«Նուֆ-նուֆի» նոր առաքելությունը

17.12.2022 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Նուֆ-Նուֆ»
Արվեստագետ Հայարփի Խաչատրյանն արդեն երկու տարի է, ինչ իր փոքրիկ բիզնեսն է հիմնել․ խաղալիքներ է պատրաստում «Նուֆ-Նուֆ» ապրանքանիշի ներքո։ Դրանք երեխաների համար ոչ միայն անվնաս են, այլև զարգացնող հատկություններ ունեն։

«Մեկ ամսականից սկսած բալիկների համար պատրաստում ենք օրորոցի համար նախատեսված մոբիլներ և մանկական մարզասարքեր, որոնք զարգացնում են տեսողական կենտրոնացումը, ֆիզիկական կոորդինացիան և մկանային համակարգը։ Վեց ամսականից մինչև չորս տարեկան երեխաների համար՝ խաղալիքներ, որոնց միջոցով փորձում ենք զարգացնել աչքերի, ձեռքերի համակարգը, մանր մոտորիկան, ուշադրության կենտրոնացումը, հավասարակշռության զգացողությունը, տրամաբանությունը, գույների և նրանց երանգների տարբերակումը, ճաշակի և ստեղծագործական մտքի զարգացումը, ինչպես նաև խոսքի զարգացումը»,- պատմում է Հայարփին։

Գիտելիքների մեծ մասը նա ստացել է հայրիկից, որը հայ առաջին բուտաֆորիստն էր, ում փոքրիկ արվեստանոցում էլ աղջիկն իր մանկությունն է անցկացրել։ Հետագայում ավարտել է հագուստի մոդելավորման քոլեջը, որից հետո բարձրագույն կրթությունը շարունակել որպես նկարիչ-քանդակագործ։

«Երեք տարեկանից ասում էի՝ մեծանամ, նկարիչ եմ դառնալու․ սովորում էի բացառապես այն ամենը, ինչ կապ ուներ նկարչության հետ։ Երբ ասում էին՝ սա սովորիր, նա սովորիր, հարցնում էի՝ կապ ունի՞ նկարչության հետ։ Եթե ոչ մի կապ չուներ, դեն էի նետում»,- ասում է նա։

Խաղալիքները սկսել են պատրաստել իր բալիկի մեկ տարեկանը լրանալուց հետո, երբ թերություն են նկատել նրա համար գնված «անվնաս» խաղալիքի վրա։

«Բալիկիս համար փայտե խաղալիք էինք գնել՝ ծամծմելու համար։ Պատահաբար նկատեցի, որ խաղալիքի մի հատված ծլեպ է տվել։ Բարկացա, որովհետև այն պատրաստված էր ոչ թե փայտից, այլ խտացված փայտանյութից, որն օգտագործում են խոհանոցի պահարանի հետնամասում, իսկ երեխաս երկար ժամանակ ծամծմել էր այդ թունավոր խաղալիքը»,- պատմում է Հայարփին։ Նոր տարուն իրենք իրենց գործիքներ են նվիրել ու սկսել աշխատել․ «Ինչ խաղալիք տեսնում էի, ասում էի՝ ի՞նչ է եղածը որ, ես կսարքեմ»։



Ի սկզբանե վաճառելու նպատակ չի եղել, ընկերուհիներն են ոգևորել, պատվերներ տվել, նոր առաջարկներ արել՝ այլ տեսակներ պատրաստելու․ «Ընկերուհիս շատ էր ոգեշնչում, սկզբնական շրջանում համարյա բոլոր բարեկամների համար պատվերներ վերցրեց, գիտեի՝ որ խաղալիքը որ երեխայի համար է, որովհետև ըստ նրանց նախասիրությունների էի պատրաստում․ մեկը տիեզերք էր սիրում, մյուսը մեկ այլ բան»։

Խոսելով մանկական խաղալիքներին ներկայացվող պահանջներից, Հայարփին պատմում է․ «Ամեն դետալին մեծ ուշադրություն ենք դարձնում, հետևաբար՝ նաև երկար ժամանակ ծախսում՝ դրանց կատարելության հասցնելու համար։ Հերթափոխով մեկ ամուսինս՝ Նարեկն է մնում մեր բալիկի կողքին, մեկ՝ ես։ Չենք ուզում որևէ դետալի անփութությամբ վերաբերվել, եթե ասենք «դէ էսպես էլ կլինի էլի», և երեխան խաղա թերի խաղալիքով, հետագայում իր աշխատանքն էլ թերի կլինի, ինչպես մանկության խաղալիքն էր։ Որոշ խաղալիքներ հիմնված են Մարիա Մոնտեսորիի մեթոդների վրա, որոշները նույնությամբ են վերցված՝ չվնասելու և մեթոդիկան չխեղելու նպատակով։ Այս խաղալիքները պահանջում են ծնողների ներգրավվածությունը, երեխան ինքնուրույն չի խաղում դրանցով։

Ունենք հեքիաթ՝ «Երեք խոզուկները», որը նախատեսված է վեց ամսականից մինչև հինգ-վեց տարեկան երեխաների համար։ Ավելի փոքր տարիքում մայրիկը պատմում է հեքիաթը, իսկ խաղալիքներն այդ ընթացքն ավելի պատկերավոր են դարձնում, այստեղ զարգանում է երեխայի ուշադրությունը։

Խաղալիքները փազլի են նման, ամեն մեկը մի քանի դետալից է բաղկացած․ երեխան հաջորդ փուլում դրանք հավաքել է սովորորում, այստեղ զարգացնում հավասարակշռությանն ուղղված հմտությունները, իսկ հետո ինքն է ուզում հեքիաթը պատմել, ինչպես մայրիկը․ այս փուլում զարգանում է երեխայի հիշողությունը։



Իմ աշխատանքի հիմքը զարգացնելն է, խաղի միջոցով մի բան սովորեցնելը։ Եթե երեխային տալիս ենք մեքենա ու ասում՝ տես մեքենան գնում է, ինքը սովորում է «վում-վում» և վերջ։ Շատ ժամանակ երեխաների դիմաց տարբեր խաղալիքներ ենք լցնում, տարբեր տեսակի ու գույների, և երեխան խճճվում, չի հասկանում ու կողմնորոշվում՝ ինչով խաղալ։

Վառ գույների խաղալիքներ երեխաներին չեն խրախուսվում, հատկապես՝ նորածիններին, դրանք շփոթություն են առաջացնում, ինչպես նաև ցրվածություն։ Նորածինների գլխավերևում միշտ վառ երանգների ու բազմաթիվ դետալներից բաղկացած խաղալիքներ են կախում, որն ուղղված է երեխայի մկանային ու տեսողական զարգացմանը, սակայն այդ խաղալիքները պետք է հնարավորինս փոքր քանակի դետալներից կազմված լինեն և ունենան նուրբ երանգներ։
Խաղալիքներն առաջին հերթին իրենց գույներով գրավում են մայրիկների ուշադրությունը, դրանք հետագայում կարող են որպես տան դեկոր ծառայել՝ մինիմալիստական ոճում»։

Հայարփին անկեղծանում է, որ ինքն այս ամենը միայնակ չէր կարողանա անել, որովհետև յուրաքանչյուր խաղալիք մանրակրկտորեն մշակվում է, որ ոչ-մի թերություն չունենա․ այս աշխատանքը համատեղ է առաջ շարժվում, կատալիզատորի դերն էլ ամուսինն է ստանձնել։

Անահիտ Ամիրխանյան
Լուսանկարները՝ հեղինակի։
Դիտում՝ 39926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW