«Bridgeview» համալիր. Ոչ միայն շենք, այլեւ հարմար միջավայր
12.10.2021 | 18:15
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս
















Նորակառույցներում գրեթե բոլոր բնակարանները «վաճառված են» նույնիսկ մինչեւ հողային աշխատանքների սկիզբը, կամ բնակարաններ են առաջարկում այնպիսի կառուցապատողներ, որոնց ընկերության անվանումը գնորդն առաջին անգամ է լսում, հետեւաբար՝ վստահության խնդիր ունի: Շուկային մի փոքր ծանոթ մարդը կվստահեցնի՝ բնակարան գնելու համար այսօր միայն գումար չէ, որ անհրաժեշտ է, դեռ պետք է կարողանաս բնակարան գտնել:
Բնակելի համալիրների կառուցման հարցում նոր մոտեցում է ցուցաբերում «ՀԱԷԿՇԻՆ» շինարարական ընկերությունը: Այն հիմնադրվել է 1969թ.-ին ու գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում Հայաստանում կառուցել է տասնյակ գործարաններ, ջրամբարներ, մարզադաշտեր, դատարանների շենքեր, Հայկական ատոմային էլեկտրակայանի համար՝ ուրանի երեք գերեզմանոց, Հրազդանի կիրճում Դավթաշենի կամրջի հարեւանությամբ գործող զիփլայնը:
Այժմ նույն՝ Դավթաշենի կամրջի հարեւանությամբ, ընկերությունը սկսել է «Bridgeview» բնակելի համալիրի շինարարությունը: Դրա առանձնահատկությունների ու բնակարանների ձեռքբերման պայմանների մասին զրուցել ենք «ՀԱԷԿՇԻՆ» ընկերության համահիմնադիր, փոխտնօրեն Հրաչ Վարդանյանի հետ:
Ոչ թե պարզապես շենք կառուցել, այլ ստեղծել միջավայր
Հայաստանում կառուցապատողները հիմնականում բիզնեսմեններ են, ներդրողներ: Այս պարագայում մենք եւ՛ ներդրողն ենք, եւ՛ շինարարը: Մեր նախագծի առանձնահատկություններից մեկը սա է:
Ի սկզբանե, մեր խնդիրը եղել է կառուցել շենք, որն ունի սեփական միջավայրն ու հարմարությունները: Կյանքը փոխվում է ու ամենաթանկն այսօր ժամանակն է: Ցանկացել ենք, որ շենքում բնակչի համար հասանելի լինեն աշխատանքին, մարզվելուն, ժամանցին վերաբերող տարբեր հարմարություններ, որպեսզի կարիք չլինի քաղաքի մի ծայրից մյուսը հասնել:
Այս նպատակով մենք ձեռք ենք բերել 5200 քմ հողատարածք եւ որոշել ենք կառուցապատել դրա միայն 20 տոկոսը՝ մնացած տարածքը թողնելով բակային հատվածին: Շենքն ունի 22 հարկ եւ 4 ստորգետնյա հարկ, որտեղ լինելու է ավտոկայանատեղի: Ճարտարապետը Նարեկ Սարգսյանն է:
Համալիրը կառուցվում է Դավթաշենի կամրջի առանցքով, հետեւաբար՝ գեղեցիկ տեսարան ունի դեպի կամուրջը, նաեւ՝ Արարատ եւ Արագած լեռները:
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, լողավազան ու կենդանիների լվացման վայր
Շենքի բակային տարածքը նախատեսել ենք մաքսիմալ հարմարավետ ու օգտակար դարձնել տարիքային տարբեր խմբերի համար:
Բակում ունենալու ենք էլեկտրական մեքենաների լիցքավորման եւ կայանման վայր: Այս մեքենանաներն այսօր արդեն քիչ չեն քաղաքում ու գնալով դրանց թիվն ավելանալու է: Ապագայի մասին մտածելով՝ այդ հարցն այսօր ենք լուծում:
4 ստորգետնյա հարկ ունեցող ավտոկայանատեղին ջեռուցվելու է ու ունենալու է հատուկ սայլակներ, որպեսզի բնակիչը ծանր գնումները ստիպված չլինի ձեռքով բարձրացնել բնակարան: Բակում ունենալու ենք նաեւ հեծանիվների կայանատեղի, ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր եւ խաղահրապարակ՝ փոքր երեխաների համար:
Բակային տարածքի մյուս առանձնահատկությունը բացօթյա, ջեռուցվող լողավազանն է, որից 4-5 ամիս հնարավոր կլինի օգտվել:
Շենքը նաեւ «pet-friendly» է. բակում լինելու է ընտանի կենդանիներին լողացնելու վայր, որպեսզի բնակիչը ստիպված չլինի դա սեփական բնակարանի լոգարանում անել կամ զբոսանքի ընթացքում կեղտոտված կենդանուն այդպես բնակարան բարձրացնել:
Նախատեսված է նաեւ ընդարձակ ազատ տարածք, որը երթեւեկելի չի լինի ու այստեղ հնարավոր կլինի հեծանիվ վարել, վազել կամ զբոսնել:
Մարզասրահ, յոգայի սենյակ, «co-working»
«Bridgeview» բնակելի համալիրի մյուս առանձնահատկությունը բավականին մեծ նախասրահն է: Մոտ 250 քմ նախասրահում գործելու է կոնսյերժ ծառայություն:
Շենքն ունենալու է 50-60 մարդու համար նախատեսված հանդիսությունների սրահ. եթե բնակիչը ցանկանում է, օրինակ, ծննդյան օր նշել, կամ պարզապես շատ հյուրեր ունի, կարող է սրահը նախապես ամրագրել ու հյուրերին ընդունել այնտեղ:
Լինելու է բավականին մեծ մարզասրահ, յոգայի սենյակ ու մանկական խաղասենյակ:
Ունենալու ենք նաեւ «co-working»` համատեղ աշխատանքային տարածք, որտեղից բնակիչները կարող են աշխատել:
Նշված բոլոր ծառայությունները ներառվելու ենք շենքի ամսական սպասարկման վճարի մեջ: Ըստ նախնական հաշվարկի, բոլոր ծառայություններից օգտվելու պարագայում շենքի սպասարկման գումարը մեկ քառակուսի մետրի համար ամսական մոտ 450 դրամ է կազմելու:
Վճարը հավաքագրելու է համատիրությունը: Կարծում ենք, որ մեզ մոտ պետք է վերաիմաստավորել համատիրության գաղափարը: Մարդիկ պետք է հասկանան, եթե իրենք գույքի տեր են, համատիրության անդամ են, պարտավոր են մասնակցել ժողովներին, կայացնել որոշումներ, որովհետեւ իրենք պետք է եւ՛ վճարեն միջավայրի համար, որում ապրում են, եւ՛ մասնակցեն դրա կառավարմանը:
Շենքի կառավարման եզակի համակարգ Հայաստանում
«Bridgeview»-ի մյուս առանձնահատկությունը շենքի տեխնիկական ցուցանիշներն են:
Մեր շենքն էներգախնայող է: Գրեթե բոլոր պատուհանները լինելու են վիտրաժային՝ հատուկ էներգախնայող: Դրանք ձմռանը ջերմությունը ներսում են պահում, իսկ ամռանը՝ խոչընդոտում շոգի ներթափանցմանը:
Առանձնահատուկ է նաեւ շենքի երեսպատումը: Այն լինելու է օդափոխվող, մինչեւ քարի հատվածը ունենալու է ձայնա– եւ ջերմամեկուսիչ շերտեր։ Սա եւս ապահովում է էներգախնայումը: Ձայնամեկուսիչ են լինելու նաեւ բնակարանների ներսի պատերը: Շենքն ունենալու է 9 բալ սեյսմակայունություն:
«Bridgeview»-ում, առաջին անգամ Հայաստանում, լինելու է շենքի կառավարման BMS համակարգ (Building management system): Այս ծառայությունը մատուցելու է ֆրանսիական «Schneider Electric» ընկերությունը, որի հետ արդեն կնքել ենք պայմանագիրը: Ի՞նչ է սա: Շենքն ունի էլեկտրականություն, ջուր, կոյուղի, կաթսայատուն, պոմպակայան, ռեզերվուարներ, հրդեհային անվտանգության համակարգ, տեսախցիկներ, դռներ, եւ այդ բոլոր համակարգերը պետք է կառավարվեն: Կառավարման այս համակարգով նշված բոլոր ծառայությունների տվյալները հաղորդվում են համակարգչին եւ այդպիսով իրականացվում է միասնական կառավարում, որի միջոցով ամբողջ շենքում ստանում ենք եւս 30 տոկոս էներգախնայում: Բացի այս, ցանկացած խափանման դեպքում միանգամից պարզ է դառնում՝ որտեղ եւ ինչ խնդիր է առաջացել: Աշխարհում սա ընդունված համակարգ է, բայց Հայաստանում նորություն է:
Ջրանջատումների դեպքում ավտոմատ գործարկվելու են ջրի ռեզերվուարները։ Ունենալու ենք նաեւ պահուստային գեներատոր՝ հոսանքի անջատումների դեպքում հասարակական տարածքների, կաթսայատան, վերելակների էլեկտրամատակարարումն ապահովելու համար:
Գնի ու հանձնման ժամկետների մասին
Շինարարությունն արդեն սկսել ենք, այս պահին կատարվում են հողային աշխատանքներ: Շենքը կշահագործվի 2024թ.:
Հիփոթեքային վարկավորման մեր գործընկերն Evokabank-ն է: Գործում է նաեւ եկամտահարկի վերադարձի օրենքը:
«Bridgeview» բնակելի համալիրում մեկ քառակուսի մետրի գինը 1000-1300 ԱՄՆ դոլար է: Կարող է թվալ՝ թանկ է, բայց եթե համեմատենք շատ այլ, էկոնոմ դասի շենքերի հետ, որտեղ մեկ քառակուսի մետրի սկզբնական արժեքը 800-900 ԱՄՆ դոլար է, այստեղ առաջարկվող հարմարություններն ու տեխնիկական պարամետրերն անհամեմատ շահեկան են բնակիչների համար:
Ունենք 1-3 ննջարաններով բնակարաններ, կամ ինչպես մեզ մոտ է ընդունված ասել՝ 1-4 սենյականոց բնակարաններ: Տարածքով ամենափոքր բնակարանը 68 քմ է, ամենամեծը՝ 220 քմ: Փորձել ենք տարբեր նախագծերով ստանալ շատերին հասանելի բնակարաններ: Օրինակ՝ ունենք 102 քմ բնակարան, որում ստացել ենք 3 ննջարան ու ունենք 3 ննջարանով բնակարան, որի ընդհանուր մակերեսը 200 քմ է:
Յանա Շախրամանյան
Վերջին լուրեր
10.04.2025 | 10:02 Ֆինտեխ
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: