Փաստաբան Արմեն Մելքումյանի եւ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» (Fidelity consulting) ընկերության անունը ճանաչելի դարձավ հատկապես «Լիդիան Արմենիա» ընկերությանն առնչվող գործերից։ «Սա մեր հասարակության խնդիրներից է՝ փաստաբանին եւ վստահորդին նույնականացնում են» - ասում է Արմեն Մելքումյանը ու պատմում, որ իրենց հաճախորդները հիմնականում, օտարերկրյա կապիտալով ստեղծված hայաստանյան ընկերություններն են։ «Բուտիկային» ընկերությունըՓաստաբան Արմեն Մելքումյանի հետ հանդիպում ենք Նկարիչների միության շենքում, ցուցասրահի դիմաց։ Ուղեկցում է երկրորդ հարկ ու ծանոթացնում ընկերության մյուս աշխատակիցների հետ՝ ընդամենը 4-ն են։«Մենք «բուտիկային» ընկերություն ենք, իրավաբանների փոքր խումբ ենք, բայց յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացման ուղղությունները, որոնք ձեւավորվել են մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի արդյունքում։ Աշխատանքային, ընտանեկան, գույքային հարաբերություններին առնչվող գործերով մեկ մասնագետ է զբաղվում, ֆինանսաբանկային, ապահովագրական հարցերով՝ այլ մասնագետ, կորպորատիվ իրավունքի հետ կապված հարցերով՝ այլ», -ներկայացնում է Արմեն Մելքումյանը։Մասնագիտական այլ առանձնահատկություններ պահանջվող գործերով, օրինակ՝ քրեական, անհրաժեշտության դեպքում, նաեւ այլ մասնագետների են ներգրավում։Նախքան «Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ը հիմնադրելը Արմեն Մելքումյանն աշխատել է ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր, հայտնի իրավաբանական գրասենյակներում եւ ընթացքում էլ որոշել է ստեղծել սեփականը։ Ասում է՝ իրավաբանական ծառայությունը շատ գրավիչ է՝ շարունակ աշխատում ես բազմատեսակ մարդկանց հետ, հանդիպում բազմապրոֆիլ խնդիրների։ Մրցակցությունը մեծ էԸստ փաստաբանի՝ տարիների փորձն ապացուցել է՝ եթե որակ ես ապահովում, շուկայում քո տեղն, անպայման, գտնում ես։ Հաջողության մեկ այլ կարեւոր գործոնը հաճախորդի խնդրին վերջնական լուծում տալն է։«Պետք է ամեն ջանք գործադրես օգնելու քո հաճախորդին՝ վերջնական լուծելու նրա խնդիրը։ Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր հաճախորդը գոհ մնա ակնկալած եւ ստացված արդյունքից, բավարարված լինի»։ Արմեն Մելքումյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արմեն Մելքումյանի գնահատմամբ շուկան բավականին մրցակցային է՝ Հայաստանում շատ են գրագետ, պրոֆեսիոնալ մասնագետները։ Դաշտում մնալու եւ արդյունավետ գործելու համար թիմային աշխատանքը պարտադիր նախապայման է։«Մեր աշխատանքը կարելի է համեմատել «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» հեռուստատեսային խաղի հետ։ Ինչպե՞ս են խաղի ժամանակ նստում ու քննարկում այս կամ այն հարցը, նույնը մեր մասնագիտության պարագայում է՝ առանց թիմային մոտեցման երբեք չես կարող հանգել այն եզրակացությանը, որն անհրաժեշտ է տվյալ խնդրի լուծման համար։ Երբեմն ինքներս մեզ ընդդիմախոսում ենք՝ բարձրաձայնելով մյուս կողմի հնարավոր դիրքորոշումը՝ լուծման տարբերակներ գտնելու համար։ Միայն այդ քննարկումների շնորհիվ է գտնվում խնդրի ճիշտ լուծումը»։Շուկան ունի խնդիրներԱրմեն Մելքումյանն ասում է, որ Հայաստանում, ցավոք, ընդունված է փաստաբանին դիմել խնդիրն առաջանալուց հետո միայն։ Ճիշտ տարբերակը, նրա կարծիքով, գործարքը սկսելուց առաջ իրավաբանի հետ խորհրդակցելն է եւ հետո միայն գործի անցնելը։ Երբ դիմում են խնդիրն առաջանալուց հետո, մասնագետից երբեմն մեծ ջանքեր է պահանջվում գործը հասցնելու այն կետին, որը նախորդում էր խնդրի առաջացմանը, կամ առհասարակ գտնելու այդ առաջացած իրավիճակի ճիշտ եւ արդյունավետ լուծումը։«Մեկ այլ մեծ խնդիր է, երբ մասնագետ չհանդիսանալով, փորձում են իրենց ունեցած գիտելիքներով խնդրին լուծում տալ։ Սա մեծ սխալ է, որովհետեւ խնդիրները սովորաբար խորը ուսումնասիրություն են պահանջում։ Այս տարբերակը չի աշխատում նաեւ այն պատճառով, որ մեր օրենսդրությունը կենդանի օրենսդրություն է՝ պարբերաբար թարմացվում է, փոփոխվում է, եւ եթե մասնագետ չես, չես կարող հետեւել ընթացքին եւ ճիշտ կողմնորոշվել»։Արմեն Մելքումյանը նշում է նաեւ երրորդ խնդիրը՝ հասարակությունը նույնականացնում է փաստաբանին եւ վստահորդին։ Ասում է՝ եթե պաշտպանում ես որեւէ անձի կամ ընկերության շահերը, որի դեմ հարուցված կամ որի մասնակցությամբ ընթացող՝ հասարակական հնչեղություն ունեցող քրեական, քաղաքացիական կամ վարչական գործ կա, հասարակությունն իր վերաբերմունքն է ձեւավորում նաեւ քո հանդեպ։ «Սա իսկապես մեծ խնդիր է, որին չես առնչվում կայացած հասարակության պարագայում», - նկատում է փաստաբանը:Մասնագիտական գիտելիքները«Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ի տնօրենի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրների մասնագիտական լուծումները, ուղեցույցները, խորհրդատվություններն ու մտքերը հիմնականում անգլերեն, ռուսերեն կամ այլ օտարալեզու գրականությամբ են։ Եթե չունես լեզուների բավարար իմացություն՝ չես կարող կարդալ եւ զարգանալ որպես մասնագետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երիտասարդ մասնագետների շարքերում շատ են խելացի ու նորեկ փաստաբանները։ Մենք նրանց անվանում ենք «ագրեսիվ երիտասարդներ», որովհետեւ շատ աշխատասեր են ու հավակնոտ։ Մեր բուհերի իրավաբանական կրթությունն էլ վատը չէ, համենայն դեպս՝ իրավաբանության մասնագիտացման պարագայում բավականաչափ գիտելիքներ է տալիս, լավ հիմք է եւ լրացուցիչ կրթություն ստանալով՝ հնարավոր է պրոֆեսիոնալ խորհրդատվություն ապահովել»։Վերջին տարիներին իրավաբանի մասնագիտության նկատմամբ աճող հետաքրքրությունը Արմեն Մելքումյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ՝ այս մասնագիտությունը ցանկացած ոլորտ «մուտք ու ելքի» հնարավորություն եւ բարձր աշխատավարձ է ապահովում։ Սակայն, նկատում է նա, «փորձը շատ կարեւոր է, որովհետեւ հենց փորձն է արհեստավարժության հիմքում»։Հաճախորդները«Մեր հիմնական հաճախորդները օտարերկրյա կապիտալով ստեղծված Հայաստանյան ընկերություններն են կամ օտարերկրյա ընկերությունները, որոնք այստեղ ունեն մասնաճյուղեր», - ասում է Արմեն Մելքումյանը:«Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ը կորպորատիվ ծառայություններ է մատուցում այդ ընկերություններին՝ կառավարման ներքին մարմինների կողմից ընդունված որոշումների նախագծերից մինչեւ արձանագրությունների կազմում, ընկերությունների արտաքին գործարքների իրավաբանական սպասարկում եւ այլն:Ընկերությունը տրամադրում է աշխատանքային օրենսդրությանը առնչվող բանավոր եւ գրավոր խորհրդատվություններ, աշխատանքային պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի կազմում, օրենսդրության վերլուծություն։«Լիդիանի» հետ աշխատանքըԱրմեն Մելքումյանը «Լիդիան Արմենիա»-ի հետ աշխատում է 2006 թվականից եւ նշում է՝ վերջին տարիները հանքարդյունաբերական այդ ընկերության համար ամենաբարդ ժամանակահատվածն էին։«Մենք շարունակում ենք սպասարկել «Լիդիանին» եւ վստահ ենք, որ այդ ընկերությունը էապես տարբերվում է ոլորտում գործող ընկերություններից։ Ցավոք, որոշ փոքրաթիվ խմբերին ինչ-որ իմաստով հաջողվեց ստվերել «Լիդիանի» կատարած աշխատանքը, թեեւ այն համապատասխանում է այսօր աշխարհում ընդունված հանքարդյունաբերական ամենաբարձր չափանիշներին: Մենք կարծում ենք, որ «Լիդիանը» կարող է նոր նշաձող սահմանել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում եւ խթանել ոլորտի զարգացմանը միջազգային չափանիշներին համապատասխան», - պնդում է Արմեն Մելքումյանը։ «Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ի հաճախորդներից է նաեւ կանադական Dundee Precious Metals ընկերությունը, որը Հայաստանում իրականացնում է հանքերի հետախուզություն։ Երկրի անկայուն իրավիճակով պայմանավորված, ընկերությունն անորոշ ժամանակով սառեցրել է հայաստանյան ծրագրերը։Աշխատանքային տարբերություններ«Ֆիդելիթի Քոնսալթինգ»-ի տնօրենն ասում է, որ հեղինակավոր արեւմտյան ընկերություններում ներգրավված մասնագետների հետ աշխատելիս է հասկանում, թե զարգացած երկրներում որքան են կարեւորում իրավաբանական խորհրդատվությունը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կարծում եմ, ցանկացած պրոֆեսիոնալ իրավաբանի համար մեծ հնարավորություն է արեւմտյան իրավաբանական խորհրդատվական ընկերությունների հետ համատեղ պայմանագրեր մշակելը։ Դա մեծ փորձ է, որը փոխանցվում է տեղական շուկայում գործող ընկերություններին»։Զրպարտության գործերըԱրմեն Մելքումյանն ասում է, որ զրպարտության եւ վիրավորանքի գործերը վերջին տարիներին ավելացել են եւ, ուսումնասիրելով օրենսդրությունը եւ օրենսդրության հիման վրա ձեւավորված միջազգային եւ ներպետական պրակտիկան, պարզ է դառնում, որ այն ոչ միայն փխրուն է, այլեւ տարընթերցման, տարաբնույթ մեկնաբանման մի շարք հնարավորություններ է ընձեռում։«Վերջին 3 տարում ավելացել են նաեւ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող գործերը։ Նշվածը մեծապես պայմանավորված է նաեւ կորոնավիրուսի համավարակի առկայությամբ, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են եկամուտից եւ աշխատանքից», - ասում է ընկերության տնօրենը:Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 13025