Այսօրվա եւ վաղվա առաջնորդները Երեւանում կբացահայտեն առաջնորդության այլընտրանքային ձեւերը

08.09.2023 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Առաջնորդության թեման այսօր աշխարհում ամենապահանջվածներից է։ Առաջնորդելու գրագետ, նորարար եւ արդյունավետ մոտեցումների փնտրտուքն արդիական է տարբեր երկրներում։ Հայաստանը կլինի այն վայրը, որը կմեկտեղի ոլորտի ամենահայտնի բանախոսներից մի քանիսին՝ խոսելու, սեփական հարուստ փորձն ու կիրառական հմտություններ փոխանցելու առաջնորդության մասին։  

Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը։ Այն կազմակերպում է Cascade People & Business ընկերությունը՝ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։ Համաժողովի գլխավոր գործընկերն է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը։

Այս տարի համաժողովի առանցքում առաջնորդության զարգացման եւ կիրառման այլընտրանքային ձեւաչափերն են։ Հրավիրված են համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ 8 երկրից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լեհաստանից, Օմանից, Հորդանանից, Թունիսից, Ռուսաստանից, Սերբիայից եւ Հայաստանից։ Խոսնակները ներկայացնելու են առաջնորդությանը վերաբերող իրենց ոչ ստանդարտ եւ նորարար մոտեցումները, ցուցադրելու են առաջնորդության եւ սեփական ներուժի զարգացման կիրառական մեթոդիկաներ։   


Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի խոսքով՝ առաջնորդությունն այսօր միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է։ Այս համաժողովն առանձնանում է նրանով, որ մեկ հարթակում համախմբում է առաջնորդման զարգացման այլընտրանքային մեթոդները։

«Հրավիրել ենք իսկապես եզակի յոթ խոսնակի, որոնք կկիսվեն առաջնորդման փնտրտուքի ճանապարհին իրենց գտած լուծումներով հատուկ համաժողովի ծրագրով նախատեսված վարպետաց դասերի ժամանակ: Փոփոխությունը, որ բերել ենք այս տարի, առաջնորդության ոչ ստանդարտ մոտեցումները բացահայտելու եւ կիրառելու հնարավորությունն է»,- նշել է Արփի Կարապետյանը:

Արփի Կարապետյանը

Առաջնորդության թեման առանձնահատուկ կարեւորություն ունի համաժողովի գլխավոր գործընկերոջ՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ համար։ Ընկերությունն այսօր ապահովագրական ոլորտում առաջատարներից է, համաժողովը հրաշալի հնարավորություն է փորձի փոխանակման, նոր գիտելիքներով զինվելու համար:

«Մեր գործունեության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է մարդու կյանքն առավել ապահով դարձնելու շուրջ, ու մենք ձգտում ենք սա անել՝ առավելագույն խնայելով մեր հաճախորդների ժամանակը, նրանց տրամադրելով որակյալ, վստահելի ծառայություններ։ Այս հարցում մեզ օգնության են գալիս նորարար մոտեցումներն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ Այս ամենն անելու, հաջողելու համար, իհարկե, առաջնորդելու, ճիշտ ու համարձակ որոշումներ կայացնելու հմտություններ են պետք»,- ասել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

Մանե Մարտիրոսյանը

Առ այսօր ՄՌ տարածաշրջանային համաժողովը հյուրընկալել է տարբեր միջազգային բանախոսների ավելի քան 30 երկրից եւ շուրջ 3000 մասնակցի 40 երկրից: Համաժողովն արդեն տասնմեկ տարի շարունակ կենտրոնանում է համաշխարհային եւ տարածաշրջանային բիզնես հանրությանը հուզող առավել արդիական հարցերի վրա՝ հանդես գալով յուրահատուկ օրակարգով, խորքային բովանդակությամբ։

Այս տարի սպասվում է, որ «Առաջնորդության բնույթը» կհամախմբի մոտ 350 մասնակցի, նրանց թվում՝ ՄՌ մասնագետներ, տեղական ու միջազգային կազմակերպություններից միջին եւ բարձր օղակների ղեկավար անձնակազմ, թրեյներներ, այսօրվա եւ վաղվա առաջնորդներ: Մասնակիցները հնարավորություն կունենան փորձարկելու առաջնորդության պրակտիկայում մինչ այժմ չներկայացված այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են խորեոգրաֆիան եւ մարմնի կառավարումը,  մեդիտացիան եւ ֆիթնեսը, այդ թվում՝ մենթալ, storytelling-ը, էներգիայի կառավարումը, շփումը ձիերի հետ, մարդու բոլոր զգայարանների հետ աշխատանքը եւ այլն։

Cascade People & Business ընկերությունը Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն է, որը գործում է «ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 15 տարվա ընթացքում, համագործակցելով ավելի քան 1000 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան  հիմնադրվել է 2010թ-ին եւ այժմ միավորում է 600-ից ավելի ՄՌ մասնագետի տարբեր ոլորտներից: Շեշտը դնելով ՄՌԿ դաշտի բարելավման վրա՝ Ասոցիացիայի նպատակն է մեկ հարթակում միավորել եւ ապահովել Հայաստանի ՄՌ համայնքի եւ մարդկանց կառավարման ոլորտում բազմաթիվ ղեկավարների շարունակական բազմակողմանի զարգացումը, հանրայնացնել ու նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի ՄՌ Ասոցիացիան ակտիվորեն իրականացնում է բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, համագործակցում տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տեղացի եւ օտարերկրյա մասնագետների հետ, որոնք կիսվում են իրենց փորձարկած գործիքներով: Միջազգային համագործակցությունների շնորհիվ (EAPM, AIHR) Հայաստանի ասոցիացիայի անդամներն ստանում են բազմաթիվ երկրների գործընկերների հետ շփվելու, համաժողովների եւ միջազգային հետազոտությունների մասնակցելու լայն հնարավորություններ, ինչպես նաեւ բարձրակարգ եւ որակավորված ուսումնական նյութերի, գործիքների եւ մեթոդիկաների մշտական հասանելիություն:

Nairi Insurance-ը  հայաստանյան ապահովագրական շուկայում է արդեն 27 տարի: Առաջին եւ միակ ապահովագրական ընկերությունն է, որը վարկանշավորվել է հեղինակավոր Moody’s գործակալության կողմից՝ ստանալով B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։

2022 թվականի արդյունքներով ամենաշատ հարկ վճարած ապահովագրական ընկերությունն է, ինչպես նաեւ ապահովագրական պորտֆելի ամենամեծ աճ գրանցած ընկերությունը։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջատար դիրքավորում ունի ոլորտի թվայնացման գործում․ առաջին ընկերությունն է, որ գործարկեց բջջային հավելված՝ Nairi Mobile, հաճախորդների համար ներմուծեց «Անձնական գրասենյակ» հասկացությունը, ինչպես նաեւ ստեղծեց առցանց «Live chat» անհատական բժիշկ-փորձագետի հետ։ Այս տարի ընկերությունն ապահովագրական շուկայում եւս մեկ նորամուծություն արեց՝ առաջին անգամ ներկայացնելով արհեստական բանականության միջոցով մեքենայի վնասի գնահատման փորձնական ծրագիրը։
Դիտում՝ 4694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW