Պարսկահայ Արթուրի հիմնադրած Bentati-ն եւ վարակիչ օրինակ դառնալու ցանկությունը
10.07.2021 | 09:47
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս











Պարսկահայ գործարարն ուզում է իր օրինակը վարակիչ դառնա աշխարհի տարբեր ծայրերում ապրող մյուս սփյուռքահայերի համար, որ նրանք էլ դիտարկեն հայրենիք տեղափոխվելու կամ պարզապես հայրենիքում արտադրություն հիմնելու տարբերակը:
Իրան-Հայաստան
Ծնվել եմ Իրանում, կրթությամբ հաշվապահ եմ: 27 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ, որից 15 տարին եղել եմ Թեհրանում գործող անձեռոցիկի արտադրության գործարանի հաշվապահ:
Տարին ամենաքիչը մեկ անգամ Հայաստան այցելել ենք ընտանիքով. այստեղ բարեկամներ չունենք, բայց շատ մտերիմ ընկերներ ունենք: Վերջին տարիներին հաճախ էի մտածում, թե ինչպես իմ ներդրումն ունենամ հայրենիքում:
Սփյուռքահայերս այդպիսին ենք՝ որտեղ էլ լինենք, միշտ մտածում ենք՝ գանք հայրենիք ու ներդրում անենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը զարգացնել ու կայունացնել, որ մի օր բոլորս Հայաստանում հավաքվենք:
Պարսկաստանում էլ սփյուռքահայերը շատ հարգված ու սիրված են ամեն ոլորտում, մենք մեզ երբեք օտար չենք զգացել այդ երկրում: Բայց վերջին տարիներին ես, կինս եւ աղջիկս շատ ոգեւորությամբ էինք ուզում տեղափոխվել Հայաստան ու բիզնես սկսել:
Աբովյան
15 տարի թղթի ու անձեռոցիկի մեջ հաշվարկ անելուց հետո որոշեցի Հայաստանում հենց անձեռոցիկի գործարան հիմնել:
Գործարանը 2019 թվականին բացել ենք Աբովյան քաղաքում: Աշխարհի ամենալավ սարքավորումներն ենք բերել, որպեսզի ինչ քանակի ուզենանք, արտահանենք:
Այժմ մեր գործարանում աշխատում է 20 հոգի, բայց նման բիզնեսի դեպքում անուղղակի հարյուրավոր այլ մարդիկ եւս եկամտի իրենց մասն ունենում են:
Որակ
Հումքը ներմուծում ենք Դուբայից, շատ բարձր որակի է: Որակին ու մաքրությանը մեծ ուշադրություն ենք դարձնում. մեր արտադրությունը 100%-ով հետեւում է անվտանգության եւ հիգիենայի ստանդարտներին:
Արտադրում ենք տարբեր տեսակի անձեռոցիկներ, խոհանոցի թղթե սրբիչներ եւ զուգարանի թղթեր:
Անձեռոցիկի մոտ 24 տեսակ ունենք՝ տարբեր չափսերի ու դիզայնի: Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան էլ՝ ճաշակ, իսկ ճաշակին ընկեր չկա: Ուստի որոշել ենք լայն տեսականի ներկայացնել, աշխատում ենք նաեւ սպառողների ճաշակին ընդառաջել, ու որը հավանում են, դա էլ թողնում ենք շարքի մեջ:
Ոչ թուրքականին
Ով գնել է, երբեւէ դժգոհ չի եղել: Այժմ Երեւանի հայտնի ու մեծ խանութների ցանցերում ներկայացված ենք: Ցանցերի հետ մեր կապերն օր օրի շատանում են:
Ի սկզբանե, մուտքը շուկա հեշտ չի եղել, բայց երբ ծանոթացել են մեր արտադրանքի որակին, բոլորն էլ համաձայնել են ներկայացնել Bentati անձեռոցիկները:
Մեր շուկայում կան ե՛ւ ներմուծված, ե՛ւ տեղական անձեռոցիկ արտադրող բրենդներ, մենք բոլորին համարում ենք մեր գործընկերները, ոչ թե մրցակիցները: Իսկ այսօրվա շուկայում մեր տեղը փորձում ենք զբաղեցնել մեր որակով:
Մեր որակն, իսկապես, չի զիջում ժամանակին Թուրքիայից ներմուծված անձեռոցիկներին, նույնիսկ ավելի բարձր է, գնային էլ՝ թուրքականից 15-20% ցածր:
Ներկայում թուրքական ապրանքներն արգելվել են ներմուծել, ու դա շատ լավ որոշում է տեղացի արտադրողներիս համար:
Made in Armenia
Սպառողներն էլ պետք է իրենց հոգեբանությունը փոխեն ու նախընտրեն հայկականը, իմանան, որ Bentati-ին արտադրվում է Հայաստանում՝ հայ աշխատողների ձեռքերով:
Գնային առումով եթե սպառողը կարծում է, թե գինը բարձր է, թող գոնե մեկ անգամ գնի ու նայի որակին:
Հիմա նպատակ ունենք մեր արտադրանքն ակտիվ արտահանել, այդ պատճառով էլ միջազգային անվանում ենք ընտրել ընկերության համար:
Համախմբում
Միշտ ուզել եմ իմ սեփական բիզնեսը հիմնել, որ տասնյակ կամ հարյուրավոր այլ մարդկանց եւս աշխատանքի հրավիրեմ ու աջակցեմ ֆինանսական հարցում:
Արտադրություն ստեղծելը եւ շարունակելը ցանկացած վայրում ֆինանսական լավ շրջանառություն է երկրի համար: Հուսով եմ՝ շատ սփյուռքահայեր կգան հայրենիք ու տարբեր ոլորտներում արտադրամասեր կհիմնեն, որ նույնիսկ դրսում աշխատող հայերը վերադառնան ու կարողանան իրենց հայրենիքում աշխատել: Իսկ եթե անգամ չեն ուզում ինձ նման տեղափոխվել Հայաստան, կարող են, պարզապես, այստեղ աշխատանք ստեղծել ու գալ-գնալ:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: