Հաշվապահի երկար տարիների փորձով Աննա Բադալյանն իր արվեստը ստեղծում է կտորներից՝ տեքստիլ թափոններից։ Նա գրքերի սենյակը վերածել է արվեստանոցի և անջատ կտորներից տարբեր իրեր է ստեղծում` պայուսակներից մինչև հագուստ, խաղալիքներ և վերմակի ծածկոցներ։Banks.am-ի հետ զրույցում Աննան պատմել է ստեղծագործելու, մտքերը կտորների միջոցով արտահայտելու եւ իր վերմակների առանձնահատկությունների մասին։Հաշվապահությունից մինչեւ հելուն եւ շյուղերՀաշվապահական կրթություն ստանալուց հետո երկար տարիներ աշխատել եմ մասնագիտությամբ, աշխատավայրիս լուծարվելուց հետո ստիպված էի տանը նստել։ Սկզբում փորձում էի հաշվապահի աշխատանք գտնել, բայց հոգնել էի այդ գործից, տանն էլ չէի կարող ողջ օրը նստել: Որոշեցի կտորներին նոր շունչ տալ՝ հարազատների համար ձեռագործ իրեր պատրաստելով։ Կարուձեւ ընդհանրապես չեմ սովորել՝ չհաշված դպրոցում գոգնոց ու սրբիչ կարելը, բայց կարից էլ հեռու չեմ եղել։ Երբ դեռ 16-17 տարեկան էի, խանութներում գեղեցիկ հագուստներ չկային, գնում էի կտոր, ամսագրերից ոգեշնչվում ու ինձ համար հագուստի մոդելներ նկարում, հետո իմ ծանոթներից մեկի՝ տիկին Սիլվայի մոտ էի վազում, ասում՝ նոր շոր պիտի հագնեմ, նա էլ ինձ նստեցնում էր կողքին, ցուցումներ տալիս։ Շղթա դնել, գաղտնակար անել, տաբատ կարճացնել սովորել եմ իրենից:Հինը նորի վերածելըՄութ ու ցուրտ տարիներին երեխաների համար հելունով ու շյուղերով իրեր էի գործում, հին հագուստները թարմացնում։ Մեր սերնդի կանայք լավ գիտեն՝ ինչ անհրաժեշտություն էր դա: Հիմա էլ, երևի, բոլորի տանը կա անկյուն, որտեղ պահվում են իրեր, որոնք կամ չեն օգտագործվում, կամ ուշ-ուշ են օգտագործվում։ Երբ գալիս էր պահը ինչ-որ իր թափելու, մտածում էի՝ սա ինչ-որ նոր բան կարող է դառնալ։ Այդ ժամանակ էլ, երբ այլեւս չէի գործում շյուղերով եւ հելունով, համացանցում սկսեցի հետաքրքիր միջոցներ փնտրել, աչքս դիպավ «փեչվորք» ասվածին, որը գործվածքների մնացորդներից նոր իրեր կարելու տեխնիկան է։ Հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Առաջին աշխատանքներն ու ցուցադրություններըՍկզբում փոքր իրեր էի պատրաստում, մտածում՝ վերմակի դեպքում աշխատանքը շատ է, ինչպես պիտի անեմ, դժվար է, նաեւ գումար չեմ կարող աշխատել։ Նույն տեխնիկայով ջինսե կտորներից 13 պայուսակ պատրաստեցի։ Հետո որոշեցի ռիսկի դիմել ու տան եղած կտորներով թոռնիկիս ծննդյան առթիվ վերմակ պատրաստել. սկսեցի կտրատել ու պատրաստել առաջին ծածկոցը։ Հենց դա էլ հիմք հանդիսացավ նոր ծածկոցների պատրաստման համար։ Ֆեյսբուքյան խմբերից մեկում էլ հին ու նոր, օգտագործված կամ փոքր-ինչ վնասված կտորների համար հարցում էի արել. եւ՛ կտորները ձեռք բերեցի, եւ՛ գաղափարակից ընկերներ գտա։Ստեղծածս պայուսակներով ու բռնիչներով մասնակցել եմ ցուցադրությունների: Մարդիկ գալիս էին, տեսնում, ծանոթանում աշխատանքներիս, սկսեցի հասկանալ նրանց պահանջարկը: Հիմա էլ որոշել եմ հավաքել աշխատանքներս ու նոր ցուցադրությունների ներկայանալ: Սեր տվող աշխատանքԱյս աշխատանքը շատ եմ սիրում, այն ինձ կտրում է խնդիրներից ու իրականությունից: Առավոտյան կամ երեկոյան անցկացնում եմ այգում, ծաղիկներս մշակում, հետո տան գործերն եմ արագ ավարտում, որպեսզի մտնեմ աշխատասենյակս ու սկսեմ կարել։ Երբ ստեղծագործական ներշնչման նոր աղբյուր եմ գտնում, այդ ժամանակ չեմ էլ նայում՝ տանը գործ կա, թե ոչ, միանգամից մտքերս իրագործում եմ: Ամենահաճելի պահերից մեկը թոռնիկիս հետ անհրաժեշտ կտորները դասավորելն է։Բիզնեսն ու արվեստը մի քիչ հեռու են միմյանցից։ Կան արվեստի ճյուղեր, որ շատ գեղեցիկ են, բայց չեն կարող բիզնես դառնալ: Երբեւէ չեմ մտածել, որ աշխատանքներս պետք է անպայման վաճառեմ, կտորներով ստեղծագործելն ինձ համար ավելի շատ նախասիրություն է: Շատ կցանկանայի երեխաներին սովորեցնել այս արվեստը, եթե, իհարկե, նրանց կողմից ցանկություն լիներ։ Լյուդմիլա Շիրվանյան Tweet Դիտում՝ 18178