Բաց դռների օրեր CITY College-ում. կրթական ծրագրեր եւ մասնագիտական քննարկումներ

23.03.2023 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մարտի 22-ից Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջի բաց դռների եւ մասնագիտական դասընթացների օրեր:

Կրթական ծրագրերը ներկայացնելու, ինչպես նաեւ մասնագիտական քննարկումները խթանելու նպատակով մեկնարկած միջոցառումների շարքում առաջինը «Ստեղծել եւ կառուցել կայուն ենթակառուցվածքներ ապագայի համար» թեմայով պանելային քննարկումն էր, որին մասնակցել են շահագրգիռ կողմ հանդիսացող մի շարք փորձագետներ:

Banks.am-ը ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու տեղեկացնում առաջիկա բաց դասերի մասին:

Գործելու ժամանակն է

Դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովին (COP26) ընդառաջ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման եւ կառավարման համաշխարհային եւ հայկական հեռանկարները» խորագրով կոնֆերանս: Համալսարանի բաց դռների օրվա առաջին միջոցառումը՝ կայուն ենթակառուցվածների ստեղծման թեմայով պանելային քննարկումը դրա տրամաբանական շարունակությունն էր:

Պանելային քննարկման մոդերատոր, Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի խոսքով՝ նկատելի է, որ կոնֆերանսի շնորհիվ ձեւավորված կապերն այսօր արդեն հիմք են դարձել գործուն քայլերի:



«Նմանատիպ քննարկումները վճռորոշ դեր ունեն, որովհետեւ եթե մենք չենք սկսում քննարկել, ոչինչ տեղի չի ունենում: Հակառակ կողմն էլ այն է, որ եթե շարունակենք պարզապես խոսել, կրկին ոչինչ տեղի չի ունենա: Կարեւոր է քննարկումները շարունակելով՝ սկսել գործել: Կայուն զարգացման, շրջանաձեւ տնտեսության եւ այլ կարեւոր թեմաների մասին մենք չափազանց երկար ժամանակ է խոսում ենք, իսկ դրան զուգահեռ ծագում են խնդիրներ, կլիմայական ողբերգություններ, ձախողվում են ենթակառուցվածքները: Պատճառն այն է, որ մենք պարզապես խոսում ենք, ուստի ժամանակն է քայլ առաջ անելու դեպի լուծումներ»,- Banks.am-ի հետ զրույցում ընդգծել է պրոֆեսորը:

Դեպի ցանկալի փոփոխություններ

Քննարկման ընթացքում պանելիստներն ամփոփել են վերջին տարում ենթակառուցվածքների ոլորտում իրականացված քայլերը, քննարկել, թե ինչպես է պետք առաջնորդվել երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում եւ օգտվել միջազգային լավագույն փորձից: Կարեւորվել է նաեւ գլոբալ մարտահրավերներին արձագանքելու եւ կայուն ենթակառուցվածքներ ստեղծելու հարցում մասնավոր սեկտոր-կառավարություն համագործակցության դերը:



Լեսլի Սզամոզին ընդգծել է նաեւ այն հանգամանքը, որ օզոնային շերտի առաջին ճեղքը հայտնաբերվել է դեռեւս 1986 թվականին, սակայն այսքան տարի անց մենք ունենք շատ ավելի ծանր իրավիճակ, քան նախկինում՝ կայուն լուծումների ներդրման փոխարեն: Այդուհանդերձ, պրոֆեսորը վստահ է, որ Z սերունդը կբերի ցանկալի փոփոխությունները:


 
«Ես մեծ հավատ ունեմ նոր սերնդի նկատմամբ, եւ կարծում եմ, որ ոչ թե նրանք են մեզ հետեւելու, այլ մենք կհետեւենք նրանց անհրաժեշտ փոփոխությունների ճանապարհին»,- ասել է նա:

Սովորել MBA ծրագրու՞մ, թե՞ լինել Շերլոք Հոլմս

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի պաշտոնական ներկայացուցիչ, հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի խոսքով՝ համալսարանի, ինչպես նաեւ MBA ծրագրի նպատակները չեն սահմանափակվում զուտ որակյալ կրթության ապահովմամբ, այլեւ խնդիր ունեն մասնակցելու Հայաստանի ներքին կյանքին՝ բերելով արդյունավետ փոփոխություններ հայ հանրության ինչպես անհատական, այնպես էլ մասնագիտական զարգացմանն աջակցելու ճանապարհով:

«Մեր հետաքրքիր միջոցառումները շարունակվում են: Մարտի 23-ին պրոֆեսոր Լեսլի Սզամոզին կներկայացնի համաեվրոպական Executive MBA ծրագիրը, որից հետո Ստրասբուրգի համալսարանի կառավարման գիտության եւ նորամուծությունների կառավարման պրոֆեսոր, Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ Թիերի Բուրժեր-Հելմշենը կվարի սեմինար «Սովորել MBA ծրագրու՞մ, թե՞ լինել Շերլոք Հոլմս. ապագայում կառավարման համար անհրաժեշտ փափուկ հմտությունների մասին բացարձակ ճշմարտությունը» թեմայով:



Դասին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք: Այս կերպ մենք ցանկանում ենք բոլորին հնարավորություն ընձեռել իրենց անմիջական մասնակցությամբ ծանոթանալու մեր կրթական ծրագրի առանձնահատկություններին եւ դասավանդման մեթոդներին»,- մանրամասնել է նա:

Z սերունդը եւ մեր միասնական ապագան

Մարտի 24-ին եւս տեղի կունենա բաց դաս, որն էլ արդեն կներկայացնի Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջի կողմից Հունաստանի Սալոնիկ քաղաքում առաջարկվող բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերն ու դասավանդման ոճը: «Z սերունդը եւ մեր միասնական ապագան» թեմայով դասը վարելու է պրոֆեսոր Լեսլի Սզամոսին, որը ներկայացնելու է տարբեր սերունդների հիմնական նմանություններն ու տարբերությունները, եւ թե ինչպես պետք է կազմակերպություններն ադապտացվեն այդ տարբերություններին՝ հաջողակ բիզնես միջավայր ստեղծելու համար։



«Նախորդ տարվա նոյեմբերին բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերում սովորել ցանկացողների համար հայտարարել էինք կրթաթոշակների մրցույթ: Մարտի 24-ին նաեւ կշնորհենք վկայականներ մրցույթի հաղթողներին: Ի դեպ, շատ ուրախալի էր մասնակցության բարձր ցուցանիշը եւ ներկայացված աշխատանքների որակը: Այդ պատճառով ավելացրեցինք նաեւ 50 %-անոց կրթաթոշակների քանակը եւ նախատեսվածից շատ ուսանողներ ստացան նման հնարավորություն»,- հավելել է Լիլիթ Շահզադեյանը:
 
Մասնակցությունն անվճար է

Մարտի 25-ին էլ բոլոր ցանկացողներին համալսարանը հնարավորություն կընձեռի անցնելու անգլերենի անվճար թեստ՝ իրենց իմացության մակարդակը ստուգելու համար:

«Այս միջոցառումները նախատեսված են բոլոր հետաքրքրվածների համար: Անգամ եթե նրանք չեն պատրաստվում դիմել մեր կրթական ծրագրերին, այդուհանդերձ բաց դասախոսությունները վստահաբար կնպաստեն մասնակիցների ինչպես անհատական, այնպես էլ մասնագիտական աճին»,- ամփոփել է Լիլիթ Շահզադեյանը:

Միջոցառումների մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով: Հավելենք, որ արդեն իսկ մեկնարկել է հայտերի ընդունելությունը Երեւանում իրականացվող Համաեվրոպական՝ անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Executive MBA dual degree ծրագրում, ինչպես նաեւ Սալոնիկում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերում սովորելու համար:
 
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 13432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW