Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաթիվ շահագրգիռ կողմերով գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Նա եղել է Կանադայի Cape Breton համալսարանի նախագահը, իսկ նախկինում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում է աշխատել եւ խորհրդատվություն է տրամադրել նախագահ Նելսոն Մանդելային՝ Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելիս:Դանիայի նախկին վարչապետի՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջերս հրապարակած հոդվածը մտքիցս դուրս չի գալիս: Այնտեղ ասվում էր․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կրկին աճում է, որը մեծացնում է պատերազմի հավանականությունը»։ Նա այցելել էր Լաչինի միջանցք, որը դեռ արգելափակված է բնապահպանական բողոքի պատրվակով, բայց գործընթացն ակնհայտորեն տեղի է ունենում քաղաքական նպատակներով՝ Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ:Բնապահպանական բողոքի անկեղծ ակցիաներ իսկապես անհրաժեշտ են, եւ պետք է հիմնված լինեն միմիայն ապացույցների վրա, մասնավորապես՝ այն երկրներում, որտեղ հանքարդյունաբերությունը երկրի զարգացման համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի ապագան անկայուն է՝ պայմանավորված ադրբեջանական հարձակումներով, եւ երբ իրավիճակը թեժանում էր, ես համարձակվեցի խոսել այն մասին, որ հզոր ու պատասխանատու հանքարդյունաբերությունը լուրջ արժեք կունենա արտաքին վտանգի առջեւ կանգնած Հայաստանի համար։ Ուզում եմ մի քանի դիտարկում անել այս կապակցությամբ, քանի որ Ռասմուսենի մեկնաբանությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ դեռ մտքումս են:Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Գարթոն Էշը, որը Եվրոպագիտության մասնագետ է եւ վերջերս գրել է Արեւմտյան պատժամիջոցների ազդեցության դաշտից հեռացող ռուսական փողերի մասին, հոդվածում անդրադարձել է նաեւ Հայաստանին։ Նա պնդում էր, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը մեծամասամբ կառուցվածքային ընթացիկ հաշվի դեֆիցիտ է ունեցել, սակայն 2022 թ․-ին ունեցել է ընթացիկ հաշվի ավելցուկ, որը Կենտրոնական բանկին թույլ է տվել մոտ մեկ երրորդով կամ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարով մեծացնել արտարժույթի պահուստները:Հայաստանն արդեն պետք է գիտակցի, որ ոչ միայն տեղակայված է անկայուն եւ վտանգավոր տարածաշրջանում, այլեւ տարածաշրջանում ապագա կառուցելու նպատակով պետք է ջանք չխնայի տնտեսությունը եւ հասարակությունը զարգացնելու համար։ Մեծ մարտահրավեր է, բայց գործադրված ջանքերը կարող են լավ արդյունք տալ։Համոզված եմ՝ Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարը, որի մասին վերջերս լուրեր շրջանառվեցին, հուսադրող է, բայց գործելաոճը, հուսանք, այս անգամ տարբեր կլինի, եւ ականատես կլինենք լուրջ փոփոխությունների, որոնք տեղի էին ունենում դեռ մինչեւ արգելափակումը։ Այդ փոփոխությունների ետնաբեմում խանդավառ աշխատանքը, նաեւ՝ բողոքները, լավագույն փորձն էին, որոնք խթանում էր Լիդիանի հիմնական անձնակազմի լավ աշխատանքը. օրինակներից է ջրի մասնակցային մոնիտորինգը։ Համաշխարհային հանքարդյունաբերությունը սկսել է ավելի շատ կիրառել նմանատիպ դրական պրակտիկաներ։ Երբեմն այո' չարդարացված եւ ուռճացված բնապահպանական կեղծ խոստումներ էլ են լինում։ Սակայն լուրջ ընկերություններում, անկասկած, այդ պրակտիկաների համար հիմք են իրական փաստերն ու գործունեությունը, մասնավորապես այն ընկերություններում, որոնք համաշխարհային էկոնոմիկայի մաս են կազմում։ Ջոն Հարքերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Դարեր առաջ Լիդիանի արքան, ոսկին որպես արժույթ սահմանելով, սկիզբ դրեց «համաշխարհային էկոնոմիկայի» զարգացմանը։ Իսկ մեր օրերում՝ քովիդի տարիներին, հասկացանք, որ պղինձը պարզապես թավա, կաթսա, կամ էլեկտրահաղորդման լար չէ։ Այն այժմ կարեւոր հանքանյութ է Քովիդի կամ կենդանիներից մարդուն փոխանցվող (ապագա) այլ հիվանդությունների դեմ պայքարելու համար, եւ չափազանց կարեւոր է կանաչ տնտեսության անցնելու համար, որի մասին վերջերս այդքան շատ է խոսվում։ Խոսվում է, այո՛, բայց գործողությունների ժամանակն է։Համոզված եմ, որ Հայաստանը կունենա պատասխանատու առաջընթացի եւ տարածաշրջանի զարգացման ու ապագայի վրա մեծ ազդեցություն ունենալու իրական հնարավորություններ, եթե թույլ տա եւ խրախուսի ոսկու եւ պղնձի պատասխանատու արդյունահանումը եւ մշակումը: Տեղյակ եմ, որ սփյուռքահայ որոշ գործիչներ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը խրախուսում են զարգացման տեսլականը, այդ թվում՝ դրա ազդեցությունը կրթության եւ աշխատաշուկայի վրա։ Նման ջանքերն անկասկած պետք է քաջալերել, բայց ի լրումն այդ ջանքերի, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք, դժվարությունների բախվելով հանդերձ, ունեն ապագայի հեռանկարներ, պետք է դիտարկվեն որպես Հայաստանի ապագայի եւ դեպի այդ ապագան տանող ճանապարհի վճռորոշ գործոններ։Մեծ թռիչքի կարիք կա, եթե չինական արտահայտությամբ նկարագրեմ։ Օրինակ ամբողջ աշխարհում կառավարություններում, կազմակերպություններում, փողոցներում կան առաջնորդներ, որոնք քայլեր են ձեռնարկում հանքարդյունաբերությունում կանանց ներգրավվածության խթանման համար։ Սակայն չպետք է թույլ տալ, որ դա դառնա պարզապես ձեւական միտում՝ ներդրողների ցանկությունը բավարարելու համար։ Իրականում կարեւոր է, որ ընկերությունները պահպանեն կայուն զարգացման սկզբունքները, հատկապես սոցիալական լիցենզիայի իմաստով։ Նույնը վերաբերում է Բնապահպանական, սոցիալական, կառավարման քաղաքականության (ESG) այլ հայեցակետերին, այն է՝ ընկերության գործունեության ազդեցությունը բնապահպանական, սոցիալական եւ կառավարման իրողությունների վրա, որոնք շատ հաճախ կարող են խոցելի լինել։ ԲՍԿ քաղաքականությանը սատարելը պետք է դիտարկել ոչ թե որպես ռիսկերի կառավարում, այլ որպես «շահագրգիռ կողմերին ներգրավելու» պարտավորություն՝ ընդհանուր առաջընթացի լավագույն ճանապարհները գտնելու համար։ «Շահագրգիռ կողմեր» ասելով նկատի ունեմ քաղաքացիներին, եւ որքան կիրթ են քաղաքացիները, այնքան ավելի լավ նրանք կկարողանան գնահատել իրավիճակը, փոփոխություններ առաջարկել եւ բարելավել իրենց հայրենիքի վիճակը։Ամբողջ աշխարհում պատասխանատու հանքարդյունաբերողները սկսել են հետաքրքրվել նոր տեխնոլոգիաներով, ուստի առաջ է գալիս նոր հմտություններ զարգացնելու, աշխատողներին վերապատրաստելու անհրաժեշտություն։ Որոշ երկրներում այս տենդենցը հանգեցրել է զգալի առաջընթացի։ Ավստրալիան, օրինակ, հետեւելով նոր տեխնոլոգիաների զարգացմանը, որոշել է թարմացնել հանքարդյունահանման ոլորտի մասնագետների վերապատրաստման իր դասընթացները։ Շատ բան կարելի է սովորել այս փորձառությունից։Բայց որեւէ տեղ Կայուն զարգացման հնարավորությունները բարելավելու համար շեշտը չի դրվում ԲՍԿ-ի կամ ներգրավվածության վրա։ Հայաստանը չպետք է կրկնի այս սխալը, մասնավորապես այն դեպքում, երբ փոփոխություններն ու այդ փոփոխությունը ֆինանսավորելու համար միջոցներն առավելագույնին հասցնելը հույժ կարեւոր են: Չի կարելի հավերժ հույսը դնել պատժամիջոցներից խուսափելու համար փոխանցվող ֆինանսական միջոցները «հյուրընկալելու» վրա, պետք է փորձել դրական փոփոխություններ բերել եւ՛ երկրում, եւ՛ տարածաշրջանում։Հայաստանի համար կա նաեւ նախկինում չկանխատեսված առավելություն՝ Մասդարի հետ համագործակցությունը։ Մասդարն արեւային էներգիայի խթանման եւ դրա համար անհրաժեշտ նոր հմտությունների աննախադեպ ռեկորդ է գրանցել: Ջոն Հարքերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին անգամ այդ մասին տեղեկացա, երբ այցելեցի Աբու Դաբիի Մասդար ինստիտուտ, որը բարձր տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ է։ Այժմ, շատ տարիներ անց, ինստիտուտը վերանվանվել է Մուհամմադ բին Զայիդի անվան արհեստական ինտելեկտի համալսարանի: Այն հիանալի գործընկեր կարող է լինել Հայաստանի բուհերի համար, որոնց պետք է խրախուսել՝ կարեւոր մաս կազմել Հայաստանի ապագայի կերտման գործում։ Նույն կերպ պետք է խրախուսել Հայաստանի տնտեսությունը կերտողներին, հատկապես, երբ երկրին դա հույժ անհրաժեշտ է:Եթե Հայաստանը կարողանար ոսկու եւ պղնձի հանքարդյունահանումից կարեւոր արդյունք ստեղծել՝ օժանդակելով Հայաստանին՝ դառնալ իր ժողովրդի համար ավելի լավ երկիր եւ ընդունվել որպես տարածաշրջանի կենտրոն, ապա, կարծում եմ, ապագայում ավելի քիչ շրջափակումներ կլինեին՝ լինի դա Լաչինի միջանցքի, թե Ամուլսարի դարպասների շրջափակում, կամ, ինչպես մամուլն է հաղորդում Ադրբեջանի ամենաուժեղ գրոհների ժամանակ՝ Հայաստանի պահուստային զորքերի զորանոցների դարպասների շրջանում, երբ առաջնագծում ուժերի համալրում էր անհրաժեշտ։ Հայաստան իմ առաջին այցից շատ չէր անցել, երբ ինձ ոգեշնչեց Ամուլսարից ոչ շատ հեռու գտնվող տասնչորսերորդ դարի իջեւանատան (քարվանսարա) մոտ կանգառը։ Ես խմում էի ժանգոտ «Լադայի» հետնամասում առեւտրականի պատրաստված սուրճը, եւ կանգնած էի մի հնագույն շինությունում, որտեղ ժամանակին գիշերել են Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ձգվող Մետաքսի ճանապարհով անցնող առեւտրականները. անկասկած ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի։Մեր օրերում մարդկությանը հուզող խնդիրների, Հայաստանի հարցի, Եվրոպայի եւ Եվրասիայի շուրջ դիրքորոշման, մարդկության առաջ ծառացած նոր մարտահրավերների մասին խորհելիս, մտածում եմ նաեւ այս կամ այն կերպ այս ամենում ներգրավված հայերի մասին, եւ կոչ եմ անում նրանց հաստատակամորեն շարունակել։ Նրանց երկիրը դրա կարիքն ունի, դրա կարիքն ունենք նաեւ մենք։ Tweet Դիտում՝ 32317