Ներկայացնում ենք Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ (2013-2021թթ), Խորհրդի անդամ Արա Չալաբյանի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար:Արա ՉալաբյանՆոյեմբերի 22-ին Հայաստանում նշվում էր ՀՀ դրամի 30 ամյակը եւ բանկային աշխատողի օրը։ 30 տարվա մեջ բանկային համակարգը զգալի առաջընթաց է ունեցել, այդ թվում՝ գործարքների եւ ֆինանսական միջնորդության ծավալների էական աճ (5 տրիլիոն դրամից ավել ավանդներ, 4․5 տրիլիոն դրամից ավել վարկեր, մոտ 8․5 տրիլիոն դրամի ընդհանուր ակտիվներ), իսկ վերջին երկու տարում նաեւ առաջանցիկ շահութաբերություն (22% սեփական կապիտալի շահութաբերություն 2022թ․)։Բանկերը Հայաստանում առանձնանում են ֆինանսական թափանցիկությամբ, քաղաքակիրթ բիզնես միջավայրով եւ կորպորատիվ կառավարման որոշակի չափանիշներով (Խորհուրդ, Արտաքին եւ Ներքին աուդիտ, եւ այլն)։ Մասնավորապես, բանկերի տարեկան ֆինանսական հաշվետվություններն արտաքին աուդիտ են անցնում միջազգային հեղինակավոր 10 ցանցերի անդամ ընկերությունների կողմից, դրանք հրապարակվում են բանկերի կայքերում՝ կորպորատիվ կառավարմանը վերաբերվող այլ տեղեկատվության հետ միասին։Հայաստանում գործում են 18 առեւտրային բանկեր, ավելի քան 20 տարի բանկերի սնանկացում չի եղել, թեեւ մի քանի ֆինանսական ճգնաժամեր են աշխարհում եւ տարածաշրջանում եղել։ Բանկային համակարգի կայունությունն ապահովվել է այդ թվում՝ Կենտրոնական բանկի խիստ կարգավորման եւ վերահսկողության շնորհիվ։ Վերջին տարիներին մի քանի գործոններով պայմանավորված այս պատկերը փոխվում է՝ բանկերն էապես խոշորացել են, ֆինանսական համակարգից դուրս, մասնավորապես ՏՏ ոլորտում մրցակցային աշխատատեղեր են առաջացել, միեւնույն ժամանակ Կենտրոնական բանկի կարողությունները համաչափ չեն աճել։ Սա հանգեցրել է մի իրավիճակի, որ լավագույն կադրերը տեղափոխվում են կամ բանկեր եւ ավելի լայն ֆինանսական հատված կամ ՏՏ ոլորտ։ Մյուս կողմից բանկերն ակտիվ սկսել են կիրառել եւ հենվել ՏՏ համակարգերի վրա, ինչը լրացուցիչ բարդություն է մտցնում վերահսկողության տեսանկյունից։ Այս իրավիճակում, Կենտրոնական բանկը կարող է ուժեղացնել Կորպորատիվ կառավարման պահանջները եւ շեշտը դնել բանկերի ինքնակազմակերպման վրա։ Խոսքը, մասնավորապես, գնում է անկախ եւ փորձառու խորհրդի անդամների ներգրավման, ինչպես նաեւ Ներքին աուդիտի գործառույթի ուժեղացման մասին։ Բանկերն արդեն իսկ կիրառում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS), իսկ վերոնշյալ արտաքին աուդիտորական ընկերությունները՝ Աուդիտի միջազգային ստանդարտները (ISA): Ներքին աուդիտը, որը ԿԲ պահանջով ներդրվել է բանկերում 2005 թվականից, դեռեւս չի առաջնորդվում միջազգային (տեղական չկան) ստանդարտներով (IPPF): Ներկայումս ճիշտ ժամանակն է ներմուծել այս պահանջը, հաշվի առնելով, որ բանկերը մեծացել են եւ դրա հետ էլ ռիսկերը։Բանկերում Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների ներդրումը կբարձրացնի Ներքին աուդիտի այսօր հաճախ տեխնիկական ստուգողի դերը մի քանի էական առումներով․1. Բանկերը կսկսեն ներգրավել անկախ եւ փորձառու խորհրդի անդամների՝ անկախ Աուդիտի կոմիտեներ ստեղծելու համար,2. Բանկերը կխրախուսեն իրենց ներքին աուդիտորներին ձեռք բերել միջազգային որակավորումներ (CIA), այնպես ինչպես հաշվապահներն ու արտաքին աուդիտորները (ACCA)։3. Բանկերի ներքին աուդիտի գործառույթները 5 տարին մեկ որակի արտաքին գնահատում կանցնեն անկախ որակավորված գնահատողների կողմից, ինչը նշանակում է, որ գործառույթի անկախությունը գործադիր մարմնից եւ աուդիտորների մասնագիտական որակավորման մակարդակը եւ ամենակարեւորը, բարձրացրած ռիսկերի եւ խնդիրների խորությունը եւս կգնահատվեն։Կենտրոնական բանկը եւ Բանկերի միությունը կարող են նախաձեռնել այս գործընթացը՝ Ներքին աուդիտորների ինստիտուտի օժանդակությամբ։ Դեռեւս 2012թ․ Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեն հրապարակել է իր սկզբունքները՝ «Բանկերում ներքին աուդիտի» վերաբերյալ, որոնք հիմնված են Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների վրա, իսկ Միացյալ Թագավորության Ներքին աուդիտորների ինստիտուտը ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների հետ մշակել է «Ֆինանսական ոլորտի ներքին աուդիտի կանոնագիրքը»՝ հիմնված նույն ստանդարտների վրա։Հարկ է նշել, որ ներքին աուդիտի միջազգային ստանդարտների գաղափարը Հայաստանում նոր չէ, Կենտրոնական բանկում դեռեւս 2007թ․ առաջին անկախ գնահատմամբ սկիզբ է դրվել այդ գործընթացին, հետագայում յուրաքանչյուր 5 տարին մեկ հաջողությամբ անցնելով այդ գնահատումները։ «Ներքին աուդիտի մասին օրենքով» դեռեւս 10 տարի առաջ հանրային հատվածի պետական եւ տեղական կառավարման մարմինների համար ամրագրվել են միջազգային ստանդարտների պահանջները (թեեւ դրանց կիրառումն առայսօր թերի է)։ Մենք ունենք նաեւ հատուկենտ բանկեր, որոնք կամավոր դրանք կիրառում են կամ սկսել են մտածել ներդրման մասին։Ամփոփելով նշեմ, որ հիմա ճիշտ պահն է բանկերում որպես լավագույն պրակտիկա սկսել ներդնել Ներքին աուդիտի միջազգային ստանդարտները։ Որպես կանոն այլ երկրներում (ԱՄՆ, ՄԹ, ԵՄ) բանկերի ներքին աուդիտի պահանջները խստացվում են, երբ ճգնաժամերի հետեւանքով բանկեր են սնանկանում։ Կարծում եմ կանխարգելիչ միջոցառումներն ավելի նպատակահարմար են՝ հաշվի առնելով լուրջ խնդիրների դեպքում հասարակական հետեւանքները եւ հնչեղությունը։***Արա Չալաբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է ֆինանսներ, կառավարչական հաշվապահություն եւ աուդիտ (2018թ․ դասավանդման գերազանցության մրցանակ), Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ է ներքին աուդիտի գնահատման գծով, 22 տարվա փորձ ունի բանկային համակարգում տարբեր պաշտոններում, որից 19 տարի աշխատել է Կենտրոնական Բանկում, 2010-2020թթ եղել է ԿԲ գլխավոր աուդիտորը, 2020-2022թթ Կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի տնօրենը, հիմնադրման օրվանից 2013-2021թթ եղել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահը, որից հետո շարունակում է մնալ Խորհրդում։ Անդամակցում է Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիային (ACCA), Ներքին աուդիտորների ինստիտուտին (IIA) եւ Տեղեկատվական համակարգերի հսկողության եւ աուդիտի ասոցիացիային (ISACA) եւ ունի որակավորված հաշվապահի (ACCA), որակավորված ներքին աուդիտորի (CIA - 2014թ աշխարհում լավագույն 9-րդ արդյունքով 10,000-ից) եւ որակավորված ռիսկերի կառավարման մասնագետի (CRMA, CRISC) միջազգային որակավորումներ։ Հոդվածներ է հրապարակել banks.am, Internal Auditor (2018թ․ մրցանակի արժանացած), Внутренний Аудитор պարբերականներում։ Tweet Դիտում՝ 10060