Եգիպտական բուրգերն ու թիմային աշխատանքի էվոլյուցիան՝ Executive MBA ծրագրի բաց դասը Երեւանում

21.03.2022 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երեւանում տեղի է ունեցել Համաեվրոպական Executive MBA ծրագրի ներկայացումն ու բաց դասը՝ «Ինչ է նշանակում լինել ղեկավար 2022 թվականին» թեմայով:

Executive MBA ծրագրով առաջարկվում է միաժամանակ ստանալ բրիտանական Յորքի համալսարանի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի MBA բիզնես կրթություն՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։

Ծրագրով հետաքրքրվողներին բաց դասի ընթացքում ներկայացվել է ուսումնական գործընթացն, իսկ Ստրասբուրգի համալսարանի կառավարման գիտության և նորամուծությունների կառավարման պրոֆեսոր Թիերի Բուրժեր-Հելմշենը ներկայացրել է ղեկավարի գործառույթների փոփոխությունը վերջին հարյուր տարվա ընթացքում:

Լիլիթ Շահզադեյանը


«Executive MBA-ը նորարար, միջազգային ծրագիր է, որը հաճախ համեմատում են մագիստրատուրայի հետ: Ճիշտ է, այն կոչվում է բիզնեսի կառավարման մագիստրատուրա, բայց դրան չեն կարող դիմել ուսանողները, որոնք ավարտել են բակալավրիատն ու ցանկանում են շարունակել կրթությունը: Այս նորարար ծրագիրը նախատեսված է ղեկավարների (մենեջերների) համար, որոնք արդեն որոշակի աշխատանքային փորձ ունեն եւ ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունենալ հետագա կարիերայի աճ: Մեր ծրագրի ուսանողների միջին տարիքը 35 տարեկանն է», - ասում է համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը


Նա ընդգծում է՝ ծրագրով ուսանողները ոչ միայն որակյալ միջազգային MBA կրթություն կստանան, այլեւ առհասարակ կվերանայեն մոտեցումը կրթությանը.

«Մեր՝ հայկական, խորհրդային կրթական համակարգը մի քիչ այլ էր: Եթե մեր համալսարաններ շատ դժվար էր ընդունվել, բայց հեշտ էր սովորել, այստեղ հակառակն է: Շատերդ կզարմանաք՝ ինչո՞ւ չկա ընդունելության քննություն: Այս ծրագրով ընդունվելու համար պետք է առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ ունենաք, տիրապետեք անգլերենին եւ 25 տարեկան կամ ավելի բարձր տարիքի լինեք», - ասում է Լիլիթ Շահզադեյանը:



Նա ծրագրով հետաքրքրվողներին պատմում է նաեւ ուսումնական գործընթացի մասին.

«Executive MBA ծրագրի տեւողությունը 2 տարի է, այն բաղկացած է 14 առարկաներից: Յուրաքանչյուր ամիս մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, Երեւան է այցելում մեկ կամ երկու դասախոս Յորքի, Ստրասբուրգի կամ եվրոպական այլ համալսարաններից: Ծրագիրն այնպես է կազմված, որ նրանցից մեկը շեշտը դնի տեսական գիտելիքի վրա, մյուսը՝ գործնական հմտությունների»:



Հետագայում ուսանողներին պարբերաբար տրվում են գրավոր հանձնարարություններ, նրանք քննություն են հանձնում 4 առարկաներից:

«Մենք պատրաստում ենք միջին եւ բարձր օղակի ղեկավարներ: Ծրագրի ընթացքում ստացած գործնական գիտելիքները նրանք անմիջապես կիրառում են իրենց աշխատանքում», - ասում է Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը


Executive MBA ծրագիրը միաժամանակ իրականացվում է յոթ երկրում՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Հունաստան, Բուլղարիա, Սերբիա եւ Ռումինիա: Դասախոսները ռոտացիոն սկզբունքով այցելում են այս երկրներ ու դասեր անցկացնում: Ծրագրի կարեւորագույն մաս են նաեւ երեք ուսումնական շաբաթները, որոնք անցկացվում են Յորքի համալսարանում, Ստրասբուրգի համալսարանում եւ Սալոնիկում, որտեղ Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսն է.



«Այս ուսումնական շաբաթների ընթացքում բոլոր յոթ երկրներից ուսանողները հանդիպում են, ծանոթանում, շփվում, միասին մասնակցում եւս երկու դասի», - ասում է Լիլիթ Շահզադեյանը:

Ծրագրի վերջում ուսանողներին տրվում է ինը ամիս ՝ թեզի վրա աշխատելու համար:

Երեւանում կազմակերպված բաց դասի ընթացքում Ստրասբուրգի համալսարանի կառավարման գիտության և նորամուծությունների կառավարման պրոֆեսոր Թիերի Բուրժեր-Հելմշենը ներկայացրել է՝ ինչ են ակնկալում այսօր միջին եւ բարձր օղակի ղեկավարից ու ինչ մարտահրավերների է նա բախվում:

Թիերի Բուրժեր-Հելմշենը


«Որո՞նք են այն կարեւորագույն հայտնագործությունները, որ մարդն արել է վերջին 100 տարվա ընթացքում: Դուք ասում եք՝ ինտերնետ, տեխնոլոգիաներ: Այո, բայց վերջին 100 տարվա ամենակարեւոր նորարարությունն ու հայտնագործությունը մենեջմենթի մասնագիտացումն է, քանի որ նշված բոլոր հայտնագործությունները հնարավոր չէին լինի, եթե հմուտ մենեջերները ճիշտ չկառավարեին մարդկանց ու ռեսուրսները», - ասում է պրոֆեսորը:



Նա նշում է՝ իհարկե, մենեջմենթը գոյություն ուներ շատ ավելի վաղ, քան 100 տարին է, ու դրա ամենավառ օրինակներից մեկը Եգիպտական բուրգերի շինարարարությունն է՝ հիանալի ղեկավարված թիմային աշխատանք:

Թիերի Բուրժեր-Հելմշենը


«Բայց թիմային աշխատանք հասկացությունն իսկապես փոխվել է վերջի 100 տարվա ընթացքում», - ասում է Թիերի Բուրժեր-Հելմշենը՝ ներկայացնելով ղեկավարի աշխատանքի փոփոխությունն ու անցումը գյուղատնտեսությունից մինչեւ գործարանների, արդյունաբերության ոլորտ:



«Մենեջերը մարդ է, որ դրդում է նոր գործիքների հայտնաբերմանը, կազմակերպում է աշխատանքն ու մոտիվացնում մարդկանց», - ասում է Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսորը:

Համաեվրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համար զանգահարեք Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջի երեւանյան գրասենյակ` 093 909 349 հեռախոսահամարով։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 20429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW