«Light your home»-ը Հայաստանում առաջին մոմագործական ընկերությունն է, որը ներկայանում է բացառապես ձեռագործ մոմերով։ Շուկա է մուտք գործել 3 տարի առաջ եւ դեռեւս քիչ քանակությամբ, բայց արտահանում է կատարում նաեւ Ռուսաստան, ԱՄՆ եւ Եվրոպա։ Բուրավետ մոմերից, տան բուրավետիչներից բացի, ընկերությունն արտադրում է նաեւ մոմե սալիկներ եւ մոմե տարոսիկներ։ Banks.am-ը զրուցել է «Light your home» ընկերության հիմնադիր Մարթա Արսենյանի եւ ընկերության մենեջեր-մոմագործ Անուշ Ավետիսյանի հետ։Անուշ - Բույրը, հատկապես անուշաբուրությունը, կապված է այս կամ այն զգացմունքի եւ զգացողության հետ։ Մոմերի անուշաբուրությունն ազդում է մարդկանց տրամադրության վրա, հաճելի զգացողություններ է արթնացնում։ Երբ մարդը հավանում է մեր հոտավետ մոմերից մեկն ու տրամադրությունը փոխվում է, նա այն անպայման իր հետ տուն է տանում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ցանկացած հոտավետ մոմ շատ հետաքրքիր էներգետիկա ունի եւ տրամադրություն ստեղծելու ունակությամբ է օժտված։ Մեր մոմերի պարագայում՝ չորածաղիկների եւ կրակի խաղը ֆանտաստիկ գեղեցիկ տեսարան է ապահովում։Մարթա - 32 տարեկան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ։ Վերջին տարիներին ուսումնասիրում էի մարքետինգ եւ կանանց ձեռներեցություն։ Շատ էի ուզում սեփական բիզնես ունենալ, բայց ցանկանում էի այնպիսի գործով զբաղվել, որը նոր եւ Հայաստանի համար անհրաժեշտ լիներ։ Ուզում էի ստեղծել իրական հայկական արժեք։ Փորձարկումներից հետո կանգ առա մոմերի եւ արոմա դեկորների վրա։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մոմերը շատ երկար եմ ուսումնասիրել։ Նյութերը գտնելը, փորձարկելը, դրանց կաղապարների փնտրտուքն ու բույրեր ստանալը տեւել է մոտ երկու տարի։ Երկու տարի անընդմեջ փորձելուց հետո նոր հաջողվել է պատրաստել այնպիսի մոմեր եւ բուրավետիչներ, որոնք համապատասխանում են միջազգային մոմարտադրման խստագույն պահանջներին։ Հանրայնացում սիրող մարդ չեմ։ Աշխարհում հիմա տարածված է հիմնադրի դեմքով եւ արժեքային համակարգով բրենդի վաճառքը, բայց մենք շուկայում առայժմ այնքան չենք ամրապնդվել, որպեսզի երեւամ տեսախցիկի առջեւ։ Իմ ու աղջիկների նպատակը որակյալ հայկական արտադրանքի ստեղծումն է։ Անուշ - Մեր մոմերը ստեղծում ենք շարունակ պրպտելով ու փորձարկելով միջազգային շուկայում առկա փորձը, նոր մոդելներ ենք ուսումնասիրում, պատրաստման նոր եղանակներ, դիզայնի նորաձեւ միտումներ։ Ունենք մի քանի տեսակի մոմեր, որոնք պատրաստված են կամ բնական սոյայից, կամ պարաֆինից՝ ամենատարբեր եթերայուղերի հավելմամբ։ Սոյայից պատրաստված մոմերը հիմնականում արոմաթերապիայի համար են, անուշահոտությունն ավելի լավ են տարածում։ Բուրավետիչները պատրաստվում են միայն եթերայուղերից։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ունենք նաեւ գել-մոմեր, որոնք մաքսիմալ թափանցիկ են։ Չորածաղիկների եւ կրակի խաղը շատ գեղեցիկ տեսարան է։Ծաղկային մոմերն ամենապահանջվածն են։ Շատ տարբեր են մեր գնորդները, հիմնականում կանայք են, բայց կան նաեւ տղամարդիկ։ Կանայք հիմնականում շատ երկար են ընտրություն կատարում, հաճախ չեն կողմնորոշվում, ինչ են ուզում։ Տղամարդիկ մտնում են սրահ, զգում են մոմերից մեկի բույրը ու անմիջապես գնում այն։ Մարթա - Առաջինն էինք Հայաստանում, որ ստեղծեցինք չորածաղիկներով մոմեր եւ հոտավետ տարոսիկ-մոմեր։ Երբ սկսեցինք արտադրությունը, մոմագործական շուկան ամբողջությամբ բաց էր։ Հիմա մրցակիցներ ունենք ու ուրախ ենք դրա համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե նյութերը հայրենական արտադրության լինեին, մեր գործն ավելի հեշտ ու արագ կլիներ, արտադրանքն էլ՝ ավելի մատչելի։ Բայց տեղական հումքից օգտագործում ենք միայն մեղրամոմն ու բնական ծաղիկները, որոնք չորացնում ենք հատուկ տեխնիկայով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մնացած նյութերը պատվիրում ենք արտերկրից՝ առաջատար մոմագործական ընկերություններից։ Բոլոր նյութերը սերտիֆիկացված են։ Անուշ - Կյանքս առանց մոմերի այլեւս չեմ պատկերացնում։ Սա շատ նրբություններ ունեցող աշխատանք է։ Մոմագործության մեջ ամեն ինչ կախված է նյութերի՝ պարաֆինի, եթերայուղի, թելի որակից։ Անուշ Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ցանկացած մոմ ստեղծելուց հետո այն 6 ամիս շարունակ անցնում է փորձաքննություն։ Մոմը պատրաստում ենք, սպասում ենք, որ կես տարի «հանգստանա», հետո սկսում ենք ուսումնասիրել, թե ինչ արդյունք ունենք։Եթե նյութերը համապատասխանում են որակին, արդարացնում են մեր սպասումները, հոտը տարածելու առումով ամեն ինչ կարգին է, սկսում ենք մեծածավալ արտադրությունը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մոմագործությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների վրա։ Սա հստակ գիտեմ, քանի որ մասնագիտությամբ մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխաների հոգեբան-մանկավարժ եմ եւ օրվա կեսն այդ երեխաների հետ եմ անցկացնում։ Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 13989