Հայերիս շրջանում ընդունված է կարծել՝ «քարից տունն ուրիշ է», սակայն Սերոբ Կարապետյանը համոզված է՝ փայտիցն է ուրիշ: «Քանի որ մենք՝ հայերս, սիրում ենք մեզ գովել, որ տարբերվում ենք, մենք էլ այս ձեւով փորձեցինք տարբերվել տեղի շուկայում»,- ասում է նա:Տարիներ առաջ Սերոբի ընկերներից մեկը, ով այս բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում, առաջարկեց նրան նույն գործը նախաձեռնել Հայաստանում, վստահեցնելով, որ հաջողություն կունենա: «Փայտե տնակներով աշխարհ» ընկերությունն արդեն չորս տարի է, ինչ զբաղվում է փայտե տների կառուցմամբ, սակայն ամեն ինչ սկսվել է փայտ վաճառելուց՝ իհարկե, նպատակ ունենալով հետագայում զբաղվել նաեւ տների կառուցմամբ:Փայտե տնակների հումքն ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից: «Կան կառուցման մի քանի ձեւեր՝ կարկասային, մոդուլային, գերաններով հավաքվող եւ եւս մի քանի այլ տարբերակներ: Գերաններով կառուցվող տարբերակն այսպես է կառուցվում. մենք նախագիծը նախ ուղարկում ենք գործարան, այնտեղ փայտերը մշակվում են, ըստ նախագծի համարակալվում, ու այստեղ արդեն սկսվում է կառուցման աշխատանքը, բայց պլաններում կա նաեւ Հայաստանում արտադրելու եւ միայն հումքը դրսից ստանալու գաղափարը»,- պատմում է Սերոբը։ Կարկասային տները, որոնք տարածված են աշխարհով մեկ, միջազգայնորեն ունեն 25-30 տարվա երաշխիք, սակայն դրանք սովորաբար առավել երկար են ծառայում մարդկանց․ «Օրինակ, երկրաշարժից հետո Հայաստան բերվեցին չինական արտադրության տնակները, դրանք մինչեւ հիմա կան, այսինքն, եթե խնամքով վերաբերվեն, դրանք առավել երկար կծառայեն հաստատ, ամեն դեպքում՝ փայտ է ու պետք է նուրբ վերաբերվել»:«Փայտե տնակներով աշխարհ»-ի տնակները բացի այն, որ գեղեցիկ են, նաեւ որակի տեսանկյունից չեն զիջում քարե տներին: Շատերը կարծում են, որ փայտը ավելի շուտ է շարքից դուրս գալիս, սակայն դրանք հրակայուն են, պատվում են ինչպես հակահրդեհային նյութերով, այնպես էլ անտիսեպտիկով՝ հակասնկային նյութով, որոնք երկարացնում են փայտի կյանքը եւ պաշտպանում հրդեհից, միջատներից ու բորբոսից: «Տաքության առումով եւս առավել ձեռնտու է. այս մեթոդով կառուցված տները շատ ջերմակայուն են, դրանք բնական թերմոս են, եթե ներսում ցուրտ է, ցուրտն է երկար մնում, եթե տաք՝ ապա տաքը: Քարի ու փայտի հիմնական տարբերությունն այն է, որ քարե տունը պետք է ներսի օդը տաքացնի, ապա օդը տաքացնի պատերը եւ հետո նոր տունը լիարժեք տաք կլինի, իսկ փայտի պարագայում տաքանում է անմիջապես տան օդը, այսինքն՝ փայտի տունն ավելի շուտ է տաքանում»,- պատմում է Կարապետյանը:Տների այս տեսակը սովորաբար ծառայում է որպես հյուրատուն։ Այս տարվա ընթացում ընկերությունը 12 նախագիծ է իրականացրել, որոնցից ընդամենը երկուսն են ծառայում որպես տուն, մյուսները հյուրատներ են կամ հյուրանոցի մաս կազմող քոթեջներ: Բոլոր տնակները մարզերում են, Երեւանում այս նախագծով կառուցված նախատիպ դեռ չկա: «Հետաքրքրվողներ եղել են, բայց իրականացում՝ դեռ ոչ։ Կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ քարի տան ու փայտի տան կառուցման գնային տարբերությունը շատ փոքր է, ուստի մարդիկ նախընտրում են քարից տները։ Սակայն փայտե տան եւս մեկ դրական կողմն այն է, որ երկու ամսվա մեջ կարող ենք ստանալ լրիվ պատրաստի տուն՝ կոսմետիկ վերանորոգմամբ հանդերձ, իսկ դրա ոճն ու առկայությունը որոշում է պատվիրատուն, ամեն դեպում՝ կա ընտրության լայն հնարավորություն»,- պատմում է Սերոբը: Ընկերության կառուցած տնակների մեծամասնությունը գտնվում է Դիլիջանում եւ Գառնիում, սակայն ընկերության հիմնադիր Սերոբ Կարապետյանը համոզված է՝ փայտե տնակները լինելու են ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում:Շողեր ՍահակյանԼուսանկարները՝ «Փայտե տնակներով աշխարհ» ընկերության արխիվից Tweet Դիտում՝ 28984