“Մենք հիմնում ենք ընթացիկ պահանջարկը գերազանցող ցանց”

11.11.2008 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

iCON Communications-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

Հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ iCON Communications ինտերնետային նոր պրովայդերի շնորհանդեսը, որը 2009 թ-ի սկզբից Հայաստանում անլար բազմաշերտ արագ ինտերնետ է տրամադրելու WiMAX տեխնոլոգիայով: 2009 թ-ի հունվարից ընկերությունն սկսելու է մատուցել իր ծառայությունները Երեւանի կենտրոնում, ապրիլին` մայրաքաղաքի ողջ տարածքում, իսկ 2009-2010թթ. ընթացքում` ամբողջ Հայաստանում: iCON Communications-ը տեղադրում է WiMAX ենթակառուցվածքը Alcatel-Lucent եւ Siemens ընկերությունների հետ համատեղ: Ընկերության ներդրումային կապիտալը շուրջ $10 մլն է:

- Ինպե՞ս է Ձեզ հաջողվել ներգրավել $10 մլն ներդրումներ եւ համագործակցություն ծավալել այնպիսի անվանի միջազգային ընկերությունների հետ, ինչպիսիք են Alcatel-Lucent-ն ու Siemens-ը: Կարելի՞ է իմանալ` ինչպիսին է ընկերության բաժնետերերի կազմը:

- Մենք այդ ծավալի ներդրումներ ենք կատարել հստակ տեսլականի առկայության, համոզիչ բիզնես պլանի, մասնագետների փորձառու թիմի եւ այն հստակ ռազմավարության շնորհիվ, թե ինչպես ենք պատրաստվում Հայաստանում արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետ մատուցել:

Մենք փորձել ենք գտնել այնպիսի ներդրողի, որը կհասկանար այս բիզնեսի առանձնահատկությունը, եւ մեր գլխավոր ներդրողը մի շարք երկրներում ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերությունների սեփականատեր է: Առաջիկայում մենք կբարձրաձայնենք նրա անունը:

- Դուք նշել եք, որ iCON Communications-ը չի լինելու Հայաստանում ինտերնետի ամենաէժան պրովայդերը, սակայն ապահովելու է գնի եւ որակի հարաբերակցություն: Նշանակու՞մ է դա արդյոք, որ որակյալ եւ անլար WiMAX ցանցին միանալն ավելի թանկ կլինի, քան նույն որակի ADSL-ին:

- Քանի որ մենք ամբողջովին կենտրոնացած ենք արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետ ապահովելու վրա, գնի եւ որակի համապատասխանությունը գտնվում է մեր գործունեության փիլիսոփայության կենտրոնում: Մենք մի շարք գնային փաթեթներ ենք մշակել, որոնք, կարծում ենք, կգոհացնեն թիրախային բոլոր հատվածներին:

Դուք շատ ճիշտ հարց տվեցիք` արդյո՞ք մեր ծառայությունները ADSL-ի նույն որակի ծառայություններից թանկ կլինեն: Կարող եմ հավատացնել, որ եթե մենք WiMAX ծառայությունն առաջարկենք այն նույն որակով, ինչպիսին այսօր Հայաստանում ADSL-ն է, մեր ծառայությունն ավելի էժան կլինի, քանի որ մենք այսօր գնի եւ որակի համապատասխանություն չենք տեսնում:

Այսօր ADSL-ի գովազդն առաջարկում է 256 kbps արագություն: Ես տանն ունեմ այդպիսի կապ եւ ուրախանում եմ, երբ իրական արագությունը հասնում է գոնե 50 kbps-ի:

Մյուս կողմից, քանի որ մենք առաջարկելու ենք արագ, հուսալի եւ բարձրորակ ինտերնետային կապ, իսկ այդ որակները Հայաստանում մեծամասամբ բացակայում են, մեր սակագները կարող են ավելի բարձր լինել:

- Հոկտեմբերի 21-ին իր մասին բարձրաձայնեց “Կոռնետ-ԱՄ” ընկերությունը, որը գործարկել է WiMAX ցանց Երեւանում ու Հայաստանի 18 քաղաքներում եւ հավակնում է Հայաստանի կապի ազգային օպերատորի կոչմանը: Ո՞րն է լինելու Ձեր “ուժեղ կողմը” “Կոռնետ-ԱՄ”-ի հետ մրցակցությունում:

