Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները

26.06.2021 | 09:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հունիսի 24-ին Banks.am-ը ներկա է եղել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ շրջանավարտների ավարտական՝ դիպլոմները ստանալու արարողությանը։

Տարվա դժվարությունները

Պրոֆեսոր Լեսլի Սզամոզին հայացքն ուղղում է սեղանին շարված Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմներին ու արձանագրում՝ կեցցեն այս փուլի հայ ուսանողները՝ թե շրջանավարտները եւ թե ներկա ուսանողները, տարին շատ բարդ էր գլուխ հանելու համար։



2020-2021թթ. ուսումնական փուլը հայ ուսանողների համար առանձնանում էր ոչ միայն կորոնավիրուսով, այլեւ պատերազմով եւ ներքաղաքական զարգացումներով։

«Մենք հիմնականում ստիպված էինք աշխատել տանից, եւ շարունակ պետք էր հասկանալ, ինչպե՞ս կառավարել ուսանողներին հեռավորությունից։ Ինչպե՞ս վստահ լինել, որ նրանց կրթական կարիքները բալանսավորված են եւ էկրանի մյուս կողմից տրվող գիտելիքը իսկապես տեղ է հասնում։ Սա բարդ խնդիր էր, բայց գլխավոր մարտահրավերը՝ ուշադրության կենտրոնացվածության պահպանումն էր, որովհետեւ նախ Covid 2019-ն էր, ապա պատերազմը, հետո ներքաղաքական զարգացումները։ Այս ամենի կողքին սովորելն ու արդյունքի հասնելը՝ հերոսություն է», - ասում է Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։

Լեսլի Սզամոզին


Ըստ նրա, ուսանողները կրթական փուլն ավարտել են նաեւ մեկ այլ կարեւոր հարցադրմամբ՝ ստացած գիտելիքներն աշխատանքում կիրառել նախընտրում են տանի՞ց, թե աշխատավայրում։ Սզամոզին այն կարծիքին է, որ այս հարցը համավարակի պատճառով արդեն իսկ վերածվել է գլոբալ հարցադրման։

Կրթություն հեռուստացույցի ու երեխաների կողքին

Րոպեներ անց նույն փաստը արձանագրում է նաեւ  համալսարանի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն եւ պաշտոնական ներկայացուցիչ Լիլիթ Շահզադեյանը։ Ավելին, դիպլոմները հանձնելուց առաջ կենտրոնական հարթակ են հրավիրվում ուսանողների երեխաները, որոնց ձայների մշտական ուղեկցությամբ սովորել են նրանց ծնողները։



«Բոլորիս համար առաջին ու գլխավոր խնդիրներից մեկը եղել է դեմ առ դեմ շփման հնարավորության բացակայությունն ու օնլայն դասերը։ Սա շատ հարմար, բայց միեւնույն ժամանակ՝ շատ անհարմար կրթական փուլ էր՝ մեր բոլոր ուսանողների կողքին դասերի ընթացքում եղել են ծնողներ, երեխաներ, ամուսին կամ կին, հեռուստացույց ու փողոցի շարունակվող աղմուկ եւ դիմացը կրթական մի ծրագիր, որը պահանջում է ուշադրության գերլարում։

Լիլիթ Շահզադեյանը


Մեր ուսանողները հաճախ են նշում, որ իրենք այս ծրագրով վերադառնում են ուսանողական լսարան եւ ստանում են ոչ միայն գիտելիքներ, այլեւ կապեր են ձեռք բերում։ Համավարակի պարագայում սա մի քիչ այլ ձեւաչափ ստացավ։



Այժմ վերադառնում ենք դեմ առ դեմ ուսուցման ձեւաչափին եւ 1.5 տարվա դադարից հետո վերջապես հանձնում ենք նախորդ տարվա շրջանավարտների MBA դիպլոմները», - պատմում է Լիլիթ Շահզադեյանը։

Կրթական լավ հնարավորությունը

Executive MBA ծրագրում սովորողներից է բժիշկ-նյարդաբան Սոնա Պետրոսյանը, որը ծրագրին որոշեց դիմել, երբ հասկացավ, որ իր գիտելիքն ու փորձը բոլոր հնարավոր ուղղություններով համակարգելու եւ զարգացնելու ճիշտ ժամանակն է։

Սոնա Պետրոսյանը


«Երկար պրպտումներից հետո հասկացա, որ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում սովորելու պարագայում կարող եմ որպես բժիշկ շատ ավելի ճիշտ կազմակերպել պացիենտներիս հավաքագրումը։ Աշխատում եմ նաեւ դեղագործական ոլորտում եւ նոր կրթությունն անհրաժեշտ էր նաեւ ինձ վստահված կազմակերպություններն ավելի լավ ղեկավարելու համար։ Ոչ մի լրացուցիչ ունակություն ու հմտություն դեռ որեւէ մեկին չի խանգարել»։

Բժշկուհին ասում է, որ Executive MBA ծրագիրը հնարավորություն է ընձեռում համատեղել փորձն ու գիտելիքը, լրացուցիչ արդյունք ստանալու համար աշխատել։ Ինքն իր համար բազմաթիվ նոր ուղղություններ է բացահայտել՝ ճանապարհին հանդիպող մասնագիտական խնդիրների լուծման բանալին է գտել։



«Նախկինում ցանկացած խնդիր փորձում էի կարգավորել փորձի եւ ենթադրությունների վրա հիմնված ինտուիտիվ լուծումներով։ Այսօր ես նույնատիպ խնդիրները լուծում եմ հենվելով ակադեմիական գիտությունների վրա։ Այստեղ ես սովորեցի՝ որեւէ նոր բան ձեռնարկելիս, որեւէ հին հարցի առնչվելիս՝ հեծանիվ չհորինել»։

Ուսումնառության լեզուն անգլերենն է, ինչը Սոնայի համար խնդիր չէր՝ վերջին տարիներին հաճախ է կիրառում եւ սովորելու ընթացքում ավելի է կատարելագործել։

Գրեթե նույն պատմությունն է նաեւ Իզաբելլա Հովհաննիսյանի պարագայում, որն առաջին մասնագիտությամբ իրավաբան է եւ վերջին տարիներին շարունակ մտածել է ֆինանսական կրթություն ստանալու մասին։

Իզաբելլա Հովհաննիսյանը


«Տնտեսական ոլորտի իրավաբան եմ, եւ չեք կարող պատկերացնել, թե Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը ինչքան է ինձ օգնել։ Ինձ շատ է դուր եկել այս համալսարանի կրթական մշակույթը։ Ունեմ ընտանիք, երեխաներ եւ Հայաստանից դուրս սովորելու մասին նույնիսկ խոսք չէր կարող լիներ։ Այս կրթական հարթակը լուծեց հարցը՝ ես կարողացա չհեռանալ եւ սովորել այն, ինչ ուզում էի։

Ծրագիրը շատ ճկուն է. դասերը ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին են, իսկ դասախոսներն այնպես են մատուցում գիտելիքն ու հանձնարարությունները, որ ժամանակը խնդիր չի դառնում»։



Դիմելուց առաջ Իզաբելլայի ամենամեծ տարակուսանքը եղել է հետեւյալ հարցադրումը՝ արդյո՞ք հնարավոր է շաբաթը երեք օր ժամանակ տրամադրել ու արդյունք ստանալ։ Վերջնարդյունքը գերազանցել է սպասելիքները։

Ինչու՞ ընտրել Համաեվրոպական Executive MBA ծրագիրը

Executive MBA ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական բարձրակարգ կրթություն, MBA դիպլոմ եւ գիտական աստիճան առանց երկրի սահմանները, ընտանիքը, աշխատանքը լքելու։

Համաեվրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW