TelCell վճարային համակարգի տնօրենի պաշտոնակատար## Արամ Ազատյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Banks.am պորտալին- TelCell վճարային համակարգն առաջինը Հայաստանում ներդրեց վճարումների ընդունման ինքնասպասարկման տերմինալների ցանցը: Ո՞րն էր նոր շուկա մուտք գործելու գլխավոր բիզնես-շարժառիթը: - Ցանկացած բիզնեսի շարժառիթը եւ գլխավոր նպատակը շահույթի ստացումն է: “Տերմինալային” բիզնեսի զարգացման փորձը ԱՊՀ երկրների տարածքում ցույց տվեց դրա հեռանկարային լինելը, եւ դա խթան հանդիսացավ հայկական շուկա դուրս գալու համար:Սկզբնական փուլում մարդիկ զգուշությամբ էին վերաբերվում տերմինալներին, մեծ գումարներ չէին վճարում, սակայն մեր թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր կարելի է պնդել, որ հայ սպառողը ուրախությամբ ընդունեց եւ յուրացրեց ծառայությունների վճարման նոր ձեւը:- Շուտով ձեր ընկերությունը կնշի իր առաջին հոբելյանը` աշխատանքի մեկնարկի առաջին տարեդարձը: Ներկայացրեք, TelCell համակարգի զարգացման դինամիկան այս տարվա ընթացքում. տերմինալների թվաքանակի աճը, աշխարհագրական ներկայության ընդլայնումը, վճարումների շրջանառության աճի դինամիկան, դրանց տեսականու ընդլայնումը: - Իրոք, ուղիղ մեկ տարի առաջ մեր համակարգում կատարվեց առաջին աշխատանքային գործարքը VivaCell բջջային օպերատորի օգտին: Արդեն 2007 թվականի վերջին մեր համակարգում հաջողությամբ գործում էին 197 վճարային տերմինալներ Երեւանում եւ Գյումրիում:Վճարային համակարգի շրջանառությունը 2007 թվականի IV եռամսյակում գերազանցեց 300 մլն դրամը: 2008 թվականին մենք կենտրոնացրեցինք մեր ջանքերը վճարումների ընդունման կետերի թվաքանակի եւ վճարման ենթակա ծառայությունների տեսականու ընդլայնման վրա: Այս տարվա երրորդ եռամսյակի սկզբին վճարումների ընդունման կետերի թիվը գերազանցեց 300-ը, մեր տերմինալները տեղադրվեցին Սեւանում, Արտաշատում, Վանաձորում եւ Էջմիածնում:Այսօր մեր համակարգից օգտվողները կարող են վճարել ավելի քան 18 օպերատորների եւ պրովայդերների ծառայությունների համար, ինչպես նաեւ կատարել կոմունալ վճարումները:- Ինչպիսի՞ն է ընկերության տարածաշրջանային ընդլայնման ռազմավարությունը: Ինչպե՞ս են “դիմավորում” ձեր տերմինալները մարզերում` մայրաքաղաքից հեռու: - Անցած տարվա ընթացքում մեր ընկերության վճարային տերմինալների միջոցով վճարումներ կատարելու առավելությունները գնահատեցին ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի այլ քաղաքների բնակիչները: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր ներկայությունը տարածաշրջաններում եւ ընկերության նվազագույն ծրագիրն է ներկա լինել երկրի բոլոր շրջկենտրոններում` առանց բացառության:- Ո՞ր ծառայություններն են այսօր ապահովում վճարումների մեծ մասը: - Վճարումների մեծ մասը բաժին է ընկնում բջջային կապի օպերատորներին, եւ դա միանգամայն բնական է: Այսօր Հայաստանում բջջային կապի թափանցելիության մակարդակը բավականին բարձր է եւ որոշ մասնագետների գնահատականներով արդեն մոտ 80 տոկոս է կազմում:- Մեր գործակալությանը տված հարցազրույցում “Նորվիկ” վարկային կազմակերպության ղեկավարն ասել էր, որ այսուհետ իրենց հաճախորդները կարող են մարել վարկերը TelCell համակարգի միջոցով: Որքա՞ն հեռանկարային եք համարում համագործակցությունը բանկային եւ վարկային կազմակերպությունների հետ: - Հունիսի 25-ին մեր ընկերության եւ “Նորվիկ” ՈՒՎԿ-ի միջեւ կնքվեց պայմանագիր, որի շրջանակներում այդ վարկային կազմակերպության հաճախորդները հնարավորություն ստացան մարել իրենց վարկերը մեր ընկերության վճարային տերմինալների օգնությամբ:Այսօր վարկային կազմակերպությունները գործում են կոշտ մրցակցության պայմաններում, մարդիկ ավելի պահանջկոտ են դարձել եւ բացի գրավիչ ֆինանսական պայմաններից նրանց անհրաժեշտ է նաեւ ժամանակակից եւ հարմար ծառայություններ մատուցել: Եւ այստեղ կա երկու ճանապարհ. ընդլայնել մասնաճյուղային ցանցը եւ ավելացնել աշխատակիցների քանակը, կամ միանալ մեր համակարգին` իր ճյուղավորված տերմինալային ցանցով: “Նորվիկի” ղեկավարությունը ընտրեց երկրորդ տարբերակը, համոզված եմ, այդպես կվարվեն նաեւ շուկայի մյուս մասնակիցները: Համագործակցությունը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ մենք գհանատում ենք որպես ամենահեռանկարային ուղղություններից մեկը եւ ակնկալում ենք, որ մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերվի:- Ինչպե՞ս եք գնահատում վճարային շուկայի խաղացողների վերաբերմունքը. գերակշռում է գործընկերային տրամադրությունը, թե ավելի շուտ` մրցակցայինը: Ինչպիսի՞ տեղ է մտադիր զբաղեցնել ընկերությունը այդ շուկայում: - Բնական է, որ շուկայի որոշ մասնակիցներ մրցակից տեսան ի դեմս մեզ, բայցեւայնպես, շատերը մեզ ընդունեցին որպես գործընկեր: Մենք հետագայում եւս գործընկերային հարաբերություններ ենք կառուցելու շուկայի բոլոր մասնակիցների հետ, եւ դրանք լոկ խոսքեր չեն: Արդեն մի քանի օր հետո մենք կդիմենք հիմնական խաղացողներին համագործակցության մասին առաջարկով: Մեր ընկերության մասնագետները մշակել եւ ներդրել են վճարումների ընդունման համակարգ` բանկերի բաժինների եւ մասնաճյուղերի դրամարկղային ցանցի միջոցով: TelCell վճարային համակարգի օգնությամբ վճարումների ընդունման կազմակերումը հնարավորություն կտա բանկերին նշանակալիորեն ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչը թույլ կտա ոչ միայն ամրապնդել հաճախորդի հավատարմությունը բանկին, այլեւ էապես ընդլայնել հաճախորդների բազան:- Չիմացող մարդկանց դժվար է հասկանալ, ինչպե՞ս է տեղի ունենում վճարման ընդունումը եւ վճարողի այս կամ այն հաշվի գործնականում ակնթարթային լիցքավորումը: Կարելի՞ է համառոտ եւ առանց բարդ տեխնիկական տերմինների նկարագրել այդ գործընթացը: - Փորձենք նկարագրել գործընթացը բջջային կապի օպերատորների օրինակի վրա: Նրանից հետո, երբ հաճախորդը մուտքագրում է իր հեռախոսահամարը տերմինալի վրա եւ վճարում է անհրաժեշտ գումարը, համակարգը կցում է այդ գումարը մուտքագրված տվյալներին եւ այդ տեղեկատվությունն ուղարկում է մեր ընկերության սերվերին: TelCell-ի պրոցեսինգային կենտրոնն իրական ժամանակի ռեժիմում մշակում է տվյալ տեղեկատվությունը եւ կապվում է օպերատորների վճարային շլյուզերի հետ: Օպերատորի բիլինգային կենտրոնը փոխանցում է վճարված գումարը վճարողի հաշվին: Հաճախորդը SMS-հաղորդագրություն է ստանում այն մասին, որ իր հաշիվը հաջողությամբ լիցքավորվել է տվյալ գումարի չափով: Ողջ գործողությունը տեւում է մի քանի րոպե- Անցած տարվա ընթացքում դուք նաեւ մրցակիցներ ունեցաք. սպասվու՞մ են ճշգրտումներ ձեր ընկերությայն ռազմավարությունում: - Մեր ընկերության ռազմավարությունն է պահպանել առաջատար դիրքը վճարումների ընդունման շուկայում` տերմինալներից օգտվողներին ավելի որակյալ եւ հարմար ծառայություններ մատուցելու միջոցով: Մրցակցությունը շուկայում միայն կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ինչից, առաջին հերթին, կշահեն մեր հաճախորդները:- Կառավարությունը եւ կարգավորողը` ի դեմս Կենտրոնական բանկի, հետեւողական քայլեր են ձեռնարկում կանխիկ գումարի շրջանառության սահմանափակման համար` ստվերային տնտեսության դեմ պայքարելու նպատակով: Դա կարո՞ղ է լուրջ ազդեցություն ունենալ ձեր բիզնեսի վրա:- Ոչ: Կանխիկ շրջանառության կրճատումը բավականին բարդ եւ երկար գործընթաց է: Ավելին, մենք արդեն քննարկում ենք մի քանի նախագիծ` անկանխիկ ճանապարհով վճարումների ընդունում կազմակերպելու ուղղությամբ:- Ի՞նչ ծրագրեր ունեք մինչեւ տարեվերջ: - Նախատեսում ենք մինչեւ տարեվերջ եռապատկել ամսական շրջանառությունը, մինչեւ 500 ավելացնել տերմինալների թիվը եւ համակարգին միացնել 7 նոր օպերատորների:Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել վճարային տերմինալներից օգտվողներին եւ հայտնել, որ շուկայում հաջող աշխատանքի առաջին տարեդարձի կապակցությամբ TelCell ընկերությունը հաճելի անակնկալ է պատրաստել, որի մասին բոլորը կտեղեկանան սեպտեմբերին: Tweet Դիտում՝ 8352