- Մենք որպես մրցակից դիտարկում ենք ոչ միայն “Կորնետ-ԱՄ”-ին, այլեւ ինտերնետային բոլոր պրովայդերներին, որոնք մատուցում են ծառայություններ` սկսած Dial-up-ից մինչեւ WiMAX:

Մենք կարծում ենք, որ տեղադրված կայանների թվով էական առավելություն կունենանք: WiMAX տեխնոլոգիայի դեպքում ողջ Երեւանում ծածկույթ ապահովելու համար բավարար է տեղադրել ընդամենը 2 կայան, սակայն սպառողների մեծ թվի դեպքում կապը շատ դանդաղ կլինի եւ կշարունակի դանդաղել հաճախորդների թվի աճին զուգահեռ: Հետեւաբար, անհրաժեշտ է ապահովել ոչ միայն ցանցի ազդանշանը, այլեւ տարողունակությունը: Այժմ մենք կառուցում ենք ցանց, որի տարողունակությունը հաշվարկված է երեք տարվա համար: Եվ մենք մեծացնելու ենք այն` մեր սպառողների թվի աճին զուգահեռ: Այսպիսով, մենք հիմնում ենք մի ցանց, որը գերազանցում է ընթացիկ պահանջարկը, ինչի շնորհիվ մեր հաճախորդները կստանան արագ եւ հուսալի ինտերնետային կապ: Վստահ ենք, որ կկառուցենք Երեւանի, ապա նաեւ ողջ հանրապետության ամենահուսալի եւ հզոր ցանցը:

Մենք մտադիր ենք գերակայել նաեւ հաճախորդների սպասարկման մակարդակով: Մեր մյուս առավելությունը փորձառու ղեկավար կազմն է` կառավարման նշանակալի միջազգային փորձով:

- “Կոռնետ-ԱՄ”-ը նախատեսում է օգտագործել իր ցանցը համալիր ծառայություններ մատուցելու համար: Ինչպիսի՞ք են Ձեր ծրագրերը: Ի՞նչ կարող են ակնկալել Ձեր հաճախորդները լայնաշերտ ինտերնետից բացի: Նախատեսու՞մ եք արդյոք կորպորատիվ հաճախորդներին մատուցել մասնագիտացված ծառայություններ:

- Ինչպես արդեն նշել եմ առաջին մամլո ասուլիսում, մենք մտադիր ենք հաճախորդներին մատուցել վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ IP հեռախոսակապի (VoIP) ծառայություններ: Նախապատրաստում ենք նաեւ լրացուցիչ այլ ծառայություններ, որոնց մասին կհայտարարենք մեր առեւտրային գործունեության մեկնարկից հետո, եւ մտադիր ենք մեր կորպորատիվ հաճախորդների համար նախընտրելի գործընկեր դառնալ ինտերնետային տեխնոլոգիաների վրա հիմնված բոլոր պատասխանատու խնդիրների լուծման առումով:

- Նախատեսու՞մ եք զարգացնել ֆիքսված կապի ծառայությունները կամ Ձեր հաճախորդներին առաջարկել ծառայությունների կոնվերգենցիայի այլ տարատեսակներ:

- Արդեն հայտարարել ենք, մեր ծառայությունների թվում լինելու է IP հեռախոսակապը (VoIP): Մենք մշտապես հետեւում ենք շուկայի պահանջներին եւ տեխնոլոգիական զարգացումներին` գնային այլ ծառայությունների հայտնաբերման նպատակով, որոնք կարող ենք առաջարկել մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդներին:

Առաջիկա 2-3 ամիսներին մենք կհայտարարենք համարային սեփական տարողունակության ձեռք բերման մասին:

Ֆիքսված հեռախոսակապի անհրաժեշտության վերացումը WiMAX տեխնոլոգիայի կարեւորագույն առավելություններից է, քանի որ, ինչպես Երեւանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս կան բազմաթիվ վայրեր, որտեղ ֆիքսված գծեր չկան: WiMAX-ի առավելությունն այն է, որ նոր հաճախորդներին կարելի է միացնել ցանցին հաշված ժամերի ընթացքում` խուսափելով ամիսներ տեւող բյուրոկրատական քաշքշուկից:

- Ձեր ընկերության շնորհանդեսի ժամանակ խոսում էիք Հայաստանում ինտերնետային կապի ցածր որակի մասին: Որո՞նք են դրա պատճառները:

- Կա մի քանի պատճառ: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում ինտերնետի օգտագործման մակարդակն ավելի ցածր է, քան այլ երկրներում, եւ պրովայդերների մեծամասնությունը տեղական ընկերություններ են` առանց ներդրումների անհրաժեշտ ծավալի: Նրանք ձգտում են նախեւառաջ եկամուտ ստանալ, ապա միայն մեծացնել իրենց ցանցերի տարողունակությունը կամ նոր տեխնոլոգիաներ ներդնել:

Երկրորդ պատճառը ժամանակին վերաբերում էր “ԱրմենՏելի” մենաշնորհային դիրքին, ինչը խոչընդոտում էր առողջ մրցակցությանը: Շուկայի կարգավորողը, անկասկած, էական դեր խաղաց, եւ ես ուրախ եմ տեսնելու դրական առաջխաղացում, որը նպաստում է Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի ավելի արագ զարգացմանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հեռահաղորդակցային շուկան: Կարելի՞ է այն ազատականացված համարել այն պարագայում, որ բոլոր պրովայդերները միջազգային ելք են ստանում Fibernet-ի ու “ԱրմենՏելի” միջոցով:

- Ես Հայաաստանի հեռահաղորդակցային շուկան չեն համարում լրիվ ազատականացված, քանի որ այստեղ դեռեւս դիտարկվում են մենաշհորհային դրսեւորումներ: Ինտերնետային կապի գները Հայաստանում 5-10 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը, ինչպես նաեւ հարեւան երկրների, մասնավորապես, Վրաստանի ցուցանիշը: Այդ էական գնային տարբերությունը բնորոշող կարեւորագույն գործոններից մեկը այն վարձն է, որի դիմաց ցանցային օպերատորները ապահովում են ինտերնետ պրովայդերների մուտքը դեպի համաշխարհային սարդոստայն:

Կան միայն մի քանի բացառություններ, ինչպես Fibernet-ը, քանի այն մեզ հետ չի մրցակցում: Երբ գործ ունեք ցանցային օպերատորի եւ պրովայդերի հետ ի դեմս մեկ ընկերության, ինչպես “ԱրմենՏելի” դեպքում, դիտարկվում է որոշակի մենաշնորհային վարք: Մեզ ոգեւորում է հակամենաշնորհային կարգավորողի ակտիվությունը, որը բավական ճնշում է գործադրում “ԱրմենՏելի” վրա, որպեսզի վերջինս ավելի պատրաստ լինի մրցակցությանը:

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեզ կհաջողվի Հայաստանում գնի եւ որակի հարաբերակցությունը համարժեք դարձնել համաշխարհային նորմերին: Բացի այդ, ինձ հայտնի է, որ մոտ ժամանակներս Հայաստանում հայտնվելու է եւս մեկ ցանցային օպերատոր: Կան մարդիկ, ովքեր արդեն ներդրումներ են կատարում այդ ուղղությամբ:

- Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը երկրում լայնաշերտ ինտերնետը զարգացնելու ուղղությամբ:

- Կառավարությունն արդեն արել է ամենագլխավորը. ստեղծել է շուկայի հակամենաշորհային կարգավորողին, ինչը թույլ է տվել մրցակցության համար շուկա բացել: Իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի ինտերնետային ծառայություների դերի մեծացումը կրթության, բժշկության, պետական ծառայությունների ոլորտում, ինչպես նաեւ մասնավոր ձեռնարկատիրության համար:

Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ համագորածկցել այլ պրովայդրների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնենք Հայաստանի կառավարությանը հասնել իր նպատակներին:

Հատուկ ուշադրություն պետք է հատկացվի կրթության ոլորտին, դպրոցներում պետք է ակտիվորեն ներդրվեն համակարգիչներ եւ համակարգչային գրագիտություն: Յուրաքանչյուր ծրագիր, որը ՀՀ կառավարությունը կարող է իրագործել կրթական համակարգի զարգացման համար, կօգնի ապահովել Հայաստանի ռազմավարական նշանակությունը աշխարհի համար:

Դիտում՝ 4011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW