համար։ Հույս ունենք, որ ՀԷՑ-ի օրինակը կլինի վարակիչ եւ մյուս ընկերություններին եւս ցույց կտա ճանապարհ, որով իրենք կարող են լուծել ֆինանսներ ներգրավելու, միջազգային ներդրողների հետ հարաբերվելու եւ նոր գործընկերներ ձեռք բերելու խնդիրները։ «Ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը խնդիր էր»Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տասնամյակներ շարունակ Հայաստանում բիզնեսով զբաղվելու գլխավոր խոչընդոտը կապիտալի եւ ֆինանսների հասանելիության հարցն էր։ Գործարարները նույնիսկ կոռուպցիայից կամ հարկային խնդիրներից ավելի մեծ խնդիր էին համարում կապիտալի շուկային եւ ֆինանսական ռեսուրների հասանելիությունը։ Մեր հաշվարկներով այս տարի Հայաստանում առաջին անգամ շուկայի կապիտալիզացիան ՀՆԱ-ի 2%-ից ավելին կլինի։ Շատ լավ ցուցանիշ է եւ վերջապես, այսպես ասած, «զրոյական» կետից կշարժվենք վերեւ։ Վահան Քերոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Չորս ամիս առաջ հաստատվեց թողարկման եւ վարկանշավորման պետական աջակցության ծրագիրը, որով կառավարությունն ընկերություններին ֆինանսապես աջակցում է, որպեսզի դրանք թողարկում անեն։ Վերցրեցի հեռախոսը եւ զանգահարեցի 20 ընկերությունների, որոնց, կարծում էի, կհետաքրքրի մեր ծրագիրը։ Այդ ընթացքում գաղափար առաջացավ ուսումնասիրել նաեւ ՀԷՑ-ի կողմից պարտատոմսերի թողարկման հնարավորությունը։ Ուրախ եմ, որ այսօր իրականություն ենք դարձնում քննարկված գաղափարները։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյան Tweet Դիտում՝ 3390