Շեֆիլդի կրթական փորձառությունն ու բազմաշերտ գիտելիքներ ստանալու հնարավորությունները

06.09.2021 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այն, որ Շեֆիլդի համալսարանի կողմից առաջարկվող Executive MBA ծրագիրը այս տարվանից հայաստանցի ուսանողներին առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով, Banks.am-ը պատմել էր ամռանը:

Այս անգամ հանդիպել ենք դեռեւս Շեֆիլդի Executive MBA ծրագրի ուսանողներից՝ Հայկ Մկրտչյանի հետ, զրուցելու համալսարանի կրթական ծրագրի առանձնահատկություններից։ ԿԳՄՍ նախարարության՝ մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բաժնի պետը միջազգային այս համալսարան ընդունվել է իր համար էլ անսպասելի եւ պնդում է՝ Շեֆիլդում ստացած կրթությունն իսկապես արժեքավոր է։
 
Ընդունվելն անսպասելի էր

«Մեր խումբն այսօր մեկնեց Սալոնիկ՝ միջազգային ուսումնական շաբաթին մասնակցելու, որը Executive MBA ծրագրի մասն է կազմում, բայց ես չէի կարող արձակուրդ վերցնել, ուստի դասերին կմասնակցեմ հեռակա ձեւաչափով։ Հույս ունեմ, որ ձմռանը կկարողանամ խմբի հետ մեկնել Մեծ Բրիտանիա՝ այնտեղ կայանալիք ուսումնական շաբաթին մասնակցելու», - ասում է Հայկ Մկրտչյանը։

Այս տարի Covid-2019 պատճառով առաջացած  ճանապարհային սահմանափակումների հետ կապված Սալոնիկից ուսումնական շաբաթի դասերը հասանելի են լինելու նաեւ հեռավար, ամբողջ դասապրոցեսն առցանց հեռարձակվելու է, եւ դասերը բաց թողնելու խնդիր չի ծագելու։ Հայկը չի կարողացել մեկնել, քանի որ ԿԳՄՍ-ում նոր է պաշտոնի նշանակվել, արձակուրդի իրավունք դեռ չունի։ Շեֆիլդի Executive MBA  իր պատմությունը հենց նախարարությունից էլ սկսվել է։ ԿԳՄՍ-ն ու Սիթի Քոլեջը՝ Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը հուշագիր ունեն, որի կետերից մեկով պետական գերատեսչություններին առաջարկվում է բարելավվել աշխատակազմի անդամների մասնագիտական հմտությունները։


 
«2019-ին ես Կրթության եւ գիտության փոխնախարար Նարինե Խաչատրյանի օգնականն էի։ Մի օր նախարարությունում հայտարարություն եղավ, որով ցանկացողներին առաջարկում էր դիմել Executive MBA ծրագրին։ Հավաքեցի բոլոր երաշխավորագրերս, հայտը լրացրեցի եւ առանց հույսի, բայց ուղարկեցի։ Մի օր էլ նամակ ստացա, որ հաղթահարել եմ նախընտրական շեմը։ Շատ անսպասելի էր։ 2019-ի հոկտեմբերին արդեն մեր առաջին դասն էր։ Պետք է ավարտեինք այս տարվա մայիսին, բայց Covid-2019-ը ամեն ինչ փոխեց, ամեն ինչ ձգձգվեց եւ կավարտեմ 2022-ի մայիսին»։
 
Ոչ միայն կարիերայի համար

Ըստ Հայկի, երբ մարդիկ հաղթահարում են ընդունելության անցողիկ շեմն ու սկսում են սովորել, բազմապատկում են մասնագիտական արագ աճի հնարավորությունները։ Միջազգային կրթությունը կարեւորում է ոչ միայն անհատի, այլեւ հիմնարկի համար։

«Կարեւոր ինդեքս է, որ բացի տեղական կրթությունից, ստանում ես նաեւ միջազգային կրթություն, շփվում ես պրոֆեսորա-դասախոսական միջազգային կազմի հետ, ուսումնասիրում ես կրթական նոր միտումները, հասկանում ես ինչ բացեր ունես եւ սկսում ես լրացնել։ Կրթությունն իրականում ջուր խմելու պես կարեւոր է, եթե այն ամենօրյա գրաֆիկով չէ, ապա ազատ ժամանակի վատնում է»։

Առանձնացնում է նաեւ ծրագրի մեկ այլ առավելություն՝ նոր շրջապատ ձեռք բերելու հնարավորությունը՝ Executive MBA ծրագրում  բազմապրոֆիլ մասնագետներ են՝ ամենատարբեր ոլորտներից։

Հայկ Մկրտչյանը


Հայկ Մկրտչյանը թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի գրասենյակի՝ ICOM-ի նախագահն է եւ նշում է, որ Շեֆիլդի Executive MBA ծրագրի շնորհիվ սկսել է դիտարկել բիզնես մենեջմենթը՝ մշակույթի տեսանկյունից։

Executive MBA ծրագրի ուսանողների համար Հայաստանում դասերը շաբաթական երեք օր են՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի՝ ամսական մեկ անգամ։ Գիտելիքն արագ կուտակելու բանալին այս պարագայում փորձն է՝ առաջին եւ նույնիսկ երկրորդ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, ըստ Հայկի, կարողանում են դասապրոցեսի ընթացքում ավելի արագ յուրացնել նոր գիտելիքը, իսկ դասերի ինտերակտիվությունը միայն օգնում է։

«Շատ կարեւոր է գրականության ահռելի բազայի հասանելիությունը։ Մեր դասախոսները մեզ այնպիսի էլեկտրոնային հղումներ են տրամադրում, որ մեր առջեւ բացվում է հսկայական աշխարհ՝ ամենադասական, մասնագիտական գրականությամբ եւ գիտական հետազոտություններով»։
 
Նոր ուղիներ գտնելու գիտելիքը

Ծրագրի ուսանողների յուրաքանչյուր դաս ավարտվում է հանձնարարականներով, որոնք կատարելիս պարզ է դառնում, թեման յուրացվա՞ծ է, թե ոչ։ Հայկը դրանցից առանձնացնում է բիզնես տնտեսագիտության դասն իր թեմատիկ աշխատանքներով։ Դրանցից մեկով, օրինակ, անդրադարձել է տուրիզմի ազդեցությանը Հայաստանում։

«Այդ հանձնարարականում ներառել էի հայկական բիզնեսների՝ COVID-ի արդյունքում կրած վնասները եւ հետագա զարգացումները։ Շատ անսպասելի էր, որ բարձր գնահատականի արժանացավ այն, որովհետեւ ես բիզնեսից չափազանց հեռու եմ։ Հենց այդ ժամանակ գլխումս միտք հղացավ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար անցկացնելու սեմինար-քննարկում՝ «Փոփոխությունները թանգարանային ոլորտում» թեմայով։ Մեր թանգարանների աշխատակիցները լավ մասնագետներ են, բայց սերնդափոխության, աշխատանքային մշակույթի փոփոխությունների կարիք կա։ Սեմինարի, որը ընթացքում կփորձենք վերլուծել եւ հասկանալ, Հայաստանում թանգարանային կառավարումն ու աշխատանքը ի՞նչ փոփոխությունների կարիք ունի եւ ինչպե՞ս կարելի է այն իրականացնել»։

Հայկի բնորոշմամբ, գաղափարներ առաջարկելն ու առաջադրանքը կատարելիս լուծման ուղիներ գտնելը, Շեֆիլդում սովորելու առավելություններից է։ Խնդիրներ լուծելիս այլընտրանքային տարբերակներ որոնելը ծրագրի չգրված կանոններից է»։
 
Համեմատական անցկացնելով

Պատմելով Շեֆիլդի Executive MBA ծրագրի դասախոսների մասին, Հայկն ասում է, որ շատ հետաքրքիր եւ բանիմաց մարդիկ են։ Դասաժամերին շփումն ազատ է, երկխոսություններն ու քննարկումները՝ դասից անպակաս։

Հայկ Մկրտչյանը


«Երբ ես դեռ ուսանող էի հայկական բուհերից մեկում, սովորաբար իմ դասաժամը տեւում էր 45 րոպե, որի ընթացքում լսում կամ գրում էինք ինչ-որ բան եւ անհասկանալի հարցերը պարզաբանում դասի վերջում։ Շեֆիլդի պարագայում ամեն ինչ հակառակն է՝ ազատ շփվումը պարտադիր է, գործնականում քննարկվում է այն, ինչ լսում ենք։ Դասի ժամանակ մի քանի անգամ մտքի ճկունությանն ուղղվված վարժություններ ենք անում, ինչը թարմացնում ու վերալիցքավորում է ուղեղը։ Շատ կուզեի, որ այս ամենը մի օր Հայաստանի կրթական համակարգում էլ լիներ»։
 
Համեմատելով հայկական բուհերն ու Շեֆիլդի միջազգային Executive MBA ծրագիրը, Հայկն ասում է, որ Հայաստանի կրթական համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկը գործակցության բացակայությունն է։ Ոլորտներն այստեղ փորձում են առանձին գոյատեւել՝ առանց գիտակցելու, որ առանց մեկը մյուսի, արդյունք չեն կարող ապահովել։

«Շեֆիլդի Executive MBA ծրագրը այս առումով կարող է հրաշալի օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է կազմակերպել միջոլորտային գործակցությունն ու դառնալ կողմնացույց՝ մասնագիտական ընտրության հարցում»։

Ըստ Հայկի՝ ցկյանս կրթությունը չափազանց կարեւոր է եւ միշտ վերադառնում է՝ լավ շրջապատի, լավ աշխատանքի, լավ առաջարկի տեսքով։

«Ի վերջո, այդ գիտելիքները փոխանցում ես նաեւ քո ընտանիքին, երեխաներին, ուստի լավ կրթության ազդեցությունը բազմաշերտ է», - եզրափակում է Հայկը։

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 5426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW